ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀՆԱՐԱՄԻՏ ԵՆՔ, ԽՈՍՔ ՉԿԱ

ՀՆԱՐԱՄԻՏ ԵՆՔ, ԽՈՍՔ ՉԿԱ
02.04.2010 | 00:00

Որ քարից հաց քամող ժողովուրդ ենք, օտարն էլ գիտի, բայց որ ջրից էլ կարող ենք «հաց» քամել, լավ կլինի` օտարը չիմանա։ Որովհետև այս դեպքում խոսքը ոչ թե հաց, այլ փող քամելու մասին է։ Անկեղծ ասած` շատ էլ չենք զարմանում, զի տառապանքս փորձ ունի։ Եթե Աստծո տված օդից կարելի է փող քամել, Աստծո տված ջրից փող «շինելն» ի՞նչ մի դժվար բան է։ Չմոռանանք` լավ ախորժակի, վառ երևակայության ու հնարամիտ հաշվարկի դեպքում լվից էլ կարելի է ճրագու քամել։
Ինչ` ինչ, բայց ախորժակի, հնարամտության ու հաշվարկի «դեֆիցիտի» մեջ «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության տարբեր «տրամաչափի» պատասխանատուներին դժվար է մեղադրել։ Խոսենք, ինչպես ասում են, փաստերով։
Մարտի 26-ին, ժամը 15-ն անց 40 րոպեին «Երևան ջուր» ՓԲԸ-ն էլեկտրոնային լրատվամիջոցներով Արաբկիր վարչական շրջանի բնակիչներին գրավոր և բանավոր ծանուցեց, որ մարտի 28-ի ժամը 10.00-ից մինչև մարտի 29-ի 07.00-ն, «շինարարական աշխատանքների հետ կապված» (գուցե` «շինարարական աշխատանքների պատճառո՞վ») կջրազրկվեն Կիևյան, Օրբելի, Բաղրամյան և էլի 25 փողոցներ ու դրանց հարակից տարածքները։ Եվ ոչ միայն ծանուցեց, այլև կանխավ շնորհակալություն հայտնեց սպառողներին` ըմբռնման համար։
Իսկ հիմա անցնենք մե՛ր թվաբանությանն ու մի՜ փոքր էլ սեփական երևակայությանը զոռ տանք։
Արաբկիր վարչական շրջանի 28 փողոցներն ու դրանց հարակից տարածքները, ձեր հաշվարկներով, «Երևան ջուր» ՓԲԸ-ի «ջրի ճամփան պահող» որքա՞ն բնակիչ կունենան։ Մեր հաշվարկներով` 300 հազար բնակիչ կամ 50-ից 60 հազար ընտանիք։ Փորձենք պատկերացնել, թե ինչ պիտի անի միջին վիճակագրական հայի ընտանիքը, եթե մեկ-երկու օր առաջ տեղեկացնում են, որ ուղիղ 24 ժամ «ջրազրկելու» են իրեն։ Իհարկե, ջուր է «հավաքելու»։ Ընդ որում, բերնեբերան լցնելու է ոչ միայն տանը եղած բոլոր տարաները` կես լիտրանոց բանկայից մինչև 50 լիտրանոց բիդոն, այլև խանութից է շշալցված «աղբյուրի» ջուր գնելու` մեկ օրում առնվազն 500 դրամի լրացուցիչ ծախսի տակ ընկնելով։ Շարունակենք թվաբանությունը։ Վաթսուն հազար ընտանիքը բազմապատկենք 500 դրամով։ Ի՞նչ ստացվեց։ ՈՒղիղ 30 միլիոն դրամ։ Մեկ օրում։ «Ջոկողություն» չանելու համար 15 միլիոնը դնենք «Երևան ջուր» ՓԲԸ-ի գրպանը, 15-ը` «աղբրի ջուր» արտադրողների ու երկուսին էլ հարցնենք. «Հալա՞լ էր»։
Իհարկե, հարամ էր։
Որովհետև «Երևան ջուր» ՓԲԸ-ի ծանուցման մեջ նշված 28 փողոցներից մի քանիսն ընդամենը ջրազրկվեցին, իսկ մյուսներին` «հավաքած» ավելորդ ջուրը, «աղբյուրի» շշերն ու «ներվատրյոպկան» մնացին։
«ՈՒրիշներին մեղադրում եք լվից ճրագու քամելու մեջ, բայց դուք էլ լուն եք ուղտ սարքում»,- կմտածեն ոմանք։
Չենք սարքում։
Սպառողին հիմարացնելու թանկ գնով էժան միլիոններ քամելու սապատավոր իրողությունը վաղուց է մեր դռանը չոքած։ Մենք էլ, խելոք-խելոք, մյուս հայտնի կենդանու դինջ համբերությամբ, ըմբռնումով ենք մոտենում իրողությանը։ Իբր, ճարնե՞րս ինչ, մեր «ուղտն» է` յոլա ենք տանում։
Հետո էլ եվրոպաների «դոշին» լաց ենք լինում, թե մեր իրավունքները մեր իսկ երկրում շան տեղ դնող չկա։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ