ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ»

«ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ»
19.11.2010 | 00:00

Վերջին երեք շաբաթում Հայաստանում սրընթաց գնաճ տեղի ունեցավ, իսկ պանրի գինը «աստղաբաշխական» թվերի հասավ։ Այնպես որ, մեկ կիլոգրամից ավելի պանիր գնելու համար երևի բանկից վարկ պետք է վերցնել։ Սոցիալապես անապահով խմբերը Հայաստանում զրկվեցին անգամ «հաց ու պանիր, կեր ու բանիր»-ի հնարավորությունից։ Ինչպե՞ս է այս երևույթը գնահատում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
-Սոցիալական քաղաքականությունը մշակելիս մենք առանձնակի ուշադրություն չենք դարձնում` պանի՞րն է թանկացել, թե՞ բրինձը,- ասաց նախարարը։- Ինչ խոսք, որ պանրի թանկացումը կազդի մեր ժողովրդի կենսամակարդակի վրա, քանի որ դա այն սննդամթերքն է, որն ավանդաբար օգտագործում է հայ ժողովուրդը։ Կարծում եմ, թանկացումը պայմանավորված է տնտեսական այլ հանգամանքներով։
-Որոնք օբյեկտիվ չեն։
-Կասեի այսպես. թանկացումների գնահատականը, հատկապես պանրի մասով, չեմ կարող տալ։
-Չենք ուզում, որ գնահատական տաք, ընդամենն ուզում ենք հասկանալ Ձեր մոտեցումը, որպես սոցիալական խնդիրները կարգավորող պետական պաշտոնյայի։ Չէ՞ որ թանկացումները լուրջ խնդիր են և մեծացնում են երկրում սոցիալական լարվածությունը։
-Իհարկե, գնաճը հատկապես զգալի է լինում սոցիալապես խոցելի խմբերի համար։ Մենք նախատեսում ենք ներկայացնել մի հայեցակարգ, որում ենթադրվում է վերանայել բոլոր դրամական միջոցների հատկացումները, որոնք նախատեսված են ընտանեկան, գործազրկության նպաստների, միանվագ դրամական օգնության, կենսաթոշակների համար և այլն։ Պետության հնարավորությունից և նախատեսված ռազմավարությունից ելնելով, որը համընթաց է կառավարության զարգացման ծրագրին, 2011-2012-ին նախատեսվում է թոշակների և մյուս դրամական վճարների բարձրացում։
-Պետություն ասվածը մի մեքենա է, որը կարող է գործարարների ախորժակը զսպել և թույլ չտալ այսպիսի գնաճ, որը, կարծում եմ, սուբյեկտիվ դրդապատճառներ ունի։
-Շատ ճիշտ եք նկատել։ Ես կխոսեմ սոցիալական ոլորտի մասով։ Կարծում եմ, այս պահին ելնելով մեր երկրի ֆինանսատնտեսական վիճակից, պետությունը, իրոք, բավարար միջոցներ հատկացնում է սոցիալական ոլորտին։ Սակայն մենք պետք է դրա հետ մեկտեղ անպատճառ սոցիալական ծրագրերում ներգրավենք մասնավոր հատվածը, այսինքն` մասնավոր հատվածը պետք է մշտապես աջակցի պետությանը սոցիալական խնդիրների լուծման հարցում։ Տեսեք, այս պահի դրությամբ ՀՀ-ում ունենք շուրջ 180 հազար հաշմանդամ, 105 հազար սոցիալապես առավել աղքատ ընտանիքներ, շուրջ 22 հազար գործազրկության նպաստառու։ Դեռ չեմ խոսում գործազրկության մասին, որը, ըստ պաշտոնական տվյալների, 7 տոկոս է, սակայն, ըստ Համաշխարհային բանկի վերլուծությունների, այն իրականում հասնում է 25-26 տոկոսի։ Սրանից ելնելով, անշուշտ, մասնավոր հատվածը պետք է անպայման աջակցի, որ կարողանանք դժվարին իրավիճակները հաղթահարել։
-Չե՞ք կարծում, որ այս պահին պետությունը ոչ թե պետք է սպասի, մինչև մասնավոր հատվածի ինքնագիտակցությունը մեծանա ու նա ինտեգրվի սոցիալական ծրագրերում, այլ իր լծակներով պետք է պարտադրի այդ մասնակցությունը և ինչ-որ տեղ կարողանա զսպել առկա գնաճը։ Ի՞նչն է պատճառը, որ պետությունն իր մեխանիզմները չի աշխատեցնում։
-Գիտե՞ք ինչ, պետությունն ունի իր բավարար լծակները և՛ զսպելու, և՛ կարգավորելու, այսինքն` այն բոլոր գործիքները, որոնք կարող են կանխել պետությանը կամ հասարակությանը պատճառվող վնասը։ Տվյալ դեպքում նկատի ունեմ գնաճը, այն կարգավորվում է նաև ԿԲ-ի և այլ հանձնաժողովների միջոցով։ Կարծում եմ, պետությունը նույնպես անհանգստացած է այդ խնդրով, և համոզված եմ, որ բավարար միջոցներ ունենք պետական լծակներն օգտագործելու, որպեսզի կարգավորենք այդ խնդիրը։ Մնում է միայն ցանկությունը։
-Իսկ այդ ցանկությունն ինչո՞ւ չի դրսևորվում։
-Դրսևորվում է, և հուսով եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք այն։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ