«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մակրոնն առաջին անգամ Իրաքում է

Մակրոնն առաջին անգամ Իրաքում է
04.09.2020 | 10:28

Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև այցով Իրաքում էր՝ հաստատելով Ֆրանսիայի վճռականությունը՝ օգնել և աջակցել Իրաքի իշխանություններին ու ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում ու իրական ինքնիշխանության ձգտումներում: Ֆրանսիայի նախագահը մի քանի ժամ անցկացրեց Բաղդադում՝ հանդիպելով Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին, վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին:Մակրոնը հիշեցրեց Իրաքի բազում մարտահրավերները բոլոր ոլորտներում ինքնիշխանության հասնելու ճանապարհին՝ անվտանգության ասպարզում ու տնտեսության մեջ, երկրի ներսում ու տարածաշրջանում: Ֆրանսիան շարունակում է Իրաքին աջակցել ահաբեկչության դեմ պայքարում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շրջանակներում գործող ուժերի հետ՝ նշեց Մակրոնը: ,Աներեր վճռականություն» (Inherent Resolve) գործողության շրջանակում Իրաքում են տեղակայված ֆրանսիացի 1000 զինվորականներ և 11 ռազմական Rafale ինքնաթիռներ: Օգոստոսի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր մտադրությունը՝ Իրաքից դուրս բերել ամերիկյան զորամիավորումը՝ 5000 զինվորների՝ չճշտելով ելքի ժամկետը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ պետք է աջակցել Իրաքի իշխանություններին ու ժողովրդին իրական ինքնիշխանության հասնելու պայքարում: France-Presse-ը նշում է, որ Իրաքը շատ հարցերում մնում է ԱՄՆ-ի ու Իրանի դիմակայության պատանդ ու այդ տերությունների հակամարտության ասպարեզ:

Բաղդադում Ֆրանսիայի նախագահը բանակցել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմի հետ: Նրա նշանակմամբ և նոր կառավարության ձևավորմամբ մայիսին ավարտվեց կես տարի տևած քաղաքական ճգնաժամը, որ 2019-ի աշունից ուղեկցվում էր զանգվածային ցույցերով: Մակրոնի հետ հանդիպումից հետո Մուստաֆա ալ Քազիմը հաղորդել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է Իրաքում ատոմակայանի կառուցման հնարավորությունը: Նրա խոսքով՝ այդ նախագիծը կարող է իրականացվել ՄԱԳԱՏԷ-ի խիստ վերահսկողության տակ: Ֆրանսիայի նախագահը հաստատել է, որ Իրաքի ղեկավարության հետ քննարկել է խաղաղ ատոմի ոլորտում նախագծերի, ռազմական համագործակցության, Բաղդադում մետրոյի կառուցման հարցեր:

Հուլիսին Իրաքում էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, օգոստոսի 21-ին՝ ՊՆ նախարար Ֆլորանս Պառլին:

RFI

Հ.Գ. Ֆրանսիայի նախագահը մի քանի ժամով Բաղդադ է մեկնել Բեյրութից, որտեղ խոստացել է նորից այցելել դեկտեմբերին, իսկ հոկտեմբերին Փարիզում կազմակերպել Լիբանանի աջակցության միջազգային կոնֆերանս: Հակառակ հակակառավարական ցույցերի՝ նախագահը հաղորդել է, որ նոր կառավարությունը կձևավորվի ռեկորդային ժամկետում՝ 15 օրում: Նորանշանակ վարչապետ Մուստաֆա Ադիբի և նախագահ Միշել Աունի առաջ երկրի պետական համակարգի փոփոխության խնդիրն է դրվել՝ Լիբանանը կրոնականից կարող է դառնալ աշխարհիկ պետություն: Մուստաֆա Ադիբը սեպտեմբերի 2-ին խոստացել է, որ կաբինետը կձևավորվի փորձագետներից՝ սկսելու անհետաձգելի բարեփոխումները:

Փաստացի՝ Էմանուել Մակրոնը մրցակցում է Վլադիմիր Պուտինի հետ՝ լցնելու այն վակուումը, որ ձևավորվում է Մերձավոր Արևելքում, երբ Թրամփը սկսում է հեռանալ՝ Սիրիա, Իրաք և փորձում է Ֆրանսիային վերադարձնել Մերձավոր Արևելք, իսկ դա նշանակում է, որ Մակրոնը բախվելու է Էրդողանի հետ: Միջերկրականի պաշտպանության Կիպրոս-Հունաստան-Իտալիա-Ֆրանսիա քառակողմ ալյանսին կարող են միանալ և արաբական պետությունները, մասնավորապես՝ Եգիպտոսը, որի նախագահ Ֆատահ աս Սիսին չի կարող ներել Էրդողանին «Մուսուլման եղբայրներին» իշխանության բերելով՝ Եգիպտոսը ևս «թուրքացնելու» փորձը: Բայց Մակրոնի՝ Բաղդադ այցի ամենահետաքրքիր դրվագը ատոմակայան կառուցելու առաջարկն է, առաջարկ, որ տարիներ առաջ՝ Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք, արվել է նաև Հայաստանին, բայց մերժվել՝ Հայաստանի բավարար ինքնիշխանություն չունենալու պատճառով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ