2012-ի տարօրինակ ամառը` ամեն օր արևի միջից եկող հորդառատ անձրևներով, որոնց հետքերը կես ժամում վերանում են:
2012-ի տարօրինակ ամառը` կապույտ երկնքի խաղաղության մեջ անլույս կայծակներով ու անձայն որոտներով:
Այսպես եղել է: Վաղուց ու բազմիցս: Հետո մոռացվել է:
Նախկին արտաքին գործերի նախարար, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը նորից խրվել է իրադարձությունների շրջապտույտում: Չեխովը ճիշտ էր ասում` եթե զենքը հայտնվել է, պիտի կրակի: Ճիշտ է, ասում էին` հեռախոս է, բայց մեր օրերում կրակում է նաև հեռախոսը, եթե թիրախ կա, և կա կրակելու անհրաժեշտություն:
Ամենակոռումպացված և ամենաանպատժելի տարրը մեր երկրում, փաստորեն, դիվանագետներն են, որ իրենց գործունեության տարբեր փուլերում համարյա պարտադիր ու անպատիժ զբաղվում են փողերի լվացմամբ և հակաօրինական բուռն գործունեությամբ, որն ակներևաբար պաշտոնանկությունից հետո դառնում է նրանց հոբբին: Չգիտես ինչու: Այս տպավորությունը կարող են թողնել Հայաստանի նախկին արտգործնախարարները գործընկերների վրա, ովքեր պաշտոնավարել կամ պաշտոնավարում են այլ երկրներում: Ի տարբերություն մյուս նախարարների` արտաքին գործերի նախարարներն իրենց երկրի այցեքարտն են միջազգային ասպարեզում` ներկայացնելով ոչ միայն քաղաքականության, այլև քաղաքակրթության վիճակը: Բայց Հայաստանի արտաքին քաղաքական իմիջի հարցը ներքաղաքական զարգացումների առանցքում հիմնովին անտեսված ու անտարբերության է մատնված: ՈՒ դա ոչ մեկին առանձնապես չի հուզում: Կարծես:
Համարյա մեկ շաբաթ օրեցօր հանգուցվող իրադարձությունները ինչ-որ պահից զարմացնում են արդեն միայն Վարդան Օսկանյանին, որ անհամադրելի է համարում իր անունը փողերի լվացման մեղադրանքի հետ, այնքան անհամադրելի, որ պնդում է` այդ բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Բայց գործնականում լավ էլ համադրվում են, լավ էլ հնչում են` պաշտոնական, տեղը տեղին հիմնավորված ու պատճառահետևանքային կապի մեջ: ՈՒ եթե Վարդան Օսկանյանը կարծում է, թե «միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի», ակներևաբար այդպես չեն կարծում ո՛չ իր կուսակիցները, ո՛չ իրեն մեղադրանք ներկայացնողները:
Այս ամբողջ պատմությունից, որ դեռ խոստանում է շարունակվել ու բացահայտումների հուն ներառել այլ մարդկանց ու դեպքեր, մնում է այն տպավորությունը, որ բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ հասկանում են, բայց ոչ ոք չի ասելու` ինչ է կատարվում, ինչու ու դեռ ինչքան: Գիտի նաև, ու` ամենից շատ Վարդան Օսկանյանը, բայց նա խաղում է պարտիզաններից վերջինի դերը և լռելու է իր ու «այն տղայի փոխարեն» մինչև հաղթական ավարտ կամ բոլորեքյան պարտություն:
Առնվազն երեք անհեթեթ հարց է ծագում, որ գուցե պատասխանի կարիք չունեն. իրո՞ք Վարդան Օսկանյանն անկեղծորեն հավատում է, որ «Սիվիլիթասը» հենց այն է ու այնքան, ինչ ու ինչքան ներկայացնում է ինքը` սա մեկ: Երկրորդ` ԱԱԾ-ի աշխատակիցները ժամանակների մեջ չե՞ն սխալվել, ինչո՞ւ երկու տարի առաջ կատարված ապօրինությունը երկու տարի հետո է բացահայտվում ու ընդհանրապես` որքանո՞վ է այս հարցը ազգային անվտանգության խնդիր, որքանո՞վ հարկային, որքանո՞վ իրավական: Եվ երեք` իսկ եթե Վարդան Օսկանյանը իր համար նստեր իր «Սիվիլիթասում» ու մտքով էլ չանցկացներ ո՛չ ԲՀԿ-ին առնչվել, ո՛չ նախարարական անցյալն ավելի բարձր կարգավիճակով վերադարձնել, ոչ էլ մեծ քաղաքականությանը փոքր տարածությունից հետևել, ԱԱԾ-ը, հարկային կամ արդարադատության որևէ կառույց կհիշեի՞ն նրան իր ստեղծած հիմնադրամի ու այդ հիմնադրամում կամ հիմնադրամի շուրջ կատարված ապօրինությունների հետ, որոնք դեռ պետք է ապացուցել կամ հերքել:
Եվ վերջապես` չգիտե՞ր Վարդան Օսկանյանը, թե ուր է ուզում վերադառնալ, ի՞նչ օրենքներ են այն դաշտում, ուր ինքը 10 տարի արտաքին քաղաքականություն է վարել, իսկ արտաքին ու ներքին քաղաքականության միջև հստակ սահմանագիծ փաստացի գոյություն չունի: Չգիտե՞ր Վարդան Օսկանյանը բումերանգի վերադարձի օրենքը, թե՞ կարծում էր, որ իր նետած բումերանգը վերադառնալու է, բայց ուրիշներին է գտնելու` նրանց, ում անունից է նետել: Չկա նման արդարացում: Որովհետև մեկ տասնամյակ ինքն է հիմնավորել ու «արդարացրել» երկրում կատարվող անօրինականությունները արտաքին աշխարհի առաջ ու ոչ մի անգամ հրաժարական չի ներկայացրել, չի փորձել իրադարձությունների բուն պատճառների մեջ խորանալ, այլ ինքնատիպ հնչերանգով վերարտադրել է այն «ճշմարտությունը», որ մշակվել է նախագահականում ու հրամցվել իբրև վերին ատյանի անբեկանելի ու անքննելի «ճշմարտություն»... Բայց իմացել է, չէ՞, Վարդան Օսկանյանը, որ կշարունակվի քաղաքական հարցերը քրեական գործերով լուծելու ավանդույթը, ուրեմն ինչո՞ւ է հիմա զարմանում, որ մի շարքում են հայտնվում ինքն ու կեղտոտ փողերը, ինքը, կեղտոտ փողերն ու Հանթսմանը: Ինքը, որ եղել է պետական կառավարման համակարգի մի մաս, և կարևոր մաս, ինչո՞ւ է կարծում, որ այդ համակարգը չէր կարող իր դեմ ուղղվել, երբ ինքն արդեն դուրս էր համակարգից: Վարդան Օսկանյանը չէ՞ր պաշտոնավարում հոկտեմբերի 27-ին ու հետո, նա չէ՞ր նախարարը 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ, 2004-ին, ինքը չէ՞ր աշխատանքից ազատում դիվանագետներին 2008-ին, նա չէ՞ր «բացատրում» մարտի 1-ի ու հետագա իրադարձությունների «օրինականությունը» ներսում ու դրսում: Վարդան Օսկանյանն ամբողջ կյանքում սպասե՞լ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ստեղծվի ու երազել է այդ կուսակցության ծրագրե՞րը կենսագործել, գաղափարնե՞րը տարածել, թե՞ մանկության երազանքը Ազգային ժողովի պատգամավոր լինելն էր: ՈՒ ազնվորեն, արդարաբար, ճշմարտապես ոչ մի կապ չունի՞ Ռոբերտ Քոչարյանի, 2013-ի նախագահական ընտրությունների, երկրորդ նախագահի քաղաքական հավակնությունների հետ, որոնց կենսագործման հնարավորությունը փորձաքննելու առաքելությունն է ստանձնել, թե՞ այդ ամենը հորինվածք է, որից պետք է մի լավ զարմանալ, հետո էլ հրաժարվել:
Հայաստանում գործնականում մեղավոր են բոլորը, արդար, ազնիվ, անմեղ մարդ չկա ու չի կարող լինել: Ընդհանրապես: Պարզապես ոմանց գործած մեղքերը, կատարած հանցանքները, հանցավոր մտադրությունները բացահայտվել ու մեղսագրվել են, մյուսներինը կբացահայտվեն, երբ գա անհրաժեշտ պահը, որը կարող է գալ, կարող է չգալ` նայած տվյալ անձի խելամտության, ավելի ճիշտ` հաստատված խաղի կանոնների մեջ տեղավորվելու ընդունակությանը: Այս հարթության մեջ պատմությունը դադարում է միայն վարդանօսկանյանական լինել ու դառնում է բոլորինս: Բայց մենք, իհարկե, այդ մասին ոչ միայն չենք բարձրաձայնի ոչ մի խոսք, այլև չենք էլ մտածի: Այդպես հարմար է:
Իսկ եթե վերադառնանք real politik-ին, պիտի ընդունենք, որ կամ Վարդան Օսկանյանը մեղավոր է, և պետք է նրա մեղքն ապացուցվի, ու երբ ապացուցվի, նաև պատժվի, կամ պիտի ընդունենք, որ Վարդան Օսկանյանը հերոսացվում է իշխանության հետ «անհավասար» պայքարում, և դա էլ այն զենքն է, որ առաջին գործողությունում հայտնվելով` որևէ գործողությունում կրակելու է: Պարտադիր:
Հասկանանք տխուր մենակությունը մի մարդու, որ արդեն որոշել է սահմանադրական իրավունքից օգտվելով` ցուցմունք չտալ, փորձենք հասկանալ նաև, թե սիվիլիթասյան այս պատմությունն ինչու է անձրևոտ այս ամռան հայտնագործությունը դարձել: Արդյո՞ք սա այն հանգուցակետը չէ, որտեղ որոշվում են նախագահական ընտրությունների թեկնածուների անունները և հետընտրական խճանկարն իր գործող ու արդեն գործողությունների դաշտից դուրս բերվող անձերով: ԱԱԾ-ն իր երկու տարվա լռության կամ «անտեղյակության» հետ հարցի մի կողմն է, կա հանուրի համար առավել կարևորը` 2008-ից իր աստեղային ժամին սպասող Ռոբերտ Քոչարյանը 2013-ին նախագահական հավակնություններ ներկայացնելո՞ւ է, հրապարակա՞վ, միջնորդավորվա՞ծ, որոնելու է վարչապետի՞ աթոռը, թե՞ հաշտվելու է երիտասարդ թոշակառուի ճակատագրի հետ, որ շատերի համար անհասանելի երազ էլ կմնա: Թերևս հենց այս անձրևային ամռանն են այս հարցերը պարզաբանվում, և Վարդան Օսկանյանը պարզապես դժբախտությունն ունի «մանրադրամ» դառնալու այս պարզաբանումների ծիրում, որին, իհարկե, կանխավ է համաձայնել: Այնուհանդերձ, թեպետ բոլորն ամեն ինչ գիտեն, հասկանում են ու որքան էլ ցույց չեն տալիս, թե գիտեն ու հասկանում են, հանուն պատշաճության մի քանի վրդովված կամ արդարության վերականգնմանն ու ճշմարտության հաղթանակին հավատացող ելույթ էր պետք հարազատ կուսակցության շուրթերից, թե չէ ակնհայտ են դառնում անհայտի «հայտնիության» աստիճանները: Մարդուն իր մենակության մեջ սոցիալական ցանցին հանձնելը վաղաժամ հրաժեշտի պես է հնչում: Որքան էլ ԱԱԾ-ը դեռ մայիսի 25-ին քրեական գործ է հարուցել` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով, փաստը դեռ ոչինչ չի նշանակում: Այս հանգուցակետում կարող է պարզվել, որ «կեղտոտ փողերը» լավ էլ մաքուր են, կարող է պարզվել, որ Վարդան Օսկանյանն ընդհանրապես սրբերից վերջինն է և ձեռքը փող է առել վերջին անգամ 30 տարի առաջ, կարող է պարզվել, որ ԱԺ-ն շատ հեշտությամբ` հանուն արդարության ավելի արագ բացահայտման, իր 1/131 մասին հանձնելու է արդարադատության համակարգին, կարող է ոչինչ չպարզվել: Մասնավորապես` 2 միլիոն դոլարից 1135000 դոլարը բարեգործական նպատակներին չուղղելու պատճառների մասով: «Հանթսման Ինթերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս» ԱՄՆ-ում գրանցված կորպորացիաներն ինչո՞ւ էին այդքան շռայլորեն բարերարում «Սիվիլիթասին»` մասով, ու` էլի տարբեր մասերով, որոնք պարզապես քաղաքականությունը հավասարեցնում են առուծախի, երբեմն էլ առուփախի հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Այս ամբողջ պատմությունից ակնհայտ է դառնում, թե ինչքան դժվար կացության մեջ են Հայ առաքելական եկեղեցին ու Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, ումից աղանդների դեմ գործուն պայքար ենք պահանջում` նախապես այդ աղանդների դեմ բացելով մեր տան դռները, հետո` գրպանները, վերջում նաև` հոգին: Իսկ գուցե և հակառակ հաջորդականությամբ, բայց` հայկական անվերապահ հյուրընկալությամբ: Փաստորեն, Հայաստանից դուրս գործող աղանդավորական կազմակերպությունների «շռայլությունը» միշտ էլ պետության բարձրագույն պաշտոնյաներն իրենց իշխանության ամրապնդմանն են ուղղել, ժողովուրդը` սոցիալական վիճակի բարելավմանը. Աստված հեռու է, իսկ ուտել ուզում ես ամեն օր: Եվ ստացվում է, որ անձրևը ոչ բոլոր հետքերն է մաքրում, թեպետ գալիս է ամեն օր: