ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եթե փորձ է արվելու ցեղասպանության հարցը «ջրել», ապա հազիվ թե որևէ բան ստացվի

Եթե փորձ է արվելու ցեղասպանության հարցը «ջրել», ապա հազիվ թե որևէ բան ստացվի
02.09.2008 | 00:00

ՃԱՄՓԱԲԱԺԱՆ
Հայ-թուրքական հարաբերություններում հայաստանյան նախագահական ընտրություններից հետո առկա է անսպասելի և աննախադեպ ակտիվություն։ Այս կապակցությամբ, թերևս, անհիմն չեն լուրերն ու փորձագետների պնդումները, թե հայ-թուրքական երկխոսության գործընթացը միջնորդավորված է Մոսկվայից։
Առնվազն դա է ցույց տալիս այս գործընթացում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի միջնորդական ակտիվությունը, ինչպես նաև ընդգծված սառը վերաբերմունքը Եվրոպայի և հատկապես ԱՄՆ-ի կողմից։ Արևմուտքից հայ-թուրքական հարաբերություններում այս նոր գործընթացի նկատմամբ ընդհանրապես որևէ վերաբերմունք չկա, թեպետ անցած տասնհինգ տարիներին հենց ԱՄՆ-ն է եղել Թուրքիայի և Հայաստանի միջև գոնե ինչ-որ հարաբերությունների հաստատման հիմնական նախաձեռնողը։ Ըստ այդմ, հայ հանրության համար անչափ կարևոր է գիտակցել Ռուսաստանի քաղաքականության մեջ այսպիսի փոփոխությունը, որն արժանացել է Անկարայի համարժեք արձագանքին։
Ամենից առաջ հայ-թուրքական երկխոսության գործընթացը հրահրելով՝ Մոսկվան փորձում է օգտագործել իրաքյան պատերազմի սկզբնավորումից ի վեր առաջացած հակասությունները Անկարայի և Վաշինգտոնի միջև, որոնց հիմնական պատճառը քրդական պետություն ստեղծելու ԱՄՆ-ի անթաքույց ցանկությունն է։ Ըստ այդմ, Ռուսաստանը փորձում է Թուրքիայի հետ ամուր շփման դաշտ ստեղծել և թուլացնել Սևծովյան ավազանում ԱՄՆ-ի աճող ազդեցությունը, քանի որ այս տարածաշրջանում ամրապնդվելը վերջին շրջանում դարձել է Վաշինգտոնի ընդհանուր ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը։ Նկատի ունենալով Վրաստանի հետ առաջացած խնդիրները և այն, որ Հայաստան-Ռուսաստան կապը Վրաստանի տարածքով, ամենայն հավանականությամբ, գնալով ավելի ու ավելի կդժվարանա, Մոսկվան փորձում է Անկարային համոզել` բացել հայ-թուրքական երկաթուղին, քանի որ Իրանի միջոցով Հայաստանի հետ կայուն կապի ապահովումը մեծ միջոցներ է պահանջելու (հայ-իրանական երկաթուղու կառուցում), և, ըստ այդմ, Կրեմլը փորձում է Հայաստանում իր ազդեցության պահպանումն ապահովել ամենաէժան, բայց թերևս ոչ ամենաիրատեսական տարբերակով։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին հայտարարություններն առայժմ խոսքեր են։ Թեպետ Աբդուլլահ Գյուլի ժամանումը Հայաստան արդեն հաստատ է, սակայն դեռ մեծ հարց է, թե ինչպես կզարգանա հայ-թուրքական նոր սաղմնավորված երկխոսությունը։ Դա կախված է նրանից, թե ինչ խնդիրներ է իր առջև դրել Անկարան։
Առաջնային ֆոնի վրա պարզ է, որ Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ինչ-որ գործընթաց սկսելով` ազդել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցեսի վրա։ Գլոբալ առումով` Անկարայի նպատակը թերևս այն է, որ Մոսկվայի հետ սիրախաղ սկսելով՝ Վաշինգտոնին ստիպի վերանայել Թուրքիայի նկատմամբ վերջին երկու-երեք տարիների քաղաքականությունը և վերականգնի տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակը։ Բոլոր դեպքերում Թուրքիայի գործողությունները գոնե այսօր չեն պարունակում Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշման փոփոխության որևէ նախանշան։ Նույնը կարելի է ասել սահմանի բացման հետ կապված, քանզի Անկարան Հայաստանի հետ երկաթուղին վերագործարկելու քայլին չդիմեց նույնիսկ թուրք ֆուտբոլասերներին Երևան հասցնելու նպատակով, որովհետև դրանից հետո երկաթգիծը կրկին փակելը բացարձակապես տրամաբանական չէր լինի։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ այս փուլում որդեգրած դիրքորոշմանը, ապա Երևանը, իհարկե, ինչ-որ չափով տեղի է տվել ռուսական «խորհուրդներին», քանի որ անմիջապես ընտրություններից հետո Մոսկվա կատարած այցի ժամանակ Հայաստանի նոր նախագահը հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Սակայն միաժամանակ հասկանալի է, որ հայ-թուրքական հարաբերությունները հավերժ այս վիճակում մնալ չեն կարող, և երկխոսություն սկսելու ռուսական առաջարկի մերժումը Թուրքիան կօգտագործեր նույն Եվրոպայում Հայաստանը որպես իր նկատմամբ անհանդուրժողաբար տրամադրված երկիր ներկայացնելու։ Ամեն դեպքում, թուրքական «Ռադիկալ» թերթին տված վերջին հարցազրույցում Հայաստանի նախագահը բավականին պարզ շարադրեց Հայաստանի ակնկալիքները. դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների։ Բայց ամենակարևորը, թերևս, հարցազրույցի այն հատվածն էր, ուր Սերժ Սարգսյանը պարզ հասկացրեց, որ Երևանը երբեք չի ընդունի ցեղասպանության հարցը պատմաբանների հանձնաժողովի քննարկմանը հանձնելու թուրքական առաջարկը. «Ես չեմ հիշում, որ մինչ այժմ միջպետական խնդիրները լուծելու համար ոչ պետական հանձնաժողով ստեղծված լինի։ Ամենալավ լուծումը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Այդ կերպ կառավարությունների միջև ստեղծվելիք հանձնաժողովի շրջանակներում կարող են ձևավորվել բազմաթիվ ենթահանձնաժողովներ և խմբեր։ Ավելի վաղ ԱՄՆ-ում էլ ստեղծվել էր նման մի հանձնաժողով։ Արդյունք տվե՞ց»։
Ակնարկն ավելի քան թափանցիկ է։ Վաշինգտոնի նախաձեռնությամբ անցած տարիներին ստեղծված հայ-թուրքական «հաշտեցման» հանձնաժողովների գոյությունը հիշեցնելով՝ Հայաստանի նախագահը, ըստ էության, ակնարկում է ոչ միայն Անկարային, այլև Մոսկվային, որ եթե փորձ է արվելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ցեղասպանության հարցը «ջրելու» գնով, ապա դրանից հազիվ թե որևէ բան դուրս գա։ Հայաստանի այսպիսի դիրքորոշումը կարող է դառնալ նաև Թուրքիայի իրական մտադրությունները ճշտելու լակմուսի թուղթ։ Եթե Անկարայում իսկապես մտադիր են փոխել Հայաստանի հետ հարաբերությունների որակը, ապա Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան կդառնա այդ գործընթացի նախերգանքը, և թուրքական կողմի մտադրությունների լրջության պարագայում Հայաստանի նախագահն էլ Անկարա այցելելու հրավեր կստանա։ Ռուսական միջնորդությունն այս պայմաններում դրական կարող է լինել այնքանով, որ Հարավային Կովկասի երկրների հետ Թուրքիայի սահմանները հաստատվել են 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերով։ Այսինքն՝ Մոսկվան և Անկարան կարող են փոխադարձ համաձայնությամբ դրանք վերանայել, եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները վերջնականապես կարգավորելու իրական մտադրություն ունի։
Բայց եթե այս ամենն իմիտացիա է, և Անկարան սոսկ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ի աչքում իր գինը կրկին բարձրացնելու և Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հերթական անգամ արգելակելու, ապա հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ էլ չի փոխվի։ Այդ պարագայում Վրաստանն այլևս անդառնալիորեն կորցրած Կրեմլը Հայաստանն իր ազդեցության ուղեծրում պահելու համար հարկադրված կլինի գործել Իրանի միջոցով։ Եվ որքան էլ ռուսական կողմի համար անցանկալի են լրացուցիչ ծախսերը, Մոսկվան ուղղակի հարկադրված կլինի քայլեր ձեռնարկել Զանգեզուրով հայ-իրանական երկաթուղու կառուցման ուղղությամբ։ Քանզի Նախիջևանի երկաթուղին բացելն անհնարին է. Ադրբեջանը դրան երբեք չի գնա։ Եթե Մոսկվայում նախապատրաստված չեն Երևանի հետ նորմալ տնտեսական հարաբերությունների դաշտ ձևավորելու, Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը Հայաստանին հեռանկարում հարկադրելու է դուրս գալ ռուսական աշխարհաքաղաքական դաշտից և իր զարգացման համար նոր լուծումներ որոնել։ Այդ նպատակով ԱՄՆ-ը շատ հետաքրքիր քայլեր ունի ռեզերվում և կարող է Վրաստանի միջոցով կոմունիկացիոն ճնշում գործադրելու ճանապարհով հասնել Հայաստանի վերակողմնորոշման, ինչն արմատապես չի հակասում նաև տարածաշրջանում շահեր ունեցող առանցքային եվրոպական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի շահերին։ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու հարցում Արևմուտքը սկզբունքորեն միասնական է։
Մյուս կողմից, Հայաստանն ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Եվրոպային այսօր անհրաժեշտ է իբրև հակաթուրքական փաստարկ՝ Թուրքիային Եվրամիությունից հեռու պահելու և նրա տարածաշրջանային հավակնությունները զսպելու նպատակով։ Այս համատեքստում բոլորովին չի բացառվում Արևմուտքի կողմից Իրանի ազդեցության մեծացման խրախուսումը՝ ի հակակշիռ Անկարայի։ ՈՒշադրության է արժանի այն, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը զուգընթաց, վերջին շրջանում ԱՄՆ-ից Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման լուրեր են շրջանառվում։ Այսպիսով, միանգամայն հավանական է, որ Արևմուտք-Ռուսաստան սառչող հարաբերություններին զուգահեռ, նոր սառը պատերազմյան բաժանարար գծերի առաջացումը Հարավային Կովկասում կընթանա այնպիսի տարբերակներով, որոնք Հայաստանի համար բացարձակապես այլ աշխարհաքաղաքական հարթությունում զարգանալու հեռանկարներ կբացեն։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5757

Մեկնաբանություններ