«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Լեռնային Ղարաբաղ․ Ինչո՞ւ է Ռուհանին աջակցում Պուտինին

Լեռնային Ղարաբաղ․ Ինչո՞ւ է Ռուհանին աջակցում Պուտինին
12.10.2020 | 09:13

Թեհրանը մեծ ուշադրություն է դարձրել ու դարձնում Արաքսից հյուսիս ծավալվող իրադարձություններին՝ լինելով աշխարհում միակ պետությունը, որ սահմաններ ունի ղարաբաղյան կոնֆլիկտի երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ: Կոնֆլիկտի նկատմամբ, ինչպես Ռուսաստանը, Իրանը հավասարահեռության սկզբունքին է դավանում, և երբեք չի միացել Հայաստանի շրջափակմանը, նույնիսկ Բաքվի «իսլամական համերաշխության» բացակայության մեղադրանքների տակ: Պատճառները բազմաթիվ են:


Առաջին՝ Թեհրանը միշտ տագնապով է ընդունել Բաքվի ու Անկարայի ընդլայնվող ռազմաքաղաքական դաշինքը, նրանց «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը, որ կարող է տարածվել և Իրանի հյուսիսային նահանգներում ապրող ադրբեջանցիների վրա: Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ արձանագրել է հակահայկական ելույթների աճ Իրանում ադրբեջանցիների շրջանում, որ պահանջում էին Թեհրանից բացառապես Ադրբեջանին աջակցել: Ի պատասխան, ըստ Anadolu -ի «ոստիկանությունը կիրառել է պլաստիկ փամփուշտներ ակցիայի մասնակիցների նկատմամբ»՝ իրավիճակը չապակայունացնելու նպատակով: Le Figaro-ն այդ ժամանակ արձանագրեց. «Իրանի ու Ռուսաստանի առաջ Անդրկովկասում ռեալ ուրվագծվում է թուրք-ադրբեջանական առանցքը, թուրքամետ դաշտի ձևավորման հեռանկարը, որ Մոսկվայի հետ ազդեցության սահման է գծելու հյուսիսում, Թեհրանի հետ՝ հարավում՝ կայունության երկու հարյուրամյակներից հետո»:


Երկրորդ պատճառը նշել է Cumhuriyet-ը՝ պատմելով Անդրկովկաս Թուրքիայի ներթափամցման «խորության» մասին՝ կոչ անելով «չմեծացնել թուրք-ամերիկյան հակասությունների նշանակությունը և հասկանալ, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում իր խաղաքարտերից է համարում Ադրբեջանը և այդ ենթատեքստում է Իրանը ընկալում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում»: ԱՄՆ-ի The National Interest-ը գերադասում է իրավիճակը պարզունակ չգնահատել՝ մատնացույց անելով, որ Բաքուն լավ հարաբերություններ ունի Իսրեյլի հետ, մինչդեռ Թուրքիայի հարաբերություններն Իսրայելի հետ բարդ են: Բայց՝ այսօր, վաղը կարող է ամեն ինչ փոխվել: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի խնդիրը վաղուց արդեն ստացել է աշխարհաքաղաքական լայն չափում, իսկ անդրկովկասյան սայլին նաև թուրքական անիվ ավելացնելու Ադրբեջանի փորձը միայն բարդացնում է իրավիճակը: Պատահական չէ Ռուհանին ղարաբաղյան պատերազմի տարածաշրջանային մասշտաբային զինված կոնֆլիկտի վերածվելու մեծ վտանգ տեսնում: Իրանին չափազանց անհանգստացնում է փաստը՝ հաստատված իր ռազմական հետախուզության տվյալներով, որ Թուրքիան իր տարածքով հավաքագրում ու Սիրիայից Ադրբեջան զինյալներ է փոխադրում: Արևմտյան ԶԼՄ-ները, առանց կասկածի, այդ տեղեկությունը փոխանցում են իբրև փաստ: Անկարան հերքում է մեղադրանքները, թեպետ այդ տարբերակը նախկինում կիրառել է Լիբիայի պատերազմում: Դա կարող է հանգեցնել, որ Ռուսաստանն ու Իրանը ստիպված լինեն միջամտել իրադարձությունների ընթացքին ոչ միայն դիվանագիտության միջոցներով: The Jerusalem Post-ը գրել է, որ համաշխարհային հանրությանը տագնապում է, որ «այս տարի Թուրքիան արդեն հրահրել է մի քանի ճգնաժամեր՝ Իդլիբում փետրվարին ու մարտին, Լիբիայում՝ ապրիլին ու մայիսին, հետո ռմբակոծել է Իրաքը հունիսին ու հուլիսին, հետո անցել է սպառնալիքների Հունաստանի հասցեին Արևելյան Միջերկրականում օգոստոսին ու սեպտեմբերին, իսկ հիմա՝ ղարաբաղյան պատերազմը»:

Իր արշավների համար Թուրքիան պատմական հայտարարություններ է անում: Արդարացնելու համար իր միջամտությունը՝ նա պնդում է, որ Լիբիայում ևս «թուրքեր» կան, իսկ «ադրբեջանցիները նրանց հետ մեկ ժողովուրդ են»: Մենք ունենք բազմաշերտ քաղաքական բուտերբրոդ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող չտեսնել, որ Միջերկրականում Անկարայի սպառնակիքները հարուցել են Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, ԱՄԷ-ի առավել սերտ համագործակցությունը: Ռեալ է վտանգը, որ կովկասյան գործերին խառնվելու Անկարայի որոշումը նոր դաշինքների ձևավորման համանման խթան կդառնա; Թեհրանն ու Մոսկվան փորձում են Թուրքիային պահել սիրիական կարգավորման Աստանայի ձևաչափում, բայց Անկարային ակնարկում են, որ Անդրկովկասում անելիք չունի: Բաքուն էլ, կարծես, վճռել է կանգ առնել վտանգավոր «կարմիր գծից» առաջ: Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ հիմա դիվանագիտական բոլոր խողովակներով ակտիվ աշխատանք է տարվում մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածությունների իրականացման համար, որ ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների արդյունքում: Իրանը ողջունել է իրադարձությունների այդ ընթացքը: Պայմանավորվածությունների խախտումը կընկալվի իբրև մարտահրավեր ռուսական համանախագահությանը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ռուհանին աջակցում է Պուտինին, հարկավ, բայց նախևառաջ մտածում է Իրանի սահմանների անվտանգության մասին, և Իրանի՝ իբրև պետության ամբողջականության: Չի բացառվում, որ Միջերկրականում Կիպրոսի ու Հունաստանի ջրերը, Երուսաղեմը «թուրքական» հայտարարելուց ու մի որոշ ժամանակ պարապ մնալու դեպքում Էրդողանը հայտարարի «Մեկ ազգ, երեք պետություն» սկզբունքի մասին՝ «սեփականելով» Իրանի ադրբեջանաբնակ նահանգը: Ինչո՞վ ձեռքբերում չէ նախագահական ընտրություններից առաջ, ու Ռուհանին լավ գիտի, որ պահելով Արցախը՝ մենք պահում ենք նաև Իրանի միասնականությունը: Իսկ մնացածը աշխարհաքաղաքականություն է: The Jerusalem Post-ն էլ «պատահաբար» մոռացել է հիշատակել, որ ամբողջ ընթացքում Անկարան ապակայունացնում է իրավիճակը Լիբանանում: Հենց այնպես՝ գուցե ի հեճուկս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, բայց, իհարկե, շատ ավելի գլոբալ ծրագրի շրջանակներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ