ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿՀԱՄԱԿԵՐՊՎԻ «ԵՐԻՏԹՈՇԱԿԱՌՈՒԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ»

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿՀԱՄԱԿԵՐՊՎԻ «ԵՐԻՏԹՈՇԱԿԱՌՈՒԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ»
02.04.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ
-Պարոն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը:
-Շատ բարդ: Արտաքին քաղաքականության մեջ տեղի են ունենում շատ վտանգավոր գործընթացներ, որոնց ակնհայտորեն պատրաստ չէ իշխանությունն իր այսօրվա որակով: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա անցած երկու տարիներին չիրականացված համակարգային բարեփոխումների պատճառով քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել հայտնի «որսասերը»: Նման հավակնությունը բացարձակորեն տեղավորվում է Քոչարյանի սիրած ռևանշիզմի տրամաբանության մեջ և նշանակում է հանրապետության լիակատար կործանում:
-Ինչո՞՛ւ:
-Որովհետև Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակն ասոցացվում է երկու զազրելի-մարդակուլ ոճրագործությունների հետ` 1999 թ. հոկտեմբերի 27 և 2008 թ. մարտի 1: Անկախ դրանց` Քոչարյանի ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցությունից, նա, որպես երկրի ղեկավար, այդ ամենի համար կրում է ուղղակի քաղաքական պատասխանատվություն: Ես չգիտեմ որևէ դեպք համաշխարհային պատմության մեջ, երբ նման «բագաժով» նախագահը կարող է մտքով անցկացնել` իշխանության վերադառնալ և կամ նման հայտ ներկայացնել:
-Ի՞նչ քայլերով և ի՞նչ մեխանիզմներով կարող է նա վերադառնալ, բացի «բուռն և երկարատև» ցանկությունից, որը, ըստ Շարմազանով Էդիկի, քաղկատեգորիա չէ:
-Նրա վերադարձի քաղաքական որևէ մեխանիզմ գոյություն չունի: Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ արդեն դուրս է եկել «անգլիական թագուհու» կարգավիճակից` մեզ հայտնի իրադարձության պատճառով: Այնպես որ` այլևս չի կարող:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Նույն գետը երկու անգամ մտնելու հնարավորությունը:
-Նա ապահաշվա՞րկ է թույլ տալիս, «ցանկությունն» այնքա՜ն բուռն է, որ ռեալության տեղ չի՞ թողնում, նա նախանձո՞ւմ է Սերժ Սարգսյանին, և ընդհանրապես` ինչի՞ վրա է նրա հույսը:
-Նա տառապում է իշխանության մոլուցքով, այլապես հետնախագահական փուլը չէր համարի «երիտթոշակառուի կարգավիճակ»: Իսկ ցանկացած մոլուցք ենթադրում է սխալ հաշվարկ, և ընդհանրապես, Քոչարյանի «պրագմատիզմը» որևէ արդյունք երբեք չի ունեցել. ասենք` նրան ամեն անգամ թվացել է, թե երկրում այլևս ընդդիմություն չկա, այն ճնշված է, ու ամեն անգամ էլ իր հաշվարկներում սխալվել է:
-Բայց, այնուհանդերձ, նրան հաջողվեց ավարտել իր «սրոկը»: Ինչո՞ւ: Որովհետև մեր հասարակությունը ներքին ընդդիմության կարողությունն ավարտին, մինչև վերջ հասցնելու ջի՞ղն է կորցրել, ինչն էլ պատճառ էր, որ Քոչարյանը ռեալության զգացողությունը կորցնի:
-Մասամբ Ձեր գնահատականին համաձայն եմ` մի շատ կարևոր «բայց»-ով. 2004-ի ապրիլի 12-ից հետո հասարակությունը դադարեց այն ժամանակվա ընդդիմությանը հավատալուց, որովհետև չհավատաց երկրում որակական փոփոխություն իրականացնելու նրա կարողությանը:
-Սուրեն, Դուք այդ ժամանակ նույնպես այդ ընդդիմության շարքերում էիք:
-Ասածս վերաբերում է նաև մեզ, իմ կուսակցությանը, ինձ: Մենք անկեղծ ենք եղել մեր ձգտումներում, բայց իրատեսական չենք եղել մեր քաղաքական հաշվարկների ու ձեռնարկների մեջ: Մյուս կողմից էլ` մենք նման ենք եղել հանիրավի ազատազրկված կալանավորի, որն անհավասար կռիվ է մղել արյունարբու բանտապետի դեմ:
-Իսկ «բանտապետը», որն այդքան ու այդպես ցանկանում է վերադառնալ, թիմ ունի՞ այսօր, ովքե՞ր են նրանք:
-Նա, անշուշտ, թիմ ունի, որը, սակայն, վախենում է իր իրական առաջնորդի անունը բարձրաձայնելուց:
-Թվենք նրանց` «անուն առ անուն. դա զոհվածներին պետք չէ, ես գիտեմ, բայց ապրողներին շատ է հարկավոր». ցիտատը Ռոբերտ Ռոժդեստվենսկուց էր:
-Ես ինձ պարտավորված չեմ զգում նշելու նրա թիմի անդամներին: Իսկ այս պահին նրան հրապարակավ պաշտպանում են միայն նախկին ԱԳ նախարարը և դաշնակցական մի քանի գործիչներ: Ինչ վերաբերում է Օսկանյանին, նա սովորություն ունի տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար փոխելու իր տեսակետները: Դաշնակցության մասով ընդամենը կասեմ հետևյալը. նրանք պարտական են Ռոբերտ Քոչարյանին` բանտերից մեկեն իշխանության միջանցքներում հայտնվելու համար: Մյուս կողմից էլ` ավելի մեծ վնաս դաշնակցությանը որևէ մեկը հայոց պատմության մեջ չի հասցրել, որովհետև Քոչարյանի իշխանության օրոք այդ կուսակցությունն իր իսկ հռչակած համազգային քաղաքական ուժից վերածվեց ընդամենն Արմեն Գևորգյանի կողմից վերահսկվող քաղաքական խմբակի:
-Որը նույնիսկ սոցիալական բո՞ւնտ չի բարձրացնի ընդդեմ կառավարության, որովհետև «ասվում» է, թե Քոչարյանի հաջորդ քայլն այդ կարգի «բունտարիզմն» է լինելու:
-Իհարկե, չի կարող: Ընդհանրապես դաշնակցությունն ընդունակ չէ որևէ բունտի, այդ թվում և` սոցիալական, որովհետև այդ կուսակցությունն այնքան է հարմարվել կոմֆորտին, որ նույնիսկ նրա կողմից արհամարհված են իր իսկ հռչակած ստրատեգիական արժեքները: Ես չեմ ասել, իրենց գաղափարական առաջնորդներից մեկը` Քաջազնունին է տասնամյակներ առաջ ասել` դաշնակցությունն այլևս անելիք չունի Հայաստանում: Քոչարյանն ընդամենը բոլորին օգնեց հասկանալու այս պարզ ճշմարտությունը: Սա է հանրապետության երկրորդ նախագահի ամենամեծ ծառայությունը հայ ժողովրդի առաջ, ինչը, ի տարբերություն տնտեսական «լոլոների», պետք է գնահատել:
-Իսկ ի՞նչ եք կարծում` նա կդիմանա՞ այս մի ֆիասկոյին էլ ու այս անգամ էլ վարչապետ չկարգվելու «թեզին»:
-Քոչարյանը վարչապետ չի նշանակվի երբեք: Չնայած երիտասարդ տարիքիս` ճանաչում եմ թե՛ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, և երբեք չեմ պատկերացնի, անգամ ամենավատ երազում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է համակերպվելու «անգլիական թագուհու» այդպիսի կարգավիճակին: ՈՒ երբ այսօր հանրապետականները հարձակման թիրախ են դարձրել Օսկանյանին, ապա այդ հարձակման հետևում երևում են Սերժ Սարգսյանի, իսկ թիրախի հետևում` Ռոբերտ Քոչարյանի «ականջները»:
-Է՜, պարոն Սուրենյանց, մի ժամանակ էլ ամեն ինչի հետևում երևում էին ՀՀՇ-ի «ականջները»: Ինչևէ: Անցնենք առաջ. ինչո՞վ կավարտվի Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան «մենամարտը»:
-Ռոբերտ Քոչարյանը ստիպված կհամակերպվի «երիտթոշակառուի» կարգավիճակին, կզբաղվի իր բիզնեսով, իր ընտանիքով, իսկ Սերժ Սարգսյանը, չնայած բոլոր կանխատեսումներին, կպաշտոնավարի այսօրվա կարգավիճակով` ստիպված լինելով լուծել երկրի առջև ծառացած ներքին և արտաքին խնդիրները:
-Արտաքինն իր մոտ ավելի լավ է ստացվում: Իսկ ա՛յ ներքինն ուղղակի «տանջահար» վիճակում է: Բայց դեռ մի քիչ էլ արտաքինի մասին. ըստ Ձեզ` նա կստորագրի՞ ղարաբաղյան շրջանակային և մեծ համաձայնագրերը:
-Ես շատ շիտակ պատասխան եմ տալու այս հարցին: Հայաստանում կան ուժեր որոնք սիրում են լույսը, և կան ուժեր, որոնք խավարն են գերադասում: Առաջինները ԼՂ հարցի կարգավորման կողմնակիցներ են, երկրորդները` դրա հակառակորդները: Սերժ Սարգսյանի ամենամեծ ողբերգությունն այն է, որ նրա թիմում բացակայում են մարդիկ, ովքեր պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնելու մեր պետության համար ամենակենսական հարցի լուծման առնչությամբ: Այս առումով երրորդ նախագահը քաղաքական միայնության մեջ է: Ես նաև Ձեր թերթի միջոցով եմ հորդորում Սերժ Սարգսյանին` հետևողական լինել և գնալ ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման: Փաստաթուղթը, որն այժմ քննարկվում է, ունի բազմաթիվ թերություններ, սակայն դրանք հնարավոր է շտկել բանակցությունների սեղանի շուրջ. կարգավորումից հրաժարվելը կնշանակի պատերազմի սանձազերծում:
-Դուք այն կարծիքին եք, որ պրոցեսը կա՞նգ է առել:
-Վերջերս այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունը փորձում է տարբեր պատրվակներով ձգձգել կարգավորման գործընթացը: Դա կործանարար կլինի երկրի համար: Կարծում եմ` հնչեցրածս կարծիքը լավագույնս հասկանում է մի մարդ, որը զբաղեցրել է երկրի կարևոր նախարարական պաշտոնները, վարչապետի պաշտոնը, իսկ այժմ նաև` նախագահի պաշտոնը:
-Հուսանք: Իսկ եթե համակարգեինք լուծման ենթակա խնդիրները, ի՞նչ համակարգում կտայիք դրանք:
-Խնդիրները շատ են, բայց որպեսզի գոնե դրանց բանաձևումը գտնենք, անհրաժեշտ է` գործող նախագահը գիտակցի ներքին և արտաքին քաղաքականության շաղկապվածությունը: Այսինքն` պետք է հետևողական լինի արտաքին քաղաքականության մեջ որդեգրած «բաց սահմանների» ռացիոնալ քաղաքականությունը ներքին քաղաքականության մեջ ևս կիրառելու գործում, պետք է կարողանա երկրի ներսում քանդել այն խրամատները, որոնք մեծավ մասամբ իր կողմից չեն ստեղծվել, սակայն խիստ պահանջարկված են դարձնում իր նախորդին: Եթե այդ խրամատները պահպանվում են, ապա Քոչարյանի վերադարձի թեման մշտապես պահանջարկված է դառնում, եթե շարունակվում է հակադրության մթնոլորտը, հենց Սարգսյանի շրջապատում ամեն օր ավելանալու են այն մարդիկ, ովքեր արհեստածին` ուժեղ ձեռքի պահանջարկ են զգալու:
-Կոնկրետացրեք քայլերը:
-Առաջին հերթին` պետք է տուրք չտալ պսևդոազգայնականությանը, կեղծ լոզունգներին և հետևողականորեն գնալ ԼՂ խնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում, ՀՀ ԱԺ-ն պետք է առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:
-Մի քիչ շատ չե՞ք հեղափոխական, պարոն Սուրենյանց:
-Շարունակեմ միտքս` ապացուցելու, որ հեղափոխական չեմ. դրանով կապացուցենք ողջ աշխարհին, որ մենք երկիր ենք, որը հարգում է երկկողմ և միջազգային պարտավորությունները:
-Իսկ եթե Թուրքիան ընդհանրապե՞ս չվավերացնի դրանք:
-Դա արդեն Թուրքիայի խնդիրն է, որովհետև Հայաստանն այն դայակը չէ, որի առաքելությունը Թուրքիային քաղաքակրթելն է: Մեր ԱԺ-ի կողմից վավերացումը պետք է արվի շատ կարևոր մեկ լրացումով` բանական ժամկետ (ենթադրենք` երեք-չորս ամիս) է ֆիքսվում Թուրքայի համար:
Վերադառնալով ներքին կյանքին, ասեմ մեկ նախադասությամբ. Սերժ Սարգսյանը, այո՛, այն պետք է համահունչ դարձնի իր արտաքին քաղաքականությանը: Ասել է` պետք է ձերբազատվի Ռոբերտ Քոչարյանից ժառանգություն մնացած համակարգից, և քաղաքականությունը վերադարձնի քաղաքականությանը, վերացնի հակադրության այս մթնոլորտը: Դրա համար անհրաժեշտ է ընդամենն ազատ արձակել բոլոր քաղկալանավոր տղերքին և ամենաբարձր մակարդակով երկխոսություն սկսել այն ուժի հետ, որը պատրաստ է լուծումներ գտնելու քաղաքական հարթության մեջ, որը, ըստ ամենայնի, հենց Հայ ազգային կոնգրեսն է։ 2008-ի հանրահավաքների ժամանակ Սերժ Սարգսյանին ուղղված Տեր-Պետրոսյանի հորդորները ոչ միայն ժամանակավրեպ չեն, այլև կարող են դառնալ երկրի զարգացման կարևոր մեկնակետ:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ