ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Երկու պետություն կա, որտեղ մարդկանց կարող են մեղադրել հայ լինելու համար` Վրաստան և Թուրքիա»

«Երկու պետություն կա, որտեղ մարդկանց կարող են մեղադրել հայ լինելու համար` Վրաստան և Թուրքիա»
29.09.2009 | 00:00

Հայ-վրացական հարաբերություններում վերջին շրջանում կարծես ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, նախ` Հայաստանի ԱԺ պատգամավորի ու նաև որոշ անհատների Վրաստան մուտքի թույլտվության արգելքը, հետո էլ Բավրայի հայտնի դեպքերը։ Այս ամենին գումարվում է նաև Ջավախքի խնդիրների ողջ թնջուկը։ Վրաստանն ի՞նչ է փորձում հասկացնել Հայաստանին, հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ջավախքցի պատգամավոր, Վրաստան մուտքի թույլտվություն չստացած ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ։
-Սա նոր բան չէ հայ-վրացական հարաբերություններում։ Վրաստանը օգտվելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից կամ չարաշահելով իրենը, փորձում է առավելագույնս օգտվել դրանից։ Մեր արտաքին ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը Վրաստանի տարածքով է իրականացվում, որի համար Հայաստանը հստակ վճարումներ է կատարում։ Տարանցիկ փոխադրումների գները շատ բարձր են, ինչի մասին փաստում են մեր գործարարները։ Այդուհանդերձ, վրացիների վարած քաղաքականության համաձայն, մենք պետք է այլ կարգի զիջումների գնանք, ինչի արդյունքն է մեր նկատմամբ որդեգրած ոչ կոռեկտ քաղաքականությունը։ Չեմ ցանկանում անձնավորել, բայց սրա մասին են խոսում նաև ԱԺ պատգամավորի` երկիր մուտք գործելու արգելանքը, Բավրայի դեպքերը, երբ վրաց սահմանապահները սկսեցին շփման մեջ մտնել հայ գյուղացիների հետ, ինչը պարզապես անթույլատրելի էր։
-Ինչո՞ւ է Հայաստանը մեղմ դիրքորոշում որդեգրել նման հարցերում։
-Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանը կոմունիկացիոն կախվածություն ունի Վրաստանից, մեղմ և ադեկվատ պատասխան չի տալիս նրանց վարքագծին։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները, կարծես, ավելի կոշտ քաղաքականություն են իրականացնում։ Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ արտաքին քաղաքական դիրեկտիվներով։ Նախագահի ելույթում հստակ ուրվագծվեցին ջավախահայության խնդիրների լուծմանը միտված Հայաստանի քայլերը։ Մասնավորապես, ջավախահայության առջև ծառացած երեք-չորս հիմնարար խնդիրները` լեզվի հարցը, եկեղեցու իրավական կարգավիճակը, պատմական հուշարձանների պահպանումը և ջավախահայության ինտեգրումը։ Այս դիրեկտիվները պետք է կյանքի կոչվեն։ ԱԺ-ում այդ հարցը բարձրացրել եմ, ու արտգործնախարարն ասաց, որ նախագահը հանձնարարական է տվել, և փորձելու են լուծել առկա խնդիրները։ Այս ամենը երկկողմ քաղաքականության մեջ համարժեքություն է մտցնելու։ Անկախ վերոնշյալ գործոններից, կարծում եմ, որ Հայաստանն ու Վրաստանը պարտավոր են համերաշխ, բարեկամական հարաբերություններ ունենալ։ Եթե համերաշխ չեն սահմանակից հարևանները, վնասներ են կրում երկուսն էլ։ Մենք կարիք չունենք անտեղի սրել մեր հարաբերությունները։ Եթե վճարում ենք փոխադրումների համար, այն էլ շատ բարձր, ուրեմն, բարի եղեք բավարարվել դրանով, ի՞նչ կարիք կա շահարկելու խնդիրները, բա որ մե՞նք սկսեցինք շահարկել։ Չէ՞ որ մենք էլ շահարկելու բան ունենք։ Սակայն Հայաստանը կոռեկտ է, ՀՀ իշխանություններն ըստ արժանվույն կոռեկտություն են պահպանում հարևանների հետ հարաբերություններում։ Սա ակնհայտ երևաց նախորդ տարվա օգոստոսյան պատերազմի ժամանակ։ Շատերը կարծում էին, թե Հայաստանը կաջակցի ռուսական քաղաքականությանը, իսկ Ջավախքում անջատական շարժում կսկսվի։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանը շատ լիբերալ է տրամադրված իր հարևանների հանդեպ։ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Վրաստանի հետ ունեն առանձին հարաբերություններ և երբեք դրանք չեն պայմանավորում մեկ այլ պետության հետ ունեցած հարաբերություններով։
-ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարում են նաև, որ հայ-վրացական հարաբերություններում դիվանագիտությամբ հնարավոր է բոլոր կնճռոտ հարցերը կարգավորել։ Թարմ օրինակը, ինչպես նշեցիք, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունն էր առ այն, որ հայոց լեզվին պետք է տրվի մարզային լեզվի կարգավիճակ։ Սակայն դրան անմիջապես հաջորդեց վրացական կողմի կտրուկ ու կոշտ մերժումը։ Նման պարագայում հնարավո՞ր է հակակշռություն պահպանել։
-Իհարկե, այդ առումով եղան կոշտ արձագանքներ, բայց Վրաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստան այցի ժամանակ հայտարարեց, թե դրանք քննարկելի հարցեր են։ Մենք կամայականություն չենք ցուցաբերում, ասելով, թե հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տվեք, այլ ընդամենը փաստում ենք Վրաստանի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։ Այն է` Եվրախորհրդի ընդունած ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիան, որին միացել է նաև Վրաստանը։ Սա ենք ասում, այնինչ ոմանց թվում է, թե մենք միջամտում ենք Վրաստանի ներքին գործերին։ Ինձ արգելում են Վրաստան մտնել, քանի որ իմ հայտարարությունները իբր Վրաստանի անվտանգությանն են վնասում։ Ավելին` կիսապաշտոնական մակարդակով, ազգությամբ հայ Վան Բայբուրդը հայտարարեց. «Զատուլինի նման է խոսում, տո՛»։ Շշմելու բան է։ Ընդամենն ասել եմ, որ Վրաստանը պարտավոր է կոնվենցիայից բխող պարտավորությունները կատարել։ Ի դեպ, եթե լավ բան են անում, դա էլ ենք ասում։ Օրինակ` Ջավախքում «Հազարամյակի մարտահրավերների» գումարներով ընթանում է լայն ճանապարհաշինություն։ Սա, անշուշտ, լավ է, բայց վատ է, որ այդ աշխատանքներին տեղական ուժերի չեն ներգրավում։ Մոսկվայի ողջ ճանապարհները ջավախքցիներն են ասֆալտապատում, սակայն պարզվում է, որ իրենց մասնագիտական որակները բավարար չեն։ Այսինքն` չեն ընդունում աշխատանքի կամ էլ աշխատեցնում են շատ ցածր աշխատավարձով։ Եթե թուրքական կամ ազերական տենդերներ են շահում մրցույթում ու իրենց աշխատողներին վճարում են 800 եվրո, ապա տեղացուն` ընդամենը 400 լարի։
-Վրացական կողմից հաճախ էր հնչում, թե Ջավախքում անջատողական ուժեր կան։ Հիմա՞ էլ նման կարծիքները գերակշռում են։
-Մենք միշտ ասել ենք ու կրկին վերահաստատում ենք` Ջավախքում անջատողականություն չկա։ Երբեմն հնչում են ինքնավարության կոչեր` ելնելով վրացական իշխանությունների վարած հակահայկական քաղաքականությունից։ Երբ ջավախքցին տեսնում է, որ խտրական քաղաքականություն է իրականացվում, ու լուծելի հարցերը չեն լուծվում, ասում է` տվեք ինձ ինքնավարություն, ես դրանք կլուծեմ։ Սա ինքնանպատակ չի հնչում։ Հալածանքի, խտրականության արդյունք է։ Եթե վրաց իշխանությունները վարեն նորմալ քաղաքականություն, վստահ եմ, որ այդ կոչերն էլ չեն լինի։ Չկա փոխվստահություն ջավախքցի ու պետություն հարաբերություններում։ Սաակաշվիլու կառավարությունը բավականին բարենորոգումներ է իրականացրել, սակայն Վրաստանը վարում է երկակի քաղաքականություն, մի կողմից` բարեփոխումներ, մյուս կողմից էլ` ազգային խտրականություն։ Արգելում են սահմանով հայկական թերթեր, գրքեր անցկացնել, հայտարարելով, թե Վրաստանում կտպեն հայերեն գրքեր, որոնք, ի միջի այլոց, շատ անհաջող են, փաստերն էլ` աղավաղված։
-Ո՞րն է Ձեր բացատրությունը, ինչո՞ւ հայկական մտածողություն, ազգային, այսպես ասած, «ապրանքը» չեն թույլատրում Վրաստան մուտք գործի։
-Իրենք չեն վստահում Հայաստան պետությանը։ Համարում են, որ Հայաստանից կարող է այնպիսի թերթ կամ գիրք մտնել Ջավախք, որ վնասի Վրաստանին։ Սա անհեթեթություն է։ Եթե դու բարեկամ ես, պետք է վստահես։ Չի կարելի այս աստիճան անվստահության մթնոլորտում ապրել։
-Ասել է` Վրաստանը Հայաստանին համարում է ոչ վստահելի գործընկե՞ր։
-Պաշտոնական մակարդակներում տեղի են ունենում ամենաջերմ քննարկումներ, զրույցներ, փոխադարձ պարգևատրումներ, հայտարարություններ, բայց փաստը մնում է փաստ, որ վստահություն չկա։ Չենք կարող հասկացնել, որ Ջավախքի հետ կապված մենք անջատողական ու այլևայլ նպատակներ, ձգտումներ չունենք։ Թիֆլիսահայության օրինակը դիտարկենք. ցույց տվեք մի հայ, ով բարձր պաշտոն է զբաղեցնում` չհաշված երկու-երեք պնակալեզ կամակատարների, ովքեր վրաց իշխանություններին արջի ծառայություն են մատուցում։ Եթե «շվիլի» չես դառնում, առաջ չես կարող գնալ։ Երկու պետություն կա, որտեղ մարդկանց կարող են մեղադրել հայ լինելու համար` Վրաստան և Թուրքիա։ Չնայած նույն օգոստոսյան պատերազմի ժամանակ մենք ապացուցեցինք, որ վստահելի գործընկեր ենք: Մինչդեռ իրենք պատերազմի այդ թոհուբոհի մեջ չմոռացան Հայաստանը սնող երկաթուղային կամուրջը պայթեցնել: Ի՞՛նչ է, ռուսնե՞րը եկան պայթեցրին, իհարկե, ո՛չ: Այսուհանդերձ, մի դեպք կա, որի պարագայում կարող ենք վրացիներին ստիպել մեզ հետ կոռեկտ քաղաքականություն վարել, այն է` հայ-թուրքական հարաբերությունների բարելավում ու սահմանի բացում: Դուրս կգանք վրացական կախյալությունից, որը կլինի մեր ամենամեծ օգուտն այդ գործընթացից:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ