Ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները հաղթանակը Արցախում համեմատում են Դարդանելի նեղուցի՝ Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի հետ: Թերևս ճիշտ են: Բայց Գալիպոլին չփրկեց Օսմանյան կայսրությունը կործանումից, ու նաև դա է ճիշտ:
Ճիշտ է նաև, որ մենք 2020-ին հայտնվել ենք 1994-ի իրավիճակում՝ հակառակ կողմից, բայց հիմա կա ոչ թե Ելցինի Ռուսաստան, որ հայտարարել էր ժողովրդավարացման ու Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականություն, այլ Պուտինի Ռուսաստան, որ Արևմուտքի հետ լարված հարաբերությունները պրոյեկտում է ամենուր, հետևաբար մեր տարածաշրջան, ու մենք իբրև թշնամի ենք ստանում Ռուսաստանի թշնամիներին, իսկ բարեկամներ Ռուսաստանը համարյա չունի: Փաստացի՝ այս պատերազմում Ռուսաստանը տանուլ տվեց Թուրքիային, բայց ի վերջո՝ շահեց՝ մտնելով Հարավային Կովկաս, իսկ մենք հայրենիք կորցրինք: Պատերազմի ժամանակ համարում էինք, որ 3 անգամ հայտարարված հրադադարը չգործեց Անկարայի թելադրանքով, բայց չնկատեցինք, որ ինչ-որ պահից թուրքական ու ռուսական շահերը համընկան, և պատերազմը շարունակվում էր ոչ միայն Էրդողանի, այլև Պուտինի կամքով: 1000 Նիկոլ Փաշինյան լիներ, եթե Պուտինը ցանկանար պատերազմը կանգնեցնել, կկանգնեցներ: Նրան պետք էր ռուս խաղաղապահների տեղակայման հենց այս աշխարհագրությունը, ուստի մենք պետք է հանձնեինք Շուշին: Շուշին հանձնվեց ոչ թե ռազմական պարտությամբ, այլ քաղաքական որոշումով: Շուշին՝ խաղաղության դիմաց: ՈՒնե՞ր Ռուսաստանը ավելի վաղ խաղաղապահներ մտցնելու իրավական հիմքեր: Միանգամայն: ՌԴ ԱԳՆ-ն օրը մեկ հայտարարում էր, որ խիստ մտահոգված է Սիրիայից ահաբեկիչների տեղափոխմամբ և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու փաստով: Ցանկության դեպքում՝ հակաահաբեկչական դեսանտ իջեցնելը կամ նրանց ռուսական ռազմաօդային ուժերի հարվածի սպառնալիքը տեղնուտեղը կանգնեցնելու էր Ադրբեջանին ու Թուրքիային: Անօդաչուների հարձակումները և խաղաղ բնակչության սպանությունները ՀՀ տարածքում երկրորդ պատճառն էին, որ Մոսկվան կարող էր միջամտել պատերազմին: Չարեց:
Այսօր ռուսական լրատվամիջոցներով շահարկվում է, որ Հայաստանը չդիմեց ՀԱՊԿ-ին: Դա դեմագոգիա է: Բոլորը գիտեն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմեր-չդիմեր, ՀԱՊԿ-ի քաղաքական քննարկումներն ու տեղից շարժվելը, իմա՝ Հայաստանին ռազմական օգնություն ցույց տալը լինելու էր կամ չափազանց ուշ, կամ ընդհանրապես չէր լինելու: Երբ Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը շրջում էր ՀԱՊԿ-ի միջինասիական հանրապետություններում ու Թուրանի բանակի պայմանավորվածություններ ստանում, ՀԱՊԿ պետություններից մեկնումեկը վետո էր դնելու Հայաստանին աջակցության որոշման վրա: Բայց կար հայ-ռուսական պայմանագիրը, և Մոսկվայի պահանջով Նիկոլ Փաշինյանը ստեպ-ստեպ հայտարարում էր, որ Մոսկվան կատարել ու կատարում է Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները: Չէր կատարում ու չկատարեց՝ Մոսկվան չէր ուզում առճակատում Թուրքիայի հետ: 9 կետով եռակողմ հայտարարության տակ, թեև չկա Էրդողանի ստորագրությունը, Էրդողանին ու Ալիևին լիովին ներկայացնում էր Պուտինը, որ իր խոսքով՝ ինքն է գրել հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը համաձայն էր նրա հետ ու չպաշտպանեց ոչ Հայաստանի, ոչ Արցախի շահը: Այդպես «Հաղթում ենք»-ը դարձավ «Գաղթում ենք»:
Մենք այս պատերազմը ի սկզբանե էինք տանուլ տվել: 44 օր դիմադրելու համար շնորհակալ պիտի լինենք ոչ թե բանակին, այլ զինվորների ու սպաների անձնական հերոսությանը: 21-րդ դարի պատերազմի 20-րդ դարում մնացած մեր բանակը անպատրաստ էր: Հայ ժողովուրդը երբեք իր քթից այն կողմ չի ցանկանում տեսնել, իշխանությունը՝ առավել ևս: Ռազմական գաղտնիք չէր, որ Ադրբեջանը զինվում է ժամանակակից հարձակողական զենքերով: Ռազմական գաղտնիք չէր, որ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ բանակցություններն ապարդյուն են, ու հարցը ռազմական ճանապարհով է լուծելու:
Ռազմական գաղտնիք չէր, որ Անկարան կանգնելու է Բաքվի կողքին: Այսքան ռազմական ՉԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ դիմաց ի՞նչ էինք անում մենք: Ի՞նչ եզրակացություններ արվեցին 2016-ի քառօրյայում միջազգային կառույցների վարքագծի վերաբերյալ: Ոչ մի: Այսօր պարտված է ոչ միայն մեր բանակը, այլև դիվանագիտությունը: Փաստը, որ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է առանց ԱԳ նախարարի իմացության, խոսուն վկայություն է, թե դիվանագիտությանը ինչ վերաբերմունք կա Հայաստանում: ՈՒր մնաց աշխարհում: Անգամ այս իրավիճակում Հայաստանում շարունակվում է ամբիցիաների պայքարը, չեն արվում անհրաժեշտ ու հնարավոր քայլերը, որ դեռ կարող են տարածքներ փրկել: Գործնականում իշխանությունը կաթվածահար է: Գործում են միայն պատժիչ մեխանիզմները: Եռօրյա ընդհատակային ինքնամեկուսացումից դուրս գալուց հետո Փաշինյանը հայտնվեց Հ1-ի եթերում, որ շարունակի ինքնապաշտպանությունը, բայց ոչ կատարվածի բացատրությունը տա, ոչ ասի, թե ինչ է մտադիր անել հիմա: Անգամ կապիտուլյացիայից հետո գովաբանելու… զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը, որ իրեն արդարացրեց պատերազմում: Գերագույն հրամանատարի խնդիրը և շեֆ խոհարարի խնդիրը նու՞յնն են: Փաստացի նա Հայաստանի ու Արցախի ոչ միայն ռազմական կառավարումը, այլև վերականգնումը հանձնել է ՌԴ նախագահին: ՌԴ նախագահն է հրավիրում պատերազմից տուժածներին մարդասիրական օգնության կազմակերպման խորհրդակցություն՝ իր ձեռքում կենտրոնացնելով միջազգային օգնությունները: Ի՞նչ է դա, եթե ոչ Հայաստանի ինքնիշխանության յուրացում: Աժ մեծամասնությունը ցույց տվեց, որ պատրաստ չէ ֆորսմաժորային իրավիճակներում որոշումներ ընդունել, ՔՊ-ն ցույց տվեց, որ ոչ թե քաղաքական ուժ է՝ քաղաքական դիմագիծ ունեցող, այլ մարդ-կուսակցության օրինակ, որ բացառում է քաղաքացիական պայմանագրի ու 1+1-ի գաղափարը, ոչ մի +, կա 1-ը, ու որոշումներ է ընդունում բոլորի անունից: Ստացվում է՝ Ֆրանսիայի նախագահն ավելի շահագրգռված է Արցախի հարցի լուծման մեջ հայերի շահերի պաշտպանությամբ, քան Հայաստանի իշխանությունը: Իսկ եթե ոչ. մինչև դեկտեմբերի 1-ը ոսկու գին ունեցող ժամանակը պետք է օգտագործեր.
1. Համաշխարհային աղմուկ բարձրացնելու հայկական սփյուռքով՝ Արցախի ադրբեջանական օկուպացման դեմ, չգրավված տարածքների հանձնումը կանխելու համար: Նիկոլ Փաշինյանի ամենախայտառակ նշանակումը ոչ առողջապահության նախարարն է, որ տապալեց կորոնավիրուսի կանխումն ու նպաստեց տարածմանը, ոչ ԿԳՍՄ նախարարը ապազգային կրթական չափորոշիչներով ու ապահայկական կերպարով, այլ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը: Մի քանի ամիս Ռուսաստանում պտտվելուց հետո ի՞նչ է նա արել, գիտեն միայն ենթակաները, որ տասնյակներով աշխատանքից ազատվեցին՝ ոչինչ չանելու համար: Իսկ նա մնաց՝ իբրև հակապաշտոնյայի խորհրդանիշ:
2. Հենց հիմա պետք է ակտիվացնել դիվանագիտական աշխատանքը Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ՝ վերակենդանացնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, օգտագործելու այդ երկրների հնարավորությունները միջազգային կառույցներում, վերականգնելու Արցախի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի տարածքում: 1994-ի պարտությունից հետո Ադրբեջանը ոչ միայն հզորացրեց իր բանակը, այլև դիվանագիտական հաջողությունների հասավ: Պետք չէ ամեն ինչ բարդել խավիարային դիվանագիտության վրա: Ադրբեջանը օգտագործեց ժամանակը՝ արտասահմանյան կապիտալը երկիր բերելու ու ստանալու այդ երկրների քաղաքական աջակցությունը՝ իրենց ֆինանսներն ու ազդեցությունը պաշտպանելու համար, մենք ի՞նչ արեցինք՝ քանի՞ արտասահմանյան ընկերություն մեր շուկա եկավ ու քանի՞սը մնաց: «Օրանժի» պես ընկերությունը «չկարողացա՞վ» մեր երկրում աշխատել, թե՞ մենք վտարեցինք… Սա է եղել մեր քաղաքականությունը տասնամյակներ: Նիկոլ Փաշինյանի երկուսուկես տարին ոչ միայն իրավիճակ չփոխեց, այլև կառավարման պոպուլիստական ու դեմագոգիկ պատկերացումներով պետությունը հասցրեց կազմաքանդման: ՈՒ հիմա չկա մեկը, որ ցանկանա կամիկաձե դառնալ:
3. Հենց հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ պատրաստ է հրաժարական տալ, և լինելու են արտահերթ ընտրություններ՝ պատերազմում տանուլ տված ոչ մի իշխանություն բարոյական իրավունք չունի պաշտոնավարելու: Եղավ միայն մեկ հրաժարական՝ Արծրուն Հովհաննիսյանի: Աժ-ն պետք է վերացնի ռազմական դրությունը՝ պատերազմի ավարտից հետո ի՞նչ ռազմական դրություն: Փոխարենը շարունակվում է ձերբակալություններ-դատավարություններ շոուն: Ավելին՝ քաղաքացիական պատերազմի ուրվականն է մարմնավորվում: Փաստացի՝ ընդդիմության հանրահավաքները դառնում են ոչ թե իրավիճակ փոխելու հնարավորություն, այլ ծառայում են հասարակության շոկը արտաքին խաղացողների համար անվտանգ դարձնելու նպատակին: Նույն խնդիրն է լուծում Քարվաճառը մինչև նոյեմբերի 25-ը ազատելու «մեծագույն զիջումը»: Հայրենակորույս արցախցիների ցավը դառնում է ընդվզում իշխանության դեմ, ժամանակը վատնվում է. մեզ տալիս են պատասխաններ, որ մենք հարցեր չտանք: Հարցերը դրանից չեն անհետանում: Այս ընթացքով մենք տանուլ ենք տալու և Արցախի կարգավիճակը: Մոսկվան փորձելու է պահել նոր ստատուս քվոն ու կարգավիճակը դարձնել 64-րդական հարց, որ դուրս մղի արտաքին ԲՈԼՈՐ խաղացողներին տարածաշրջանից ու իր ազդեցության տակ պահի ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Թուրքիան: ՈՒ մենք նորից մնալու ենք մանրադրամ ռուս-թուրքական խաղում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 5 տարին, որ ռուս խաղաղապահները լինելու են տարածաշրջանում, խաղաղության երաշխիք չէ: Մենք ունենք 3 առաջնահերթություն՝ 2021-ին ԱԺ արտահերթ ընտրություններ ու նոր իշխանության ձևավորում, տնտեսության վերականգնում ու բանակի վերականգնում, և ՄԵԿ ՆՊԱՏԱԿ` Հայաստանի ինքնիշխանության պահպանում: 5 տարին հսկայական ու անկանխատեսելի իրադարձությունների ժամանակ է. 2021-ին հեռանում է Մերկելը, 2022-ին Ֆրանսիան նախագահ է ընտրելու, 2023-ին Թուրքիան և Ադրբեջանը, 2024-ին՝ Ռուսաստանը, Իրանն ու ԱՄՆ-ը: Մենք քթներիցս այն կողմ ոչինչ չենք ուզում տեսնել, բայց այս ընտրությունների արդյունքները ազդելու են աշխարհի, ուրեմն և մեզ վրա: Ամենավտանգվածը այս պահին Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքն է: Մեզ համառորեն ներշնչելու են, որ քաղաքական ու տնտեսական որևէ անկախ քայլ վտանգելու է Արցախը, մենք ՌԴ 89-րդ սուբյեկտն ենք, բայց չգիտենք: Չի բացառվում, որ մեզնից ոմանք նորից գնան ընտրությունների 5-10000-ով, բայց բացառվում է, որ որևէ իշխանություն գրի մեր պատմության վերջին էջը: Նոյեմբերի 9-ի 9 կետերը այն գինն են, որ վճարեցինք ինքնախաբեության ու կեղծիքի մեջ ապրելու տասնամյակների դիմաց: Դավաճանության բումերանգը միշտ է վերադառնում: Ադրբեջանցիները ապացուցեցին, որ պարտությունից հետո պատերազմով կարող են իրավիճակ փոխել: Հիմա պետք է մենք ապացուցենք: Իսկ մինչ դա պիտի պահենք Արցախի Հանրապետության կարգավիճակը և հասնենք միջազգային ճանաչման: Դա կլինի մեր պատասխանը Ալիև-Էրդողան-Պուտին պայմանական եռյակին: Չե՞նք անի, կշարունակենք գաղթել ու մեր հայրենիքը տալ թուրքերին: Կանե՞նք՝ հաղթանակը մերը կլինի 5-10-15-20 տարի հետո: Շուշին դարձավ 21-րդ դարի Արարատը, 21-րդ դարը մերը չդարձավ, որովհետև միշտ սխալվում ենք բարեկամներ ընտրելիս, մենք ընդհանրապես սխալվում ենք մեր ընտրության մեջ: Ապացույցը՝ 2018-ի Աժ արտահերթ ընտրություններն էին, որ բացարձակ մեծամասնություն տվեցին մեկ ուժի, իսկ խորհրդանարանական հանրապետությունում օպտիմալ մեծամասնությունը 35-40 տոկոսն է: Ընդհանրապես խորհրդարանական կառավարումը Հայաստանի համար չէր, և քաղաքական համակարգի չկայացումը դա ապացուցեց: Ցեղասպանվածի սինդրոմը այդպես էլ չհաղթահարեցինք: Էս խելքին ենք, որ էս ելքին ենք: Ողջ լերուք: Իսկ «Հարսանիք լեռներում», միևնույն է, լինելու է: