Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Էրդողանը չի վախենում Եվրոպայի պատժամիջոցներից

Էրդողանը չի վախենում Եվրոպայի պատժամիջոցներից
10.12.2020 | 12:21

Դեկտեմբերի 11-ին նշանակված ԵՄ սամիթը խոստանում է լինել բուռն ու աղմկոտ: Ֆրանսիան, Հունաստանն ու Կիպրոսը ձեռնարկել են առավելագույնը, որ «դատավարություն» անեն Թուրքիայի նկատմամբ՝ օրակարգում ներառելով Արևելյան Միջերկրականում կոնֆլիկտը և հնարավոր պատժամիջոցները Անկարայի նկատմամբ՝ տարածաշրջանի վիճելի ջրերում բնական գազի հետախուզման առնչությամբ: Արտահայտվում է տեսակետ, որ վերանայվելու են Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ: Ձեռնարկվել են նաև ոչ վիրտուալ սկանդալ սարքելու փորձեր: Գերմանիայի հատուկջոկատայինները բացահայտ ուղղորդումով գրավել են թուրքական նավը՝ նավաստիներին կասկածելով զենքի տեղափոխման մեջ Լիբիայի Միսուրատա նավահանգիստ: Խուզարկության ժամանակ անօրինական ոչինչ չի գտնվել:

Թեպետ նավի կապիտանը ներկայացրել է մանրամասն տեղեկատվություն փոխադրվող բեռի մասին, նրան ու նավաստիներին երկար ժամանակ բռնի պահել են և նավում իրականացրել խուզարկություն: Բրյուսելում ու հատկապես Փարիզում շատ ուշադիր հետևել են Թուրքիայի գործողություններին ղարաբաղյան պատերազմում, որտեղ Անկարան միանշանակ Ադրբեջանի կողմից էր: Անկարային կարելի է մեղադրել, որ իր հայտարարություններով հրահրում էր Բաքվի մարտական ոգին, բայց միջազգային իրավունքի տեսակետից բարդ է Անկարայի գործողությունները դատապարտել: ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շուքյուր Էլեկդաղը Sözcü-ին հարցազրույցում կոչ է արել թուրքական քաղաքականության եվրոպացի քննադատներին վերլուծել նրա բոլոր հաջողությունները ղարաբաղյան պատերազմում: «Հրադադարի համաձայնագրով ռուս զինվորականները խաղաղապահների անվան տակ տեղակայվեցին Ղարաբաղում, -նշում է Էլեկդաղը:-Ղարաբաղը հայկական օկուպացիայից անցավ ռուսական ռազմական տիրապետության տա: Դա ունենալու է ռազմավարական հետևանքներ: Ռուսաստանն ընդլայնեց իր գերակայությունը տարածաշրջանում»:

Իհարկե, Ադրբեջանում այս պատերազմում հաղթանակը ստեղծել է տոնի ու հրճվանքի մթնոլորտ: Բայց պետք է ընդունել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաջողվեց իր շահերի համար օգտագործել ալյանսը Թուրքիայի հետ և դիվանագիտությունը Ռուսաստանի հետ: Էլեկդաղը գտնում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ «ազատագրվել են Ադրբեջանի օկուպացված տարածքները և ամբողջ Ղարաբաղը»: Անկարան «Ռուսաստանի հետ միասին մասնակցելու է համատեղ խաղաղապահ առաքելությանը, որ ստեղծվում է տարածաշրջանում վերահսկելու հրադադարի համաձայնության կատարումը»: Բայց հետագայում, ինչպես պարզվեց, Թուրքիան մեկուսացվեց քաղաքական գործընթացից և չներառվեց խաղաղապահ ուժերի մեջ, որ վերահսկելու են հրադադարը «ցամաքում», Լեռնային Ղարաբաղի խնդիրը «պահպանվեց»: Ֆրանսիան, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ընդհանրապես դուրս մնաց գործընթացից ու այնքան էլ հասկանալի չէ՝ ո՞վ, ինչպե՞ս և ու՞մ նյարդերի վրա է փորձում խաղալ՝ Թուրքիայի՞, թե՞ նրա եվրոպացի հակառակորդների: ԵՄ-ն շարունակ սպառնում է Անկարային ինչ-որ մշուշոտ պատժամիջոցներով՝ մեկ կարճաժամկետ, մեկ՝ միջնաժամկետ, մեկ՝ երկարաժամկետ, բայց Թուրքիան չգիտես ինչու չի վախենում:

Le Monde-ը, պարզելով թուրքական այդքան վճռական արտաքին քաղաքականության պատճառները, գտնում է, որ Էրդողանը, ի տարբերություն Եվրոպայի ղեկավարների, գրագետ հաշվարկել է «իր նոր ազգային սիրավեպը գրելու» պահը: Խոսքը միայն պատմության հին դևերին արթանցնելու ունակության մասին չէ: Հիմա Անկարան խաղարկում է սեփական պարտիան, օգտվելով տարածաշրջանում կարգավորիչ տերության բացակայությունից, քանի դեռ ԱՄՆ-ը խառն է իր գործերով: Թուրքիային Մոսկվայի կողմից էքզիստենցիալ սպառնալիք չկա: Համենայն դեպս՝ առայժմ: Անկարան հասկացել է, որ երբեք չի դառնա ԵՄ լիիրավ անդամ, նույնիսկ եթե կատարի իրենից պահանջվող բոլոր բարեփոխումները: Այստեղից էլ այն սցենարների պահանջարկվածություն, ինչպես «երկնագույն հայրենիքը», որ ենթադրում է Թուրքիայի ինքնիշխանության հաստատումը Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում 462 000 քառակուսի կիլոմետրի վրա: Կամ՝ «Ասիայում խորքային պատմության»: Ի տարբերություն նախկին ճգնաժամերի ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ, Թուրքիայի ներկա պրոբլեմները նրանց հետ հանգում են «սովորական դիմակայության»: Թուրքիայի համար դա և կոնֆլիկտ է, և պատմական աշխարհաքաղաքական շրջադարձի հնարավորություն միաժամանակ: Ստամբուլի Բելգե համալսարանի քաղաքագետ Էմրե Գոնենը գտնում է, որ Անկարան միշտ կարողացել է օգտագործել փաստը, որ «ԵՄ-ում երբեք չի եղել արտաքին քաղաքական կոնսենսուս»: Նա «չի սպասում կոշտ պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ ԵՄ սամիթից»: Նրա խոսքով՝ «լարումը կշարունակի աճել հետագայում էլ, ԵՄ-ն չի կարողանա գտնել լուծում, բայց դա վերահսկվող կոնֆլիկտ է գլոբալ ենթատեքստով»: Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հավաստիացրել է, որ ԵՄ-ն «կշարունակի երկխոսությունն Անկարայի հետ նույնիսկ Արևելյան Միջերկրականում լարվածության ֆոնին»: Եվրոպան չի ցանկանում կորցնել Թուրքիային, բայց և չի պատրաստվում թուրքերին վերաբերվել իբրև եվրոպացիների: Նրանք հասկանում են, որ իրենց եվրոպացի չեն համարելու ու շարունակում են իրենց խաղը: Էրդողանն ավելի խոր է մտածում՝ մեղադրելով ԵՄ-ին «ռազմավարական կուրության» մեջ և կոչ է անում Բրյուսելին դադարել՝ իրեն իբրև «հարվածային գործիք» օգտագործել ի շահ Հունաստանի ու հույն-կիպրացիների: Այնպես որ՝ ամեն մեկին իրենը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Նախ՝ ինչ վերաբերում է ոչվիրտուալ սկանդալին: Սկանդալը միանգամայն իրական էր և բնավ էլ այդ բովանդակությունը չուներ: Թուրքական նավը իրոք զենք էր տեղափոխում Լիբիայի Միսուրատա նավահանգիստ: Գերմանացիները նավը կանգնեցրել են միանգամայն օրինական՝ Միջերկրականում մաքսանենգության դեմ պայքարի ԵՄ օրենսդրության շրջանակներում, բայց թուրքերը, որոնց իբր ձերբակալել են և այլն, և այլն, գերմանացիներին թույլ չեն տվել նավը զննել: Եվ սկանդալը հենց դա էր, ոչ թե այն, ինչ փորձ է արվում ներկայացվել: Ու հենց այդ սկանդալն է Բունդեստագում հետաքննության նյութ դարձել:


Սկանդալ է նաև, որ Թուրքիային կարելի է մեղադրել միայն Ադրբեջանին հրահրելու մեջ, պատերազմի օրերին ՌԴ ԱԳՆ-ն օրը մեջ խիստ մտահոգություն էր արտահայտում Թուրքիայի՝ Ադրբեջան տեղափոխած սիրիացի վարձկանների առնչությամբ, փաստացի՝ երկու պետությունները հովանավորում ու զբաղվում էին միջազգային ահաբեկչությամբ, ու ստացվում է, որ պատերազմից հետո կամ Մոսկվան ահաբեկչության թեման «փակում է», կամ՝ միջազգային ահաբեկչությունն այլևս միջազգային իրավունքի տեսակետից դատապարտելի չէ: Հավելած՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զենքի կիրառումը Արցախում ու ռազմական հանցագործությունները գերիների, խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերի կասետային ու ֆոսֆորային ռումբերով ավերելը: Միանգամայն օրինաչափ է Ռուսաստանի բացասական վերաբերմունքը Ֆրանսիայի նախաձեռնությունների նկատմամբ, որ լիովին միջազգային իրավունքի շրջանակներում են, Մոսկվան պաշտպանում է Անկարայի ու Բաքվի տեսակետը՝ Մինսկի խմբից Ֆրանսիային հանելու հարցում, որովհետև այս պահին Ֆրանսիան միակ երկիրն է, որ պաշտպանում է հայկական կողմի շահերը, իսկ դա հակասում է տարածաշրջանում ռուս-թուրքական նոր ստատուս քվոյի հաստատմանը: Էրդողանը իսկապես լավ խաղարկում է ԵՄ 27 երկրների շահերի տարբերությունները և արտաքին միասնական քաղաքականության բացակայությունը, բայց դա չի նշանակում, որ Էրդողանը իրավունք ունի մտնել Հունաստանի ու Կիպրոսի տարածքային ջրեր, որ չգիտես ինչու, որակվում են վիճելի տարածքներ: «Երկնագույն հայրենիքը»՝ Թուրքիայի ինքնիշխանության հաստատումը Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում 462 000 քառակուսի կիլոմետրի վրա նույն էքսպանսիոնիստական քաղաքականությունն է՝՝ ինչ Թուրքիայի Կովկաս մտնելը: Պատահական չէր Մևլութ Չավուշօղլուն Սերգեյ Լավրովին կոչ արել արդարաբար կիսել հայկական հողերը: Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է և կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը: Նա օրինակ է բերել Հայաստանը, որը «ցանկանում էր շարունակել Ադրբեջանի տարածքների օկուպացիան»: «Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Հիմա էլ ասում ենք, որ այս կարգավորումը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի օգտին: Այդ իսկ պատճառով, մենք կողմ ենք արդար բաժանմանը (կիսելուն): Մենք ուժեղ ենք թե բարոյապես և թե իրավական առումով և մեր այդ ուժն առաջիկա գործընթացում շարունակելու ենք կիրառել հօգուտ բոլորի», ասել է նա:


«Կիսելու» քաղաքականության մեջ Թուրքիայի գործընկերը Ռուսաստանն է, որի հետ «խաղաղարարություն» են անում Լիբիայից Կովկաս: Չավուշօղլուի խոսքերը նույն օրը հաստատեց Լավրովը՝ հայտարարեց, որ Թուրքիայի հետ սկզբունքային տարաձայնություններ չունեն և որպես բարեկամ երկրներ՝ հաջողությամբ իրականացնում են կիսելու քաղաքականությունը: Դերերի բաշխումը նույնպես հարմարեցված է կիսելու քաղաքականության առանձնահատկություններին՝ թուրքերն ագրեսոր են, ռուսները՝ փրկիչ: Այս սխեմայով աշխատանքն իսկապես հաջողություն է բերում, ինչպես ասում է Լավրովը: Թուրքերը երբեմն դժգոհում են, բայց դեմ չեն այդ կերպարով իրենց հարցերը լուծելուն: Իսկ ռուսներին բնականաբար շնորհակալ են լինում, ինչպես հայ ժողովուրդը՝ իր տարածքների օկուպացիայի ու հազարավոր զոհերի համար, երբ ռուսներն ու թուրքերը կիսեցին Ղարաբաղը: Արդարաբար: Հուսանք՝ ոչ երկար ժամանակով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ