ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եսթեր, Հուդիթ

Եսթեր, Հուդիթ
08.09.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
Լսի՛ր, Տե՛ր, իմ աղոթքի ձայնը և քավի՛չ եղիր Քո ժառանգությանը, մեր սուգն ուրախությա՛ն փոխիր, որպեսզի մենք` ապրողներս, օրհնենք Քո մեծ անունը (Եսթ. 4.17)։
ԵՍԹԵՐ

Գրքում պատմվում է, թե ինչպես է հրեական համայնքներից մեկը մի կնոջ ձեռքով փրկվում կոտորածից: Պարսկական գերիշխանության սահմաններում բնակվող հրեաների վրա առաջին նախարարի՝ Համանի ատելության պատճառով ոչնչացման սպառնալիք էր կախված: Հրեաների փրկությունը տեղի է ունենում թագուհի դարձած մի հրեուհու միջամտությամբ, որին ուղղություն էր տալիս Եսթերի հորեղբայր Մուրթքեն: Իրադարձությունները, սակայն, հակառակ ուղղությամբ են զարգանում. Համանին կախում են, Մուրթքեն զբաղեցնում է նրա տեղը, իսկ հրեաները կոտորում են իրենց թշնամիներին: Այս հաղթանակի հիշատակը ոգեկոչելու համար սահմանվում է Փուրիմ տոնը, որը հրեաները պետք է նշեին տարեցտարի:
Այս պատմությունը լույս է սփռում հին աշխարհի՝ հրեաների նկատմամբ տածած թշնամանքի վրա, որի պատճառը հրեաների վարած եզակի և ուրույն ապրելակերպն էր, ինչը միշտ դրդում էր նրանց դիմակայելու տեղական օրենքներին: Իսկ նրանց ազգային պոռթկումները միմիայն ինքնապաշտպանական հակազդեցության բնույթ ունեին: Այսօր մեզ համար զարմանալի է այդ պաշտպանության կատաղի բնույթը:
Մուրթքեի ու Եսթերի ձեռքով կատարված փրկության կարևորումը մեզ հիշեցնում է Դանիելի և հատկապես Հովսեփի պատմությունը, որը սկզբում հալածվում է, սակայն հետո Աստված նրան բարձրացնում է Իր ժողովրդին փրկելու համար: Հովսեփի պատմության մեջ Աստված արտաքնապես չի բացահայտում Իր զորությունը, սակայն ընթացք է տալիս իրադարձություններին: Այսպես է նաև «Եսթերի» եբրայական գրքում, ուր չի հիշատակվում Աստծու անունը, սակայն աստվածային նախախնամությունը վերահսկում է դրամայի յուրաքանչյուր հանկարծական գործողություն: Հերոսները դա լավ գիտեն, և իրենց հույսն առ Աստված է: Եվ Տերը չի ուշացնում Իր իսկ որոշած փրկությունը, թեպետ Իր ընտրյալ մարդն անփութություն է դրսևորում: (Տե՛ս «Եսթեր» գրքի Դ 13-17 համարները. այստեղ է զետեղված գիրքն ըմբռնելու բանալին):
Փուրիմ տոնը (Բ Մակաբ. ԺԵ 37)` «Մուրթքեի օր», մինչ օրս առանձնահատուկ հանդիսավորությամբ է նշվում սինագոգներում։ Ադար ամսի 13-ը` տոնի նախօրեն, ծոմի օր է։ Բուն տոնը սկսվում է նույն օրը երեկոյան` «Եսթեր» գրքի ընթերցանությամբ։ Ընդ որում, ընթերցողը շատ թռուցիկ, որքան հնարավոր է, առանց շունչ առնելու է կարդում 9.7-10 համարները, ուր հիշատակված են Համանի և նրա որդիների անունները, որպեսզի դրանով մատնանշի, որ նրանք բոլորը կախաղան են հանվել։ Այս ընթացքում, ինչպես նաև Համանի անվան յուրաքանչյուր հիշատակման ժամանակ, ներկաներն աներևակայելի աղմուկ են բարձրացնում, որով ցույց են տալիս իրենց վրդովմունքը։ Նույն ամսվա 14-ին ընթերցանությունը կրկնվում է, իսկ երեկոն մեծ ուրախության մեջ են անցկացնում։ Մինչ օրս պահպանվել է նաև փոխադարձաբար իրար նվերներ և մանավանդ «Գամանա ուխո» կոչված հատուկ ձև ունեցող խաշխաշի քաղցրաբլիթներ տալու սովորությունը։ Սովորաբար Փուրիմ տոնը նշվում է փետրվար ամսվա վերջին օրերին կամ մարտի սկզբին` այն յուրովի հրեական բարեկենդանի վերածելով։
ՀՈՒԴԻԹ
Մեղավոր մարդու համար խիստ որոգայթ կլարվի, բայց արդարը պիտի լինի ուրախության և խնդության մեջ (Առակ. 29.6)։
«Հուդիթի» գիրքը, ինչպես «Տոբիթի» ու «Եսթերի» գրքերի պարագայում, մի գլխավոր անձի շուրջ ծավալված պատմվածք է, որը հանգամանալից նկարագրում է Աստծու կատարած փրկությունը՝ ժողովրդին ծանր ու տագնապալից կացությունից դուրս բերելու համար: Խոսքն այստեղ պաղեստինյան մի փոքրիկ քաղաքի՝ Բետուղիայի պաշարման մասին է, որն իր զբաղեցրած աշխարհագրական դիրքով բովանդակ երկիր ու Երուսաղեմ մուտք գործելու դարպասն էր: Մի բարեպաշտ կին դուրս է գալիս քաղաքից ու գնում թշնամու ճամբար և իր գեղեցկությամբ հմայելով թշնամու գլխավոր զորահրամանատարին՝ Հողոփեռնեսին, և օգտվելով նրա հարբածությունից` խնջույքից հետո կտրում է նրա գլուխը: Այսպիսով նա դառնում է զավթիչների պարտության պատճառը:
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆՈՆ ԳՐՔԻ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այս պատմվածքի մեջ բազմաթիվ պատմական խնդիրներ կան: Նաբուքոդոնոսորը՝ Բաբելոնյան կայսրության արքան, այստեղ ներկայացված է որպես Նինվեի թագավոր, որը ն. Ք. 612 թ. գրավել էր նրա հայրը՝ Նաբոպալասարը, իր դաշնակիցների՝ մարական զորքերի հետ: Նաբուքոդոնոսորին՝ Երուսաղեմը գրավողին ու ավերողին, «Հուդիթի» գրքում տեսնում ենք այլ կերպ. նա զորքեր է ուղարկում Իսրայել, ինչն ավարտվում է գերությունից նոր վերադարձած հրեաների (Հուդիթ Դ 2 և Ե 23) հաղթանակով: Մինչդեռ, ըստ պատմության, Նաբուքոդոնոսորն էր Երուսաղեմի բնակչությանը գերության տարել: Իսկ Հողոփեռնեսի և նրա ներքինի Բուղայի մասին (նրանց անունները պարսկական են) վկայող ոչ սուրբգրային տեքստերը պատմում են Արտաշես Երրորդի օրոք (ն. Ք. 359-338 թթ.) տեղի ունեցած արշավանքի մասին: Հեսուի գրքում հիշատակված է Շմավոնի ցեղի երկրում գտնվող Բաթուղ քաղաքը (Հեսու ԺԹ 3), որտեղից էլ սերում էր Հուդիթը (Հուդ. Ը 1 և Թ 2): Սակայն «Հուդիթի» գրքում հիշատակված Բետուղիա քաղաքը գտնվում է Սամարիայում՝ Դութաինի մոտ, Եզրաիլ հարթավայրում, որը կառուցված էր խիստ զառիվերություն ունեցող լեռան գագաթի վրա՝ դեպի հովիտ հոսող աղբյուրների վերևում: Մենք այդ տարածքում այս անունը կրող ոչ մի վայր չենք ճանաչում: Սակայն խնդիրը սրանով չի սահմանափակվում. պատմվածքի մեջ հայտնի անունների՝ Նինվեի, Դամասկոսի, Տյուրոսի ու Երուսաղեմի կողքին կան այնպիսիք, որոնց աշխարհագրական ինքնությունն անհնար է պարզել, չնայած մեկնաբանների գործադրած ջանքերին: Օրինակ՝ Ռագավը, որի սահմանակից դաշտում (Ա 5) տեղի է ունենում ճակատամարտ, ենթադրվում է, որ «Տոբիթ» գրքում հիշատակված (Դ 1 և Ե 7) Մարաստանի Եկբատան քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Ռագյուս քաղաքի (Տոբիթ Դ 1 և Ե 7) անվան աղավաղված ձևն է: Սակայն միշտ չէ, որ խնդիրը նման լուծում է ստանում:
Այս և մի շարք ուրիշ խնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ պատմությունը պատմավեպ չէ, այլ ազատորեն շարադրված ստեղծագործություն, որով պատմվածքի սահմաններում ցանկացել են խրատներ ու դասեր տալ: Ընդսմին, ենթադրվում է, որ այս պատմվածքի հիմքում պատմական անցք է ընկած, քանզի անհնար է ոչնչից մի տեսարան հորինել, ուր Հուդիթի կատարած դերն ավելի մեծ է, քան այն, որը կատարում է իր հորեղբայր Մուրթքեի խորհուրդներով առաջնորդվող Եսթեր թագուհին:
Հուդիթի պատմությունն ամփոփված է բազմաթիվ (շուրջ 12) հրեական բնագրերում (միդրաշ` գերությանը հաջորդած շրջանում նշանակում էր աստվածաշնչյան որևէ գրքի կամ նրա մի մասի մեկնություն), որոնք առնչվում են Անտիոքոսի գործած պղծությունից հետո երեք տարի անց՝ ն. Ք. 164 թ. Տաճարի օծման հիշատակի ոգեկոչմանը նվիրված տոնին: Սխրանքի վայրը Անտիոքի հույների կամ սելևկացիների պաշա-րած Երուսաղեմն է: Վերը նշված միդրաշներում շատ հաճախ բացակայում է հերոսուհու անունը: Վերջապես երկու բյուզանդացի պատմիչ՝ Հովհաննես Մալալասը և Գեորգ Քեդրինսը, դեպքը նկարագրում են այլ կերպ: Դարեհ թագավորի օրոք Երուսաղեմը պաշարվում է: Հուդիթ անունով մի կին, իրեն ձևացնելով ժողովրդի դավաճան, մտնում է թշնամու ճամբար: Իր գեղեցկությամբ գերելով Հողոփեռնեսին` հասնում է իր նպատակին. առանձնանում է նրա հետ վրանում, ապա սպանում նրան, երբ վերջինս քնած է լինում: Հուդիթը վերադառնում է, իսկ Հողոփեռնեսի` ցցի վրա հանված գլուխը կախում են պարսպից: Այս բնագրում ենթադրվում է, որ հերոսուհին անձնատուր է եղել թշնամական զորքերի հրամանատարի ցանկությանը, մինչդեռ հրեական միդրաշները սահմանափակվում են խոստմամբ: Իսկ Սուրբ Գրքի պատմությունը այդ կապակցությամբ անորոշ բառերով է արտահայտվում (ԺԲ 13-14), որոնք գուցե ոչինչ չպարտավորեցնող սիրալիր պատասխան կամ ծածուկ ակնարկ են նշանակում:
Պատմվածքի տարասեռությունն ու հուշատոնի գոյությունը, ըստ լատինական տարածված թարգմանության ու մի շարք միդրաշների, ցույց են տալիս, որ ավանդական պատմությունը պատմական հիմք ունի, որը, ամենայն հավանականությամբ, սկիզբ է առնում պարսից տիրապետության ժամանակներից: Մեզ համար դժվար չէ պատճառաբանել այդ օրերում հաստատված երկարատև խաղաղության իրողությունը, որը Հուդիթի սխրագործության ուղղակի հետևանքն էր: Մենք, սակայն, հնարավորություն չունենք իմանալու այդ հերոսական իրադարձությանը վերաբերող պատմական պայմանները:
ԳՐԱԿԱՆ ԺԱՆՐԸ
«Հուդիթ» գրքի գրական ժանրը բնավ չի համապատասխանում արդիականության մեր չափանիշներին: Բանն այն է, որ սա, ինչպես տեսանք, պատմություն չէ, ոչ էլ պատմավեպ, որի մեջ հորինված անցքերը իրենց տեղը զբաղեցնում են սահմաններից դուրս չեկող պատմական շրջանակի մեջ, և ոչ էլ գեղարվեստական երկ, ուր երևակայությունը փոխարինում է երկրորդական իրադարձությունների մասին լռություն պահպանող աղբյուրներին: Պատմվածքը միդրաշ է, որի կորիզը, ինչպես մենք ենք տեսնում, հավանաբար իրական է, սակայն բավական ազատորեն մեկնված և ուռճացված ու սուրբգրային ակնարկներով ընդելուզված: Հեղինակն իր ներշնչանքի աղբյուրը փնտրել է Իսրայելի պատմության զանազան դեպքերի, զանազան դիրքորոշումների մեջ, ինչպիսիք են Թամարի հնարամտությունը (Ծննդ. ԼԸ), Ավոդի ձեռամբ Մովաբի արքա Եգղոմի սպանությունը (Դատ. Գ 12-30), Սիսարայի սպանությունը Հայելի ձեռամբ (Դատ. Դ-Ե), Դավթի ու Գողիաթի մենամարտը (Ա Թագ. ԺԷ), Աբիգեայի միջնորդությունը Դավթի մոտ (Ա Թագ. ԻԵ) և այլն: Հեղինակը Սուրբ Գրքից քաղած իրողություններն ինքնակամորեն հյուսում է պատմական տվյալների շուրջ և ծավալվում նրանց մեջ: Նրա մեծագույն նպատակը խրատներ տալն է:
ԳՐՔԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ակնհայտ է, որ սույն գիրքը նախ և առաջ հետապնդում է հրեաների վճռականությունը հզորացնելու նպատակ այն ժամանակ, երբ նրանց վրա կախված էր հեթանոսական աշխարհից բարձրացած սպառնալիքը: Այս վտանգը ոչ միայն նրանց ազգային կեցության, այլև Ճշմարիտ Աստծու պաշտամունքի վրա էր տարածվում:
Գիրքը պարունակում է ամբողջ Աստվածաշնչին հատուկ բազմաթիվ տարրեր, սակայն սրանց կողքին կան հորինվածքներ, որոնք պետք չէ, որ թաքնված մնան ողբերգական անցքերի քողի տակ: Օգտակար կլինի դրանց վրա ուշադրություն դարձնել:
Աստված բարձր է մարդուց. Նրա խորհուրդները ողորմությամբ են պարուրում մարդուն, բայց դրանք խորին են, և մարդն ի զորու չէ նախապես իմանալու փորձության ժամն ու սահմանները, որին Աստված ենթարկում է Իր մերձավորներին (Հուդիթ Ը 13): Նրա համար մատուցվող զոհերը բացարձակապես համեմատելի չեն Նրա մեծափառության հետ (ԺԶ 18): Աստվածային նախախնամությունը գործում է միջնորդավորված կերպով, այսինքն՝ պատմվածքի մեջ բացակայում է որևէ հրաշք կամ գերբնական երևույթ, ամեն ինչ բխում է մարդկային հայեցողության համեմատ. լինի դա ագահություն, կիրք, վախ` որոշ մարդկանց կամ էլ հավատ ու համարձակություն` Հուդիթի մոտ:
Առաջին հերոսը, որի ձեռքով կատարվում է փրկությունը, կին է: Միայն նա է կարողանում մեծ փորձության պահին պահպանել ողջամտությունը և իր իմաստությամբ զորացնում Բետուղիայի պաշտոնական այրերի վճռականությունը: Եվ առանց որևէ մեկի օգնության նախապատրաստում ու իրականացնում է իր խիզախ ծրագիրը: Սխրագործությունից հետո նա վարում է մի ապրելակերպ, որի արժանապատվությունը կազմված է կնոջ և մոր լավագույն գծերի շաղախից: Մենք կանգնած ենք կանացի մի կերպարի առաջ, որը գերազանցում է Հին Կտակարանի մյուս գրքերում հանդիպող կանացի հերոսության վերջին սահմանագիծը:
Այո՛, Հուդիթի հնարամտությունն ինքնին առաքինության դրսևորում չէ, սակայն ոչ էլ բարոյական ստոր արարք: Սուրբգրային պատմություններում նկարագրված հնարքների օրինակների համեմատությունն այս պատմվածքի համաբնույթ մանրամասների հետ ընդհանրապես խոսում է հօգուտ Հուդիթի աներկբա առավելության: Ինքնապաշտպանական պատերազմում Հուդիթը սպանում է թշնամու զորահրամանատարին, որը պատրաստվում էր հարձակվել ժողովրդի ու նրա պաշտամունքի վրա, որովհետև իր արժանապատվությանը վիրավորանք էր հասցված: Հուդիթի օրինակին ամենամոտ կանգնածը Հայելն է, որին տեսնում ենք Սիսարային սպանելիս, չնայած նրան անմիջական վտանգ չէր սպառնում, և նրա ամուսնու տան ու ասորի արքա Հաբինի՝ Սիսարայի տիրոջ միջև խաղաղություն էր հաստատված (Դատ. Դ 17-22):
Հուդիթը չի փորձում Հողոփեռնեսին գայթակղել. նա բնավ չի սխալվում վերջինիս համակած զգացմունքների հարցում և օգտվում է դրանից՝ բոլորովին չկորցնելով հավասարակշռությունն ու արժանապատվությունը: Հեթանոսին համակած կիրքն է, որ ստիպում է նրան անձնատուր լինել ուժեղ ու անարատ կնոջ ողորմությանը: Հուդիթը պատրաստ է դիմակայելու վտանգներով լի դրությանը. նա այս ուժը ստացել է աղոթական ու ճգնավորական կյանքով ապրելու շնորհիվ, որը նրան աստվածային օժանդակություն և ինքնատիրապետում է ապահովում:
Այս գրքում չկա մովսիսական օրենքին ուղղված ջերմեռանդ հայացքի որևէ հետք, չկան նաև բարեպաշտության և նույնիսկ հաստատակամության հետքեր, ինչպիսիք մաքուր կերակուրների առնչությամբ հանդիպում են Դանիելի ու նրա ընկերների մոտ (Դան. Ա 8-16): Ծոմն այս երկյուղած կնոջ պարագայում ոչ այլ ինչ է, եթե ոչ սուգի ու ապաշխարության ինքնաբերական դրսևորում և ոչ թե պատվիրանի պահում, որը նա լուծարում էր միայն շաբաթ օրերին ու տարեկան տոներին (Հուդիթ Ը 6): Հուդիթի զրույցը Հողոփեռնեսի հետ հեղինակի համար խրատելու, դասեր տալու միջոց չէ, այլ պարզապես թշնամուն խաբելու, մոլորեցնելու նպատակ է հետապնդում` իբր Բետուղիայի բնակիչները լուրջ հակառակորդներ չեն ու լի են հիմար գայթակղություններով:
Տառապանքը, որ աստվածաշնորհ հեղինակների մշտական թեման է, միշտ չէ, որ պատիժ է, որը հետապնդում է ժողովրդի ու անհատների մեղքերի ճնշման նպատակ. այն նաև փորձություն է, որին Աստված ենթարկում է Իր մերձավորներին՝ նրանց սրտերը քննելու և խիստ դասերի միջոցով սովորեցնելու ու խրատելու համար (Ը 22-23): Այս իրավիճակում Հուդիթը վստահ է, որ ժողովուրդը չի մեղանչել՝ կռապաշտության մեջ ընկնելով, ինչպես վաղնջական օրերում էր (Ը 18-20): Հետևաբար, պաշարվածների նեղությունը Աստծու զայրույթի հետևանք չէ, այլ վեհ առաքինության և անձնազոհության կոչ՝ ողջ ժողովրդին ու սուրբ քաղաքը փրկելու համար (Ը 21): Սա Հուդիթի դիրքորոշումն է (ԺԳ 25), և պետք էր գոհությամբ ընդունել տառապանքը, քանզի դա աստվածային նախախնամության նշան էր (Ը 23):
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4527

Մեկնաբանություններ