Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Ինքնամաքրումը որպես ուղիղ ճանապարհ

Ինքնամաքրումը որպես ուղիղ ճանապարհ
02.06.2009 | 00:00

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԵՐՍ
(սկիզբը`թիվ 100-ում)
Քրիստոսից երեք հարյուր տարի հետո և շարունակաբար մինչև 11-րդ դարը Հայաստանը պետք է որ իրենից ներկայացներ սոցիալական, տնտեսական ու քաղաքական հակասությունների մի եռացող խառնարան: Բայց և այնպես, այդ խառնարանում առավել ցցուն է եղել երկու ուժերի բախումը` մի կողմից հայացքների աշխարհականացման օր օրի խորացող և ընդարձակվող պրոցեսը, որը բխում էր մեր ժողովրդի ազգային էությունից, և մյուս կողմից կրոնական, այսպես կոչված, բարեպաշտության ոգին, որը ձգտում էր կաղապարել մարդկային միտքը քարացած, անկենդան, ստրկամիտ հնազանդության շրջանակներում: Մեսրոպ Մաշտոցից ու Սահակ Պարթևից հետո արդեն հայ հոգևոր դասը բաժանվել էր երկու շերտի` ասորական կողմնորոշման, որը, մեղմ ասած, պահպանողական էր հունական կողմնորոշման, որն առաջադիմական էր: 5-րդ դարում նրանց միջև կատաղի պայքար էր ընթանում, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայ իրականության ու հայ ժողովրդի համար: Լուսավոր գլուխները ենթարկվում էին հալածանքների: Հիշենք, թեկուզ, Քերթողահայր Խորենացու կյանքն իր հայրենիքում: Հաղթեց, ի վերջո, ասորական կողմնորոշումը: «Աշխարհի շենը վըր գութնին» տեսնող ժողովուրդը չէր կարող անտարբեր դիտորդի դերում լինել: Իր բազմաթիվ աստվածների հետ ազատ ու անկաշկանդ հաղորդակցվելու սովոր ժողովուրդն զգում և տեսնում էր, որ իրեն դարձնում են ԱՂԱՎԱՂՎԱԾ ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ գերի: Ոչ թե ուսմունքն էր ի սպաս դրվում ժողովրդին, այլ նրանից պահանջվում էր ծառայել ուսմունքին: (Մի՞թե նույնը չարեց կոմունիստական գաղափարախոսության հետ բոլշևիկյան կուսակցությունը): Հակադիր լիցքերի բևեռացման պրոցեսն անդառնալի էր, ուստի և անխուսափելի էր պարպումը: Այն սկսվեց 5-րդ դարի վերջին և տևեց մոտ վեց հարյուր տարի: Վեց հարյուր տարի հեղվեց հայ ժողովրդի առաջադեմ հատվածի արյունն օտարների և իր իսկ հոգևորականների ձեռքով: Մեզ սովորեցրել են, որ հայ իրականությունում հավատաքննություն (ինկվիզիցիա) չի եղել: Բայց մի՞թե աղվեսադրոշմը խարույկից պակաս պատիժ էր, չհաշված այն ահավոր դաժանությունները, որոնցով ոչնչացվում էին պավլիկյանների օջախները, գերդաստանները` ծծկերից մինչև ծերը: Վեց հարյուր տարի ջարդվում էր հայ ժողովրդի ազատատենչության ողնաշարը: Որքա՜ն հզոր է եղել այն, որքա՜ն առատորեն է սնվել ժողովրդի էության սուրբ արմատներից, որ նրան ջախջախելու համար պետք է եղել ավելի քան կես հազարամյակ: Ինձ հայտնի չէ որևէ այլ ժողովրդի պատմության մեջ գրանցված այդպիսի տևողությամբ ակտիվ և պերմանենտ ներքին հակամարտություն:
Ի՞նչ էին քարոզում պավլիկյանները: Ահա նրանց գաղափարախոսության ոգին.
«Հանգուցյալ աշխարհը սուտ է, հայտնությունն իջնելու է ոչ թե երկնքից, այլ ծնվելու է երկրի վրա` չարի դեմ բարու հաղթական պատերազմում, դրախտը երկրի վրա է, չարից ազատված երկրային կյանքը հենց ինքը` անմահությունն է: Փառք քեզ, Բարու Աստված, որ ճանաչելի դարձար և պայքարի կոչեցիր չարի դեմ` ի սեր բոլոր տառապյալների, անմեղ մանուկների, անվերադարձ նահատակների և բոլոր նորածինների, որ նոր պիտի աշխարհ գան»:
Պավլիկյանները չէին ընդունում աղավաղված աստծուն. «Ձեր աստվածը ձեր թուլությունն ու անկատարությունն է: Ո՞վ է նա, ինչո՞վ է տարբերվում ձեր միապետներից: Նրանց նման նա պատժում է և պարգևատրում, ավելի շատ խոստանում, քան շնորհում, ավելի շատ սպառնում, քան սովորեցնում: Սարսափն ու ողորմությունն են նրա ուժը: Նա չի փորձում վերացնել անհավասարությունն ու բռնությունը, որպեսզի մարդիկ մեղքեր գործեն, և ինքը դատի նրանց: Մի՞թե ձեր աստվածը սիրում է մարդուն։ Ո՛չ: Նա մարդուն թաղում է մեղքերի ու տառապանքի մեջ և նոր միայն ցուցաբերում գթասրտություն, փորձում փրկել արդեն տառապյալ, մեղապարտ հոգիները»:
Իսկ պավլիկյանների աստվածն ասում էր. «Ես եմ հայրը, դուք բոլորդ իմ որդիներն եք: Ընտրյալ` աստծո որդի մի փնտրեք, որովհետև բոլորդ էլ նույն հորից եք: Ո՞ր հայրն է իր զավակներին սիրուց ու միաբանությունից զատ այլ բան ցանկանում: Մի՞թե միայն սեր չէ սովորեցրածս: Դիմավորեք լուսաբացն ու մայրամուտը, շրջեք ծաղիկների ու ծառերի մեջ, նայեք արևին ու լուսնին, շնչեք օդն իր բյուրավոր բուրմունքներով, լսեք ջրերին ու քամուն, տեսեք ինչպես է ապրում ու մեռնում տերևը: Սիրեք երկնքի կապույտը, նրա ներդաշնակությունն ու կատարելությունը, և համանպատակ տիեզերական սերը կմերձեցնի, կկամրջի ձեր կղզիացած հոգիները, ամեն մեկն իր մեջ կգտնի ընդհանուրը և ընդհանուրի մեջ` իրեն: Դուք կհրճվեք աշխարհ եկած ամեն մանկանով ու անարցունք հրաժեշտ կտաք Ծնողի գիրկը վերադարձողին, և մահը կդադարի մահ կոչվելուց: Դուք կապրեք ծառի տերևի նման, և առօրյան կդառնա տոն, անցողիկը` հավիտենություն: Բարին էլ, նրա հաղթանակն էլ ձեր մեջ են, երկնքից մի սպասեք այն, ինչն արդեն ստացել եք: Երկինքն է սպասում ձեր պայքարին ու հաղթանակին: Ես ձեզ պայքարի եմ կոչում, ով կուշտ ու խաղաղ կյանք է փնտրում, թող ետ վերադառնա»:
(Այս մեջբերումները ես քաղել եմ վաղամեռիկ գրող Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձ» վիպակից, որը պավլիկյաններին նվիրված եզակի ու թերևս միակ գործն է մեր պատմավիպասանության մեջ):
Պավլիկյաններին աղանդավոր կոչեցին և դատապարտեցին, բայց և այնպես ճիշտը նրանք էին: Ավետարանում կարդում ենք. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որը բարի, հաճելի և կատարյալ է» (Թուղթ Պօղոսի, ԺԲ, 2): Պավլիկյանները հավատարիմ էին ավետարանական այս քարոզին և մշտապես նորոգվելու ու փոխվելու մեջ էին տեսնում և՛ կյանքի իմաստը, և՛ առաջընթացը, և՛ Չարի դեմ ընդվզող Բարու արդար պայքարի հաղթանակը:
Ի դեպ, պայքարի մասին պետք է առանձնահատուկ խոսել: Նորություն չէ, որ բիբլիական դրվագները նույնանշանակ չեն մեկնաբանվում, ինչը, թերևս, Բիբլիայի խոցելի տեղերից մեկն է: Սակայն պայքարի նշանակությունը գիտակցելու դեպքում, ինչից հոգևորականությունը շատ է վախենում, բիբլիական դրվագներից կարելի է առաջընթացի համար օգտակար եզրակացություններ անել: Դիտարկենք, օրինակ, Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից: Այդ դրվագը ցայժմ մեկնաբանվել ու մեկնաբանվում է որպես պատիժ անհնազանդության: Բոլորովին ո՛չ: Կարելի է ասել` հենց այդ կերպ է Բիբլիայից ածանցվել կրոնական դոգմատիզմը: Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ և նրան, ի տարբերություն մյուս կենդանի էակների, օժտել է մտածելու և ստեղծագործելու կարողությամբ: Արդ, վիրավորական չէ՞ր լինի, արդյոք, հենց իր` Աստծո համար, եթե նրա արարչագործության գլուխգործոցը` մտածելու և ստեղծագործելու շնորհքով պարգևատրված ՄԱՐԴԸ, մնար ու անբան կյանք վարեր դրախտում: Այդ անկիրք ու անպայքար գոյության մեջ մարդ էակի կյանքն անբովանդակ էր լինելու: Կենաց ծառից խնձոր պոկելը և ուտելը պատրվակ էր, միջոց` մարդուն հանելու ստեղծագործական տառապանքի ճանապարհ: Այդ տառապանքով նա պետք է հարստացներ իր միտքը և քններ, թե ինչ է «Աստծո կամքը, որը բարի է, հաճելի ու կատարյալ»: Դա պայքարի առաջին տեսակն է: Սակայն ստեղծագործական տառապանքը կարիք ունի պաշտպանության` պետք է կարողանալ պաշտպանել «արարած հացը»: Ա՛յս պաշտպանությունը պայքարի երկրորդ տեսակն է: Ահա ինչու նպատակին հասնում է նա (անհատ լինի, թե ազգ), ով տիրապետում է պայքարի երկու ձևերին: Պայքարն իր երկու դրսևորումներով պավլիկյանների համար առաջընթացի գրավականն էր:
Պավլիկյանները միաժամանակ հոգու և մարմնի, հավատի ու գործունեության ներդաշնակության, ինչպես նաև ազատության ու ազատ սիրո ջատագովներ էին: Մարդն ազատությունը ստանում է բնությունից, ազատությունը մարդու համար ինչ-որ բանից ծնված գաղափար չէ, մարդը հենց ինքն ազատ բնությունն է: Նրանց համոզմամբ` «ով ատելությունից դրդված է գործում և ոչ սիրուց, չարիքի տեղ չարիք կարարի»: Հավատի ազատության հարցում նրանք հաճախ ընկնում էին չափազանցության մեջ: Նրանց կարծիքով` եկեղեցու կամարներն ու գմբեթները պետք չեն, քանի որ միայն «խլացնում են առ Աստված ուղղված ժողովրդի ձայնը»: Սակայն այս չափազանցությունը ենթակա էր սրբագրման, քանի որ, նրանց համոզմամբ, նորոգվելն իմաստավորում է մարդու կյանքը:
Պավլիկյանները համոզված էին, որ իրենց թափած արյունը կմաքրի դարերի աղբը, և իրենց ձայնին կմիանա համայն մարդկության ձայնը: Բայց ստացվեց այնպես, որ նրանք գնացին իրենց Ծնողի գիրկը, առանց հետ նայելու և ընկրկելու, և մարդկության ձայնը նրանց ձայնին միացավ ոչ թե Հայաստանում, այլ եվրոպաներում: Վերածնունդը, որը ծնվել էր Հայաստանում որպես հայ ժողովրդի ազգային էության փայլատակում և դաժանորեն պարտվել, տասը դար հետո նորից պետք է ծնվեր, բայց այս անգամ Եվրոպայում, և պետք է հաղթեր, թեկուզև դարձյալ արյան գնով:
Պավլիկյան և թոնդրակյան շարժումները հայոց պատմության «հուլիսի տասնչորսն են», թեկուզև պարտված: Նրանց պարտությունից հետո հայ ժողովրդի պատմության մեջ նման էջեր այլևս չեղան: Այդ շարժումների պարտությամբ հայ ժողովուրդը հոգևոր էներգիայի և այդ էներգիան կրողների այնպիսի կորուստ ունեցավ, որ հետագա հազարամյակն անբավարար եղավ այն վերականգնելու համար: Այդպիսի կորստից հետո հայ ժողովրդի ճակատագիրը կանխորոշված էր բավականին երկար ժամանակի համար, և նա անկարող էր արդեն որևէ փոփոխություն անել դրանում: Անկարող էր, որովհետև հայ ժողովուրդ կոչվածը «կենդանի դիակների» կամ մեկ այլ դիպուկ արտահայտությամբ` «դառն օրերի հետ լուռ լեզու գտած համր ու հեզ մարդկանց» հանրություն էր: Այն չուներ այլևս ոչ առաջնորդող գաղափար և ոչ էլ առաջնորդ, չէր գիտակցում պայքարի նշանակությունը և ոչ էլ գիտեր` ինչպես պայքարել: Նրան ժամանակ էր պետք` հասկանալու համար իր հետ կատարվածը: Քսաներորդ դարի վերջին տասնամյակը, հավանաբար, լրումին հասցրեց այդ ժամանակը:
Ճիշտ է, աշխարհում առաջին Վերածնունդը խեղդվեց արյան մեջ, բայց և այնպես նա ծնունդ տվեց մի անմահ մշակութային կոթողի, որն ամոթի ապտակ է այն ժամանակվա հայ հոգևորականության դեմքին: Դա Գրիգոր Նարեկացու «Մատյանն»-ն է, որի բարձր գեղարվեստական արժանիքները և համամարդկային բնույթի ու մասշտաբի հարցադրումները, կարծես, խանգարում են տեսնել, որ այն նաև ժամանակին Հայաստանում կատարված արհավիրքների հայելին է: Նարեկացին, թեկուզ ոչ բացահայտ և ուղղակի (ինչը չէր էլ կարող), բայցև այնպես, մերկացնող անողոքությամբ է ողբում հայ ժողովրդի կրած կորուստը: Նարեկացու ողբը Խորենացու ողբի օրգանական շարունակությունն է: Մի քանի կարճ մեջբերումներով հաստատեմ միտքս. «Խորտակված դռներով ու փականքներով կործանման հասած մի տաղավար ես` մերժված ու լքված: Բազմիցս աղտոտված մի շինվածք խոսուն: Ժառանգություն ես թեկուզ վայելուչ, սակայն բարձիթող: Բանական շենք ես, որ աղտոտված է ժանտ բորոտությամբ…» և այլն, և այլն:
Ես բոլորովին միտում չունեմ վիրավորելու մեր հոգևոր դասին: Քավ լիցի: Պատմության մեջ կատարված անցուդարձերը հնարավոր չէ այլևս հետ շրջել, և հաջորդ սերունդները բոլորովին էլ պատասխանատու չեն նախորդների մեղքերի համար: Սակայն ամեն մի սերունդ անպայմանորեն պատասխանատու է իր ժամանակի, ազգի և մարդկության առաջ: Մի՞թե պատասխանատվության այս զգացումը չէր, որ դրդեց Հովհաննես Պողոս 2-րդ պապին 1998 թվին հրապարակավ ներողություն խնդրել աշխարհից` միջնադարում իր նախորդների կատարած անմարդկային դաժանությունների համար և պատարագ մատուցել այդ դաժանությունների անմեղ զոհերի հիշատակին: Ահա ինչու Մայր Աթոռը պարտավոր է «մեր հանճարի հազարամյա մարգարիտները» աշխարհին ցույց տալուց բացի, նաև ինքնախույզ լինել իր անցած ուղու մեջ և մեր ժողովրդի ներկայի ու ապագայի համար անաչառ, իրատես և խոստումնալի հետևություններ անել: Հակառակ պարագայում նա տանուլ կտա գաղափարական պայքարում, ինչը, ցավոք, արդեն նկատելի է:
Ֆրանսիական հեղափոխության ջահակիրներից մեկը` Ժորժ Դանտոնը, այսպես է բնութագրել իրենց հեղափոխությունը. «Ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Ահա, մենք ցույց տվեցինք աշխարհին, թե ինչի համար պայքարեցինք, և աշխարհը կհիշի ու կիմանա, թե ինչի համար է պետք պայքարել»: Մի՞թե սա հայ պավլիկյանների գաղափարախոսության ոգին չէր, որ անտես ու անիմանալի ճանապարհներով թևածել էր ժամանակի ու տարածության մեջ և դարեր հետո շունչ առել Ֆրանսիայի բազմաչարչար հողում, ազատասեր ֆրանսիացիների հոգիներում:
Ահա ինչու երիցս ճիշտ էր անգլիացի Էդուարդ Գիբոնը:
Ամփոփենք: Հայ ազգային իրականությունում ինքնամաքրման անբավարարությունը, որը և գլխավոր պատճառն է մեր անհաջողությունների, ունի գաղափարական պատճառաբանվածություն, իսկ ավելի կոնկրետ` դրսից մատուցված վարդապետության սխալ ընկալման և կիրառման հետևանք է: Սա մեր ազգային դարավոր հիվանդությունն է: Հետևաբար, ձեռնամուխ լինել ազգային գործերը շտկելուն` առանց հաշվի առնելու այս հանգամանքը, նշանակում է նմանվել այն բժշկին, որն ապարդյուն ճիգեր է թափում հիվանդությունը բուժելու համար, առանց այն նախապես ախտորոշելու: Քանի դեռ քաղաքացիական շնչառություն ունեցող մեր «խելացի» մտավորականները չեն միավորվել և ուղղել իրենց պայքարի սլաքն ազգի «համբակների» դեմ, վերջիններս շարունակելու են իշխել «ասպարեզում», ինչպես եղել է ցայժմ: Բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են և ունեն իրենց ազգային ցեցերը: Սակայն նրանք են քայլում առաջընթացի առաջին շարքերում, ովքեր կարողացել են զսպաշապիկ հագցնել իրենց ցեցերին և իրենց ազգային իրականությունը հնարավորինս մոտեցնել, կիբեռնետիկայի լեզվով ասած, ինքնակարգավորվող համակարգի, իսկ սովորական լեզվով` ժողովրդավարական մակարդակի: Ահա ինչու ինքնամաքրումը մեզ համար մնում է որպես միակ ուղիղ ճանապարհ:
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ