ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Իրանը ԱՄՆ-ի համար տասնապատիկ ավելի կարևոր է, քան Վրաստանը»

«Իրանը ԱՄՆ-ի համար տասնապատիկ ավելի կարևոր է, քան Վրաստանը»
15.08.2008 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ, ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼ, ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԷԼ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼ ԻՐԵՆՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ»
Վրաստանում և, ընդհանրապես, տարածաշրջանում առաջիկա հնարավոր զարգացումները կանխատեսում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի (ՌԱՀԿ) փորձագետ, վերլուծաբան ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
-Պարոն Սարգսյան, իրադարձությունների զարգացումը Վրաստանում հայտնի է, բայց, այնուհանդերձ, թերևս ավելի կարևոր է պարզել խորքային պատճառները։ Դուք համամի՞տ եք այն տեսակետին, որ Միացյալ Նահանգները դրդեց Վրաստանին հարձակվելու Հարավային Օսիայի վրա։ Թե՞, այնուհանդերձ, սա Միխեիլ Սաակաշվիլու անձնական նախաձեռնությունն է։
-Նախ` ընդունենք, որ վրաց-ռուսական հակամարտությունը բավական երկարատև է և, փաստորեն, ավարտվեց կողմերի փոխհարաբերությունների բացարձակ ճգնաժամով։ 1992-94-ին հարավօսական և աբխազական հակամարտությունների սառեցումից հետո ստեղծված փոխհարաբերությունների ամբողջ համակարգն ըստ էության փլուզվել է։ Անկախ նրանից, միջազգային ազդեցություններ եղել են Վրաստանի վրա, թե ոչ, բոլոր դեպքերում, փաստ է, որ երկրի նախագահը լրիվ չէր հաշվարկել իր նախաձեռնած գործողության հնարավոր հետևանքները։ Երբ պաշտոնապես հայտարարում ես սահմանադրական կարգի վերականգնման մասին, պետք է նայես հնարավորություններդ, ունենաս դրանց իրական գնահատականը։ Արդյունքում, փաստ է, վրացական պետականությանը ծանրագույն հարված է հասցված, որից երկիրը շուտ ուշքի չի գա։
-Կարծում եք, որ այդ հարվածը իրականո՞ւմ այդքան հզոր էր։ Միգուցե այդ տպավորությունն ինչ-որ տեղ թվացյա՞լ է։
-Տվյալ դեպքում խոսքը միայն ռազմական կորուստների, հինգ օրում բանակի բացարձակ կազմալուծման մասին չէ։ Ահռելի են լինելու հարվածի հոգեբանական հետևանքները։ Վրաստանի իշխանության կողմից մտածված էր մի բան, և ընդամենը հինգ օրվա ընթացքում ամեն ինչ շուռ է գալիս։ Այս պահին դժվար է ասել, թե միջազգային դաշտում ինչ մեծ խաղ էր պլանավորված կամ նախաձեռնված, որի արդյունքում Սաակաշվիլին դիմեց այս քայլին, բայց պարզ է, որ հետևանքները շատ ծանր ազդեցություն են թողնելու հակամարտության անմիջական կողմերի վրա։ Միանշանակ, կորուստներ ունեցել են օսերը և վրացիները, իսկ թե ինչ շահեցին կամ կորցրին այս գործընթացի ավելի ծանրակշիռ խաղացողները, իրականում դեռ պարզ չէ։
-Այդ թվում և` Ռուսաստանի՞ մասով։
-Այո՛։ Այդ առաջին հայացքից է թվում, թե Մոսկվան հիմա միանշանակ շահողի դերում է։ Լոկալ առումով, կոնկրետ Հարավային Կովկասում, իր թուլացած դիրքերի ամրապնդման տեսանկյունից գուցեև այդպես է։ Բայց զինված ուժերով այսպիսի միջամտության դրսևորումն էլ հենց ցույց է տալիս, որ Ռուսաստանը բավական թուլացած է այսօր։ Իսկապես ուժեղն ուղղակի ուժ ցուցադրելու անհրաժեշտություն չունի, տվյալ դեպքում` բավարար են քաղաքական և տնտեսական բնույթի սանկցիաները։ Փաստ է, որ Մոսկվան դրանք կիրառեց Թբիլիսիի նկատմամբ, և դրանք արդյունք չտվեցին։ Այսինքն՝ Ռուսաստանն այսօր Հարավային Կովկասում իր դիրքերը որոշակի ամրապնդելով, կարող է շատ ավելի էական կորուստներ ունենալ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներում, որոնք իր համար շատ ավելի էական են, քան Վրաստանում լոկալ ձեռքբերումները։ Օրինակ, վրացական իրադարձություններից անմիջապես հետո Պարսից ծոց մտավ ամերիկաբրիտանական ծովային էսկադրան։ Սա նշանակում է, որ լարվում է իրադրությունն Իրանի շուրջ, և այդ իրադրության վրա Ռուսաստանն էապես ազդել չի կարող։ Վրացական իրադարձությունները մատնացույց անելով նրան կստիպեն լռել։
-ՈՒզում եք ասել՝ Հարավային Կովկասում կորցնելով, ԱՄՆ-ը առարկայական ձեռքբերումներ է ունենալու Իրանի՞ ուղղությամբ։
-Ոչ ոք դա հաստատապես պնդել չի կարող, բայց բոլոր դեպքերում փաստ է, որ Իրանն ԱՄՆ-ի համար տասնապատիկ ավելի կարևոր է, քան Վրաստանը։ Իրանի խնդիրն այս փուլում կարող է իսկապես աննախադեպ ակտուալացվել։ Եթե անգամ ընդունենք, որ Վաշինգտոնը կորուստ ունեցավ Հարավային Կովկասում, չի կարելի համոզված պնդել, որ դա ընդհանուր խաղի մասը չէր՝ մեկ այլ և ավելի կարևոր ուղղությամբ հաջողություն արձանագրելու համար։ Ես հիմա ձեռնպահ կմնամ երկարաժամկետ կտրվածքով կանխատեսումից, որովհետև սկզբունքորեն արևմտյան մտադրությունները Վրաստանի հետ կապված այս ամբողջ զարգացումներում այդքան էլ պարզ չեն։ Ժամանակ է պետք տեսնելու համար, թե որ հիմնական վեկտորներով է զարգանալու արևմտյան քաղաքականությունը։
-Մինչդեռ շատ վերլուծաբաններ համարում են, որ հինգ տարի շարունակ վրացական բանակը զինելով և հինգ օրում այն կորցնելով՝ Վաշինգտոնը տարածաշրջանում աննախադեպ կորուստ է ունեցել։
-Այդ խնդրին պետք է ավելի լայն նայել։ Կարծում եմ՝ Վրաստանի վերջին իրադարձությունները բոլորի համար մեկ բան պարզեցին՝ տարածաշրջանի անվտանգության համակարգը լրիվ արհեստական է։ Այսինքն՝ տարածաշրջանի երկրների բանակների մասշտաբը և նրանց իրական հզորությունն իրարից բացարձակապես տարբեր բաներ են, և, ըստ այդմ, կարելի է հստակ արձանագրել, որ «ռազմական բալանս» հասկացություն, ընդհանրապես, գոյություն չունի։ Եվ եթե Վրաստանի նախագահը կարծում էր, թե մի քանի տարվա բարեփոխումների արդյունքում վրացական բանակն այնքան է հզորացել, որ արդյունավետ դիմադրություն ցույց կտա Ռուսաստանի զինված ուժերին, հիմա հնարավորություն ունեցավ համոզվելու, որ այս աշխարհն այդքան պարզունակ չի կառուցված։
Միաժամանակ Հայաստանն ու Ադրբեջանն էլ տեսան, թե ընդամենը մի անհավասարակշիռ քայլն ինչ իրավիճակ կարող է ստեղծել և մի քանի օրում ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։ Այսինքն՝ հնարավոր չէ քո ուզածով ու պատկերացումներով քայլեր անել այս տարածաշրջանում։ Դրանք անմիջապես գործընթացի մասնակից են դարձնում հարևան պետություններին, որոնք, քաշային կատեգորիայի առումով, բոլորովին այլ հարթության մեջ են։ Անվտանգության համակարգի այս արհեստականությունը, անկասկած, հարկադրելու է տարածաշրջանի պետություններին և այստեղ շահեր ունեցող հզոր երկրներին՝ վերանայել իրենց մոտեցումները։ Օրինակ, Ռուսաստանի նախագահը վերջին իրադարձությունների խորապատկերի վրա հստակ հայտարարեց, որ անվտանգության խնդիրները տարածաշրջանում լուծելու է Մոսկվան։ Սա կարելի է որակել իբրև ներկայացված հայտ, բայց, մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ առկա են արևմտյան շահագրգռությունները, և դեռ պարզ չէ, թե որ վեկտորը գերակա ազդեցություն կունենա հետագա զարգացումներում։
-Համենայն դեպս, Ֆրանսիայի միջնորդական առաքելությունը ցույց է տալիս, որ ակնհայտորեն բարձրանում է նաև Եվրամիության դերն ու ազդեցությունը։
-Այո, բայց չի բացառվում, որ դա էլ տեղի է ունենում ամերիկյան համաձայնությամբ։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում բոլոր սուբյեկտները գործընթացներին որոշակի ինքնուրույն մասնակցություն բերելու հնարավորություններ ունեն։ Եվ այդ իմաստով Հարավային Օսիան ու Աբխազիան իրենց միանշանակ կողմնորոշմամբ առանձնապես լավ վիճակում չեն հայտնվել։ Այսինքն, քաղաքականության սուբյեկտից իրենք իրենց վերածել են քաղաքականության օբյեկտի։
-Շատերին մտահոգող մեկ այլ հարց էլ կա. Վրաստանում իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ։
-Առանց ժողովրդի ակտիվ մասնակցության՝ ո՛չ։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկրի ներսում Սաակաշվիլու քաղաքականությունից դժգոհության լուրջ ալիք առաջանա։ Ներքաղաքական ճգնաժամը, իհարկե, անխուսափելի է, Սաակաշվիլին էլ է դա զգում։ Իրար հետևից հրավիրվող հանրահավաքներով նա փորձում է տեր կանգնել իրավիճակին, հակառակ դեպքում, մեղադրանքը, որ ինքն է ամեն ինչ հասցրել աղետի, կհնչեր ավելի շուտ, քան ինքը կցանկանար։ Զարգացած երկրում իշխանափոխությունն արդեն տեղի ունեցած կլիներ։ Բայց Վրաստանն այդպիսի երկիր չէ, առկա են աշխարհաքաղաքական ազդեցություններ և այլ գործոններ։ Բայց, ի վերջո, ժողովրդից է կախված՝ վրացական հասարակությունն իր բացարձակ մեծամասնությամբ կհակադրվի՞ նախագահին, թե՞ ոչ։ Այս պահին դրա առարկայական հնարավորությունը պահպանվում է։
-Վրաստանի անցումն ամերիկյանից եվրոպական ազդեցության դաշտ հնարավո՞ր եք համարում։
-Նախ՝ պետք է կարողանալ նվազեցնել այս աղետի հետևանքները։ ՈՒշադրություն դարձրեք՝ Սաակաշվիլին ինքը հայտարարեց, որ հարավարևելյան Վրաստանը փաստացի անջատված է հյուսիսարևմտյան Վրաստանից։ Ըստ որոշ տվյալների, ռուսական զորքերը համարյա Գորիում են, երկրի կենտրոնում։ Սա նշանակում է, որ պետությունը փաստացի կիսված է երկու մասի։ Կհաջողվի՞ վերադառնալ օգոստոսի 7-ի ստատուս-քվոյին, թե ոչ, շատ դժվար է ասել։ Օրինակ, Ռուսաստանը, նույնիսկ զինված ուժերի մի մասը դուրս բերելու դեպքում, արդեն իսկ հայտարարել է, որ Վրաստանում է թողնելու անհամեմատ մեծ խաղաղապահ զորակազմ։ Համենայն դեպս, դա հաստատ չի լինելու ընդամենը 500 մարդ, ինչպես նախկինում էր։
-ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի հնարավորություններն առժամանակ կարելի՞ է փակված համարել։
-Միանշանակ։ Այսօրվա պայմաններում դա ուղղակի աբսուրդ է։ Տարածաշրջանային անվտանգության համակարգի արհեստականությունը շահագրգիռ կողմերին ստիպելու է մտածել նոր համակարգի ձևավորման մասին։ Բայց տարածաշրջանի որևէ երկրի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրումն այս պահին որևէ հեռանկար չունի։
-Ի՞նչ արդյունքի կբերի ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալը։
-Կոնկրետ իրենց համար՝ ոչ մի։ Վրաստանի` ԱՊՀ-ում գտնվելը վերջին տասը տարիներին որևէ նշանակություն չի ունեցել։ Այլ բան է, որ այդ քայլը հեռանկարում կարող է ինչ-որ շղթայական ռեակցիա առաջացնել, եթե ՈՒկրաինայում և Մոլդովայում դժգոհությունը Ռուսաստանից խորանա։ ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ ռուսները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված խնդիրները լոկալ դաշտում չեն դիտարկում։ Նրանք շատ լայն հարցադրումներ են առաջ քաշել՝ զուգահեռներ անցկացնելով Կոսովոյի հետ և այլն։ Եվրոպացիներն իրենց հերթին սկսել են շատ սթափ գնահատել իրավիճակը և առաջին երկու օրերին մամուլի միջոցով կիրառվող քաղաքական ճնշումից անցնում են այլ հարթություն։ Այսինքն՝ անկախ նրանից, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, միգուցե ի հաշիվ արևմտյան շահերի ամրապնդվում են, իրենք հասկանում են, որ խնդիրները շատ խորքային են, և չի կարելի պարզապես Մոսկվային հակադրվելով` դրանք լուծել։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր հանգամանքն այս ողջ գործընթացում այն է, որ տեղի է ունենալու պատկերացումների, համոզմունքների փոփոխություն՝ շատ խնդիրների հետ կապված։ Այդ հանգամանքի լրջությունը զգում են բոլորը, դրա համար էլ առաջին երկու օրերի լարվածությունից և փոխադարձ կոշտ գնահատականներից հետո հակամարտությանն առնչվող բոլոր կողմերը որդեգրեցին շատ զգուշավոր քաղաքականություն։ Այդ թվում՝ նույն Ռուսաստանը, որն այսօր հանգիստ կարող է գրավել Գորին, բայց չի դիմում այդ քայլին։
-Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Ղարաբաղի հետ կապված, եթե հաշվի առնենք , որ «սահմանադրական կարգի վերականգնման» վրացական նախաձեռնությունը մեծ ոգևորություն էր առաջացրել Ադրբեջանում։
-Սկզբում՝ այո, բայց միայն առաջին երկու օրը։ Հետո այնտեղ էլ հայտնվեցին իրավիճակի վերաբերյալ բավական սթափ գնահատականներ։ Այսինքն՝ իրենց համար պարզ դարձավ, որ ուժային լուծումները նոր պրոբլեմներ են բերելու։ Տարածաշրջանի անվտանգության համակարգն այնքան անկատար է, որ, մի թել քաշելով` կարելի է փլուզել ամեն ինչ։ Այս իրողության հոգեբանական գիտակցումը շատ կարևոր է, և այդ իմաստով Ադրբեջանում, կարծում եմ, կան իրավիճակն իրական չափորոշիչներով գնահատող մարդիկ։ Այլ բան է, որ այժմ կարող է առաջանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության գործունեության վերարժևորման խնդիրը։ Որովհետև, եթե այս կարգի հակամարտությունները հնարավոր չէ լուծել ուժային միջոցներով, առնվազն բանակցային միջոցը պետք է արդյունավետ լինի, ոչ թե բանակցություններ վարվեն հանուն բանակցությունների։ Այս հարթության մեջ, կարծում եմ, որոշակի փոփոխություններ հնարավոր են, Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ, միջնորդներն էլ հարկադրված են լինելու վերարժևորել իրենց մոտեցումները։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5236

Մեկնաբանություններ