ՀՀ-29-ը հետաքրքիր էր: Մի կողմ թողնենք կազմակերպական-տոնական միջոցառումները, անդրադառնանք բովանդակային կողմին: Իսկ բովանդակայինի սկիզբը ՔՊ-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր, որ հետո շարադրվեց Ֆեյսբուքում՝ ներկայացնելով, թե ինչն է ճիշտ ու ինչն է սխալ եղել Հայաստանում 2018-ից առաջ ու հետո՝ իր գնահատմամբ:
Բանավոր ու գրավոր խոսք, որ հակասությունների կծիկ է՝ մեկնակետերի, եզրակացությունների ու գործերի համադրման տեսակետից: Առաջին հայացքից հնչում են ճիշտ կարգախոսներ՝ «Իշխանությունը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, բնականաբար՝ ճիշտ որոշումներ»: Պարզվում է՝ ճիշտ լինելու համար պետք է սխալ սխալի հետևից գործել, որովհետև ՔՊ-ն Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ իրագործել է իշխանափոխության խոստումը՝ բացառապես «սխալ քայլերի հետևողականության» շնորհիվ: «ՔՊ-ի նախահիմնադրման օրից Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի էին ունենում «ճիշտ» պրոցեսներ, որոնց վերաբերյալ ՔՊ-ն որդեգրեց «սխալ» դիրքորոշումներ: «Ճիշտ» և «սխալ» բնորոշումների մեջ ոչ մի հեգնանք չեմ դնում, այդ բնորոշումները բխում են տվյալ պահի հանրության շրջանում իշխող տրամադրություններից և ընկալումներից: ՔՊ-ն, ի վերջո, հաղթեց «սխալ քայլերի» հետևողական ռազմավարության շնորհիվ, որովհետև այդ քաղաքական ուժը հասկանում էր, թե ինչն է սխալ անում և ինչու և ինչ խնդիր է լուծում: Այդ հետևողական սխալների նպատակը մտածողության նոր հարթություն ստեղծելն էր, անխուսափելի պարտությունների տրորված նախկին ճանապարհներով չգնալը, հանրության հետ երկխոսությունը երբեմն բանավեճի, երբեմն լեզվակռվի, երբեմն մեղադրանքի վերածելու վճռականությունը»՝ գրում է Նիկոլ Փաշինյանը և հավելում. «Այն ժամանակ մենք գիտեինք, որ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք, այնպես ինչպես պարտվել են այն ընդդիմադիր ուժերը, ովքեր սկսած 1994-ից ճիշտ են գործել, այդ թվում մենք՝ այդ ուժերի հետ համատեղ պայքարի ընթացքում ու պարտվել: Բայց մենք որոշեցինք գործել սխալը սխալի հետևից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետև ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետր կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ»: Իր տրամաբանության մեջ նա գուցե ճիշտ է, բայց կա մեկ այլ ճշմարտություն՝ Նիկոլ Փաշինյա՞նը հաղթեց, թե՞ ՀՀԿ-ն հանձնեց իշխանությունը: Համենայն դեպս, նախկինում երբեք ընդդիմությանը այդքան «արտոնություններ» չեն տրվել իրենց պայքարի մեջ՝ սկսած Ռադիոկոմիտեի դուռ կոտրելուց մինչև Գյումրիից Երևան հասնելն ու փողոցներ փակելը: Նախկին ընդդիմությունները 2004-ի ապրիլի 12 են տեսել, 2008-ի մարտի 1 ու ձերբակալություններ, 2015-ի Սահմանադրության ընդունում… «Սխալների» ճիշտ լինելու ամբողջ կառույցը փլուզվում է, երբ պատասխան չունի հարցը՝ ո՞վ էր «ճիշտը», ո՞վ՝ «սխալը» Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի երկխոսության մեջ: Եվ բարձրաձայնված չեն դրդապատճառները: Կամ՝ բարձրաձայնված են փոխաբերաբար ու տողատակերում: ՔՊ-ի քաղաքական ամբողջ հետագիծը իր օրվա մեջ «սխալ» որակված ճիշտ քայլերով մեծ պայմանականություն է՝ սխալը սխալ էլ կմնար, եթե 2018-ին Սերժ Սարգսյանը չհեռանար: Կամավոր: Իսկ եթե նրա հրաժարականի դրդապատճառը նույնն էր, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի՞նը, և կապ չուներ ՀՀ-ում ներքաղաքական պայքարի հետ, որտեղ ՔՊ-ն բնավ էլ ամենահզոր ընդդիմադիր ուժը չէր, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը՝ ամենազդեցիկ ընդդիմադիրը: Դա միանգամից ջուրն է գցում «ճիշտի» ու «սխալի» ողջ դիլեման:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Հեղափոխության բովանդակությունը ստեղծած իշխանությունը պետք է անի բացառապես ռազմավարական քայլեր, չվախենալով, երբեմն գիտակցված անելով սխալներ՝ այն դեպքերում, երբ ճիշտ որոշման սպասումը հնարավորություն չի տալիս առաջ գնալ և ի վերջո բերում է կաթվածի, որոշումներ կայացնելու անընդունակության»:
Եթե դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը, եթե «Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետև մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձևավորելու և Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով», ինչու՞ դեֆակտո Նիկոլ Փաշինյանը դուրս չի գալիս կոմֆորտ զոնայից ու չի անում այդ քայլերը, մանավանդ գտնում է. «Տեղում դոփելուց ավելի մեծ սխալ գոյություն չունի»: Իրական դիլեման սկսվում է այս կետից, մնացած հայտարարությունները հարմար տեղավորվում են պոպուլիզմի շրջանակներում:
Ի՞նչ է պատկերացնում վարչապետը «նոր հարթության» մեջ. 2018-ից առայսօր մենք ստանում ենք սոսկ կարգախոսներ՝ լայվերով, ֆեյսբուքում, կառավարության ծրագրում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ… Հրաշալի մտադրությունների ու բարի ցանկությունների կոնգլոմերատ, որտեղ չկա գոնե 3 հստակ կետ՝ իր իրականացման 3 հստակ մեխանիզմով: Հերթական ապացույցը դարձավ սեպտեմբերի 21-ին ներկայացված 30 տարվա զարգացման ծրագիրը: Իբրև դասախոս՝ Նիկոլ Փաշինյանը մնաց շարքային պոպուլիստ, որ բարձրաձայնում էր այն, ինչ պիտի աներ իր մամուլի ծառայությունը:
Ի՞նչ է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050-ի ռազմավարությունը: Որոշակի ժամանակ հասարակությանը զբաղեցնելու խաղալի՞ք: Թե՞ նախկին ելույթների դայջեստ՝ այս անգամ Մատենադարանից: 2050-ին 5 միլիոն բնակչություն ունենալու, ՀՆԱ-ի 20ապատկման մասին գիտեինք 2019-ից: ՈՒ՝ ի՞նչ: 2018-ից հստակ գիտենք, որ ամեն ինչի մեջ մեղավոր են «նախկինները»: Բայց դա աքսիոմ է՝ ով իշխանություն է, նա էլ մեղավոր է թե «ճիշտի», թե «սխալի» մեջ: 2018-ից քանի՞ ձեռնարկություն է ստեղծվել, քանի՞սը վերաբացվել, քանի՞ աշխատատեղ է ստեղծվել՝ ՔՊ-ի ռազմավարական ծրագրերով: Թե՞ ՔՊ-ին պիտի շնորհակալ լինենք սոսկ ընթացիկ կառավարման համար: ՈՒ՝ այդքան աղքատի՞կ են մեր 16 մեգանպատակները, թե «երազանքները»: Միակ արդարացումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն և պլան»:
Լավ, ե՞րբ է լրջանալու ՀՀ վարչապետը, որ հասկանա իր խոսքի արժեքը: ՈՒսանողների համար կազմակերպված դասախոսությունից պարզում ենք, որ «Ռազմավարության տեսանկյունից մենք առանձնացնում ենք 4 առաջնորդող արժեքներ, որոնք պետք է գործառնական և գործնական նշանակություն ունենան այդ ռազմավարությունը ներկայացնելիս»՝ հայոց պետականությունը, կրթությունը, անհատը, աշխատանքը: Իսկ դեֆակտո ներկայացված կրթության չափորոշիչները համադրվու՞մ, թե՞ հակադրվում են առաջնորդող արժեքներին: Փաստացի՝ հակադրվում են: Դեֆակտո վարվող տնտեսական քաղաքականությունը ուժեղացնու՞մ, թե՞ թուլացնում է հայոց պետականությունը: Փաստացի՝ թուլացնում է:
Նիկոլ Փաշինյանն ունի երկու ժամանակ՝ անցյալը, որին հաղթել է, և հաղթական ապագան, ՆԵՐԿԱՆ գոյություն չունի, որ պիտի հենք դառնա հաղթական ապագայի: Մեծ գայթակղություն է՝ մանրամասն անդրադառնալ «Հայկական պետականության հավիտենականության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, ինստիտուցիոնալ պայմանների ապահովմանը», բայց դա սոսկ ժամանակի կորուստ է, որովհետև ապահովման մեխանիզմների որևէ կոնկրետություն գոյություն չունի: Եվ արդեն բացարձակապես հասկանալի չէ՝ բնակչությունը 5 միլիոնի հասցնելու, ՀՆԱ-ն 20ապատկելու, միջին աշխատավարձը 7ապատկելու պարագայում ինչու՞ է խնդիր դրվում ընդամենը 1500, ոչ թե 150000 նոր աշխատատեղ ստեղծելը: Կամ՝ բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում ունենալ առնվազն 3 բուհ, ինչու՞ ոչ 33: Նվաճել օլիմպիական 25 ոսկե մեդալ, ինչու՞ ոչ 27: Ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, ինչու՞ միայն ֆուտբոլի ու շախմատի, ուրիշ մարզաձևեր չկա՞ն, ինչու՞ ոչ վազքի, ծանրամարտի, բռնցքամարտի, ձևավոր չմշկասահքի… Երազու՞մ ես, կարգին երազիր:
Մարազմ է, երբ նպատակ է հայտարարվում հաղթահարել աղքատությունն աշխատանքով, դա նպատակ չէ, միջոց է: Այս կենսապայմաններով կյանքի տևողությունը 90 տարվա հասցնելը՝ պատիժ է չգործած հանցանքների համար: Միով բանիվ՝ մենք ունենք ոչ թե երազող, այլ երազախաբության մեջ խրված վարչապետ, որ 2018-ից առայսօր չի պատկերացնում վարչապետի գործը: Չի հասկանում տնտեսություն, բայց վստահ է իր բացարձակ ու անհերքելի ճշմարտությանը: ՈՒ նրա 16 մեգանպատակները ոչ թե մեգանպատակներ են, այլ պարտավորություններ, որոնց իրականացման անհրաժեշտության գիտակցությունը այն «ճիշտն» է, որ Նիկոլ Փաշինյանը համարում է սխալ: Ավաղ:
Ի՞նչ ունենք դեֆակտո: Կորոնավիրուսի պանդեմիա, որի դեմ պայքարում ենք «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսով և 31 միլիոն դրամ ենք հատկացնում դիմակի գովազդին, մինչդեռ այդ գումարով կարելի էր դիմակ գնել ու բաժանել՝ չկրողներին տուգանելու փոխարեն: ՈՒնենք նախարարի կամայականությամբ գնահատվող ու չգնահատվող բժիշկներ, որ նոնսենս է անգամ բռնապետությունում, ուր մնաց «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում: Բայց չունենք գիտակցություն, որ կորոնավիրուսի պատճառով տնտեսական անկումը պետք է կանխել բիզնեսին արտոնություններ տալով, ոչ թե հենց հիմա ու հենց այստեղ ինչ-որ «պայքարներ» իրագործելով: Կորոնավիրուսը համաշխարհային աղետ է, որից փրկվելու համար պետք է մի կողմ դնել նեղկուսակցական ու նեղգաղափարական շահերը ու միավորել ուժերը՝ պետությունն ու ժողովրդին փրկելու համար: Մենք հեռու ենք աղետի գիտակցությունից բոլոր մակարդակներում, մենք հենց հիմա ու հենց այստեղ ենք միջին վիճակագրական հայի գրպանը դատարկող օրենքներ ընդունում, հենց հիմա ու հենց այստեղ ենք եռյակ-քառյակներ խաղում՝ իշխանափոխության ու արտահերթ ընտրությունների պահանջով: Մենք չունենք ոչ ժամանակի, ոչ վտանգի, ոչ իրականության զգացողություն, ապրում ենք իներցիայով ու լողում ենք՝ ուր տանում է հոսանքը: Հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ: Այսպիսին է այսօր ու այստեղ միջին վիճակագրական հայի գիտակցական մակարդակը: Մնացածը՝ ում բախտը ոնց կբերի, կամ չի բերի, ով կվարակվի ու կմեռնի, ով կվարակվի ու կբուժվի, ով էլ չի վարակվի: Եթե այս այլանդակ կորոնավիրուսն էլ վերջանա, կա պատերազմի վտանգը՝ իբրև դամոկլյան սուր, որ չգիտես որ պահին է գլխիդ ընկնելու, կան տնտեսական անկումն ու արտաքին պարտքը, քաղաքական ճմշման միջոց դարձած արտագաղթը, կա գործազրկությունը, որ խորացնում է աղքատությունը, և կա կառավարությունը, որ ամեն ինչ համարում է հիանալի: Իրեն՝ անսխալական, կատարում է իր սակրալ առաքելությունը, ով չի հասկանում՝ թշնամի է, ով չի հավատում՝ թշնամի է, ով քննադատում է՝ թշնամի է: Կարևոր չէ՝ որքան է «թշնամիների» թիվը. իրենք սրբեր են, իսկ սրբերը երկրի վրա ոտնահետքեր չեն թողնում: Մնում է ապավինել իշխանական պոպուլիզմին կամ ընդդիմադիր ցինիզմին՝ հիմնավորելով, որ ցինիկը խորապես հիասթափված լավատեսն է, իսկ պոպուլիստը խորապես համոզված հոռետեսը, որ գիտի՝ ոչինչ չի փոխվելու ու հաճույք է ստանում ընթացքից: ՈՒ՞ր մնաց միջին վիճակագրական հայը: Նրան կհիշեն ընտրություններից առաջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չեմ բացառում, որ անհուսալի հին, կարծրացած ու կաղապարված իմ մտածողությունը ի զորու չէ հաղթահարել նորագույն ստարտափների ու նոուհաուների դմփ-դմփ հուն, բայց դա չի նշանակում, որ իմ տեսակը գոյության իրավունք չունի: Եվ՝ սխալ է: Իշխանությունը պարտավոր է ապահովել պետության նորմալ կենսագործունեությունը, իմա՝ ամբողջ բնակչության ապրելու, աշխատելու, հանգստի ու ՄՏԱԾԵԼՈՒ, ազատ արտահայտվելու իրավունքը՝ ուզու՞մ է, թե՞ չի ուզում, «ճիշտը» ի՞նքն է, թե՞ «սխալ» չկա: Երազու՞մ է, թե երազանքները հավասարեցնում է գետնին: Ամեն ինչ նոր միայն սկսվում է: Ողջ լերուք: