«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնանկել է գեներալներին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնանկել է գեներալներին
04.09.2020 | 10:24

Սաուդցի 6 բարձրաստիճան գեներալներ, նրանց թվում՝ 2 արքայազն, պաշտոնանկվել են զինված ուժերից: Նրանց դեմ սկսվել է հետաքննություն «ՊՆ-ում կասկածելի ֆինանսական գործողությունների» պատճառով՝ նշված է արքունիքի պաշտոնական հաղորդագրության մեջ: Պաշտոնանկված զինվորականներից ամենաբարձրաստիճանը Սալման թագավորի զարմիկ, արքայազն Ֆահդ բին Թուրքին է, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Եմենում ապստամբ հուսիտների դեմ կռվող կոալիցիայի հրամանատարը: Նրա փոխարեն նշանակվել է գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մուլտակ ալ Ազիմը: Պաշտոնանկվել է և Ֆահդի բին Թուրքիի որդին՝ արքայազն Աբդուլազիզը՝ Ջաուֆ նահանգի փոխնահանագապետը, որ համարվում էր արքայական ընտանիքի հեռանկարային անդամ: Փորձագետները այդ նախաձեռնությունը վերագրում են գահի 35-ամյա թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին, որ թագավորում է հոր՝ 85-ամյա արքա Սալմանի անունից: 2016-ին իր փաստացի իշխանության գալուց հետո արքայազն Մուհամեդ բին Սալմանը ակտիվ պայքարում է կոռուպցիայի դեմ: Ամենաաղմկահարույց դրվագը 2017-ին էր, երբ մի քանի տասնյակ արքայազններ, նախարարներ ու բիզնեսմեններ կալանավորվեցին Էր Ռիադի Ռիտց Կառլտոն հյուրանոցում և ազատ արձակվեցին, երբ պետությանը վերադարձրին 106,7 միլիարդ դոլար: Փորձագետները հերթական կոռուպցիոն գործում տեսնում են չբարձրաձայնվող ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներ:

2009-ից սաուդյան բանակը, որ 2018-ի սկզբից գլխավորում է արքայազն Ֆահդ բին Թուրքին, կռվում է Եմենում՝ աջակցելով կառավարությանը ապստամբ հուսիտների դեմ (իսլամի շիայական ուղղության տարատեսակ), որոնց հովանավորում է Իրանը:

Անկախ գնահատականներով՝ գործողությունը, որ ամսեկան Էր Ռիադի վրա նստում է մեկ միլիարդ դոլար, դեռ արդյունքներ չի բերում: Հուսիտները շարունակում են վերահսկել մայրաքաղաք Սանան և Եմենի ամենախիտ բնակեցված շրջանները: Իրանցիները նրանց մատակարարել են հրթիռներ, որ կարող են հասնել Էր Ռիադ: Սաուդցի զինվորականների հեղինակությունը լրացուցիչ փչացրին ոչ ճշգրիտ ավիահարվածները, որոնց հետևանքով զոհվեցին բազում խաղաղ բնակիչներ: Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի փորձագետ Սայմոն Հենդերսոնը գտնում է, որ թագավորության փաստացի կառավարիչ Մոհամեդ բին Սալմանը կոնֆլիկտից դուրս գալու դիվանագիտական ուղիներ է որոնում՝ չընդունելով պարտությունը և Իրանին լրացուցիչ քարոզչական հաղթաթղթեր չտալով:

Սաուդյան թագավորությունը 1926-1932-ին ստեղծել է բեդվինների առաջորդ Աբդուլազիզ իբն Սաուդը: Նա Մոհամեդ մարգարեի ազգակիցը չէր և արաբ արիստոկրատները նրան ինքնակոչ էին համարում: Ուժ և իշխանություն նոր արքային բերեց իսլամի գլխավոր սրբավայրերի՝ Մեքքայի ու Մեդինայի վերահսկողությունը և նավթի հարստագույն հանքահորերի շահագործումը:

Առաջին արքայի մահից հետո 1953-ին Սաուդյան Արաբիան դարձավ եզակի միապետություն, որտեղ թագը փոխանցվում է ոչ թե հորից որդուն, այլ՝ ավագ եղբորից կրտսերին: Ավագության սկզբունքը խստորեն չէր պահպանվում՝ ամեն թագավոր ինքն էր նշանակում իր առաջին ու երկրորդ թագաժառանգներին: Որոշ եղբայրներ բավականաչափ հեղինակավոր չէին կամ չէին ցանկանում հոգսի տակ մտնել: Աբդուլազիզն ուներ 45 որդի տարբեր կանանցից, նրանից 6-ը դարձան թագավոր: Հատուկ ազդեցություն ուներ Սուդայրիի յոթնյակը՝ Աբդուլազիզի 7 որդիները նույն մորից, նրանցից մեկը ներկա արքա Սալմանն է: 2015-ի հունվարին Սալմանի գահակալությունից հետո պարզ դարձավ, որ նա վերջին արքան է Աբդուլազիզի որդիներից և գահակալման կարգը իրեն սպառել է: Արքայի ընտրությունը երրորդ-չորրորդ սերնդի 200 արքայազններից երկրի անվտանգությանն էր սպառնում: Սաուդյան Արաբիան կարող էր սովորական միապետություն դառնալ: Փորձագետների գնահատականով՝ այդ փոփոխությունը ևս կարող էր հարթ չանցնել: Խաղադրույքները բարձր էին՝ արքայական ընտանիքի ո՞ր ճյուղը կկարողանա դինաստիա հիմնել, ո՞վ կզրկվի ապագայում գահը ժառանգելու շանսից: Գահ բարձրանալով՝ Սալմանը առաջին արքայազն նշանակեց Մուհամեդ բին Նայեֆին՝ իր եղբայր Նայեֆի, որ Սուդայրիի յոթնյակից էր, որդուն, երկրորդ արքայազն իր որդուն՝ Մոհամեդ բին Սալմանին: Բայց մեկ տարի անց խաղաղ հեղաշրջում եղավ՝ թագաժառանգ նշանակվեց Մոհամեդ բին Սալմանը, որ նաև Պն նախարարն էր, փոխվարչապետը, արքայական դատարանի գլխավոր քարտուղարը, տնտեսության և հակակոռուպցիոն հանձնաժողովի խորհուրդների ղեկավարը: Մոհամեդ բին Նայեֆը՝ նրա հայրը, և Սալման թագավորի մյուս կրտսեր եղբայր Ահմեդը հասարակական ասպարեզից անհետացան, և ինչպես տարեսկզբին գրեց Wall Street Journal-ը, տնային կալանքի տակ են: Պաշտոնանկված և հետաքննության տակ հայտնված Ֆահդ բին Թուրոին Սուդայրիի յոթնյակի ևս մեկ արքայազնի որդի է:

Դիտորդները արքայական ընտանիքի վերնախավում ներքին, գաղտնի պայքարի բացահայտ դրսևորումներ են տեսնում, որտեղ ոչ բոլորն են ընդունում, որ թագաժառանգն իրավունք ունի հորից ժառանգել գահը: Երիտասարդ արքայազնի հետ աշխարհը կապում է խորապես պահպանողական երկրում բարեփոխումների հույսը: Նրան են վերագրում 2017-ի սեպտեմբերին կանանց տրված մեքենա վարելու թույլտվությունը: Բայց նրա հեղինակությանը լուրջ հարված էր ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգջիի սպանությունը Ստամբուլում 2018-ի հունվարին:

BBC

Հ.Գ. Սուդայրիի յոթնյակի պատմությունը գուցե շատ հետաքրքիր է արքայական դինաստիայի համար, բայց դե ֆակտո Սաուդյան Արաբիայում գահաժառանգման կարգը սպառել է իրեն և հասունացել է փոփոխությունների ժամանակը, երբ առաջնահերթ է իշխանության կայունությունը, իսկ բազմաթիվ արքայազնների դեպքում գահը եղբորից եղբորը փոխանցելը ստեղծում է դինաստիական տարաձայնությունների, հեղաշրջումների մշտական պատճառ: Մուհամեդ բին Սալմանը երկաթե ձեռքով մաքրում է գահի ճանապարհը՝ հընթացս փորձելով փոփոխություններ անել երկրում: Եվ դա արժանի է հարգանքի, նույնիսկ եթե Անկարան փորձեց նրան վարկաբեկել Հաշոգջիի սպանությամբ, որի մեղքը արքայազնը ընդունեց, թեպետ ակնհայտ էր, որ ինչ-որ դեր ունեցել են նաև Թուրքիայի հատուկ ծառայությունները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ