ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՐևԷ ԼՈՒՐՋ ՀԻՄՔ ՉԿԱ»

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՐևԷ ԼՈՒՐՋ ՀԻՄՔ ՉԿԱ»
30.03.2010 | 00:00

«Այդ համաձայնագրի հիմնական նպատակն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին դիմագրավելն է, հնարավոր անբարենպաստ զարգացումները բացառելը։ Համաձայնագիրը շահեկան է նաև բանակցային գործընթացի համար, քանի որ զերծ կպահի այն թյուր ըմբռնումից, թե պատերազմը վերսկսելու վտանգ կա»,- մեզ հետ զրույցի սկզբում անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է Ադրբեջանի հետ ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրել, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ։
-«Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի համար փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջը գտնվող շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը քաղաքական որոշակի շրջանակներ ընկալեցին որպես միակողմանի զիջման կոչ, այլ խոսքով` ազատագրված տարածքների հանձնում։ Նման միտում տեսնո՞ւմ եք։
-Նախագահը խոսել է փոխզիջումների մասին։ Ես չեմ հանդիպել այնպիսի ձևակերպման, որը ենթադրում է տարածքների հանձնում։ Խոսքն անվտանգության գոտում գտնվող որոշ տարածքներ որոշակի պայմաններով վերադարձնելու մասին է։ Նախագահը հստակ նշել է, որ երբ որոշվի ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, միաժամանակ նախատեսված լինեն անվտանգության ու տնտեսական զարգացման համապատասխան մեխանիզմներ, պահպանվի Հայաստանի և ԼՂՀ-ի միջև միջանցքը, այս պայմանների առկայության դեպքում միայն կարող է խոսք լինել անվտանգության գոտում ներառված որոշ տարածքներ վերադարձնելու մասին։ Երբ միտքը համատեքստից կտրում են, բնականաբար, նման թյուրըմբռնում է տեղի ունենում։
-Տարեսկզբից ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներն արագացել են։ Հաշվի առնելով գերտերությունների շահագրգռությունն այս հարցում` կարելի՞ է ակնկալել, որ այս տարի հիմնախնդրի կարգավորումը կմտնի եզրափակիչ փուլ։
-Այսօր բանակցային գործընթացը բավականին բարդ փուլում է, և դժվար է կանխատեսել, թե բանակցություններն ինչպիսի ավարտ կունենան։ Առավել ևս, երբ ադրբեջանական կողմը ներկայացնում է նոր պահանջներ ու ռազմատենչ հայտարարություններով փորձում խեղաթյուրել հակամարտության էությունը։ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են անգամ այս պարագայում շարունակելու բանակցային գործընթացը, որովհետև սա է խնդրի լուծման միակ ճանապարհը։ Եթե մյուս կողմն այս ձգտումը չունի, առաջանում են լրացուցիչ դժվարություններ, խոչընդոտներ։
-Նկատի ունենալով վերջերս ակտիվացած խոսակցությունները, թե պատերազմի վերսկսման վտանգ կա, որքանո՞վ եք հավանական համարում ռազմական ճանապարհով հարցի լուծումը։
-Ադրբեջանական քաղաքական տարբեր շրջանակներ ռազմատենչ հայտարարություններ անում են, բայց, կարծում եմ, դա ներքին սպառման համար է։ Պատերազմը վերսկսելու որևէ լուրջ հիմք չկա։ Միջազգային հանրությունը ևս թույլ չի տա ու կկանխի ռազմական գործողություններն այս տարածաշրջանում։ Հարավային Կովկասն ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի անմիջական հետաքրքրությունների դաշտում է, և այստեղ խաղաղության, անվտանգության ապահովումը գերակա է այդ պետությունների համար։
-Սակայն պիտի փաստել, որ այդ «մեծերի» շահերը շատ հաճախ բախվում են, ու «փոքրը», տվյալ դեպքում` Հայաստանը, հայտնվում է լուսանցքում։ Որո՞նք են այն մեխանիզմները, որոնցով Հայաստանը կկարողանա դիմակայել այդ տերությունների ճնշումներին։
-Իհարկե, փոքր պետությունների համար միշտ շատ դժվար է այնպիսի լուծումներ կամ մոտեցումներ առաջարկել, որոնք ընդունելի կլինեն շահագրգիռ բոլոր պետությունների համար։ Ամեն դեպքում, փոքր պետություններն իրենց դիվանագիտական զինանոցում ունեն համապատասխան միջոցներ և գործիքներ, որոնք կարող են կիրառել։ Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում կա գերտերությունների շահերի բախում, սակայն հակասություններն անլուծելի չեն, որ վտանգեն մեր ազգային անվտանգությունը, և մենք կորուստներ ունենանք։ Կարծում եմ, մեր արտաքին քաղաքականությունն այս առնչությամբ ճիշտ ուղու վրա է, քանի որ հավասարապես համագործակցում ենք և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Այս փոխհարաբերությունների ճիշտ կառուցումից Հայաստանը միայն կշահի։
-Գերտերությունների շահերի բախման կենտրոնում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Օրերս ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել էր, թե պատմական հանձնաժողովը ստեղծման փուլում է։ Սա ամերիկացի լեդիի «սխալմունքը» համարեցին Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ Հիմա կա՞, թե՞ չկա այդ չարաբաստիկ հանձնաժողովը։
-Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններին ծանոթանալիս հասկանալի է դառնում, որ պատմական հարթությունում Ցեղասպանության խնդրով զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծումը նախատեսված է միայն արձանագրությունների վավերացումից հետո` որոշակի ժամկետում։ Նախ, պիտի կառավարական հանձնաժողով ստեղծել, աշխատակարգ հաստատվի և այլն։ Այս իմաստով նման հանձնաժողով հնարավոր չէ` ստեղծվի, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքեր չկան։
-Գուցե քարոզչական հնա՞րք էր։
-Այո, այն ուներ նաև քարոզչական նպատակ։ Հաշվի առնելով 252 բանաձևի ընդունումը, կարծում եմ, ԱՄՆ-ի պետքարտուղարը փորձել է որոշակի ճկունություն ցուցաբերել` կանխելու բանաձևի դեմ ուղղված այն զարգացումները, որոնք առկա են և՛ ԱՄՆ-ում, և՛ Թուրքիայում։ Մենք չպետք է որևէ մտավախություն ունենանք այդ կարգի հայտարարությունների առնչությամբ։
-«252» բանաձևերը նոր չեն, ցեղասպանության ճանաչման ԱՄՆ-ի իշխանությունների «պատկերացումներն» այդքանով սահմանափակվում են։ Մեծ հաշվով, դա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ճշգրտմանը միտված քայլ չէ՞ր։
-Այն, որ այդ բանաձևի ընդունումը բխում է մեր շահերից, ակնհայտ է։ Իսկապես, արդեն չորրորդ անգամ է նման բանաձև ընդունվում, սակայն, ցավոք, գործը լիագումար նիստին չի հասնում։ Բայց հույս ունենք, որ, ի վերջո, Կոնգրեսը կանդրադառնա խնդրին և կճանաչի Ցեղասպանությունը։ Անշուշտ, այս հարցը պիտի դիտարկել նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից։ Հասկանալի է, որ Միացյալ Նահանգներն ունի իր ռազմավարական շահերը, բայց բանաձևի քննարկման ընթացքում չգտնվեց գեթ մի կոնգրեսական, որ չընդուներ ցեղասպանության իրողությունը։
-Համամի՞տ եք այն տեսակետին, թե հայ-թուրքական հարաբերությունները և արձանագրությունները հայտնվել են փակուղում։
-Ոչ, չնայած որոշակի լարվածություն գործընթացում առկա է։ Նախ պետք է հստակ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ցեղասպանության ճանաչման գործընթացից։ Դրանք միմյանց հետ ոչ մի կապ չունեն։ Անկախ այն հանգամանքից, թե հարաբերությունների զարգացումն ինչպես կընթանա, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը լինելու է շարունակական։ Այսօր Թուրքիայում տիրապետողն այն կարծիքն է, թե Ցեղասպանության ճանաչումը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և սա օգտագործվում է որպես պատրվակ հարաբերությունների չկարգավորման ցանկությունը հիմնավորելու համար։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հստակ արտահայտում են այն դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների։ Իսկ սա նշանակում է, որ ոչ մեր կողմից պետք է նախապայմաններ թելադրվեն, ոչ էլ Թուրքիայի։ Ցավոք, արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի տարբեր քաղաքական գործիչներ, բարձրաստիճան այրեր իրենց ելույթներում փորձեցին հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հիմնախնդիրը կապել միմյանց հետ։ Այնինչ մենք արձանագրել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում նման մոտեցում չկա ու չի կարող լինել։
-Արձանագրենք, թե չարձանագրենք, այս երկու գործընթացները զարգանում են զուգահեռաբար։ Բացառված չէ, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո միայն հայ-թուրքական արձանագրությունները «միս ու արյուն» ստանան, ինչպես հաճախ պնդում է թուրքական կողմը։
-Քանի որ մենք չենք փոխկապակցում այդ գործընթացները, հետևաբար, ասել, որ մի հարցի լուծումը կհաջորդի կամ կնախորդի մյուսին, ճիշտ չէ։ Դրանք ինքնուրույն գործընթացներ են։ Այս գործընթացները շաղկապել ու փորձել նման հետևություններ անել, ճիշտ չէ։
-Անդրադառնանք ներքաղաքական որոշ հարցերի։ Վերջին օրերին նախորդ իշխանության ներկայացուցիչները բավականին ակտիվացել են։ Որպես իշխանության կորիզը կազմող ուժի ներկայացուցչի` Ձեզ մտահոգո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի վերադարձը։
-Հետևել եմ այն ելույթներին, որոնք հնչել են նախկին իշխանավորների շուրթերից։ Կարող եմ համոզմունք հայտնել, որ ոչ մի հիմք չեմ տեսնում իշխանափոխության կամ նախկին պաշտոնյաների վերադարձի համար, որովհետև որքան էլ այսօր որոշ դժվարություններ կան, գործող իշխանությունները կարող են այդ ամենը լուծել։ Կա կայուն քաղաքական թիմ, որն իրականացնում է հստակ քաղաքականություն։ Որքան էլ մարտավարական տարբերություններ ունենան կոալիցիոն որոշ ուժեր, կարծում եմ, կոալիցիան ի զորու է այդ խնդիրներն իր ներսում լուծելու։ Կա միասնական ուղեգծով առաջ շարժվելու պայմանավորվածություն և պարտավորություն երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու հարցում։
-Իսկ տրամաբանակա՞ն է, երբ նախկին արտգործնախարարը խիստ քննադատում է այսօրվա արտաքին քաղաքական կուրսը։ Արդյո՞ք մեծ քաղաքականություն վերադառնալու անմաքուր ճանապարհ չի ընտրվել։
-Յուրաքանչյուրը կարծիք հայտնելու իրավունք ունի, այդ թվում` արտաքին քաղաքական հարցերի առնչությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել, այսօր էլ մենք ղեկավարվում ենք ազգային անվտանգության ռազմավարությամբ, որը մշակվել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք։ Այլ խնդիր է, որ մարտավարական որոշակի հստակություն կարող է մտցվել արտաքին քաղաքականությունում։ Յուրաքանչյուր իշխանություն բանակցությունները վարելու իր մոտեցումներն ունի։ Նախկին արտգործնախարարի ներկա շեշտադրումներն ավելի շատ այն տպավորությունն են թողնում, թե սա հայտ է ակտիվ քաղաքականություն վերադառնալու։ Նրա հայտարարություններն ուղղված են որոշակի շրջանակների, ու հազիվ թե համարենք դրանք հստակ դիրքորոշում արտաքին քաղաքականության առնչությամբ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ