ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՇԱՏ ԷԼ ՉԷԻՆ ՍԽԱԼՎՈՒՄ ՀՆԵՐՈՒՄ, ԵԹԵ ԼԵԶՈՒ ԱՍԵԼՈՎ ԱԶԳ ԷԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ»

«ՇԱՏ ԷԼ ՉԷԻՆ ՍԽԱԼՎՈՒՄ ՀՆԵՐՈՒՄ, ԵԹԵ ԼԵԶՈՒ ԱՍԵԼՈՎ ԱԶԳ ԷԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
02.04.2010 | 00:00

Վերջին շրջանում մեր թերթում հրապարակվեցին մի քանի հոդվածներ, որոնցում արծարծվում էին ժամանակակից լեզվի հիմնախնդիրները, առաջարկվում դրանց լուծման ուղիները։ Այդ հոդվածներին իրենց խոհ-մտորումներով արձագանքում են նաև ընթերցողները։
Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը։
Յուրաքանչյուր գիտակից մարդ համոզված է, որ մայրենի լեզուն ազգի գոյության ամենահիմնական պայմանն է, նրա հարատևման գլխավոր միջոցը։ Մեր պարագայում դա հաստատված է պատմական իրողություններով։ Ավելին, առանց մայրենիի հնարավոր չէ կերտել ազատ, անկախ և հզոր պետություն։
Հայ ժողովուրդն իր գոյության համար պարտական է երկու կարևորագույն գործոնների` մայրենի լեզվին և հայրենասիրությանը։ Դրանք ազգի կենսունակության հիմնական խթաններն են, ապագայի երաշխիքը։ Այդ երկու գործոնները փոխադարձաբար լրացնում են իրար։
Դժբախտաբար, մեր ժամանակներում թե՛ մեկին, թե՛ մյուսին պատշաճ տեղ` առաջնային նշանակություն, չի տրվում։ Լոկ ցանկություններով հնարավոր չէ անաղարտ պահել մայրենի լեզուն և ոչ էլ միտինգային խոսքերով ու ձևական կոչերով արմատավորել հայրենասիրական գաղափարներ։ Անցյալի մեր պետական ու մշակութային գործիչները երդվյալ հայրենասերներ ու ամենախոշոր հայրենագետներն են եղել։ Առանց հայրենագիտության խոր տիրապետման մարդը հայրենասեր չի դառնա, այսօրվա կյանքը դրա վառ ապացույցն է։
Ինչպես մայրենի լեզվին տիրապետելն ու այն անաղարտ պահելն է յուրաքանչյուր հայի համար պարտադիր պայման, այնպես էլ հայրենի երկիրը խորապես ճանաչելը։ Իսկ դրա նշանակությունը չգիտակցելով` բուհերում չի դասավանդվում հայրենագիտություն առարկան, մասնավորապես մանկավարժական համալսարանում։
Եթե հայրենիքդ չես ճանաչում, նրա առանձնահատկությունները չես գնահատում, բնության և բնական հարստությունների մասին գաղափար չունես, հայրենիքի ի՞նչն ես սիրում, վերևից պարտադրվող գաղափա՞րը։ Այդպես հնարավոր չէ, և՛ մայրենի լեզվի, և՛ հայրենասիրության հարցերը պետք է լինեն ազգային, պետական քաղաքականության գերակա խնդիրները, քանզի դրանք ազգի ինքնության, նրան կենսունակ պահելու գլխավոր պայմանն են։
Առաջնություն տալով լեզվին, նշենք, որ ոչ մի ժողովրդի ազգային մշակույթ չի կարող զարգանալ առանց մայրենի լեզվին խորապես տիրապետելու։ Առանց մայրենի լեզվի առանձնահատկություններին ու նրա արմատներին տիրապետելու անհնար է օտար լեզուներ յուրացնել, ճիշտ ընկալել գիտությունների հիմունքները, հաղորդակից դառնալ գիտության նվաճումներին, ընթանալ կյանքին համընթաց։ Լեզուն է փրկում ձուլումից և օտարամտությունից։ Մայրենին է կերտում մարդու խառնվածքը։
Հայոց լեզուն ճանաչված է որպես աշխարհի հարուստ բառաֆոնդ ունեցող և ճկուն լեզու։ Պատահական չէ, որ ոչ վաղ անցյալում կարծիք կար էսպերանտո լեզվի հիմքում դնելու հայերենը։
Լեզվի անգնահատելի դերի մասին ամբողջական, անթերի ու իմաստուն ձևակերպմամբ տրված է մեծն Թումանյանի հանճարով գրված «Հայոց գրական լեզվի խնդիրը» աշխատության մեջ.
«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը։
Եվ շատ էլ չէին սխալվում հներում, եթե լեզու ասելով ազգ էին հասկանում»։
Ավելացնենք միայն, որ մայրենի լեզուն ազգային անվտանգության ամենահզոր զենքն է, ազգի կենսունակության և հարատևման ամենակարևոր միջոցը։
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է այլ լեզուների նկատմամբ մայրենի լեզվի գերակայության դրույթը, այն հռչակված է որպես պետական գրավոր և խոսակցական լեզու։ Սակայն մայրենիի այսօրվա դրվածքը դեռևս չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին։
Առնչվում ես պաշտոնական գրագրությունների, հրապարակումների, ստեղծագործական աշխատանքների, իրավաբանական ձևակերպումների ու տարաբնույթ ակտերի, քաղաքացիների դիմումների և ականատես լինում աղաղակող սխալների ու թերի ձևակերպումների։ Նման սխալներ ու ձևակերպումներ նկատելի են անգամ միջազգային պայմանագրերում և արձանագրություններում, որոնց շտկումը մեծագույն ջանքեր է պահանջում, հաճախ էլ խփում երկրի անվտանգությանը։
Էլ չենք խոսում մամուլի, ռադիո և հեռուստահաղորդումների, գովազդերի, ցուցանակների ու պիտակների և օտարամուտ երևույթների ներթափանցումների մասին։
Լեզվի նախկին պետական տեսչությունը որոշ քայլեր կատարեց մայրենի լեզվի անաղարտության, նրա դերի բարձրացման գործում, սակայն, կարծում ենք, այդ աշխատանքներն ընդգրկուն չէին և ակնկալվող արդյունքները չտվեցին` պետության կողմից անհրաժեշտ լծակներ ու գործիքներ չունենալու պատճառով։ Մեղմ ասած, այդ կարևորագույն հիմնահարցին երկրորդական նշանակություն տրվեց։
Թերևս դրանով կարելի է բացատրել, որ հետագայում այն դրվեց կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ, է՛լ ավելի նսեմացնելով դրա նշանակությունն ու գործունեության ոլորտը։
Լեզվի տեսչությունը, փաստորեն, բարոյական ներգործության սկզբունքներով է աշխատում, կամ հայտնաբերված խախտումների համար հիմնարկ-ձեռնարկությունների ու անհատ մարդկանց պատժելու համար տուգանման ակտեր կազմում, որով էական արդյունքների և արմատական փոփոխությունների չի կարող հասնել` դարձյալ պետական ներազդող միջոցներ ու լծակներ չունենալու, նաև այդ աշխատանքները հետևողականորեն չկազմակերպելու պատճառով։
Վիճակն ավելի վատթար է մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, ուր ո՛չ պահանջող կա, ո՛չ ստուգող։
Կարծում ենք` այդ կարևորագույն, ազգի և պետության ճակատագրի հետ կապված հիմնահարցը պատշաճ ձևով կազմակերպելու և լուծելու համար, իսկ դա երկարատև և չընդհատվող գործընթաց է, պետք է կառավարությանն առընթեր ստեղծել լեզվի պետական կոմիտե` դրան տալով լայն լիազորություններ ու գերակա նշանակություն, քանզի այն ազգի անվտանգության խնդիր է։
Վարշամ ԱՎԵՏՅԱՆ
Պատմաբան, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ