ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՃԸ ԶՍՊԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՃԸ ԶՍՊԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»
02.04.2010 | 00:00

Եթե ՀՀ նախագահը մինչ այժմ Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների համար խիստ զգուշացումներ էր պահանջում, ապա այժմ սկսվում է երկրորդ` խիստ պատիժների փուլը, իսկ բացթողումների հետևանքների շտկումը ներկայացվելու է առանձին տեղեկանքով ու սահմանված ժամանակացույցով։ Այս «աչքալուսանքով» վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեց կառավարության երեկվա նիստը։ Ընդհանրապես, երեկ վարչապետի տրամադրությունը բավականին բարձր էր, երևի թե պատճառը եռամսյակային ձեռքբերումներն էին։ Ճիշտ է, դրանց մասին նա խոսեց ապրիլի 1-ին` Հումորի և երգիծանքի օրը։
«Այսօր առավոտյան մենք ամփոփեցինք առաջին եռամսյակի արդյունքները։ Պետք է արձանագրենք, որ 2009-ին մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումներն արդեն իսկ ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա։ Առաջին երկու ամիսների համախառն ներքին արդյունքի պաշտոնական ցուցանիշը 2,5 անգամ գերազանցում է ծրագրայինը։ Դա տեղի է ունեցել հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ։ Միևնույն ժամանակ պետական բյուջեի հարկային կատարողականը վկայում է, որ եռամսյակում նույնպես ունենալու ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշ, որովհետև գերակատարել ենք և՛ հարկային, և՛ սոցիալական վճարների եռամսյակային ցուցանիշները։ Հարկային մուտքերի մեր ծրագրային ցուցանիշը 117 մլրդ էր, փաստացին 126 մլրդ 733 մլն է, այսինքն` շուրջ 9,5 մլրդ-ով գերակատարվել է հարկային ծրագիրը։ Սոցիալական նպաստների գծով ծրագրել էինք հավաքել 22 մլրդ, փաստացին կազմում է 26 մլրդ, կամ շուրջ 4 մլրդ դրամով գերակատարում ունենք։ Չափազանց կարևոր է, որ առաջին եռամսյակում արձանագրվել է աշխատավարձի շուրջ 5,8 տոկոս աճ, ինչը նույնպես վկայում է դրական դինամիկան, որովհետև աշխատավարձը բարձրացել է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում։ 16 տոկոս ներմուծման դիմաց շուրջ 53 տոկոսով աճել է արտահանումը։ Այն պայմանավորված է արդյունաբերության աճի տեմպերով. լեռնահումքային արդյունաբերությունն աճել է 45, մշակող արդյունաբերությունը` 9 տոկոսով, շինանյութի արտադրությունը կրկնապատկվել է։ Ադամանդագործությունը և ոսկերչությունն աճի բարձր տեմպեր են արձանագրել, ադամանդագործությունը` 39, ոսկերչությունը` 25, դեղագործությունը` 16 տոկոս։ Թվարկված բոլոր ճյուղերը հիմնականում արտահանման ցուցանիշը բարելավող ճյուղերն են։ Ամենամտահոգիչ խնդիրը գնաճի բարձր մակարդակն է։ Մենք մտել ենք գնաճային բարձր մակարդակի փուլ, որը պայմանավորված է նաև հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականությամբ, և դա բնական է, որովհետև ընդլայնողական քաղաքականությունը, մի կողմից, խթանում է տնտեսական աճը, բայց մյուս կողմից` բերում է գնաճային ճնշումներ։ Ե՛վ կառավարության, և՛ Կենտրոնական բանկի գերակա խնդիրն այս ոլորտում լինելու է գնաճի ճնշումը զսպելու միջոցառումների իրականացումը։ Մարտ ամսին փետրվարի նկատմամբ արձանագրել ենք 0,8 տոկոս գնաճ, որը վատ ցուցանիշ չէ` նախորդ երկու ամիսների համեմատ, իսկ ընդհանուր առմամբ մարտին դեկտեմբերի համեմատ ունենք 2,9 տոկոս գնաճ։ Եթե վերցնենք տարվա գնաճի ցուցանիշը, ապա այն ավելի բարձր է` 8,8 տոկոս։ Այսօրվա գնահատականով և Կենտրոնական բանկի կանխատեսումով` մինչև տարեվերջ մեզ կհաջողվի փոքր-ինչ զսպել գնաճը, և բնականաբար այս ցուցանիշները կնվազեն։
Մեր աշխատանքները պետք է ընթանան երեք ուղղությամբ։ Առաջինը հարկաբյուջետային քաղաքականությունն է։ Մենք ԱՄՀ-ի հետ համաձայնության ենք եկել, որ մեր բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները 2010-ի գնաճի վրա ունենալու են չեզոք ազդեցություն, ավելին, եթե մեզ հաջողվի հարկերի հավաքման տեմպը պահպանել, զսպող ազդեցություն կունենանք նաև գնաճի մակարդակի վրա։ Կենտրոնական բանկը նույնպես խստացնում է իր գործիքակազմը` նպատակ ունենալով զսպելու գնաճի ճնշումը։ Առաջին եռամսյակի բյուջետային կատարողականը հետևյալն է. ծրագրված 180 մլրդ ծախսի դիմաց այս պահին կատարել ենք 167 մլրդ-ի ծախս, տնտեսել ենք շուրջ 13 մլրդ դրամ, ինչը, բնականաբար, դրական ազդեցություն է թողնում գնաճի զսպման վրա։ Չափազանց կարևոր է դեֆիցիտի ցուցանիշը։ Մեր ծրագրած դեֆիցիտն առաջին եռամսյակում պետք է կազմեր 32,8 մլրդ դրամ, փաստացի կազմել է 8,2 մլրդ, որը նույնպես իր զսպողական ազդեցությունը կթողնի գնաճի վրա։ Հարց է առաջանում, թե այս իրավիճակում ո՞րն է առավել արդյունավետ սոցիալական քաղաքականությունը։ Կան տարբեր մոտեցումներ։ Բավական մեծ ճնշում կար մեր նկատմամբ այն առումով, որ նպատակահարմար է, որ պետությունը վարչական ձևերով միջամտի և գների բարձրացում թույլ չտա։ Դա նշանակում է ուղղակի սուբսիդավորել այն ճեղքվածքը, որը բացահայտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սա սոցիալական խնդիրները լուծելու և գնաճը զսպելու լավագույն ձևը չէ։ Ավելին, դա աղքատության կրճատման ռազմավարության տեսակետից վատագույն տարբերակն է։ Լավագույն տարբերակն այն է, որ եթե պետությունն ունի ֆինանսական միջոցներ, առաջին հերթին պետք է սուբսիդավորի անապահով, սոցիալապես խոցելի խավերին։
Ցանկանում եմ նաև ձեզ տեղյակ պահել, որ ԱՄՀ-ն հաստատել է համագործակցության ՀՀ կառավարության հաշվետվությունը, որը նշանակում է, որ կանաչ լույս է վառվել մեր ծրագրի շարունակության համար, որ մենք կստանանք ծրագրված ֆինանսական օժանդակությունը։ Այս տարի շուրջ 150 մլն դոլար միայն ԱՄՀ-ից ենք ստանալու, բացի այդ, դա կանաչ լույս է վառում մեր բոլոր միջազգային ծրագրերի իրականացման ճանապարհին։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, թե կառավարությունն ինչ պաշար ունի կուտակած Կենտրոնական բանկում (այս թեմայով մամուլում քննադատություն է հնչել)։ Այս պահին մենք 150 մլրդ դրամից ավելի պաշար ունենք ԿԲ գանձապետական հաշիվներում։ ՈՒնենք նաև Կայունացման հիմնադրամ, որը նույնպես, եթե լինեն ճգնաժամից բխող բացասական, անկանխատեսելի հետևանքներ, կարող ենք ուղղել տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը։ Այսինքն, 2009 թվականի ընթացքում մեր ֆինանսական և մակրոտնտեսական կայունությունը չի խաթարվել։ Ավելին, մենք ԿԲ-ի մեր պաշարն ավելացրել ենք, և դա հույս է ներշնչում, որ 2010 թվականի ծրագրերը մեզ կհաջողվի գերակատարել»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ