Ամբողջ կյանքում չեմ զգացել, որ նախանձը հզոր զգացում է ու չեմ նախանձել, համարել եմ մարդու արժանապատվությունը վիրավորող ու ստոր զգացում, որ անվայել է իրեն խելամիտ համարող մարդու համար: Հիմա սկսել եմ նախանձել: Նախանձում եմ ֆրանսիացիներին. նրանց նախագահը ընտրություններից 2 տարի առաջ կառավարության կազմ ու ԿԱՌՈՒՑՎԱԾՔ է փոխում, որ ճգնաժամն արագ ու արդյունավետ հաղթահարի: Նախանձում եմ բրիտանացիներին. վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը 1 միլիարդ 570 միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել մշակույթին: «Արվեստը մեր ազգային կյանքի սրտում է, լինի ձեր տեղական փոքրիկ թատրոնը, որտեղ դուք մնջախաղ կդիտեք, լինի մեր պատմության մասը՝ Շեքսպիրից մինչև Էդ Շիրան, մեր էությունն է, որը պարտավոր ենք պաշտպանել»,- ասել է մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը։ Նախանձում եմ պարզամիտներին, որ տրվել են երանելի ինքնախաբեությանը՝ Սպիտակ տան խոսնակն արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, իմա՝ ԱՄՆ-ը ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Քելի Մաքենանը ի թիվս այլ օրինակների նշել է Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը հարձակման էր ենթարկվել ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ: «Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում` ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», - ասել է խոսնակը: Հետո՞ ինչ: ԱՄՆ Կոնգրեսի Համայնքների պալատն ու Սենատը բանաձևեր ընդունեցին՝ ճանաչելով հայոց ցեղասպանությունը, ի՞նչ փոխվեց: Ես նախանձում եմ նրանց, որ չեղածը տեսնում են, ակնհայտը՝ ոչ:
ՈՒ հասկանալով՝ չեմ հասկանում, երբ արդարադատության նախարարությունն առաջարկում է 4 անգամ ավելացնել դատարան դիմելու պետական տուրքը՝ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական ցուցանիշների ԱՃԸ հաշվի առնելով: Այսինքն՝ հենց նոր իմացան, որ 1999-ից դրույքաչափ չի փոխվել ու հիմա՝ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ այս պայմաններում ճիշտ ժամանակն է պետական տուրքը քառապատկելու: Հասկանալով՝ չեմ հասկանում, որ եթե Հայաստանում տնտեսական հեղափոխության առանցքը ՀԴՄ կտրոնն է, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարի միակ միջոցն էլ պիտի լինի… դիմակը և տուգանքը, որի «շնորհիվ» Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով: Հասկանալով՝ չեմ հասկանում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ է նախապատրաստում ու առաջարկում արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում սահմանել՝ 20000 դրամ տուգանք, իսկ փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար՝ 50000:
Լու՞րջ եք ասում: Իսկ ժամանակը չէ՞ ՀՀ հպարտ քաղաքացուն 10000, շարքայինին՝ 30000 դրամ տուգանել, որ շնչելուց հետո արտաշնչում է: Հասկանալով՝ չեմ հասկանում, որ այս օրերին ՍԴ-ի հարցը չլուծած՝ կառավարությունը Հայ առաքելական եկեղեցին է թիրախավորել՝ մոռանալով, որ քրիստոնեության դեմ 2020 տարի պայքարել են միայն աղանդավորները, 7-րդ դարից հետո՝ մուսուլմանները: Հասկանալով՝ չեմ հասկանում, որ «Նոր Հայաստանում» Հայ առաքելական եկեղեցին նույնացվում է վարչության, օծյալ Վեհափառը՝ վարչության պետի հետ: Հասկանալով՝ չեմ հասկանում նրանց լռությունը, ում թվում է, որ այս ամենն իրեն չի վերաբերում, ու ինքը ոչինչ չի կարող կամ չպիտի անի, երբ կրթական ծրագրերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է՝ մենք աշխարհիկ պետություն ենք ու եկեղեցին պետությունից անջատ է: Հա՞ որ, իսկ զբոսաշրջությունը պետությունը ինչի՞ հաշվին է ուզում զարգացնել՝ նույնիսկ 20-րդ դարի կառույցները ջնջող Երևանի՞, թե՞ երկրով մեկ սփռված եկեղեցիների ցուցադրության:
Մատենադարանի ու մշակույթի, որի հիմքում քրիստոնեությունն է: Մերժելով եկեղեցին՝ մեր էությու՞նն ենք մերժում, թե՞ «կոռումպացված տերտերներին»: Որևէ մեկը այս հարցը իրեն տվե՞լ է: Եկեղեցին արժեհամակարգ է ձևավորում, ինչո՞վ եք փոխարինելու: Ազատ Վշտունու «Հուզանքո՞վ», թե «զանգով»: Եվ իրականում ու՞մ մահն է գուժելու այդ «զանգը»: Հասկանալով՝ չեմ հասկանում, որ հնարավոր է հանրակրթական դպրոցից, հետո էլ բուհերից, հանել հայերենի դասաժամերը՝ 10 տարի հետո ստանալով տգետ ու ապազգային սերունդ: ՈՒ ո՞րն է լինելու այդ ժամանակ հայի և մոնղոլի, հայի և վրացու, հայի և արգենտինացու տարբերությունը, այն, որ նրանք իրենց մայրենին գիտե՞ն, մենք գիտենք՝ նրա՞նց մայրենին: Հասկանալով՝ չեմ հասկանում, երբ վարչապետը հայտարարում է՝ ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ՝ ՄԱՐԴԸ ընդհանրապես ՄԱՏԵՐԻԱԼ չէ: ՈՉՆՉԻ: Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդուն «մատերիալ» համարելը աստվածանարգանք է ու ցինիզմ: Հասկանալով՝ չեմ հասկանում, որ սեպտեմբերին ԱԺ-ում ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվելու է քննիչ հանձնաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրելու համար: ՈՒ որովհետև բոլորովին վստահ չեմ, որ հանձնաժողովը ուշացած չէ՝ ոչ թե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է համաձայնեին աշնանը նման հանձնաժողով ձևավորելուն, այլ ապրիլ-մայիսին պահանջեին առողջապահության նախարարի հրաժարականը՝ տեսնելով կորոնավիրուսի տարածումը, ստիպված եմ հարցաշար կազմել նրանց համար: Բնավ ոչ ամբողջական, բայց՝ հիմնական հարցերով առողջապահության նախարարին.
1. Ի՞նչ դեր եք ունեցել Դուք կորոնավիրուսի դեմ պայքարում, ի՞նչ դեր է ունեցել պարետը և ի՞նչ դեր է ունեցել վարչապետը, ո՞վ է պատասխանատու որոշումների ընդունման համար:
2. Ինչու՞ Հայաստանում չստեղծվեց ՊԵՏԱԿԱՆ մասնագիտական խորհուրդ՝ համաճարակաբաններից ու հիվանդանոցների տնօրեններից, ինչպես այլ երկրներում, որ արդեն հաղթահարել են կորոնավիրուսը ու բացել սահմանները:
3. Ինչու՞ այդքան ուշ սահմանվեց կարանտինը և ո՞վ է պատասխանատու կարանտինի ռեժիմը չպահելու համար:
4. Քանի՞ փուլի եք բաժանում կորոնավիրուսի դեմ պայքարը և որ փուլում ի՞նչ եք արել՝ լիարժեք բուժսպասարկման ապահովման համար՝ որքա՞ն է եղել ու որքա՞ն է ավելացվել մահճակալների ֆոնդը, որքա՞ն՝ վերակենդանացման բաժանմունքներինը, ի՞նչ եք արել բժիշկների վերապատրաստման, անհրաժեշտ բուժտեխնիկայի ձեռքբերման համար:
5. Դիմակների հարցում ի՞նչ վերաբերմունք ունեք և ինչու՞ էիք հակասական հայտարարություններ անում՝ հետևելով ԱՀԿ-ի ցուցումների՞ն, թե՞ սեփական նախաձեռնությամբ:
6. Ի՞նչ արժի մեկ հիվանդի բուժումը և ինչու՞ չեն հրապարակվել թվերը:
7. Ինչքա՞ն միջազգային օգնություն է ստացել Հայաստանը, ինչպե՞ս է բաշխվել և ինչպե՞ս է ծախսվել:
8. Ինչու՞ այդպես էլ թեստավորումը ծառայեց միայն բուժված հիվանդներին, չկատարվեց նպատակային թեստավորում՝ վարակակիրներին առանձնացնելու ու վարակի տարածումը կանխելու համար՝ ինչպես արել են կորոնավիրուսը մի քանի ամսում հաղթահարած երկրները:
9. Ի վերջո, իմացա՞ք՝ քանի կորոնավիրուսակիր կա Հայաստանում, բնակչության ո՞ր տոկոսն է վարակվել, ապաքինվել, մահացել:
10. Ինչու՞ այդպես էլ չկառուցվեց դիահերձարան՝ կորոնավիրուսից մահացածների համար և հնարավորություն չտրվեց հայ համաճարակաբաններին ուսումնասիրությունների նյութ ստանալ վիրուսի մասին:
Հարցերը, իհարկե, մինչև 100-ն էլ կարող եմ հասցնել, որ «Նոր Հայաստանում» սիմվոլ է, բայց ի՞նչ կփոխի դա այն մարդկանց համար, որ վարակվեցին ու հեռացան կյանքից՝ տարբեր պատճառներով, հիմնականում, որ հիվանդությունը բուժում չունի, բայց նաև այն պատճառով, որ ժամանակին բուժօգնություն չստացան: Որովհետև նախարարը անգամ այս իրավիճակում հիվանդանոցները բաժանում է երկու խմբի՝ յուրայինների ու ոչ յուրայինների… Անգամ այս վիճակում ծրագրում է հիվանդանոցներ փակել: ՈՒ քաղաքական ուժերին իրենց անելիքների վերաբերյալ «դասընթացներ» կազմակերպելուց բացի՝ հասցնում է նախազգուշացնել, որ եթե, հանկարծ, երբևէ հատուկ դրությունը հանվի, «Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ արտակարգ դրությունը հանելով և այլ իրավական կարգավորումներ չունենալով՝ կունենանք հիվանդության պայթյունաձև տարածում՝ դրանից բխող ծանր ու աղետալի հետևանքներով»: Իմա՝ հիվանդությունը դեռ տարածված չէ, ու … նոր պիտի պայթյունաձևվի… Իսկ դուք խորին շնորհակալություն հայտնեք նախարարին, որ նոր-նոր որոշել է «Ռեմդեսիվիր», «Ավիֆավիր», «Ֆավիպիրավիր» գնել, անձամբ բանակցում է պատվաստանյութի համար, որ դեռ չի փորձարկվել: Չէ որ նա չփորձված դեղամիջոցները չի բերի փորձարկումների հիվանդների վրա, դա էլ հո «Գարդասիլ» չէ:
Եվ արժի՞ այսքանից հետո հարցնել՝ հատուկ դրությունը, որ հերթական անգամ երկարացվելու է, կապ ունի՞ կորոնավիրուսի հետ: ՈՒ նորի՞ց պիտի ազդարարվի՝ «Դրեք դիմակ, փրկեք կյանքեր»: Թե՞ պարետը կամ վարչապետը գոնե մեկ անգամ կանհանգստացնեն քաղաքապետին, որ ինքն էլ պարտավոր է հատուկ դրության պայմաններում իր քայլն անել, ասենք, գոնե մեկ անգամ համայնքապետերին հավաքի ու ցուցումներ տա, որ… փողոցները մաքրվեն ու ախտահանվեն, բարձրահարկերի մուտքերը, վերելակները… Թե՞ դա քաղաքապետի գործը չէ: Քաղաքապետի գործը իր աշխատակիցներին պարգևատրելն է՝ ամառ-ձմեռ, գարուն-աշուն: Ինչպես՝ կառավարության, ինչպես՝ ԱԺ-ի: Ինչպես՝ մարզպետարանների: Ո՞վ ունի մեր հնարավորությունները: Հասկանալով՝ չեմ հասկանում՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել և ու՞ր ենք գնում: ՈՒ չեմ նախանձում նրանց, որ ունեն այս հարցերի պատասխանները, այդ որակի ու այդ մակարդակի պատասխանների պատճառով 10 տարի հետո ոչ ոք անգամ նման հարց չի տա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հուլիսի 6-ին Հռոմում, 91 տարեկանում վախճանվեց Էնիո Մորիկոնեն: Հեռացավ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ: Մարդ, ում երաժշտությունը լցրել է 20-րդ ու 21-րդ դարերը լույսով ու անսպասելի, անանց, անպարագիծ հեռանկարով՝ կյանքի, սիրո ու երջանկության: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան ու վարչապետ Ջուզեպե Կոնտեն, մշակույթի ու զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին ցավակցել են նրա ընտանիքին ու նրա երաժշտության երկրպագուներին: «Տխուր օր մշակույթի համար»՝ բանաձևել է նախարարը: Հեռացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, ու Հայաստանում չգտնվեց ոչ մի պաշտոնյա՝ վարչապետից նախարար, գոնե կոմպոզիտորների միության նախագահ, որ ցավակցեր Իտալիայի իշխանությանն ու ժողովրդին՝ գոնե ստանդարտ տեքստով՝ «Խոր վշտով տեղեկացա…» և այլն: Սա վերաբերմունք է ոչ միայն կոնկրետ Էնիո Մորիկոնեի, այլև՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ նկատմամբ ընդհանրապես: ՈՒ սա մեր տխուր իրավիճակն է՝ սպառողի, հոգևորից ու մշակույթից, համաշխարհային զարգացումներից կղզիացած, ամորֆ զանգվածի վերածվող հանրության, որի միակ հանճարեղ կարգախոսն է՝ «Որտեղ հաց՝ էնտեղ կաց»:
… Էնիո Մորիկոնեն մահից առաջ թողել է իր մտերիմներին և ընկերներին հրաժեշտի նամակ, որը հրապարակել է նրա ընկերը և փաստաբանը՝ Ջորջո Ասուման: Նամակը սկսվում է «Ես՝ Էնիո Մորիկոնես, մահացած եմ» բառերով և շնորհակալություն է բոլորին, որ կյանքում եղել են իր կողքին ու սիրել իր երաժշտությունը: Ողջ լերուք: Եթե նույնիսկ նամակներ չեք գրում ու չեք ստանում: