«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մահացու բախումներից հետո հրադադարը Լեռնային Ղարաբաղում սպառնալիքի տակ է

Մահացու բախումներից հետո հրադադարը Լեռնային Ղարաբաղում սպառնալիքի տակ է
16.12.2020 | 10:35

Արյունը նորից ներկեց Լեռնային Ղարաբաղի ձյունը: Դեկտեմբերի 11-ի ու 12-ի զինված միջադեպերը ի հայտ բերեցին ընդամենը մեկ ամիս առաջ ստորագրված հրադադարի կարճ հայտարարության չկարգավորված հարտվածները: Կանոնավոր բանակի հարձակման հետևանքով հայկական դիմադրության մինչև այսօր աննկատ մնացած Հադրութի գյուղի վրա՝ սպանվեց ադրբեջանցի 4 զինվոր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը հայտնում են 6 վիրավորի մասին՝ գրում է Պոլ Տավինյոն Le Monde-ում: Մարտական գործողությունների գոտին Ադրբեջանի տարածքում 30 տարի մնացել է հայկական անջատողական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժերի վերահսկողության տակ և լեռնային շերտ է, որ ուղղահայաց իջնում է Լաչինի միջանցքից հարավ-արևելյան ուղղությամբ Ջեբրայիլ քաղաք-ուրվական: 6 գյուղեր մնացել են Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ ենթադրաբար գրավված լինելով Շուշիի վրա հարձակման ժամանակ: Խոսքը գոտու մասին է, որ «մոռացել են» Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը պաշտպանող 1600 ռուս խաղաղապահները:


«Չկա 100 տոկոսանոց հստակություն՝ ինչ է տեղի ունեցել վերջին մի քանի օրերին, բայց իրավիճակն անկայուն է,-գրել է ռազմական փորձագետ Ռոբ Լին իր Twitter-ում:-Ռուս խաղաղապահները քիչ են, որ ծածկեն շփման ամբողջ գիծը, իսկ ես վստահ չեմ, որ հայ ղեկավարները գիտեն՝ որտեղ են իրենց բոլոր զինվորները»: Չնայած այդ բարձրաբերձ ու ձնապատ տարածքի դժվարամատչելիությանը, ռուսական զորքերը շտապեցին միջամտել՝ կանխելու լարումը, որ կարող էր նրանց իմիջը փչացնել և գուցե նույնիսկ փխրուն հրադադարը վերածել նոր արյունոտ բաղնիքի: Ռուս խաղաղապահ ուժերի դիվանագետ հրամանատար Ռուստամ Մուրադովը մեղավորների անուններ չտվեց. «Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որ կանխվել է ռուսական խաղաղապահների գործողություններով: Այս պահին իրավիճակը նորմալացել է»:

Ադրբեջանի ՊՆ-ն կիրակի օրը հայտարարեց, որ «հայկական 3 զինված ջոկատներ տարածքը լքելու փոխարեն վերջին օրերին մարտական դիրքեր են զբաղեցրել»: Բաքուն թվարկել է նոյեմբերի 26-ից դարանակալ գործողությունների շարք, որոնց հետևանքով ադրբեջանցի 4 զինվոր է սպանվել, մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել: Պատասխան գործողությունները ուրբաթ և շաբաթ որակվել են «հակաահաբեկչական»: Երևանը մեղադրել է Բաքվին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի հայտարարել է, որ Ադրբեջանը օգտվել է նրանից, որ ռուս խաղաղապահները «տեղակայված չեն Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում, որ գրոհել են»:
Խաղաղապահ առաքելության քարտեզները անողորմ են, հրադադարը սևագիր է, իսկ իրավիճակն՝ անհանգիստ: Սոցիալական ցանցերում տարածվող տեսագրությունները ատելություն են տարածում, հրադադար քարոզող ձայները կամ հազվադեպ են, կամ անլսելի: Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի ձայնը զենքը վայր դնել չի կոչում: Շաբաթ օրը նա չորությանբ հասկացրեց Մինսկի խմբի դիվանագետներին (ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիին ու ամերիկացի Էնդրյու Շեֆերին), որ ձախողվել են բոլոր կետերով: «Ես հաճախ եմ ձեզնից լսել, որ այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում: Ես պատասխանեցի՝ ունի: Պատմությունը ցույց տվեց, որ ես ճիշտ էի»: Կովկասում այնքան երկար են զենքերը զնգում, որ բանականությունը դրդում է գտնել քաղաքական լուծում: Միայն քաղաքական լուծումը կարող է հավերժացնել «ռազմական լուծումը»:
Պոլ Տավինյո, Le Monde


Հ.Գ. Կովկասում այնքան երկար են զենքերը զնգալու, որքան պետք լինի, որ քաղաքական լուծումը վերականգնի Արցախի Հանրապետության տարածքն ու լուծի կարգավիճակի հարցը: Եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողանա դա անել, անելու են հայերը՝ արցախցիները պիտի տուն վերադառնան: Իլհամ Ալիևը տիրակալ չէ, մենք էլ նրա հպատակը չենք, որ ինչ ասի՝ մեզ համար օրենք լինի: Նրա ու մեր «պատմությունները» միշտ տարբեր են եղել: Այս անգամ էլ մեր պատմությունը ցույց է տալու, որ եթե միջազգային հանրությունը դիվանագիտական ճանապարհով չի կարողանում հարցը լուծել, լուծելու է հայ զինվորը՝ թեկուզ 24 տարի հետո, ինչպես արեցին ադրբեջանցիները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ