«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Փարիզը պատրաստ է Լիբանանի հարցով միջազգային կոնֆերանս հրավիրել

Փարիզը պատրաստ է Լիբանանի հարցով միջազգային կոնֆերանս հրավիրել
03.09.2020 | 11:20

Էմանուել Մակրոնը Լիբանան ժամանեց օգոստոսի 31-ի երեկոյան: Այցը սկսվեց լիբանանյան երգի թագուհի, 85-ամյա Ֆեյրուզի հետ հանդիպումից, ում ձայնը ծանոթ է ամբողջ արաբական աշխարհին: Ֆեյրուզը, ում մամուլն անվանում է «Լիբանանի մայր», եզակի անհատներից է, որ միավորում է հերթական ներքին ճգնաժամն ապրող երկիրը: Բեյրութից հյուսիս-արևելք անտառում Մակրոնը տնկեց հերթական մայրին, որ Լիբանանի ազգային դրոշի վրա է: Սեպտեմբերի 1-ին նա այցելեց Բեյրութի նավահանգիստ, որտեղ օգոստոսի 4-ին կործանիչ պայթյուն եղավ: Մակրոնը հանդիպեց ֆրանսիացի 400 զինծառայողների հետ, որ օգնում են Լիբանանի բանակին՝ նավահանգիստը պայթյունից հետո մաքրելուն, և հետևեց «Տոններ» ուղղաթիռակրից մարդասիրական օգնության ափհանմանը: Լիբանանի պարենի 85%-ը երկիր էր մտնում Բեյրութի նավահանգստով:


Նա շփվեց նաև միջազգային մարդասիրական առաքելությունների ու լիբանանյան հկ-ների ներկայացուցիչների հետ, որ Ֆրանսիայի նախագահին բողոքեցին մարդասիրական օգնության ոչ բավականաչափ թափանցիկ բաշխումից: Le Figaro-ն մեջբերել է Լիբանանի Կարմիր խաչի ղեկավար Անտուան Զոգբիին: Նրա խոսքով անհնար է գնահատել, թե ինչ նպատակների է ուղղվում մարդասիրական օգնությունը, իսկ դեղերի 80% -ը հարմարեցված չէ տուժածների կարիքներին: Մակրոնը պատասխանեց, որ առավել մեծ թափանցիկության համար պետք է օգտագործել ՄԱԿ-ի ռեսուրսները: Նա ընդգծեց, որ Լիբանանի ղեկավարները հարկադրված են հաղթահարել պայթյունի հետևանքները՝ քաղաքական խոր ճգնաժամի ընթացքում, որ ուժեղանում է գործող իշխանության նկատմամբ ընդհանուր անվստահությամբ: Նավահագստում Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ Փարիզը ևս 7 միլիոն եվրո է տրամադրելու Լիբանանի դպրոցներին: Նա տեղեկացրեց, որ Փարիզը պատրաստ է ընդունել միջազգային կոնֆերանս, որ թույլ կտա լրացուցիչ միջոցներ հավաքել Լիբանանին օգնության համար: Կոնֆերանսը կարող է անցկացվել հոկտեմբերին: Ծրագրված են նաև հանդիպումներ Լիբանանի նախագահ Միշել Աունի և վարչապետ Մուստաֆա Ադիբի հետ:
RFI


Հ.Գ. ВВС-ն արձանագրել է՝ Ֆրանսիայի նախագահը արտասահմանցի առաջին ղեկավարն էր, որ մեկնեց Բեյրութ ավերիչ պայթյունից հետո, որ քաղաքի կեսը շարքից հանել է, և կրկին Լիբանանում է: Այս օրերին Լիբանանը նշում է իր 100-ամյակը: Օսմանյան կայսրության փլուզումից հետո Լիբանանը հայտարարվեց առանձին պետություն և Ազգերի լիգայի մանդատով հանձնվեց Ֆրանսիայի կառավարմանը՝ ռեալ անկախություն ձեռքբերելով 1943-ին: Մակրոնը չի թաքցնում, որ Լիբանանում է ոչ այնքան պատմական տարեդարձը նշելու, որքան քաղաքական ուժերի բանակցություններում միջնորդ լինելու՝ ներկա ճգնաժամից դուրս գալու ճանապարհների շուրջ: Այցի նպատակը նա ձևակերպել է՝ «պնդել, բայց չմիջամտել»:
Լիբանանը աշխարհի միակ պետությունն է, որտեղ իշխանությունը ձևավորվում է կրոնական սկզբունքով՝ նախագահը պետք է լինի մարոնիտ քրիստոնյա, վարչապետը՝ սունի մուսուլման, խորհրդարանի նախագահը՝ շիա մուսուլման: Դիտորդները նորանշանակ վարչապետին համարում են կոմպրոմիսային: Լիբանանի քաղաքական գործիչները ջանում են համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ ի վիճակի են միմյանց հետ պայմանավորվել ու որոշումներ կայացնել՝ գրել է New York Times-ը:


Չկազմակերպված, բայց բազմամարդ ընդդիմությունը, որ նախորդ ամբողջ իշխանությանը համարում է անարդյունավետ և կոռումպացված՝ պահանջելով քաղաքական էլիտայի լիակատար փոփոխություն, Մուստաֆա Ադիբի նշանակումից գոհ չէ: «Ոչ մարդասպանների մասնակցությամբ կաբինետին» պաստառներով են ցուցարարները դիմավորել Մակրոնին: «Մարդասպաններ» ասելով՝ նրանք նկատի ունեն նավահանգստի պայթյունի ենթադրյալ մեղավորներին: «Մերձավորարևելյան Շվեյցարիա» անվանվող Լիբանանը պայթյունից առաջ էլ ծանր վիճակում էր: 6 միլիոն բնակչության համարյա կեսը աղքատ է: Լիբանանի ֆունտը վերջին մեկ տարում հնգակի արժեզրկվել է, 2019-ի հոկտեմբերի 17-ից երկիրն անընդհատ զանգվածային ցույցերի մեջ է: Նորանշանակ վարչապետ Մուստաֆա Ադիբը պետք է արդյունավետ գործի և կարողանա բարեփոխումներ անցկացնել, որպեսզի արտասահմանյան օգնություն ստանա, որի կարիքը Լիբանանը այդքան շատ ունի: Դժվարություններ նոր վարչապետին սպասվում են ոչ միայն ժողովրդական ընդդիմության, այլև նրան առաջադրած իշխանական խմբերի կողմից: «Խոսակցությունների ու խոստումների ժամանակ չի մնացել: Պետք է գործել: Աստծո օգնությամբ՝ մենք կհավաքենք նախարարների թիմ մասնագետներից ու փորձագետներից»՝ հայտարարեց նոր վարչապետը լրագրողներին՝ նախագահի հետ հանդիպումից հետո: Կառավարության ձևավորումը Լիբանանում բարդ գործարք է և սովորաբար մի քանի շաբաթ է տևում: Հիմքեր չկան կարծելու, որ այս անգամ այլ կերպ կլինի՝ գրել է New York Times-ը:


Լրագրողների հետ շփման ժամանակ Մակրոնը չկոնկրետացրեց ցանկալի «իրական բարեփոխումների» բովանդակությունը, բայց ընդգծեց, որ բարեփոխումները օգնություն ստանալու պարտադիր պայման են: «Եթե դա չանենք, Լիբանանի տնտեսությունը կփլուզվի, իսկ գլխավոր զոհը կլինի ժողովուրդը»՝ հայտարարել էր նա Փարիզում: Նախագահ Միշել Աունը և խորհրդարանի նախագահ Նաբիխ Բերին կողմ են, որ Լիբանանը դառնա աշխարհիկ պետություն: Մինչ Ֆրանսիայի նախագահը հանդիպում էր լիբանանցի քաղաքական գործիչների հետ, ցուցարարները նորից փողոց են դուրս եկել՝ պահանջելով չձևավորված կառավարության հրաժարականը: Բեյրութի փողոցերում կարգուկանոն է հաստատել բանակը: Պատահական չէ, որ իր առաքելության հաջողության մասին հարցին Մակրոնը պատասխանել է՝ «Ռիսկային է»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ