Զատկի երկուշաբթիից հետո Ավստրիայում սկսվում է ինքնատիպ վերածնունդ: Երեքշաբթի դռները կբացեն առևտրական ձեռնարկությունները, որոնց հարթակը չի գերազանցում 400 մ², այգեգործական խանութները (գարուն է եկել), տնտեսական ապրանքների խանութներն ու նույնիսկ քաղաքային պուրակները: Մայիսի սկզբին հերթը կհասնի մյուս խանութներին ու վարսավիրանոցներին: Հյուրանոցներն ու ռեստորանները պետք է մինչև ամսվա վերջ սպասեն, երբ մայիսի կեսին կպարզվի, թե ինչպես պիտի նրանք աշխատեն՝ գրում է Միրիամ Դետյուրին Le Figaro-ում: «Ավստրիան մյուս երկրներից արագ արձագանքեց և սահմանափոկումներ շուտ մտցրեց՝ կարողանալով վատագույնից խուսափել,- հայտարարեց կանցլեր Սեբաստիան Կուրցը: -Սահմանափակումների արագ սահմանումն այսօր մեզ հնարավորություն է տալիս ավելի արագ դուրս գալ ճգնաժամից: Բայց եթե մենք շարունակենք հետևողականորեն պահպանել կանոնները»: Ապրիլի 4-ից կորոնավարակների թիվն անշեղ նվազում է: Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 8,8 միլիոն բնակչությամբ երկրում 14 000 հիվանդ կա, կեսն արդեն բուժվել են: Կարանտին է մտցվել մարտի 5-ից և այդ պահից առողջապահության համակարգը ծանրաբեռնված չի եղել: Մահացել է 350 մարդ: Առավել տուժած շրջանը Տիրոլն է՝ վարակի 3300 դեպք,՝վարակի օջախ է դարձել լեռնադահուկային Իշգլ առողջարանը: Այնուամենայնիվ, կառավարությունը զգուշություն է դրսևորում և մարդկանց կոչ է անում սահմանափակել սոցիալական շփումները՝ կանխելու վարակի տարածման վերսկսումը: Մինչև ապրիլի վերջ արգելված են ուղևորությունները: Յուրաքանչյուրը պետք է հնարավորինս շատ մնա տանը և դուրս գա միայն գնումների կամ մաքուր օդում մարզվելու, որ վտանգավոր չէ, մարդկանց միջև միշտ պետք է պահպանվի 1 մետրից ավելի տարածություն: Պարտադիր դիմակներ կրելը, որ երկու շաբաթ կիրառվում էր սուպերմարկետներում, երկարացվելու է, առևտրական կետերը պետք է սահմանափակեն գնորդների թիվը՝ մեկ մարդ 20 մ² հաշվարկով: Առաջվա պես փակ են դպրոցները, մշակութային ու մարզական հաստատությունները: Հրապարակային միջոցառումներն արգելված են մինչև հունիսի վերջ: Ապրիլի սկզբին, ամբողջ երկրում 0-94 տարեկան 1544 մարդու մասնակցությամբ, ուսումնասիրություն անցկացվեց՝ պատկերացում կազմելու հիվանդների իրական վիճակի մասին, հաշվի առնելով առանց ախտանիշների վարակակիրներին: Արդյունքները վկայում են, որ 0,33% -ը վարակված է, դա նշանակում է, որ ամբողջ երկրում կարող է 28 500 մարդ վարակված լինել, որ երկու անգամ ավելի շատ է հիմա հայտնի դեպքերից: Թվերի աճից կախված՝ կարանտինի միջոցները կարող են փոխվել: Մեծ հարց է ուղևորությունների արգելքի տևողությունը: Կարո՞ղ են ավստրիացիներն այս ամառ դուրս գալ երկրից: Կանցլերը, որ մարտի 10-ին փակել է Իտալիայի հետ սահմանը, հիշատակում է հիվանդների երկիր մտնելու ռիսկը, երբ Ավստրիան ամբողջությամբ ճգնաժամից դուրս եկած կլինի: «Այս հիվանդությունը մեզ ուղեկցելու է այնքան, քանի դեռ չկա պատվաստանյութ կամ արդյունավետ բուժում,-հայտարարել է կանցլերը կիրակի օրը շրջանային թերթերին հարցազրույցում: -Մինչ այդ պահը մենք չենք ունենա տեղաշարաժի անսահմանափակ ազատությունը, որ նախկինում ունեինք»:
Միրիամ Դետյուրի, Le Figaro
Հ.Գ. RFI-ին Երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսաուղերձում հայտարարեց, որ կարանտինը երկարացվում է մինչև մայիսի 11-ը: «Դա միակ միջոցն է COVID-19-ի պանդեմիայի դանդաղեցման և թույլ կտա բժիշկներին բուժել հիվանդներին»՝ բացատրեց Էմանուել Մակրոնը: Կարանտինից հնարավոր կլինի դուրս գալ, «եթե մենք պահպանենք բոլոր կանոնները և վարակի տարածումը իրոք կանգ առնի»՝ նախազգուշացրեց նախագահը: Բայց պետք չէ սպասել, որ ամբողջ երկիրը մեկ ժամում կվերադառնա նախկին կյանքին: Կարանտինից ելքը լինելու է աստիճանական՝ պայմանները կարող են փոխվել ըստ իրավիճակի՝ ասաց նախագահը: Առաջին հերթին աշխատանքի կվերադառնան այն ընկերությունները, որ կարող են ապահովել հիգիենայի ու կորոնավարակից իրենց աշխատակիցների պաշտպանության միջոցները: Էմանուել Մակրոնը խոստացավ մայիսի կեսին բացել միջնակարդ դպրոցներն ու լիցեյները, իսկ բուհերի ուսանողները մինչև ամռան սկիզբը դաս չեն ունենա: Առաջիկայում կառավարությունը պետք է որոշի՝ ինչպես կանցկացվեն բուհերի քննությունները:
Մայիսի 11-ից հետո ոչ բոլորը կարող են վերադառնալ աշխատանքի՝ ռեստորանները, թատրոնները, կինոթատրոնները, սրճարանները, հյուրանոցները, թանգարանները փակ կլինեն: Փառատոններն ու զանգվածային այլ միջոցառումները չեն կարող անցկացվել մինչև հուլիսի կեսը: Եվրոպական երկրների հետ սահմաննները փակ կլինեն՝ մինչև «հատուկ հրամանը»:
Մայիսի 11-ից երկար կարանտինը պիտի պահպանեն ռիսկի խմբում գտնվողները՝ խրոնիկ հիվանդները և տարեցները: Նրանց կարանտինի ավարտի ժամկետը Մակրոնը չնշեց:
«Ե՞րբ ամեն ինչ կավարտվի ու կսկսվի նախկին կյանքը: Մենք պատասխան չունենք»՝ ասաց նախագահը: Նախնական տվյալներով՝ շատ քիչ ֆրանսիացիներ են վարակվել, ուստի հասարակությունը դեռ չունի «կոլեկտիվ իմունիտետ»: Կորոնավիրուսը կհաջողվի ամբողջությամբ հաղթահարել, երբ ստեղծվի պատվաստանյութ կամ բուժման հաջողված մեթոդ: Նախագահը խոստացավ մեծացնել գիտնականների սուբսիդիաները ասաց, որ Ֆրանսիայում, եվրոպական ցանկացած երկրից, շատ են անցկացվում հակավիրուսային դեղերի կլինիկական ուսումնասիրություններ: Մակրոնը նաև խոստացավ, որ ավելի շատ կտեստավորվեն՝ կոչ անելով մասնավոր լաբորատորիաներին համագործակցել իշխանության հետ: Ֆրանսիայում տեստերը հիմա չեն հերիքում, այդ պատճառով կտեստավորվեն նախ բուժաշխատողներն ու խոցելի խմբերը՝ տարեցներն ու խրոնիկ հիվանդություններ ունեցողները: Մայիսի 11-ից հետո կտեստավորվեն հիվանդության ախտանիշ ունեցողները՝ «Անիմաստ է տեստավորել բոլոր ֆրանսիացիներին»՝ ասաց Մակրոնը: Նախագահը խոստացավ մայիսի 11-ից բոլորին ապահովել պաշտպանական դիմակներով:
Երախտագիտություն հայտնելով բուժաշխատողներին, հրշեջներին, զինվորականներին, դեղագործներին, որ գտնվում են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում, Էմանուել Մակրոնն ընդունեց, որ իշխանությունները պատրաստ չէին պանդեմիային: «Պատրա՞ստ էինք մենք ճգնաժամին: Ոչ բավարար»՝ ասաց նա՝ թվարկելով պաշտպանական դիմակների, անտիսեպտիկ գելերի ու ձեռնոցների պակասը բուժաշխատողների համար: «Բայց ինչպես ամբողջ աշխարհում՝ մենք դիմադրում ենք ու ընտելանում»՝ ասաց նախագահը՝ հավելելով, որ 5 անգամ ավելացել է դիմակների արտադրությունը: Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին խոստացավ նոր հետկորոնավիրուսային հասարակություն, որ ավելի լավ պատրաստ կլինի ճգնաժամերին: Ավելի սոցիալական, արդար, համախմբված, բնապահպանական, ստեղծագործ ու ճկուն: «Մեզ համարում էին անկարգապահ ժողովուրդ, բայց մենք ահա պահպանում ենք կանոնները, որ ամենախիստն են խաղաղ ժամանակների համար: Այն, ինչ տասնամյակներով թվում էր անհնար, մենք արեցինք մի քանի օրում»՝ ֆրանսիական նոր հասարակության հաջողության երաշխիքը համարեց նախագահը: «Պահպանեք ձեզ և կեցցե Հանրապետությունը»՝ եզրափակեց Ֆրանսիայի նախագահը:
Երեկ նաև Հայաստանը մինչև մայիսի 14-ը երկարացրեց արտակարգ դրությունն ու կարանտինը: Սահմանափակումները մաս-մաս կհանվեն՝ չնպաստելու վարակի անկառավարելի տարածմանը: Իսկ ընդհանրապես՝ համեմատեք տարբեր երկրների իշխանությունների վարքագիծը, ելույթների բովանդակությունն ու որոշումների հիմնավորումները: Շատ հետաքրքիր պատկեր է, ափսոս, որ նաև ցավալի է: Մեզ համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ