Այս օրերին ներքաղաքական զարգացումների հիմնական թեման Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։ Բնականաբար‚ հարցերի հարցը այն բանավեճն է‚ թե ինչու իշխանությունները հենց հիմա նախաձեռնեցին բավականին լուրջ քայլեր ԲՀԿ-ի դեմ։ Այն‚ որ գործընթացը քաղաքական է‚ քիչ թե շատ անկախ և չեզոք շրջանակներում կասկած չկա։ Պատրվակը թեև քրեական է‚ բայց հասկանալի է‚ որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշում է ընդունել Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստանի» գործոնը վնասազերծելու մասին։
Փաշինյանական շրջանակներն առանձնապես չէին էլ թաքցնում‚ որ իրենց գլխավոր խնդիրներից մեկը Ծառուկյանին քաղաքականությունից հանելն է լինելու‚ ինչը ենթադրում է նաև‚ որ քաղաքական դաշտում նրա ազդեցությունը նվազագույնի հասցնելուց հետո‚ ըստ էության‚ հաջորդ քայլը լինելու է նրա սեփականության և բիզնեսների վերաբաժանումը։ Ի սկզբանե ծրագրվում էր‚ որ այդ ամենն իշխանությունը կսկսի իրագործել այն ժամանակ‚ երբ իրեն ամբողջովին ամրապնդված ու ամուր ոտքերի վրա զգա‚ այնքան ամուր‚ որպեսզի կարողանա հնարավորինս անցնցում վնասազերծել իր համար բավականին հզոր մրցակից ընկալվող այդ քաղաքական ուժը‚ որը՝ որպես ընդդիմադիր և այլընտրանքային կուսակցություն‚ հզոր ռեսուրսներ ունի։ Սակայն ամեն ինչ տեղի ունեցավ իշխանության համար ոչ ամենացանկալի պահին։ Այլ տարբերակ իշխանությունը չուներ։ Կորոնավիրուսային համաճարակը ստիպեց փոխել ծրագրերը‚ իշխանությունը ստիպված էր սկսել հարձակումը ԲՀԿ-ի նկատմամբ‚ քանի որ արձանագրեց երեք անցանկալի ֆոնային պատկեր՝
1. Համավարակային ճգնաժամ. ակնհայտ է‚ որ համավարակով պայմանավորված՝ երկրի ներքին կյանքում անկառավարելի վիճակ է ստեղծվել‚ իշխանությունը ի սկզբանե չկարողացավ վերահսկողության ներքո պահել զարգացումները‚ հետո էլ ավելի խճճվեց‚ ընկավ խուճապի մեջ‚ բաց թողեց վերահսկողությունը։ Եվ ինչպես մասնագետներն են նշում‚ իմիտացիոն գործունեությամբ է զբաղված‚ ինչ-որ միջոցառումներ է անում‚ սակայն իրականում ամեն ինչ բարձիթողի է։ Եվ այս պայմաններում կառավարությունը հույս է փայփայում‚ որ համաճարակն այնպես կզարգանա‚ որ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանան հասնել հիվանդացության պիկին ու կորոնավիրուսով վարակվածների թվի աստիճանաբար նվազման։ Այսինքն՝ ամեն ինչ թողնված է ինքնահոսի՝ հուսալով‚ որ բնական պրոցեսները բարեհաճ կլինեն իրենց նկատմամբ։
2. Սոցիալ-տնտեսական ճգնաժամ. սոցիալ-տնտեսական ճգնաժամը երկրում աստիճանաբար խորանում է։ Երկու ամիս տնտեսությունն անգործության մատնելուց և մի քանի միլիարդ դոլարի վնասից հետո տնտեսությունը թեև սկսել է աշխատել‚ սակայն տեմպերը լիարժեք չեն‚ լավագույն դեպքում՝ գործում է հզորության մեկ երրորդով։ Այսինքն՝ այդ կորուստները շարունակվում են‚ և դեռևս հասկանալի չէ‚ թե ինչքան դա կտևի։ Եվ երբ հասարակությունը իրականում առերեսվի տնտեսական ճգնաժամի պտուղների հետ‚ սոցիալ-տնտեսական ճգնաժամը կարող է վերածվել սոցիալական լուրջ ընդվզումների։ Այդ ժամանակ ոչ ոքի չի հետաքրքրի՝ կա՞ արդյոք արտակարգ դրություն‚ արգելքներ և այլն։ Մարդիկ դուրս են գալու փողոց‚ և սոցիալական այդ ընդվզումները շատ արագ կհանգեցնեն քաղաքական պահանջների և իշխանության տապալման։
3. Հենց այս երկու խոշոր ճգնաժամերի ֆոնին ընդդիմադիր դաշտում նույն օրակարգի շուրջ սկսվեց քաղաքական որոշ ուժերի համախմբում։ Մի քանի կուսակցություններ իշխանության գործունեությունը բնութագրեցին որպես տապալված‚ և պահանջեցին կառավարության հրաժարական և ազգային համաձայնության կամ հակաճգնաժամային կառավարության ստեղծում։ Սա ՀՀ իշխանության համար ամենաանսպասելին էր։ Ընդդիմության համախմբումն ամենավտանգավորն է Հայաստանի ղեկավարության համար նախ և առաջ հենց այն պատճառով‚ որ կոնսոլիդացվող ընդդիմադիր քաղաքական ուժերի կոնգլոմերատը բավականին հետաքրքիր ներկապնակ ունի։ ԲՀԿ-ն‚ մասնավորապես‚ ունի ֆինանսական‚ մարդկային ռեսուրսներ‚ կապեր Ռուսաստանի‚ Բելառուսի‚ Արևմուտքի և Արևելքի‚ պայմանականորեն ասած՝ լորդերի և շեյխերի հետ։ ՀՅԴ-ն նույնպես ունի իր կառույցները՝ միջազգային‚ համահայկական և այլն։ Սակայն թերևս ՀՀ իշխանությունների համար առավել վտանգավոր է մյուս կուսակցությունների ակտիվացումը‚ որոնց որևէ կերպ հնարավոր չէ կապել նախկինների հետ։ Այդ քաղաքական ուժերի թվում են «Հայրենիք»‚ «Ազգային օրակարգ»‚ «Մեկ Հայաստան» կուսակցությունները։ Ըստ էության‚ ՀՀ իշխող ուժի այն մոտեցումը‚ թե պայքարն ընթանում է սև-սպիտակի‚ նախկինների ու ներկաների միջև‚ հօդս է ցնդում։ Եվ այս համախմբումը ակտիվացրեց ՀՀ կառավարության գործողություններն ու մոտեցրեց ԲՀԿ-ին հարվածելու ժամանակաշրջանը։
Այսպիսով՝ կար քաղաքական պատվեր‚ և այդ պատվերի տակ դրվեցին իրավական թղթեր։
Ի՞նչ ցույց տվեցին իշխանություն-ընդդիմություն հակամարտության առաջին օրերը։ Բացի տեսարաններից ու շոուից‚ ինչը կլանել էր շատերի ուշադրությունը‚ շատ փորձագետների համար տեղի ունեցածն առատ սնունդ էր վերլուծությունների ու դիտարկումների համար։ Անցնող օրերի իրադարձությունները իշխանափոխությունից հետո առաջին լուրջ առերեսումն էին իշխանության և ընդդիմության միջև։ Սա քաղաքական մարտերի նոր սեզոնի բացումն էր‚ և վերլուծաբաններից շատերը տեղի ունեցածը բնորոշեցին որպես առաջին մերձամարտ‚ որը պետք է ցույց տար ուժերի որոշակի հարաբերակցություն‚ որոշակի հեռանկարներ ու հնարավորություններ‚ ինչպես նաև պայթեցներ որոշ առասպելներ ու փուչիկներ‚ ընդ որում՝ երկու կողմերից էլ։
Վերադառնալով ԲՀԿ-ին՝ նկատենք‚ որ իրադարձությունները վկայեցին‚ որ ԲՀԿ-ն‚ համենայն դեպս‚ այս պահին պատրաստ չէ փողոցային պայքարի։ Թեև շատերին թվում էր‚ թե «Բարգավաճ Հայաստանը»‚ լինելով ռեսուրսային‚ կուռ կառույցներ ունեցող կուսակցություն‚ անհրաժեշտության դեպքում կարող է փողոց հանել պատկառելի թվով մարդկանց‚ առնվազն գոնե կուսակցության անդամների թվով‚ որոնք‚ եթե հավատանք ԲՀԿ-ի հայտարարություններին‚ հասնում են մի քանի տասնյակ հազարի։ Նույնիսկ մի պահ էլ խորհրդարանում Ծառուկյանին հանձնել-չհանձնելու շուրջ քննարկման ընթացքում ակնարկ եղավ‚ որ ԲՀԿ-ն պատրաստ է փողոց դուրս բերելու Ծառուկյանի հիմնարկներում աշխատող տասնյակ հազարավոր աշխատողներին։ Սակայն իրականությունն այն է‚ որ փողոցային պայքարը ԲՀԿ-ի ուժեղ կողմերից չէ‚ գոնե այդ ոլորտում նրանք կազմակերպված չեն։ Փաստ է‚ որ ԲՀԿ-ն իր ստեղծման պահից ջերմոցային պայմաններում գոյատևող քաղաքական ուժ է‚ որի գործունեության հիմնական ոճը եղել է օրվա իշխանության հետ հարաբերություններ սրելը‚ ապա պայմանավորվելը։ ՈՒ պատահական չէ‚ որ այսօր էլ դեռ շարունակում են կասկածներ պահպանվել‚ թե արդյոք Ծառուկյանը վերջին պահին‚ այնուամենայնիվ‚ չի՞ նահանջի։ Եվ այդ կասկածները բխում են նրա քաղաքական կենսագրությունից։
Մյուս կողմից այն տպավորությունն էր‚ որ ՀՀ իշխանությունը Ծառուկյանի հետ կապված իրադարձություններում իր առավելագույն ռեսուրսներն էր հանել փողոց՝ ոստիկանության ամբողջ արսենալը‚ հատուկ ջոկատայիններ և այլն։ Փաստերը ցույց տվեցին‚ որ իշխանությունն էլ պատրաստ չէ իրադարձությունների նման զարգացման։ Ընդամենը մոտ 1000 ցուցարարի պայմաններում ոստիկանությունը ստիպված էր օգտագործել իր բոլոր ռեսուրսները՝ կրելով իմիջային կորուստներ ու բացահայտելով իր թույլ կողմերը։ Եվ հարց է առաջանում՝ ոստիկանությունն արդյոք ի վիճակի կլինե՞ր քիչ թե շատ քաղաքակիրթ ու խաղաղ մեթոդներով լուծելու հարցը‚ եթե բողոքողները լինեին մի քանի անգամ ավելի։ Առաջին մարտը ցույց տվեց‚ որ ոչ ընդդիմությունը‚ ոչ իշխանությունը ի վիճակի չեն համարժեք արձագանքելու լարված իրավիճակներին։ Ոստիկանությունը ցուցաբերեց ոչ պրոֆեսիոնալ‚ ոչ համակարգված գործունեություն‚ որը չի բացառվում՝ պայմանավորված է նրանով‚ որ հավես չունեն ամեն ապօրինի հրաման կատարելու և հանպատրաստից գործողություններ են անում‚ ինչը մի կողմից հարցը իբրև թե լուծում է‚ սակայն մյուս կողմից էլ ամեն ինչ արվում է այնպես‚ որ ի չիք է դարձնում այսօրվա իշխանության թավշյա կերպարը։ Եվ շատ վերլուծաբանների մեջ հարց է առաջանում՝ ի՞նչով է պայմանավորված‚ որ 2018 թ. մարտ-ապրիլ ամիսներին Սերժ Սարգսյանի օրոք ոստիկանությունը շատ ավելի թավշյա էր շենքեր գրավող‚ ճանապարհներ փակող‚ ռադիոտան վրա գրոհող ու դուռ ջարդող, օրինազանց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իսկ թավշյա միջոցներով իշխանության եկած ուժը այսօր գործում է այն մեթոդներով‚ որոնցով 2018-ին պետք է գործեր Սերժ Սարգսյանի կառավարությունը‚ եթե ընդունենք այն բոլոր մեղադրանքները‚ որ վերագրվում էին այդ իշխանությանը։ Այստեղ իհարկե հարցեր են առաջանում՝ ինչով էր պայմանավորված‚ որ Սերժ Սարգսյանի վարչախումբն այսքան բարի էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Կրկին առաջնային պլան են գալիս տարբեր կասկածներ պայմանավորվածությունների‚ թավշյա հեղափոխության թատերականացման մասին։ Շատ հարցեր այլ բովանդակություն են ստանում՝ հաշվի առնելով այն տեսարանները‚ որոնց մենք այսօր ականատես ենք լինում։
Կարող ենք փաստել‚ որ վերջին իրադարձությունները հին և նոր ընդդիմադիր կոնգլոմերատի առաջին հանդիպումն էին գործող իշխանության հետ։ Այդ առերեսումը ցույց տվեց կողմերի ներուժը‚ թույլ կողմերը‚ ինչը խորհելու լուրջ նյութ է տալիս։
Ինչի՞ կհանգեցնի ստեղծված իրավիճակը։ Պարզ է‚ որ ձևավորվում է նոր քաղաքական օրակարգ‚ նոր հնարավորություններ են ստեղծվում ընդդիմադիր ուժերի համար էլ ավելի ուժեղացնելու համար իրենց կառույցները։ Ակնհայտ է‚ որ առաջիկա ամիսներն էլ ավելի ծանր են լինելու իշխանության համար‚ իսկ կյանքը ցույց է տվել‚ որ իշխանությունը‚ մանավանդ ճգնաժամային պայմաններում‚ բացարձակապես անօգնական է։ Իրականում չգիտի՝ ինչ անել‚ և նրանց միակ հույսը մնում են ուժային կառույցները։ Սակայն այդ գործելակերպը նաև հակառակ արձագանքն է ստանում։ Այս պայմաններում է ձևավորվում լուրջ ընդդիմություն։ Անգամ ջերմոցային ԲՀԿ-ի համար անցած օրերը շատ մեծ փորձ էին‚ և իշխանության անճարությունն ու նրա վարկանիշի կտրուկ անկումը մեծ հնարավորություն են ընձեռում ոչ իշխանական ճակատին։ Հասարակությունն իրական այլընտրանքներ է փնտրելու իշխանության համար։ Այս պարագայում շատ կարևոր է‚ որ ընդդիմությունը կարողանա ոչ միայն իրական այլընտրանքային գործիչներ‚ իրական ստվերային կառավարություն ներկայացնել ու հանրությանը համոզել‚ որ ի վիճակի է դիմակայելու ցանկացած բռնության։ Սա ամենակարևոր խնդիրն է‚ որը և՛ քաղաքական‚ և՛ քարոզչական‚ և՛ այլ ռեսուրսների համախմբում է պահանջում։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ