ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՓԱՌՔ ՏԱՆՔ ԱՄԵՆԱԶՈՐԻՆ, ՈՐ ՄԵԶ ԱԶԱՏԵՑ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՊՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ և ԱՐԺԱՆԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՍՈՒՐԲ ԱՆՈՒՆԸ ԴԱՎԱՆԵԼՈՒՆ

ՓԱՌՔ ՏԱՆՔ ԱՄԵՆԱԶՈՐԻՆ, ՈՐ ՄԵԶ ԱԶԱՏԵՑ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՊՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ և ԱՐԺԱՆԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՍՈՒՐԲ ԱՆՈՒՆԸ ԴԱՎԱՆԵԼՈՒՆ
12.11.2010 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Եվս զարմանալի ու շատ կարևոր մի փաստ, և ավարտենք այս դժվարամարս թեման:
Գրիգոր Լուսավորչի հայրը` Անակ Պարթևը Պարսկաստանից Հայաստան գալիս, նախ կանգ է առել սուրբ Թադեոս առաքյալի գերեզմանի մոտ, Կապադովկիայի Կեսարիայում, որն այդ ժամանակ հայոց աշխարհի մասն էր, որտեղ և նրա կինը հղիացել է ապագա մեր Լուսավորչով: Երբ հետագայում մանուկ Գրիգորին նրա դայակը փախցնում է Հայաստանից, փրկելով մահից, նորից Կեսարիա է տանում, որտեղ նա քրիստոնեական դաստիարակություն է ստանում մի բարեպաշտ ընտանիքում ու զորանալով հաստատվում է ճշմարիտ հավատքի մեջ: Այդ են ապացուցում Ներսես Շնորհալու գրած շարականի հետևյալ տողերը.
«Հրաշափառ ու միշտ բարեխնամ Աստված,
Որ նախապես գիտենալով՝
Հայոց փրկության սկիզբը դրիր,
Պարթևական մեղապարտ ազգից
Լուսավորիչ մեզ շնորհելով.
Որի համար բարեխոսությամբ նրա,
Փրկիչ, ապրեցրու մեզ այժմ
Եվ ժամին Քո ահավոր գալստյան»:

Այդ երանելի սուրբը ոչ միայն հայոց ազգի լուսավորիչ կանթեղը դարձավ, այլև բոլոր մերձակա այլ ազգերի, այդ թվում և` մեծն Կոստանդիանոս արքայի մեծագույն վկան, որի մոտ էին գնացել ինքն ու Տրդատ արքան: Վարդան Արևելցին այդ կարևոր այցելության մասին այսպես է գրում. «Մեր Տրդատը և սուրբ Գրիգորը 70000 հեծյալով գնացին Կոստանդիանոսի մոտ և դաշինք կնքեցին միմյանց հետ: Այդ ժամանակ Կոստանդիանոսը Գրիգորի բերանից լսեց մարդեղության խորհուրդը Քրիստոսի ոճով: Եվ հրաման տվեց ամբողջ Իտալիայում նավակատիք անել նրանց գալստյան առթիվ՝ զոհեր մատուցելով, ասելով, թե՝ թող ուրախակից լինեն երկնային զորքի հետ: Սուրբ Գրիգորը հրամայեց աղ մատուցել, այն օրհնեց և ուղարկեց ամբողջ երկիրը, որպեսզի առանց դրա անասուն չզոհեն, որովհետև ասում է, ինչին չի խառնվում քահանայական օրհնությունը, այն կռապաշտության է հասցնում» («Տիեզերական պատմություն», էջ 75):
Իսկ ի՞նչ են տվել հայերն իրենց մերձավոր ազգերին: Նյութական տեսանկյունից գուցե քիչ բան, բայց հոգևորից՝ բազում: Նախ ասենք, որ Վրաստանի ու Աղվանքի առաջին քրիստոնյա վկաները Հայաստան աշխարհից գնացին ու այդ ազգերը քրիստոնյա դարձրին: Վրաստանի հոգևորականները մինչև յոթերորդ դարի վերջը ձեռնադրվում և օծվում էին սուրբ Էջմիածնում ու սուրբ Մեռոնն այնտեղից ստանում։ Իսկ որ Մեսրոպ Մաշտոցը հայորդիների համար երկնային զորությամբ գիր ստացավ, այդ մասին շատերս գիտենք, բայց այն, որ մեծ վարդապետը նաև այդ մերձավոր ազգերի համար գիր ստեղծեց՝ հանձինս վրացիների ու աղվանքների, այդ մասին քչերն են տեղյակ: Իսկ ճշմարտությունն ուրացող վրացիներն այդ պատմական ու մատենագրությամբ հաստատված փաստն էլ են ուրանում:
Այս ամենը, ինչ կարդացինք հայազգի ընտիրների մասին, կլրացնի սուրբ Հովհաննես Գառնեցի վարդապետի մասին վկայաբանությունը: Խիստ հոգեշահ է կարդալ իր հետ առնչվող մի հրաշքի մասին, որ գրված է Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմություն» գրքում. «Սա (Հովհաննես Գառնեցին), մի առաքինի մարդ էր, վարքով զարմանալի, Աստծո պատվիրանները կատարող, Քրիստոսի լուծը կրող. պատանեկությունից արժանացավ կուսակրոն քահանայական աստիճանի, Այրիվանքի (այժմ՝ Գեղարդավանք) սուրբ միաբանությունից: Սա մանկությունից արհամարհեց կյանքի ամեն ինչը, լքեց հարազատներին ու տունը, բնակվում էր ամայի տեղերում: Սիրում էր առանձին լինել և անդադար Աստծո հետ խոսել՝ իրեն տալով տեսակ-տեսակ ճգնությունների, պասերի, գետնատարած ու պառկած աղոթքների և անդադար տեղից տեղ շրջելով ու պատահածներին լուսավորելով:
Նրան տրվեց նաև բժշկության շնորհ, որովհետև ձեռքը դնելով ու աղոթելով` բազմաթիվ ախտաժետների էր բժշկում: Նրանից խնդրում էին նաև իրենց անձերի պահպանման համար թուղթ (զորավոր ու պահպանիչ աղոթքներ, գրված գալարամագաղաթի վրա, որոնք ժողովուրդը հմայիլ է կոչում- հեղ.), իսկ նա անմիջապես տալիս էր խնդրողներին: Նա գրում էր Սուրբ Երրորդության Անունն ու աղոթքի խորհրդավոր խոսքեր ու տալիս նրանց: Իսկ նրանք հավատով առնում ու կապում էին իրենց վրա:
Սրա մասին շատերը շատ բան էին ասում, բայց շատ ավելի Վարդան վարդապետն էր պատմում, որի խոսքերն արժանի են վստահության, որովհետև նրանք սիրով կապված էին միմյանց հետ: Մենք հեռավորության պատճառով չտեսանք նրան, նա իբր մխիթարություն պատմեց մեզ նրա կյանքից որոշ բաներ, մասնավոր կերպով ասաց, թե՝ «Ինքը Հովհաննեսը պատմեց, թե ես գնացի սուրբ քաղաք Երուսաղեմ երկրպագելու փրկչական վայրերին. այնտեղ որոշ ժամանակ մնացի՝ իջևանելով սուրբ Հակոբում (այստեղ Կիրակոս Գանձակեցին պատմում է Գաբրիել հրեշտակի նկարի հետ կապված տեսիլքի մասին, որ ապրիլի 7-ին սուրբ Կույսին Հիսուսի ծննդյան ավետիսը տվեց՝ ինչի մասին արդեն կարդացել է ընթերցողը և անպատեհ է նորից այն կրկնելը), իսկ երկրորդ պատմության շարադրությունը այս է. «Ես, ասում է, Հորդանան գետի կողմերում էի. աղոթում էի Տիրոջ և սուրբ Հովհաննես Կարապետի մկրտության տեղում: Ինձ մոտ կրոնով մահմեդական երեք մարդ եկան և խնդրեցին, որ իրենց մկրտեմ: Ես հապաղում, թողնում էի ուրիշ օրվա, մտածելով, թող ուրիշներից մկրտություն ստանան, քանի որ տեսնում էի, որ նրանք վայրենաբարո մարդիկ են և, կարծում էի, ձևացնում են:
Բայց նրանցից տարեցն ինձ պատմեց ու ասաց. «Մենք պարսից քաղաք Զանգիանից ենք, իսկ կրոնով մուղրի ենք (Ղուրան կարդացող մահմեդական կրոնավոր): Շինեցինք մեծ ու գեղեցիկ մի աշտարակ և պատրաստեցինք բացման տոնի հանդեսի համար, ինչ որ անհրաժեշտ էր: Ես, ըստ արաբական կրոնի, բարձրացա աշտարակի ծայրը, անարժան ազանը (նամազը) տալու: Եվ ահա տեսա արևելքի կողմից երկինքը պատռված ու վայրը անչափ լույսով լիքը: Մի զարմանալի ու ահեղ Թագավոր նստած փառքի աթոռին, իսկ Նրա շուրջը լուսեղենների բազմություն էր, որոնք օրհնում էին Նրան անպատմելի ձայնով: Թագավորին երկրպագելու էին գալիս բոլոր քրիստոնյա ազգերը՝ յուրաքանչյուրն իր կրոնի առաջնորդներով, որոնք զարդարված էին երևելի փառքով: Եվ երբ երկրպագում էին Նրան, Նա ընդունում էր նրանց ողջույնը: Ի վերջո, եկավ մի այլ ազգ, որ փառքով շատ ավելի էր, քան նախորդները, իսկ սրա առաջնորդները չափազանց զարմանալի էին: Երբ եկան Թագավորին երկրպագեցին, Նա աթոռից վեր կացավ նրանց ընդառաջ ու համբուրեց նրանց իրենց առաջնորդներով և մյուս ազգերից ավելի մեծարեց:
Եվ մինչդեռ ես հիացած, կանգնած էի զարմացումով ու ապշանքով, վերև, ինձ մոտ եկավ իմ այս ավագ որդին և ասաց. «Ինչո՞ւ ուշացար, ամբողջ ժողովուրդը քեզ է սպասում»: Սա նույնպես նայեց արևելք ու նույն տեսիլքը տեսավ և հիմարացած կանգնեց: Ապա երբ չափազանց ուշացանք, ամբոխը մեր ուշանալու վրա նեղսրտեց: ՈՒ բարձրացավ, եկավ իմ այս կրտսեր որդին և մեզ մեղադրում էր ուշանալու համար: Բայց քանի որ սրա գալու ժամանակ տեսիլքը վերացել էր, սրան պատմեցինք ուշանալու պատճառը և տեսիլքի հանգամանքները: Եվ իսկույն կամեցանք այն բարձունքից Քրիստոսին ճշմարիտ Աստված, իսկ մեզ քրիստոնյաներ հայտարարել: Սա մեզ արգելեց և ասաց. «Եթե այդպես է, խելքով գործ բռնենք. եթե հիմա Քրիստոսին քարոզենք, իսկույն տաճկաց այս ամբոխը մեզ կսպանի և պատրվակ կբռնեն, թե ինչ-որ հանցանքի համար սպանեցինք, իսկ մեր մասին ո՞վ է իմանում: Այլ ավելի լավ է գնանք մեր պատրաստած ճաշերը տանք դրանց, իսկ մենք գնանք Երուսաղեմ, սուրբ քաղաք և այնտեղ լինենք կատարյալ քրիստոնյաներ, նրանց մկրտության միջոցով, մանավանդ այն քրիստոնյաների ձեռքով, որոնց մասին դուք ասում եք, թե նրանց ցնծությամբ ընդունեց Թագավորը, և ձեզ տեսիլքում նշան տրվեց, թե այն հայոց ազգն էր, որ վիճակ ընկավ Թադեոսին, Բարդուղիմեոսին և սուրբ Գրիգորին:
Մենք, անսալով նրա խոսքին, իջանք նրանց մոտ՝ ոչ մեկին ոչինչ չպատմելով: Թողեցինք մեր ամբողջ կայքը, եկանք Երուսաղեմ և Աստծուն աղաչեցինք, որպեսզի մենք հանդիպենք այն ազգին, որ տեսիլքում փառավոր էր: Եվ Աստված մեզ ցույց տվեց քե՛զ, և նույն նշանը տեսանք քեզ վրա: Այժմ աղաչում ենք քեզ, տուր մեզ Քրիստոսի մկրտությունը և մեզ դարձրու քո Աստծուն կատարյալ ծառաներ»: Ես տեսա նրանց հոժարությունը, և թե մանավանդ Տիրոջից իմ կոչումը, նրանց մկրտեցի Հորդանան սուրբ գետում, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, և նրանց հաղորդեցրի ԱստվածՈրդու պատվական մարմնով և արյունով:
Հետո մեզ ողջունելով, քաղաքից դուրս եկան գնալու մեծ Հռոմ, տեսնելու սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի գերեզմանները ի փառս Քրիստոսի» (Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն հայոց», էջ 251-253): Գրքում կան երկու շարունակական վկայություններ ևս, բայց բավարարվենք մեզ վերաբերող մասով, իսկ մնացածը, ցանկության դեպքում, թող ընթերցողն ինքը հոգս անի ու կարդա:
Ահա այս բոլոր պատմական վկայություններն ապացուցեցին մեկ բան. մեր ընտիր նախնիների նկարագրված գանձերի մեծարժեքությունը բավարարել էր ոչ միայն մեր ազգին, այլև այդ լիությունից նա բաժին է հանել աշխարհի շատ ազգերի ու ժողովուրդների:
Հիմա, որպես ավարտ, ընթերցող հայորդի, յուրաքանչյուրս հարց տանք մեզ. «Իսկ ես անձամբ ի՞նչ եմ արել, իմ ազգային գանձարանում հոգևոր, բարոյական կամ նյութական քանի՞ լումա եմ ավելացրել»: Եվ ինքներս էլ մտովի պատասխանենք այդ հարցին, քանի որ շատ շուտով Արարիչ Աստծո առջև կանգնած մեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխան տա որպես Հայ տեսակ, որ աշխարհի համար պտղաբերել է հոգեշահ ու մնայուն բազում պտուղներ:
Քանզի ում շատ է տրված, նրանից էլ շատ է պահանջվելու:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ