Փաշինյանի նեոլիբերալ նավը խորտակվում է իր նեոլիբերալ հովանավորների հետ միասին
01.05.2020 | 00:52
Կորոնավիրուսային, այսպես կոչված, պանդեմիայի շուրջ ոդիսականը բավականին լուրջ տեսությունների, կարծիքների բախման առարկա դարձավ։ Հրապարակ եկան տարբեր վարկածներ՝ սկսած նրանից, որ սա բնականոն ծագումնաբանությամբ չղջիկից առաջացած վիրուս է, վերջացրած դավադրության տեսություններ պարունակող ամենատարբեր ենթադրություններով։
Դավադրության տեսության կողմնակիցները համարում են, որ կորոնավիրուսն արհեստական ծագում ունի, արհեստականորեն զարգացրած գործընթացի արդյունք է, և անգամ խնդիրն այն չէ, թե մենք գործ ունենք կենսաբանական զենքի հետ, այլ այն է, թե ի վերջո, ինչ նպատակ ունի այս ամբողջ պատմությունը, եթե այն իրոք արհեստածին է։ Այս պարագայում, այն տեսությունը, թե կորոնավիրուսը մեջտեղ է բերվել՝ մարդկային պոպուլյացիան նվազեցնելու համար, սառցաբեկորի ընդամենը երևացող մասն է։ Արդեն 4-5 ամիս տևողություն ունի այս վակխանալիան, և շատերը սկսում են հարցեր տալ ու պատասխաններ փնտրել, թե աշխարհաքաղաքական, վերազգային, վերպետական այն ուժերը, որոնք գեներացրել են այս գործընթացը, ի վերջո, ինչու են այդ ամենն արել։ Մեծ միամտություն կլինի կարծել, թե այս ամենն արվել է նրա համար, որպեսզի որոշ չափով վերահսկողության տակ վերցվի մարդկային պոպուլյացիայի աճը։ Աշխարհի շատ վերլուծաբաններ, ուղեղային կենտրոններ սկսել են առաջ քաշել այն տեսակետը, թե մենք աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, նույնիսկ գեոհումանիտար բնույթ կրող երրորդ համաշխարհային պատերազմի ականատեսն ենք, որի արդյունքում սկսվել են և շարունակվելու են տնտեսական հսկայական ռեսուրսային, ֆինանսական տրանսֆորմացիաներ։ Ինչպես հիմա են ասում, ստեղծվել են, այսպես ասած, վՏՉօպ վՏՐՎՈսՖվՏրՑՌ՝ նոր նորմալություններ։ Եվ այն, ինչ ընդամենը մի քանի ամիս առաջ համարվում էր ֆանտաստիկ, աննորմալ, անհնար մի բան թե մարդկային վարքագծի, հոգեբանության, թե տնտեսության, ֆինանսների առումներով, հիմա այլ ընկալում ունի, և մարդիկ շատ արագ հարմարվում են այդ նոր իրողություններին։
Այնուամենայնիվ, եթե անդրադառնանք գլխավոր խնդրին, որի լուծմանն է միտված պանդեմիայի սանձազերծած համաշխարհային պատերազմը, ապա դա տնտեսության, ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման հարցն է։ Արդեն իսկ կարող ենք փաստել մի քանի իրողություն, որ արձանագրվել են մի քանի ամսվա ընթացքում՝
1. Նախ և առաջ կարող ենք փաստել լիբերալիզմի լիակատար տապալումը։ Կյանքը ցույց տվեց, որ այնուամենայնիվ, ճգնաժամային պայմաններում ոչ թե ազատականությունն է մարդկանց գալիս օգնության, և մարդիկ իրենց հույսը դնում են ոչ թե շուկայական հարաբերությունների վրա, այլ ապավինում են ուժեղ պետության աջակցությանը։ Այսօր էլ բոլոր երկրներում մարդկանց հիմնական հույսը պետությունն է։ Պետության դերը էականորեն աճել է պանդեմիայի պայմաններում։ Եվ երբ մարդկանց մոտ կոմունալ ծառայությունների համար վճարելու գումար չի լինում, առաջին հերթին դիմում են ոչ թե գործատուներին, այլ պետությանը։ Սա ամբողջովին չեզոքացնում է գլոբալիստական այն թեզերը, թե ապագայում պետությունները պետք է լինեն շատ աննկատ, չխառնվեն հանրության կյանքին, ամեն ինչ պետք է կարգավորի շուկան, մարդու ազատություններն ու իրավունքները, պետությունն ընդամենը պետք է ունենա կարգավորիչ դեր։ Այս տեսության մեկ այլ ենթաճյուղ էլ այն է, թե շատ պետություններ ապագայում վերանալու են, և աշխարհում ձևավորվելու է մի քանի կոնգլոմերատ՝ առանց պետական սահմանների։ Այս համատեքստում, եթե դիտարկում ենք մինչկորոնավիրուսային աշխարհը, ապա իսկապես նման միտումներ կային, մասնավորապես, խոսքը միացյալ Եվրոպայի մասին է։ Ըստ էության միացյալ Եվրոպայի ստեղծումն այն փորձարարական դաշտն է, որտեղ աստիճանաբար գլոբալիստական լիբերալ ուժերը փորձարկում էին այդ մոդելը՝ սահմանների չեղարկում, միասնական արժույթի‚ մուլտիմշակութային տարածքների ստեղծում և այլն։ Բայց արի ու տես, որ կորոնավիրուսային գործընթացը, որը, ըստ շատ կենտրոնների, գլոբալիստների գեներացրած սցենարն էր, այնուամենայնիվ, բումերանգի էֆեկտ է ունեցել և ապացուցել, որ լիբերալ տեսությունը որևէ քննադատության չի դիմանում։ Ըստ էության, կվերապրեն այն պետությունները, որոնք ամուր են, պինդ, ունեն վերահսկելի պետական համակարգ ու պետական մտածելակերպով իշխանություններ։
2. Կարող ենք արձանագրել, որ շատ երկրների համար առաջնային է դառնում ոչ թե զարգանալու մղումը, այլ վերապրելն ու իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալը։ Եվ այս պայմաններում, ինչպես կյանքն է ցույց տալիս, առաջին պլան է մղվում անվտանգության խնդիրը։ Ինֆոդեմիայի տեխնոլոգիաների կիրառումը, որոնցով մարդկանց ամեն վայրկյան աշխարհի տարբեր ծայրերից բոլոր ռեսուրսներն օգտագործելով վախեցնում են, հանրության համար առաջնային խնդիր է դարձնում անվտանգությունը, մարդիկ նման պայմաններում հրաժարվում են իրենց իրավունքներից ու ազատություններից, նույնիսկ շատ դեպքերում կամավոր ստիպում են իրենցից վերցնել որոշակի ազատություններ, միայն թե իրենց փրկեն հիպոթետիկ վտանգից, տվյալ դեպքում՝ կորոնավիրուսից, որի մահաբերությունը 0,1-0,2 տոկոսից չի բարձրանում։ Այսինքն՝ նույնիսկ փոքր, բայց ինֆորմացիոն դաշտում ագրեսիվ մատուցվող վտանգը գրեթե 100 տոկոսով փոխում է մարդկային կյանքը։ Այն մարդիկ, որ համարում էին, թե 21-րդ դարում ամենից թանկ բանն ազատությունն է, որևէ իմունիտետ չունեն կորոնավիրուսային ինֆոդեմիայի այս գրոհի հանդեպ։
3. Շատ երկրներ, նույնիսկ աշխարհաքաղաքական այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, շատ արագ հասկացան, որ գլոբալիզմի այն գաղափարախոսությունը, ըստ որի պարտադիր չէ սեփական երկրում ունենալ խոշոր արտադրություններ, կարելի է դրա համար օգտագործել այլ երկրների էժան աշխատուժը, պետության անվտանգության հարց է։ Եվ եթե ԱՄՆ-ում Թրամփը, իշխանության գալով, պնդում էր, որ ամերիկյան արտադրությունները Չինաստանից կամ այլ երկրներից պետք է բերել ԱՄՆ, ինչի համար քննադատվում էր, ապա այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրներում հասկանում են, որ շատ կարևոր է, որ երկիրն ունենա հարուստ արտադրական ներուժ, լինի ինքնաբավ, որպեսզի կախված չլինի տրանսպորտային ուղիներից։ Բոլորը հասկանում են, որ սա է զարգացման գրավականը, ոչ թե զբոսաշրջությունը կամ սպասարկումը։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման թույլ մենեջերը նշում է, որ գոնե գյուղատնտեսությամբ պետք է փորձել մեր պարենային ինքնաբավությունն ապահովել։ Ցանկացած երկիր, որն ապավինում է զբոսաշրջությանը, նույնիսկ Իտալիայի նման երկիրը, որի ՀՆԱ-ի 12 տոկոսն է կազմում զբոսաշրջությունը, առաջիկա տարիներին, ամենայն հավանականությամբ, լուրջ խնդրի առջև է կանգնած լինելու‚ և երկրները ստիպված են լինելու փոխել իրենց տնտեսության կառուցվածքն ու առաջնահերթությունները։ Նույնը վերաբերում է Հայաստանին, թերևս երկար ժամանակ պետք է մոռանանք տուրիզմի և դրա հետ կապված ենթակառուցվածքների (հյուրանոցային տնտեսություն, սննդի օբյեկտներ, զբոսաշրջային կազմակերպություններ և այլն) արդյունավետության մասին։ Նիկոլ Փաշինյանը միշտ խոսել է տեխնոլոգիական զարգացման մասին, բայց երկու տարվա մեջ որևէ մեկը դժվար հիշի, թե Փաշինյանը տեխնոլոգիական-արտադրական ինչ ձեռնարկություն է բացել։ Գյուղատնտեսության մասին նույնպես շատ է խոսվում, բայց փաստն այն է, որ երկու տարում գյուղատնտեսությունը որպես առաջնահերթություն հռչակած երկրի ղեկավարությունը պարզապես փակեց գյուղատնտեսության նախարարությունը։ Սա իհարկե աբսուրդի ժանրից է, բայց բնավ զարմանալի չէ նիկոլփաշինյանական կառավարության տրամաբանության համատեքստում։ Եվ իշխանական այս աբսուրդը աստիճանաբար վերածվում է մարազմի։
Փաստ է, որ Երկիր մոլորակում ձևավորվում են նոր իրողություններ, և այդ նոր պայմաններում մարդիկ ու տնտեսությունները շատ արագ հաշտվում են ստեղծված իրավիճակի հետ։ Ամենօրյա ռեժիմով նոր իրավիճակներ են ստեղծվում, և Հայաստանի հանրության ու իշխանության առջև կանգնած ամենակարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ ոչ ոք չգիտի՝ արտակարգ դրության ավարտից հետո‚ երբ մարդիկ գնան աշխատանքի, արդյո՞ք հերթական խնդրի առջև չեն կանգնելու։ Ոչ ոք այսօր չգիտի, թե այն աշխատատեղերը, որ մարդիկ ունեին, մեկ ամիս հետո պե՞տք են լինելու։ Կան ոլորտներ, որոնք ամիսներ ու նույնիսկ տարիներ անգործության են մատնված լինելու։ Եվ սա միայն տեսանելի մասն է։ Ոչ ոք չգիտի, թե մեկ-երկու ամիս հետո ինչ անակնկալներ են սպասելու հանրությանը, կառավարությանը։ Իրավիճակն անհասկանալի է, և քանի որ մինչ այժմ աշխարհը զարգանում էր գլոբալիզմի կանոններով, ապա համարվում էր‚ որ աշխարհը մի մեծ շուկա է թե սպառման, թե արտադրության համար։ Չի բացառվում, որ համաշխարհային շուկան այլևս չլինի նախկինի նման միասնական, և յուրաքանչյուրն իր սպառողին պաշտպանելու համար գուցեև փակի այդ շուկաները։ Գուցե նաև այդ շուկաներին հասանելիություն չունենան նաև Հայաստանի արտադրողը կամ արտահանողը։ Եվ եթե չկան շուկաներ, շատ հնարավոր է նաև՝ փակվեն աշխատատեղերը։
Այնպես որ, ապագայում մեզ շատ լուրջ մարտահրավերներ են սպասում։ Այդ մարտահրավերները խիստ ընդգծված են Հայաստանի համար, որի իշխանությունները, մեղմ ասած, ոչ միշտ են ադեկվատ։ Նույնիսկ այս պայմաններում փոխանակ երկրի ղեկավարը զբաղվի իրական խնդիրներով, օրակարգային է դարձնում վնգստացող դատավորների, վեթինգի, սահմանադրական հանրաքվեի թեմաները։ Ցավոք, մենք մտել ենք կորոնավիրուսային խոր ճգնաժամի մեջ փաշինյանական իշխանությամբ, իշխանություն, որը ոչ միայն զուրկ է կառավարելու ունակություններից, այլև իր ընտրած ճանապարհը՝ կարանտինային սահմանափակումները, ի զորու չէ իրագործելու։ Իշխանությունը չունի որևէ ռեսուրս իր որոշումները կյանքի կոչելու համար։ Վերջին օրերին Գավառում տեղի ունեցած ողբերգությունը՝ Նորատուսից Գավառ հասնելն ու մարզպետի և ոստիկանապետի ներկայությամբ մարդկանց վիզ կտրելն ապացուցում է, որ ուժային կառույցներն էլ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին կամ էլ պարզապես չեն ցանկանում տիրապետել։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ