Ողնաշարային տարբեր խնդիրներ, ոտքերի մատների կոշտուկներ և դեֆորմացիա, տհաճ հոտ, ընդհուպ` քրոնիկ գլխացավ: Սրանք երբեմն ուղղակիորեն կապված են հարթաթաթություն կոչվող երևույթի հետ: Գոյություն ունեն հարթաթաթության տարբեր աստիճաններ, սակայն հետևողական լինելու դեպքում կարելի է զերծ մնալ լայն տարածում ունեցող այդ երևույթի հետագա բարդություններից: Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ներկայացնում է թեմայի շուրջ իր պարզաբանումները:
Հարթաթաթությունը ոտնատակի ոչ ճիշտ կառուցվածքն է, որն արտահայտվում է իջած կամրջակով: Այն հանգեցնում է կեցվածքի շեղման և հիմնականում ժառանգական բնույթ ունի, երբեմն` ձեռքբերովի: Ոտնատակի շեղում հաճախ է հանդիպում վարսահարդարների, մատուցողների, վաճառողների մոտ, որոնք աշխատանքի բերումով ստիպված են երկար ժամանակ մնալ ոտքի վրա:
Ոտնաթաթը կազմված է 26 ոսկրից, որոնք մկաններով ամրացված են միմյանց: Հարթաթաթության ժամանակ դրանց մեխանիզմը խախտվում է: Ըստ չինական բժշկության, ոտքը հողի տարերք է, եթե ոտքը պրոբլեմ ունի, ապա էներգիան չի կարողանում ոտնատակից դուրս հոսել: Ի դեպ, աջ և ձախ ոտքերը, ըստ էներգետիկ բժշկության, տարբեր նշանակություն ունեն: Աջը մայրական կողմն է` էմոցիան և ենթագիտակցությունը, ձախը` հայրական` միտքն է ու լոգիկան: Հարթաթաթության պատճառով առաջանում են ոտնացավ, կոշտուկներ, արթրիտներ, դեֆորմացիոն արթրոզներ: Յուրաքանչյուր մարդ կարող է որոշել` ունի՞ արդյոք հարթաթաթություն: Հարկ է ոտքի տակ յուղ քսել, կանգնել թղթի վրա այնպես, որ երկու ոտքերի վրա հավասար ծանրություն ընկնի: Ոտնատակը նկարվում է յուղի հետքերով, ոտքի դրսային մասը կարելի է ուղիղ գծով միացնել, այդ գծի մեջտեղից ուղղահայաց գիծ քաշել և երեք մասի բաժանել: Եթե յուղի հետքը երկրորդ գծից անցնում է, ուրեմն կա հարթաթաթություն: Եթե ծնողները ուշադիր են և ժամանակին նկատում են, որ երեխան ունի հարթաթաթություն, վաղ հասակում ֆիզիկական վարժությունների միջոցով հեշտ է շտկել այդ թերությունը: Հարկ եղած դեպքում պետք է կրել օրթոպեդիկ կոշիկներ: Մարմնի մի մասի շեղումը բերում է համակարգի շեղման, օրինակ, եթե ոտնատակը հարթ է, ապա սրնքաձուկը (սրունքի ուռուցիկ մասը) լարված է, կրծքային հատվածն առաջ է թեքված, ու մարմնի մկանային ամբողջ համակարգը հարմարվում է այդ շեղմանը: Հարթաթաթություն ունեցող մարդիկ հաճախ են գլխացավեր ունենում` ոտնատակի ամորտիզացիայի բացակայության պատճառով: Այդ ժամանակ հարվածներն իր վրա է վերցնում ողնաշարը, քայլելիս և վազելիս փոքր միկրոհարվածներ է ստանում նաև գլխուղեղը: Ճիշտ կոշիկ հագնելն ու «ճիշտ» ոտնատակ ունենալը ազգի գենոֆոնդի հետ կապված խնդիր է: Առաջին հայացքից անկարևոր է թվում, բայց կապված է մարդու կեցվածքի շատ բարդ շեղումների հետ, որոնք առաջ են բերում տարբեր հիվանդություններ:
Ոտքերի խնամքը, մշակումը պետք է դարձնել ամենօրյա աշխատանք: Առաջնային է կոշիկի ճիշտ ընտրությունը. հարկ է հագնել հաստ և փափուկ ներբաններով կոշիկներ, կրունկը և թաթը` բաց: Պետք է կոշիկը շատ հարմար լինի ոտքին: Ցանկացած նեղ հագուստ խաթարում է արյան շրջանառությունը` վնասելով սիրտը, օրինակ, կորսետները, գոտիները, սեղմիրանները, փողկապները և ամենակարևորը` սեղմող կոշիկները, որոնք ամենաշատն են խաթարում արյան շրջանառությունը, քան վերը նշվածները: Բարձր կրունկները, որ հաճախ են կրում կանայք, նպաստում են կեցվածքի շեղմանը, խաթարում են մկանանյարդային համակարգի աշխատանքը, ինչի հետևանքով առաջանում են մեջքի ցավեր, ողնաշարային տարբեր հիվանդություններ: Սխալ կոշիկ հագնելու պատճառով ոտնաթաթերի 52 ոսկրից ոչ մեկն իր տեղում չի լինում: Արյունը չի մատակարարվում, տեղի է ունենում ճահճացում, թափոնները, մնալով բջջում, պատճառ են հանդիսանում վատ հոտի, անոթները վնասվում են, և արդյունքում ձևավորվում են կեցվածքի տարբեր շեղումներ: Սեղմող, սինթետիկ գուլպաները նույնպես հակացուցված են: Բնությունը մարդուն ստեղծել է, որպեսզի քայլի բոբիկ ոտքերով, իսկ բարձրակրունկ կոշիկները, այլևայլ ձևականությունները շեղումներ են: Նույնիսկ մարդու կոշիկի մաշվածությունից կարելի է որոշել` ինչ հիվանդություններ ունի այդ կոշիկի տերը: Եթե կոշիկի առջևի և դրսի մասը շատ է մաշված, ուրեմն սրտի պրոբլեմ ունի, եթե առջևի և ներսի մասն է մաշվում, լյարդի պրոբլեմ ունի, եթե հետին, վերին հատվածը` երիկամի պրոբլեմ և այլն:
Ոտքի մատների դեֆորմացիան հարթաթաթության վերջին ստադիան է, այս դեպքում լիարժեք օգնել հնարավոր չէ, բայց եթե ծռվածությունը խանգարում է ապրելակերպին և ցավոտ է, պետք է անել այն, ինչ անհրաժեշտ է, ընդհուպ` վիրահատություն:
Առաջարկում եմ մի շարք վարժություններ ու խորհուրդներ: Օգտակար է հաջորդաբար կանգնել երկու տաշտակների մեջ լցված սառը, ապա տաք ջրի մեջ, ինչը ոտքերում արյան շրջանառության վազք է առաջացնում:
Կարելի է քայլել ոտնաթաթերի տարբեր կողմերով, կրունկի, ոտնածայրի վրա հենվելով կամ այնպես, ասես պարանի վրայով ես քայլում: Նստած դիրքում ոտքի տակ կարելի է շիշ դնել ու գլորել ոտնաթաթերով: Կարպետի վրա բոբիկ քայլելը նույնպես կարգավորում է արյան մատակարարումը և բարելավում սրտի աշխատանքը: Օգտակար է նաև երկու ոտքերով ծափահարելը, ոտքով բռունցք անելը, ոտքերի մատներով տարբեր իրեր վերցնելը: Նստած կամ պառկած դիրքից հրում` ոտնատակով գնդակին կամ գնդակի բարձրացում երկու ոտքով: Ցանկալի է պարբերաբար նստել ոտնաթաթի դրսի հատվածների վրա` ոտքերը խաչելով: Շատ կարևոր է մերսման միջոցով ոտնաթաթի մկանների ամրացումը:
Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ ոտնատակի պրոբլեմ ունի, պետք է ասել, որ մեր օրգանիզմի բոլոր ռեֆլեկտոր կենտրոնները գտնվում են ոտնատակում, ականջների ու ափերի մեջ: Իմաստուններից մեկն ասել է` «Ես վազեցի ավազի վրայով, և անցավ գլխացավս»: Մարդու օրգանիզմը մի ամբողջականություն է, մեկը մյուսի հետ կապված համակարգ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան կարևոր է մարդու ոտնատակը, ասեմ, որ այն կենտրոնն է բոլոր բիոլոգիական կետերի, որոնց միջոցով կարելի է կարգավորել մարդու ամբողջ օրգան համակարգը: Հարթաթաթության համար բժշկի չեն դիմում, անտարբեր են, բայց չմոռանանք, որ հարթաթաթություն ունեցողին ազատում են զինծառայությունից:
Պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ