ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՎՍՏԱՀ ՄԵԿՆԱՐԿ

ՎՍՏԱՀ ՄԵԿՆԱՐԿ
19.10.2010 | 00:00

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Տղամարդիկ մրցում են 26-րդ անգամ, կանայք` 15-րդ: Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում են «Միկա» ակումբի երկու թիմերը:
Տղամարդկանց յուրաքանչյուր թիմ մրցաշարին հայտավորել է ութ շախմատիստի, որոնցից վեցը հիմնական կազմի խաղացողներ են, երկուսը` պահեստային, իսկ կանայք մրցում են «4+1» ձևաչափով: Հայտավորված է տղամարդկանց 49, կանանց` 14 թիմ: Մրցաշարն անցնում է շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով:
Տղամարդկանց մրցաշարը հավաքել է բավականին ուժեղ կազմ. մասնակցում են համաշխարհային վարկանիշային ցուցակը գլխավորող բազմաթիվ գրոսմայստերներ: Անհատական ամենաբարձր վարկանիշն ունի մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանը: «Միկայի» հիմնական կազմի մյուս խաղացողներն են Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը, պահեստայիններ` Հրանտ Մելքումյանն ու Աշոտ Անաստասյանը: Թիմի ավագն է Լևոն Արոնյանը: Թիմային միջին վարկանիշով (2737) լավագույնն ադրբեջանական «Սոկար» թիմն է, որի կազմում, բացի տեղացի շախմատիստներից, հանդես են գալիս նաև մի շարք հրավիրյալ շախմատիստներ` Գրիշչուկը, Շիրովը, Վաշիե-Լագրավը, Կասիմջանովը: Հայկական թիմը միջին վարկանիշով (2670) յոթերորդն է:
Կանանց «Միկայում» խաղում են Էլինա Դանիելյանը, հնդկուհի Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը: Մեր թիմն առաջնությունում միջին վարկանիշով հինգերորդն է և, փաստորեն, պահեստային խաղացող չունի: Թիմի ավագն է Անահիտ Վարդապետյանը: Թիմին կօգնի նաև կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, տղամարդկանց «Միկայի» պահեստային խաղացող Աշոտ Անաստասյանը: Այս առաջնությունում հաջող հանդես գալու դեպքում անհատական վարկանիշով առաջինը դառնալու հնարավորություն ունի Լևոն Արոնյանը: Ընթացիկ վարկանիշով նա հետ է մնում միայն առաջնությանը չմասնակցող Վիշվանաթան Անանդից (2803) և Մագնուս Կառլսենից (2801): Լևոնն այժմ ունի 2794 միավոր:
Կանանց «Միկան» եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությանը մասնակցելու մեծ փորձ ունի: Մեր աղջիկներն ասպարեզ են դուրս եկել վեցերորդ անգամ: 2006 թվականին Ավստրիայում «Միկան» դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ 2007-ին Թուրքիայում` երրորդ մրցանակակիր: Բոլոր վեց առաջնություններին մեր թիմի կազմում մասնակցել է Էլինա Դանիելյանը, որը երկու անգամ իր խաղատախտակի վրա զբաղեցրել է երրորդ տեղը: Առաջնություններից հինգին մասնակցել է Լիլիթ Մկրտչյանը:
Առաջնությունում սահմանված են դրամական մրցանակներ: Տղամարդկանց ակումբային չեմպիոնը կստանա 10 հազար եվրո, 2-րդ տեղ զբաղեցնողը` 5000, 3-րդը` 3750, 4-րդը` 2500 և այլն: Կանանց մրցանակները, համապատասխանաբար, հետևյալն են` 6000, 3000, 1800, 1200 եվրո: Կան նաև անհատական մրցանակներ. տղամարդկանց մրցաշարում խաղատախտակների վրա հաղթողներին բաժին կհասնի 800, 2-րդ տեղը գրավածներին` 600, իսկ 3-րդին` 400 եվրո: Կանանց մրցաշարում մրցանակները, համապատասխանաբար, կլինեն 350, 250 և 200 եվրո:
Առաջին խաղափուլում տղամարդկանց «Միկան» մրցեց Լուգանսկի «Լուգպոկերչեսս» թիմի հետ և հաղթեց խոշոր 5,5-0,5 հաշվով: Սրցամարտին չմասնակցեց Լևոն Արոնյանը: Հաղթանակներ տարան Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը, ոչ-ոքի խաղաց Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ փուլում մեր թիմի մրցակիցը իսրայելական «Բեեր Շևա» թիմն էր:
Կանանց մրցաշարի առաջին խաղափուլում մեր աղջիկները 4-0 չոր հաշվով հաղթեցին իսրայելական Հերցլիայի շախմատային ակումբի թիմին: ՈՒշագրավ է, որ այդ թիմի առաջին խաղատախտակի վրա խաղում է Բոտվիննիկ ազգանունով շախմատիստուհին: Երկրորդ խաղափուլում «Միկայի» աղջիկները մրցեցին Սանկտ Պետերբուրգի շախմատային ակումբի թիմի հետ, որի կազմում խաղում են շատ ուժեղ շախմատիստուհիներ Վիկտորյա Չմիլիտեն, Մոնիկա Սոչկոն, Քեթևան Արախամիա-Գրանտը և Եկատերինա Աթալիկը:
Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 16701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ