ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմացրեց Փաշինյանի պաշտոնավարումը

Խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմացրեց Փաշինյանի պաշտոնավարումը
20.01.2021 | 20:02

Դեռ մի քանի շաբաթ առաջ խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե միակ հարցը, որ ԱԺ դահլիճում պետք է քննարկվի, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Նրանք անգամ բոյկոտեցին նիստերը։ Սակայն ընդամենը որոշ ժամանակ էր պետք, որ խորհրդարանում ընդդիմությունը նորից վերադառնա նախկին հուն և իշխանության ջրաղացին ջուր լցնի՝ մոռանալով, թե օրեր առաջ ինչ է ասել։


Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հարցեր էին տալիս Փաշինյանին՝ փաստացի լեգիտիմացնելով նրա՝ որպես վարչապետ մնալու հանգամանքը։ Կապ չունի, թե ինչպիսի հարցեր էին, ինչքան սուր, կծու, խայթող։ Փաստն այն է, որ նրանք, ի դեմս Փաշինյանի, ընդունեցին, որ Հայաստանն այսօր ունի իշխանություն ու կառավարության ղեկավար։


Մինչդեռ ընդամենը 1 ամիս առաջ հրապարակից էլ բառ ու խոսք չկար, որ չասեին Փաշինյանին, ու հրաժարվեին նրան, որպես երկրի ղեկավար, ընդունելու։ Ի՞նչ փոխվեց, որ այսօր ԲՀԿ-ն սկսեց կարևորել Փաշինյանի պարզաբանումները։ Ի դեպ, այս խմբակցության անգամ քչախոս պատգամավորներն էին հարցեր տալիս՝ նախապես պատրաստված տեքստերով։


Սակայն Փաշինյանը մեծ հաճույքով օգտվեց այս առիթից ու իր հնարքներով ընդդիմադիրներին ստեղծված իրավիճակում ավելի մեղավոր դարձրեց։ Նա հեգնեց անգամ ԲՀԿ-ին՝ հիշեցնելով, որ այս իշխանությունն ունենալու համար նաև նրանք են պատասխանատու, ավելին, ժամանակին նաև մաս են կազմել կառավարությանը։ Հիշեց անգամ ԲՀԿ-ի՝ պատերազմին «չհասած ջոկատի» պատմությունը։ Այլ խոսքով, Փաշինյանին հաջողվեց նսեմացնել ու կրկին անհարմար վիճակի մեջ դնել խորհրդարանական անսկզբունք, անընդհատ ճկվող ընդդիմությանը։
Հիմա փաստորեն խորհրդարանում միակ քննարկվող հարցը էլ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չէ՞։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 88642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ