ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀԱՎԿԻԹՅԱՆ ՆԵՆԳԱԴՈՒԼՈՎ` ԴԵՊԻ ՎԻԼՍՈՆԻ ՄԱՆԴԱՏԸ

ՀԱՎԿԻԹՅԱՆ ՆԵՆԳԱԴՈՒԼՈՎ` ԴԵՊԻ ՎԻԼՍՈՆԻ ՄԱՆԴԱՏԸ
21.12.2010 | 00:00

Շեր-խանը` շնագայլերի փաղանգի գլուխն անցած, ելուզակեց վաճառակետ, մարկետ, դախլ ու հաշվիչ-դրամարկղային սարք։ Եվ Հավկիթը գրոհով նվաճեց Պանրի լեռնագագաթը։ Հայոց շուկայական լեռնաշխարհում այսուհետ երկիշխանություն է։ Բայց չշրջանցենք դեպքերի բնական ու բարոյական ընթացքը։ Տեսանելի հեռանկարում նախաամանորյա երկիշխանությունը կփոխարկվի եռիշխանության, հետո քառիշխանության, տարվա վերջին էլ բազմիշխանությունը կհաստատի սեփական օրենսդրությունը հայոց տոնական սեղաններին։

Եվ ճիշտ ժամանակն է կռահել-գիտակցելու, կանոնակարգել-գնահատելու պատմական պահի լրջությունը։
Եվ կամուրջ, ավելի լավ է ճոպանուղի քաշել մեր և իշխանությունների միջև, ասենք, Տանջլու գյուղից Օվալաձև դահլիճ։
Կամուրջ, ճոպանուղի, դելֆինարիում, սուպերմարկետների հույժ նշանակալից ներկայություն երկրի յուրաքանչյուր մարզում, քաղաքում ու գյուղում։ Երկրի փորձակայանում փորձվում-թրծվում ենք ու Թոմաս Վուդրո Վիլսոնի հուշարձանը կերտում Հանրապետության հրապարակում։ Զի այսուհետ Էրգրի ճանապարհն ենք ավլում-թափում։
Ժամանակն է, ուշացումը հուժկու աքացի կհասցնի մեր համահավաք ամորձիներին` Սասունցի Դավթի ու Կարմիր Վարդանի ձիերի սմբակներով։ Զի պատմությունը (էն էլ` հայոց) շատ քինախնդիր բան է։ Այո, հավկիթն արդեն վաճառվում է 50-70 դրամով։ Մսամթերքը թանկանալու է 50, անուշեղենը` 70 տոկոսով։ Է, հետո՞...
ՈՒ թող լալահառաչ ձայներգությունները չքոքեն պետական-պատկան պատասխանատուներն ու հանրային շահի պաշտպան հանձնաժողովները։ Պանրի մենաշնորհատերը Էրգրի տեսլականով համազգային կապիտալի սեփական դրամագլուխն էր կերտում։ Մենք նրան չհասկացանք ու պաղատական համոզումներով պանրագինը հետ մղեցինք ելման կետ։
Այո, այսօր հսկայական համազգային կապիտալ է անհրաժեշտ Էրգրի բարգավաճման նպատակով։ Վաղը Իրավարար պայմանագրով 160 հազար կմ քառակուսի, օվալաձև ու եռանկյուն տարածք է մեզ հանձնվում ի տնօրինումն։ ՈՒ ո՞նց, կներեք, էդ ի՞նչ հունարով ենք Էրգիրը շենացնելու։ Մարքսիստ Հակոբյանի ցիտատներո՞վ, թե՞ ցեղակրոն արծվաճտերի թոթովանքով։
Գլխի ընկաք, հույս ունեմ։ Նամուս-աբուռներս մեզ քաշած զորակցում ենք Շեր-խանին ու շակալախմբին։ Զի մեր գրպանից թռցրած դրամն ու լուման նրանց ձեռքով հազարապատկվում է` շենացնելու Արդահանն ու Շապին-Գարահիսարը, Վանն ու Բիթլիսը։ Էնպես որ, ազգովին, համախումբ ու միակամ միանում ենք ռազմավարական երթին։ Եվ որքան կարելի է` նախաձեռնող լինենք։ Օրինակ, բացենք հարևան վաճառատան տնօրենի հոնքամեջն ու պահանջենք հավկիթը այսուհետ վաճառել 500, օղին` 5000, ալանին` 50000 դրամով։ Օն անդր, հառա՜ջ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ