Խորագրում («Հատվող զուգահեռներ»), մաթեմատիկական կանոնների համաձայն, սխալ կա, որովհետև երկու զուգահեռները չեն հատվում, բայց քանի որ Աստծո համար անհնարին բան չկա, ապա վերջին ժամանակներում հայ ու հրեա ազգերը, ի վերջո, «հատվելու են», երբ գա այս ծածկագրված ազգերի «կոդը» վերծանելու ժամանակը: ՈՒ որպեսզի ընթերցողի համար այս մտորումները լոկ մերկախոս ու սին խոհեր չթվան, նախ ծանոթանանք այս երկու խորախորհուրդ ազգերի արմատներին:
ԿԱՊՈՒՅՏԸ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է, ԾԻՐԱՆԻՆ՝ ԱՍՏԾՈ ՍԻՐՈ, ԻՍԿ ԿՐԿՆԱԿԻ ԿԱՐՄԻՐԸ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՔԱՎՉԱՐԱՐ ՍՈՒՐԲ ԱՐՅԱՆ
Հրեաների բարոյական նկարագիրը (նկատի ունեմ ճշմարիտ հրեաների) երբեմն այնքան է եզերվում կրոնականի հետ, որ տարբերակելը դառնում է անհնարին, և դա բնական է, որովհետև հրեաներին տնկել, աճեցրել, օրենսդրել, դաստիարակել ու կրթել է անձամբ Աստված, իսկ նպատակը երևում է Աստվածաշնչի այս տողերից. «Տերն այսպես է ասում. «Երկինքը Իմ աթոռն է, ու երկիրը Իմ ոտքերի պատվանդանը», ու «Երուսաղեմը Տիրոջ աթոռ պիտի անվանեն, ու բոլոր ազգերը այնտեղ՝ Տիրոջ անվան համար Երուսաղեմում պիտի հավաքվեն» (Եսայի 66.1, Երեմիա 3.17):
Սույն հրապարակման վերնագրի համար որպես հաստատուն անկյունաքար դնենք ամենակարևոր փաստը, որ, ըստ Ղևոնդ Ալիշանի «Յուշիկք հայրենեաց հայոց» գրքի առաջին հատորի, հրեաների Աբրահամ նահապետը մինչ Ավետյաց երկիրը ժառանգելու խոստումը ստանալը, ծնվել և բնակվել է Միջագետքում. «Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր» (Գործք. 7.2), իսկ ավելի ճշգրիտ Կասդյաց կամ Քաղդյաց երկրի ՈՒր քաղաքում (Ծննդ.11.28): Իսկ հնախոսական գրքերը մեզ հուշում են, որ այդ ժամանակ Կասդյաց, կամ Քաղդյաց աշխարհը Հայաստանի հետին պատվարների մեջ, Կորդվաց լեռան մոտ Մեծ Հայքի տասնհինգ աշխարհներից մեկն էր: Երբ այս մասին մի անգամ զրույցի ընթացքում տեղեկացրի մի հրեա գրողի, որը Երուսաղեմի 3000-ամյա պատմության ծավալուն գրքի հեղինակն էր, նա երկար ժամանակ չէր կարողանում սթափվել այդ փաստի ցնցող իրականությունից: Ճիշտ այդ ժամանակ նա պատրաստվում էր մի ուրիշ գիրք հրատարակել, որը վերաբերելու էր հայոց ազգի արմատներին Երուսաղեմի մեջ, կապված հայոց Կիլիկիայի հետ, բայց երբ իմացավ, որ իրենց մեծարած հայր Աբրահամը ծնվել ու դուրս է եկել պատմական Հայաստան աշխարհից, դրանից նա խոր մտորումների առիթ ունեցավ, որպեսզի ավելի լավ հասկանա, թե ինչ ազգի արմատների մասին է ուզում գրել: Մի՞թե Աստված զուր է մեր ազգի անունը Թորգոմի տուն դրել, այսինքն՝ բոլոր հայտնի և անհայտ շատ ազգեր այս տան ընտանիքից են դուրս եկել ու իրենց երկրներում «տնավորվել»:
Այժմ մի քանի ակնարկ նախաքրիստոնեական հրեա-հայկական եզրերի մասին: Նախ, ասենք, որ Աստծո առջև ողջակեզ մատուցելու առաջին զոհասեղանը, ջրհեղեղից հետո, պատրաստվել է Հայաստանում՝ Նոյ նահապետի ձեռքով (Ծննդոց 8.20), երկրորդը` Հրեաստանում, երբ Աբրահամը Մորիա լեռան վրա Իսահակին պետք է զոհաբերեր, երրորդը՝ Սողոմոնի կառուցած Աստծո Տաճարում, իսկ ամենավերջինը սուրբ Խաչը դարձավ որպես զոհասեղան Աստծո Գառան համար:
Աստվածաշնչում առկա են նաև շատերին ոչ այնքան հայտնի հրեա-հայկական հոգևոր եզրեր, որոնցից ամենազարմանալին թերևս մեր ազգային դրոշի գույներն են: Գիտենք, որ աշխարհի պետություններից շատերն են իրենց դրոշների համար երեք գույն ընտրել, ըստ իրենց իմացած խորհուրդների, բայց ահա հայկական եռագույնը հոգևոր ու զարմանալի խորհուրդ է պարունակում, որն անմիջապես կապված է հրեա ազգի հետ, ու դրանով իսկ Աստծու: Եթե Հին ուխտը կարդացել եք, ապա հանդիպած կլինեք հետևալ տողերին. «Նրբահյուս բեհեզից, կապույտ, ծիրանի և կրկնակի կարմիր կտավից տասնշերտանի վարագույրով խորան կպատրաստես» (Ելք 26.1): Խոսքը Աստծո պաշտամունքի շարժական առաջին խորանի մասին է, որի վարագույրի գույներն ու նկարագիրն անձամբ Տերն է տալիս Մովսես մարգարեին։ Այդ վարագույրը հետագայում կախվում է Սողոմոնի կառուցած Աստծո տաճարի Սրբություն Սրբոցի առջև, որտեղ, մահկանացուներից ոչ ոք իրավունք չուներ մտնելու, բացի այդ տարվա քահանայապետից, այն էլ` նախապես զոհի արյամբ քավություն անելով: Ահա այդ վարագույրի գույները (մեր դրոշի վրա նարնջագույնը իրականում ծիրանագույնն է), չգիտեմ, թե ինչպես, հայտնվել են հայոց եռագույնի վրա, խորհրդանշելով այն, որ Սրբություն Սրբոց անդատապարտ կարող են ներս մտնել միայն նրանք, ովքեր Հիսուսի Արյան միջոցով քավություն են ընդունել իրենց մեղքերին: Իսկ ազգերից ովքե՞ր առաջինը մտան այդ եռագույն վարագույրից ներս. հայերը, որոնք այժմ էլ իրենց դրոշի վրա կրում են դրա խորհուրդը, որի հոգևոր իմաստը այսպես է բացատրվում. կապույտը երկնքի խորհուրդն է, ծիրանին՝ Աստծո սիրո, իսկ կրկնակի կարմիրը՝ Քրիստոսի քավչարար սուրբ Արյան: Հին ուխտում այդ երեք գույները նորից են հիշատակվում հրեական քահանայապետի լանջապանակի պատրաստման ժամանակ (Ելք 39. 8): Այն զուտ ոսկու թիթեղի վրա, կապույտ, ծիրանի և կարմիր կտավով պատրաստված մի թզաչափ երկարությամբ և նույն լայնությամբ լանջապանակ է, որի վրա ամրացնում էին տասներկու թանկագին ակնաքար, որոնց վրա Իսրայելի տասներկու ցեղերի անուններն էին փորագրված: Ծիսական արարողությունների ժամանակ քահանայապետն այն ամրացնում էր իր կրծքամասում։ Երբ Իսրայելի ցեղերից մեկը մեղանչում էր Տիրոջ առաջ, ապա լանջապանակի տվյալ ցեղի անունով քարը խամրում էր, ինչից իմանում էր, որ այդ ցեղը մեղքի մեջ է ընկել, և զոհերով ու ողջակեզներով քավություն էր անում: Բայց երբ Իսրայելը մերժեց երկնային Քահանայապետին՝ Հիսուսին, այդ բոլոր քարերը իսպառ խամրեցին, իսկ հայերն առաջինն ընդունեցին Նրան և իրենց պետության դրոշի եռագույնով հաստատեցին, որ իրենք են այժմ Նոր Իսրայելը, որոնք առաջինն անցան Հին ուխտի վարագույրից ներս: ՈՒրեմն թող Տերը օգնի, որ դարձի գանք և ազգովին հաստատ մնանք ճշմարիտ հավատքի մեջ:
Այդ չէ՞ պատճառը, որ երբ հայ և հրեա ազգերը հեռանում, խոտորվում են Աստծո տված պատվիրաններից, դառնում են ողնաշարը վնասված անդամալույծներ, որոնք անկարող են դիմադրելու հափշտակող գայլերին, ու վերածվում են արյունոտ զոհի: Ավետարանն այդպիսիներին անվանում է համը կորցրած աղ, որը զանազան անարգ ազգերի ոտքի կոխան պիտի լինի, ինչպես դարերի ընթացքում կատարվում է աշխարհին երբեմնի համ ու հոտ տվող այս երկու ազգերի հետ: Թերևս այդ է պատճառը, որ այս երկու ազգերի պատմական ընթացքը, որքան էլ չի միաձուլվել, բայց այնքան նման զուգահեռներ ունի, որ կարծես ակամա Արարչական Աջի հպումն ես տեսնում, ինչը երբեմն խիստ ցավոտ է լինում, քանզի Տերն ասում է. «Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում և խրատում եմ» (Հայտն. 3.19): Ինչպես այս երկու ազգերի համար եղավ անցած դարում, քանի որ ազգերի մեջ հիշված ամենամեծ եղեռնը տեսել են նախ հայերը, ապա հրեաները: Եվ այս երկու ազգերն են ամենաշատը պանդխտացել բազմաթիվ ազգերի մեջ, բայց մնացել հավատարիմ իրենց նախնիների հավատին, սրտի երազներում փայփայելով հայրենիքի կարոտն ու իրենց սրբավայրերը: Եվ, վերջապես, այս երկու ազգերը, տարածվելով բոլոր ազգերի մեջ, շատ կարճ ժամանակամիջոցում զգալի դիրք են գրավել թե՛ քաղաքական, թե՛ նյութական ասպարեզում: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մեր ժամանակներում հնաբնակներից ամենասակավաթիվ համայնքը Իսրայելում հայերն են՝ մոտ 3000 հոգի, իսկ Հայաստանում հրեաները երևի նույնքան են: Ասում եմ երևի, քանի որ ծպտված հրեաների հարցը ամենուր կա: Այսինքն, այս երկու ազգերը, լինելով նման, չեն կարող համատեղ ապրել և բարգավաճել, որովհետև հզորները միշտ հակամետ են:
Իսկ այժմ հայ-հրեա ազգերի միջև կապերը բուն արմատներից հասկանալու համար դիմենք մեր ունեցած պատմական գրավոր փաստերին: Իսկ դրա համար պետք է գրենք մի նոր ենթավերնագիր, որ պիտի կոչվի
ՀԱՅՈՑ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ
Հնագույն տեղեկությունը քաղենք հրեա հայտնի պատմագիր Հովսեփիոս Փլաբիոսի «Հրեական պատերազմ» գրքից. «Այդ ժամանակ (մ.թ.ա. 70 թ.) հայոց Տիգրան Բ թագավորը 300000 զորքով մտել է Ասորիք և պատրաստվում է Հրեաստան գալու: Տեղեկանալով այս մասին, հրեաները սարսափահար եղան, և, բնականաբար, նրանց հետ Հրեաստանի թագուհին, որը Տիգրանի մոտ ուղարկեց իր դեսպաններին, հաղթող թագավորին արժանավայել ընծաներով: Իսկ Սելեանա թագուհին, որի անունն էր նաև Կլեոպատրա, իշխում էր Ասորիքում, գրգռում էր բնակիչներին, որ դիմադրեն Տիգրանին, բայց նրա դեսպանները, գալով հայոց թագավորի մոտ, աղաչում էին, որ բարի ու ողորմած լինի իրենց թագուհու և ժողովրդի հանդեպ: Այդ ժամանակվանից Տիգրանը հոգատար վերաբերմունք ունեցավ Ասորիքի հանդեպ ու քաջալերեց նրանց»: Իսկ մեր Խորենացի պատմահայրը տալիս է հետևյալ լրացուցիչ տեղեկությունը. «Այնուհետև Տիգրանը դիմում է պաղեստինցիների աշխարհը` վրեժ առնելու Պտղոմիդայում նստած Կլեոպատրայից` նրա Դիոնիս որդու գործած հանցանքի համար իր հոր դեմ: Նա շատ գերիներ առնելով հրեաներից` պաշարում է Պտղոմիդա քաղաքը: Իսկ հրեաների Ալեքսանդրիայի թագուհին՝ նույնը Մեսավինան, որը կինն էր Հուդա Մակաբեի` Շմավոնի եղբոր որդի, Հովհաննեսի որդի Ալեքսանդրի, և որն այն ժամանակ կառավարում էր հրեական թագավորությունը, շատ նվերներ տալով Տիգրանին` այնտեղից հետ դարձրեց: Հայոց թագավորը, գերի հրեաներին տեղավորելով Արմավիրում և Վարդգեսի ավանում, որ գտնվում է Քասախ գետի վրա, շարժվում է դեպի Ասորիք, հռոմեացիների զորքի դեմ վրեժ առնելու»: Եվ դարձյալ այս մասին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած «Նոր տետրակ, որ կոչվում է հորդորակ» գրքում այսպես է գրված. «Տիգրանը, իր զորքը ուղարկելով Պաղեստին, բռնում է հրեաների քահանայապետ Հուրկանոսին և հրամայում նրան գերիների հետ տանեն Շամիրամ քաղաքը, որ է հայոց Վանը»: Եվ դարձյալ. «Հայոց Ամատունի նախարարությունը դրանք բնիկ հրեաներ են, մի ոմն Մանուից, որը մի ուժեղ մեծահասակ որդի ուներ, Սամսոն անունով, ինչպես հրեաների մեջ սովորություն կա՝ նախնիների անունները դնել: Եվ այս ճշմարիտ է, ինչպես այժմ էլ նկատվում է Ամատունիների սերնդի մեջ, որ նրանք հաղթանդամ, վայելչակազմ և ուժեղ մարդիկ են, պատշաճ ամեն բանում: Սրանք տարածված են եղել Արշակի ձեռքով, որ պարթևական ցեղից առաջինը թագավոր դարձավ, և առաջադիմելով Պարսկաստանում է՛լ առավել պատվի հասան: Իսկ թե ինչ պատճառով նրանք մեր երկիրը եկան՝ չգիտեմ, միայն թե Արտաշեսից պատիվներ են գտնում գյուղերով ու դաստակերտներով և կոչվում են Ամատունիներ, այսինքն՝ եկվորներ»:
Ըստ Ղևոնդ Ալիշանի մանրազնին պրպտումների` այս շատ կարևոր փաստը ևս նշենք. «Երբ Բարձրյալ Աստծո հրամանով Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան Քրիստոսից 600 տարի առաջ գնում է պատժելու Տիրոջ օրենքներից խոտորված հրեաներին, իր զորքով որպես պատերազմակից մասնակցում էր նաև հայոց Հրաչե թագավորը: Այդ պատերազմի հաղթական ելքից հետո, որպես ավար մեզ է բաժին ընկնում հրեա ազնվատոհմիկ Շամբա, կամ Սափատիա անվամբ իշխանը, իր ամբողջ ցեղով»: Այս տվյալները հաստատվում են նաև Վարդան Արևելցու «Տիեզերական պատմություն» գրքում, որտեղ նա համառոտ տեղեկացնում է. «Պարույր թագավորի որդի Հրաչեն Նաբուգոդոնոսորի հետ Երուսաղեմում էր գտնվում, նա Շամբատին իր հետ Հայաստան բերեց, որից սերեց Բագրատունյաց ցեղը»: Հայոց թագավորը, նրանց Հայաստան գերեվարելով, բերում և հետները իշխանաբար վարվելով, տեղավորում է Սպեր գավառում, որտեղից և նրանք Է դարից սկսած սփռվեցին եգերների, այսինքն` ափխազների ու վրացիների Իմերեթի կողմերը, որտեղ թագավորեցին Զ դարից մինչև ԺԹ դարը, որտեղ այնքան զորացան, որ շուտով նաև ռուսաց կողմերը տարածվեցին, այդ ազգի մեջ ևս իր ընտիր զավակներով փայլելով. օրինակ, Կուտուզովի բանակի զորավար Բագրատիոնը և այլք: Իսկ ըստ վրաց պատմաբանների, այդ հրեաները սերվում են Հուդայի սերնդից՝ Դավթի շառավղից: Սա, իհարկե, շատերիս հայտնի վրաց ճոռոմաբանություն է, որովհետև պատմությունը համառորեն փաստում է, որ վրաց պարծանքն ու փառքը հանդիսացող Բագրատունիները սերվել են Հայաստան գերված հրեաներից: Ինչը փաստում է պատմական անաչառ տվյալներից, օրինակ, այս մեկը: Հայաստանի Տաշիր-Ձորագետի՝ Լոռվա առաջին թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդին Գուրգենն է եղել (966-991թթ.), որոնց ժողովուրդը Կյուրիկյաններ է անվանել (կյուրակե՝ թարգմանվում է տեր, որից առաջացել է «կիրակի» բառը, այսինքն` Տերունական օր, քանի որ Հին ուխտում ասվում է, որ յոթերորդ օրը Աստծունն է, այդ պատճառով բարեպաշտ քրիստոնյաները առավել են պատվում այդ օրը, եկեղեցու Պատարագով ու սրբությամբ պահելով): Ահա այդ Կյուրիկյանները, նպատակադրվելով տարածել իրենց թագավորության սահմանները, կարողանում են հարևան վրացական Կախեթ-Հերեթի թագավորության գահին նստեցնել իրենց տոհմակից Դավիթ Անհողին, որն ամուսնացել էր Կախեթի վերջին իշխան Դավթի դստեր հետ: Այդ զույգից ծնված Գագիկն էլ ժառանգեց Կախեթի գահը, որովհետև Գագիկի մայրը (անունը Զորակրցել) արու զավակ չունեցող մահացած թագավորի քույրն էր: Իսկ երբ 1104 թ. Կախեթը վերամիավորվեց Վրաստանին, Բագրատունիները սկսեցին տարածվել նաև այնտեղ: Չնայած այդ փաստը մերժում են վրաց պատմաբանները, հավաստելով, իբր իրենց Բագրատունիները բուն Երուսաղեմից են, այնքան էլ զարմանալի չէ, որովհետև արդեն իմացանք, որ Մեսրոպ Մաշտոցի իրենց համար ստեղծած գրերի գյուտն էլ են մերժում, որպես այդպիսին: Բայց կիսով վրացի (մայրական կողմից) ակադեմիկոս Նիկողայոս Մառն իր «Հաբեթոլոգիա» աշխատության մեջ հիշում է այս մասին և հաստատում, որ ափխազները սերվում են Հայաստանից դուրս եկած Բագրատունիներից, իսկ «Անի» աշխատության մեջ գրել է. «Վրաց Բագրատունիները, բնական է, ժառանգել էին հայ Բագրատունիների բոլոր տոհմական իրավունքներն ու պատվանշանները»: Որ վրացիներն իրենց ազգային շահերից ելնելով մերժում են այս փաստագրված ճշմարտությունը, ինչ-որ տեղ հասկանալի է, իսկ որ նույնիսկ ստության որդին՝ Ստալինն է հակադրվել այս փաստերին և աշխատել ամեն գնով նսեմացնել ակադեմիկոս Մառին, ապացույց է վերը նշված փաստերի կարևոր ճշմարտացիության: Բայց երբ մեր «գիտունիկ» պատմաբաններից ոմանք են հերքում դարերից եկող այս փաստը ու ծամածուռ հնարքներով փորձում են Բագրատունիներին «հայացնել», դա արդեն անհասկանալի է, ու անհիմն հրեատյացության տհաճ գարշահոտություն է փչում, ինչով տառապել են իրենց լուրջ համարող ազգեր, որոնցից շատերը հետագայում զղջալով ներում են խնդրել հրեաներից: Մեր նպատակը չէ այս գրքի էջերում վիճաբանության «մեջլիս» բացել նման գիտնականների հետ, որովհետև նրանց հոգու ողնաշարը, այսինքն` ճշմարտության չափանիշը մարդկային փուչ մտքի տրամաբանությունն է, իր խղճուկ ու դառը հետևանքներով, որի հետևանքը կրում է Ադամի սերունդը: Իրենց իմաստուն կարծող այդ մոլորված հայորդիները, սեփական մտքի խավարը որպես լույս հրամցնելու համար, հանդգնեցին նույնիսկ մեր ազգի հայր Հայկ Նահապետին համարել ընդամենը հին դիցաբանական չաստվածներից մեկը, իսկ մեր պատմահայր Մովսես Խորենացուն նսեմացրեցին այն աստիճան, որ մինչև իսկ նրան «Կեղծ Խորենացի» մականունով պիտակեցին: Այստեղ, այդ մոլորյալ գիտունիկների անուններն անհարկի է նույնիսկ նշել, բայց սրանք գրված փաստեր են, որ մեր ազգի մշակութային գարշապարն ու ամոթն են: Ո՞Ւմ հավատանք` հայոց ազգընտիր ու սուրբ մատենագիրների՞ն, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցո՞ւն, թե խելքին զոռ տվող ժամանակակից փափկասեր ու փառասեր գիտնական հորջորջվողներին: Բայց չզարմանանք, որովհետև Հիսուսին նույնպես կեղծ Մեսիա անվանեցին, մինչև իսկ բեհեղզեբուղի զորությամբ գործող: Այնպես որ, ձեռագրից կարող ենք հասկանալ թե ով ո՛վ է: Այդպիսիների համար մեր սուրբ հավատը՝ քրիստոնեությունը, ընդամենը հրեական մի նոր վարդապետություն է, մի ուսմունք՝ ներմուծված Պաղեստինից: Արտաքինից դատելով` սա ճշմարտանման է, բայց ոչ ճշմարիտը: Հրեաներն իրենք իսկ մերժեցին Հիսուսի բերած վարդապետությունը և խաչեցին Նրան, բայց Տերն ընդամենը տասներկու առաքյալներով ու մի քանի հարյուր հետևորդներով այս խավար աշխարհի մեջ հիմնեց երկնային ծագումնաբանություն ունեցող տիեզերական անտեսանելի Եկեղեցին, իր երկնային Քահանայապետով։ Ճշմարտության հաստատուն լուսեղեն սյունով, որը պիտի անխորտակ մնա մինչ աշխարհի վախճանը, ու դժոխքի դռները պիտի չհաղթեն նրան, քանզի հիմքը Քրիստոս վեմն է՝ Աստծո Միածին Որդին:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ