Ռուսաստանը և Եվրամիությունը պետք է համաձայնության գան՝ հետխորհրդային տարածքում գտնվող ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների շուրջ՝ ասել է ՌԴ Անախարար Սերգեյ Լավրովը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո:
«Կարծում եմ ճիշտ կլինի, որ մենք համաձայնության գանք այն սկզբունքների շուրջ, որոնք ներառում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորություններ, լինի հետխորհրդային տարածքում, Արևմտյան Բալկաններում, թե այլուր», - ասել է Լավրովը:
Ջոզեպ Բորելն ասել է, որ Ռուսաստանը և ԵՄ-ն դեռևս տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, սակայն անհրաժեշտ է համագործակցության համար հնարավոր ուղիներ փնտրել: «Անհրաժեշտ է ընդհանուր լեզու և փոխըմբռնման ոլորտներ գտնել: Սա է իմ այցի նպատակը: Սա ընդամենը առաջին քայլն է: Մենք դեռ տարաձայնություններ ունենք մի քանի հարցերի շուրջ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փնտրել ոլորտներ, որոնցում կարող ենք համաձայնության գալ և համագործակցել», - նշել է Բորելը: Ըստ նրա՝ կան ոլորտներ, որտեղ Մոսկվան և Բրյուսելը կարող են և պետք է համագործակցեն, քանի որ այդ դեպքում լավ արդյունքներ կգրանցվեն: Բորելը ընդգծել է, որ ՌԴ նախարարն արդեն իսկ նշել է դրանցից մի քանիսը, և հավելել, որ ինքը ևս նույն կարծիքին է:
«Մշակույթի, առողջապահության, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ոլորտներում, կլիմայի փոփոխության, Արկտիկայում տարվող աշխատանքների և թվային միջավայրի հարցերում: Այստեղ կան բազմաթիվ համատեղ միջոցառումներ, որոնք ենթադրում են առանձին կողմերի սերտ համագործակցություն», - նշել է Բորելը և հավելել, որ երկու կողմերի միջև կարող է հաջող համագործակցություն ձևավորվել նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպես օրինակ Իրանի միջուկային համաձայնագիրն է: