ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էս հանգստանալն էլ մի ուրիշ կրակ է

Էս հանգստանալն էլ մի ուրիշ կրակ է
21.07.2009 | 00:00

ԱՆՄՈԾԱԿ «ԲՈՒՐԺՈՒՅՍԿԻ ԿԱՅՖԵՐ»
Հայրենի կառավարությունը տնտեսական էս դառը ճգնաժամի օրերին ժամանակ է գտնում ոչ միայն նախարարաց ապսպրելու` ամռանն ուր գնալ, ումով գնալ, ինչպես գնալ հանգստանալու, այլև ջերմեռանդորեն հոգում է, որ «գնալականներին» մոծակները հանկարծ չկծեն, հանգիստը չհարամեն:
Փորձեցինք հայոց բազմաչարչար իսթեբլիշմենտից ճշտել` հետևելո՞ւ են նախարարաց նախարարի հորդորին` Հայաստանից չբացակայել, հանգստանալ բացառապես Հայաստանում, հարստացնել միայն Հայաստանի բյուջեն, թե՞...
Նման մի բան էլ ժամանակին ձեռնարկեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բայց «ստացված» սոցիոլոգիան ուղղակի ապշեցրեց. ինչ էկզոտիկ երկիր ասես, չէին այցելել հայոց «իսթեբլիշմենտիստները»` հանգստանալու, արգելված պտղի քաղցրությունը ճաշակելու, կուտակած փողերը քամիներին տալու, անբավ ամբիցիաները բավարարելու:
Վերջը նախագահականից ասին` Սերժ Սարգսյանը դեռ չի որոշել` ուր է գնալու, ումով և ընդհանրապես հարց է` գնալո՞ւ է հանգստանալու, թե՞ ոչ:
Համ էլ` ո՞նց գնա. Ղարաբաղի հարցը` քթի տակ, իսթեբլիշմենտականներն էլ, ընդդիմության հացը կտրելով, ուշիուշով «մտածում» ու սպասում են` կարո՞ղ է Սերժ Ազատիչը հրաժարական տա, իրենք վերջապես հասնեն իրենց մուրազին, դառնան նախագահ:
Վշտացնենք այդ «տեսլականով» ապրող-գործող իշխանամերձներին` չէ՛, չի՛ կարող, դեռ էն պահը չէ, ու վայ թե պահը չգա էլ, ու ստատուս-քվոն երկար շարունակվի:
Անցնենք այլոց:
Վարչապետանոցում, ճիշտն ասած, գործը դժվարներից էր, այն պարզ պատճառով, որ արդեն տևական ժամանակ հայրենի կառավարությունը ո՛չ մամլո խոսնակ ունի, ո՛չ էլ տեղեկատվության վարչության պետ, ու սա եղած բոլոր աբսուրդներից ամենաաբսուրդն է` մեր իրականության: Բայց քանի որ մերն ուրիշ է, էդպես ուրիշ-ուրիշ էլ հարցում արեցինք անխոսնակ, անտեղեկատու բարձրագույն մարմնից` ո՞ւր տի գնալ վարչապետը հանգստանալու։ Վայ թե Դիլիջա՞ն, կարծեցինք:
Պաշտոնապես պատասխանեցին` դեռ որոշված չէ, բայց որպես օրինաչափություն, նա հանգստանալու է գնում ընտանիքի հետ. Ծաղկաձոր, Դիլիջան, թե Սևան, դեռ որոշված չէ:
Նախարարաց դասն էլ դեռ որոշում չուներ: Որոշում չուներ նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, և բոլորով համերաշխ հորդորեցին զանգահարել հուլիսի 25-ից հետո։ «Էդ ժամանակ կերևա` գնո՞ւմ ենք հանգստանալու, թե՞ ոչ» (է՜, ասում եք, էլի, Թումանյանի հայտնի հերոսն այնքան աշխատեց` բզեզ դարձավ):
Մենք էլ մեր հերթին դարձանք-մոնիտորինգ արինք պառլամենտականների շրջապատում: Էստեղ բոլորն էլ գնալու էին հանգստանալու, բայց որպեսզի շատ չցցվեն ու աչք չծակեն, ասում էին` չենք գնալու, մնալու ենք Երևանում (որ գրես, էդպես կգրես` հորդորում էին): Ամենահամարձակներն էլ թե` ուր ուզեմ, կգնամ, վարչապետի ասածը վերաբերում էր միայն իր նախարարներին, մեզ հետ ինքը գործ չունի:
Գալուստ Գրիգորիչը տեղ չի գնալու, Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը նոր չվերթ է «բացել» (անցնող կիրակի առաջին թռիչքը եղավ)` դեպ Բաթում, ասաց` «պրեզենտացիան կանենք, մի չորս օր էլ կմնամ Բաթումում, կլինի հանգիստ, ուզում եք, դուք էլ եկեք»: Չուզվոր էինք: Գագիկ Աբրահամյանը շատ անհավես էր, ասաց` ի՞նչ հանգիստ, ի՞նչ բան, հարցրինք` ճի՞շտ է, որ խնամիացել եք Ստեփան Դեմիրճյանի հետ, ասաց` այո (Աբրահամյանների քրոջ որդին ամուսնացել է Դեմիրճյանի դստեր հետ): Ասինք` բա չե՞ք վախենում իշխանությունները Ձեր ձեռից ձեր բիզնեսն առնեն. ասաց` տնտեսական ճգնաժամը բիզնես թողե՞ց, որ առնեն: ՀՀԿ-ական Զոհրապ Զոհրապյանն էլ, թե` փող չունեմ, որ ունենայի, մեծ սիրով կգնայի հանգստանալու։ Մենք նրան խոստացանք մեր թերթի միջոցով հանգանականություն կազմակերպել, այդ հարցը լուծել (հիշեցնենք, որ երիտասարդ պատգամավորը Մոսկվայում լիքը բիզնեսներ ունի), ու այս պահից սկսված` հանգանակություն է ընթանում ՀՀԿ-ական պատգամավոր Զորիկի համար (եղեք ակտիվ):
Ի դեպ, Զորիկ Զոհրապյանը հարկ համարեց նաև տեղեկացնել, որ ինքն այլևս բաց է լրատվամիջոցների համար, իսկ մինչ այդ փակ է եղել: Փորձեցինք իմանալ` էդ ինչո՞ւ մեկ էլ, ու այդպիսի` «բացման» որոշում է կայացրել, էդ ի՞նչ «էքստրիմ» բան է պատահել, որ նա որոշել է հարցազրույցներ տալ լրագրողներին (ճիշտն ասած` դրա կարիքն առանձնապես չենք էլ զգացել և «դաժանաբար» չենք էլ նկատել, որ նա մեզ համար այսքան տարի փակ է եղել)։ Մի խոսքով, նա խորախորհուրդ նայեց ձայնագրիչին ու թե` «գաղտնի՜ք» է:
Իսկ սա օրվա միակ էքսցենտրիկան չէր: Հայաստանում հանգստանալու հնարավորությունից զրկված (անչա՜փ թանկ լինելու պատճառով) բազմաչարչար հայ հասարակ մարդը նույն օրը երեկոյան հեռուստաէկրաններից իմացավ, որ ՀՀ հարազատ կառավարության որոշմամբ` տնտեսական ճգնաժամի էս դառը օրերին (երբ նույնիսկ պառլամենտում ու այլուրեք ափսոսում են օճառ և այլ «պիտույքներ» դնել) Ջերմուկ քաղաքին տրամադրվել է 19 (տասնինը) միլիոն (միլիոն) դրամ... մոծակների դեմ պայքարի «շրջանակներում»:
Դե, կներեք, էլի, ի՞նչ ասել է գերշահույթներ ունեցող, ամեն միլիմետր հողից օգուտ ու շահ քամող (հանքային ջրից ու «հինգ աստղանի» հանգստյան տների ցանցից) քաղաքին 53 հազար դոլար տրամադրել... մոծակի համար, էս նեղ մաջալին, երբ Ջերմուկը ներսից-դրսից լավ իմացողներն առանց այն էլ շատ լավ գիտեն, թե ովքեր են քաղաքում տերերը. հայոց իսթեբլիշմենտում մարդ չկա (նույնիսկ Օսկանյան Վարդանն ու Գագիկ Հարությունյանը փայատերեր են), որ փայ-բաժին չունենա այնտեղ, էլ չենք ասում քաղաքի «ցար ի բոգ» ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի (Քլոսի) մասին, որն այնտեղ հանքային ջրի գործարան ունի ու քաղաքի «պապան» է, և քաղաքում ընթացող բոլոր կարգի շինարարական մրցույթներն ու տենդերները նրա կողմից «ուղղորդվող» կազմակերպություններն են շահում:
Կարող էին, չէ՞, առանց կառավարությանը «նեղություն» տալու լուծել մոծակի հարցը (չնայած հանուն արդարության ասենք` որպես ջերմուկաբնակ, երբեք չենք նկատել, որ մոծակները լուրջ պրոբլեմ են քաղաքի համար, այնտեղ մոծակն այնքան է, որքան մնացած բոլոր վայրերում):
Իսկ վերջում երկու հարց. ա) արդյո՞ք երկակի ստանդարտներ են կիրառվում այս հարցում, թե՞ Սևանի իսկապես ճահճացող տարածքների հանգստյան գոտիներին, հայաստանյան մնացյալ «գոտիներին» նույնպես մոծակ... կներեք, խառնեցինք, նույնատիպ գումար տրամադրվելու է:
բ) Ի՞նչ մեխանիզմով է վերահսկվելու` արդյունավե՞տ է ծախսվել 19 (տասնի՜նը) մլն (միլիո՜ն) դրամը, և մոծակների դեմ պայքարը որքանո՞վ է համապատասխանել տրված գումարին։ Արձանագրությո՞ւն է կազմվելու առ այն, թե ո՛ր մոծակը հերոսական ինչպիսի մահով զոհվեց, թե՞ բոլորովին այլ մեթոդոլոգիա է կիրառվելու:
Գիտեք հե՞շտ է մոծակի դեմ պայքարելը: Ասում եք, էլի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ