Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինչո՞ւ է Պուտինը փրկում Փաշինյանին

Ինչո՞ւ է Պուտինը փրկում Փաշինյանին
17.12.2020 | 11:59

Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում առաջարկում էր 6 երկրների պլատֆորմ ստեղծել, որ պետք է համագործակցեն հանուն Անդրկովկասում խաղաղության, և կոչ էր անում Հայաստանին միանալ այդ նախագծին, որ նրա կարծիքով Երևանին «նշանակալից օգուտներ» է խոստանում ու կարող է «նոր էջ բացել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում», քչերն էին կանխատեսում, որ Երևանն այդքան արագ կարձագանքի: Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, փորձելով շփման կետեր գտնել»: Նրա խոսքով՝ «փոփոխություն է եղել, ադրբեջանցիները հիմա ուժեղ են, հետևաբար՝ ինքը հարկադրված է հաշտվել այդ իրավիճակի հետ»: Օբյեկտիվորեն դատելով՝ Բաքվի, Երևանի, Մոսկվայի հրադադարի համաձայնությունից հետո, որի կետերից մեկը նախատեսում է տարածաշրջանային բոլոր հաղորդակցուղիների ապաշրջափակում և տրանսպորտային միջանցքի ստեղծում Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, հայտնվում են գլխավոր նախադրյալները և Երևանի ու Բաքվի, և Երևանի ու Անկարայի հարաբերությունների նորմալացման համար: Ավելին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը Հայաստանին դուրս է բերում տարածաշրջանային մեկուսացումից (այսօր Հայաստանի միջպետական 4 սահմաններից 2-ը փակ են), վերածում է տարանցիկ երկրի, որ ելք ունի դեպի Եվրոպա: Անկարայի ու Երևանի հարաբերությունները վերականգնելու կապը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումից կտրելու նախորդ փորձերը (2009-ի հոկտեմբերի 10-ի Ցյուրիխյան արձանագրությունները) հաջողություն չունեցան, ինչպես և այդ գործընթացը «առանց նախապայմանների» վերակենդանացնելու Փաշինյանի փորձերը:


Ռուս կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ Հայաստանի անկախության Հռչակագիրը (որ համարվում է Հիմնական օրենքի բաղկացուցիչ) կետեր է պարունակում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին և «Արևմտյան Հայաստանի» հիշատակում, այսինքն՝ մատնացույց է անում տարածքային պրոբլեմի գոյության փաստը: Պատահական չէ Էրդողանը Բաքվում իր հայտարարության մեջ մատնացույց անում Հայաստանի կողմից համապատասխան որոշումների ընդունման անհրաժեշտությունը, որովհետև «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ և թուրք-հայկական հաշտություն» հավասարության առաջին մասը փաստացի որոշված է, եթե նկատի ունենանք Ադրբեջանի վերահսկողության տակ շրջանների վերադարձը:

Հայ-թուրքական հաշտության համար երկու կողմերը պետք է հաղթահարեն պատմական բարդ խոչընդոտները, որ սկսեն նոր գլուխ իրենց հարաբերությունների պատմության մեջ: Ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Փաշինյանի համար շատ բարդ է դա միակողմանի անել՝ հայ հասարակական-քաղաքական գիտակցության մեջ ստեղծված բացասական ադրբեջանաթուրքական շլեյֆի պատճառով: Այդ պատճառով տրամաբանական կլիներ այդ ուղղությամբ Անկարայի կամ Բաքվի քայլը՝ Փաշինյանին անկյուն քշելու փոխարեն, որ պահպանում է առճակատման սցենարը: Հիմա Երևանի, Անկարայի ու Բաքվի համար խնդիրը «նոր բացվող դռնով անցնելու ու դարաշրջաններ փոխելու քաղաքականություն սկսելու» ունակության մեջ է: Թուրքիան կարող է հայտարարել Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու գործընթացը սկսելու մասին՝ 2 արձանագրություններ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմանի կապերի զարգացման մասին, որ ավելի վաղ կասեցրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, բայց ամբողջությամբ դուրս չէր եկել խաղաղության գործընթացից: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ այս պրոբլեմների լուծումը կապված է ներքաղաքական բարդ դիսկուրսի հետ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ներսում: Ավելին՝ Մարկեդոնովը գրում է, որ «երկու պատմական հակառակորդների հաշտությունը արդեն ոչ մեկ անգամ կարող էր լինել, և Հայաստանը Թուրքիայի հետ սկզբունքորեն նոր ոչինչ չեն բացահայտում: Այսօր կա թուրք-հունական հարաբերությունների փորձը, և բուլղար-թուրքական, և լեհ-ուկրաինական, և լեհ-լիտվական, գերմանառուսական, և հունգարառումինական, արդեն չասած իսրայելագերմանական հաշտության մասին և ԵՄ-ում մերձավոր դաշնակիցներ դարձած պատմական հակառակորդներ Գերմանիայի ու Ֆրանսիայի»:

Բանականաբար՝ պատմական հաշտությունը, նախևառաջ պետք է համապատասխանի հաշտվող կողմերի ազգային շահերին և քաղաքականապես ու տնտեսապես ձեռնտու լինի: Բայց պետք է հասկանալ, որ ղարաբաղյան պատերազմից հետո Անդրկովկասում և հարևան մերձավորարևելյան երկրներում սկսվել է նոր մեծ խաղ, որի գլխավոր նշանը շատ փորձագետների համար սենսացիոն Ռուսաստանի ու Թուրքիայի կոոպերացիան է, որին արդեն կցվել է Ադրբեջանը, իսկ հիմա հնարավորություն է բացվել Հայաստանի համար: Հարցն այն է՝ թույլ կտա՞ն Փաշինյանին իրականացնել դա և Երևանում իշխանության չե՞ն գա ուժեր, որոնք կհայտարարեն, որ Լեռնային Ղարաբաղի համաձայնությունը ընդամենը հրադադար է, իսկ «գլխավոր պատերազմը դեռ առջևում է»: Իսկ Ռուսաստանը, ինչպես գտնում է բուլղարական «Дума»-ն, «իր պաշտպանության տակ է վերցրել Փաշինյանին, զգուշանալով Հայաստանում իշխանության ապալեգիտիմացումից», ոչ թե որդեգրել է «դրան տեղն է» քաղաքականություն՝ իբրև վրեժ հակառուսական հռետորաբանության, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղեր տալու: Մոսկվան չշահարկեց «զանգվածային դժգոհությունը, այլ պահպանեց քաղաքական սառնարյունություն և նրան օգնության ձեռք մեկնեց»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գովեց Փաշինյանին, որ հրադադարի ժողովրդին ուղղված ողբերգական ուղերձում ասել է «ամբողջ ճշմարտությունը»: «Դա ճիշտ էր, թե սխալ՝ այլ հարց է, բայց ոչ մի դավաճանության մասին չի կարող խոսք լինել»՝ ընդգծեց ՌԴ նախագահը: Ստորագրելով եռակողմ համաձայնագիրը, Փաշինյանը ստանձնել է հետևանքները կրելու պատասխանատվությունը գործնականում, որքան էլ ցավոտ լինի: Մի խոսքով՝ մեծ խաղը շարունակվում է:
Ստանիսլավ Տարասով. REGNUM


Հ.Գ. Վերջապես՝ ռուս փորձագետները բացում են վարագույրը Մեծ Մերձավոր Արևելքի խորհրդավոր փոփոխությունների վրայից: Փաստացի՝ պատերազմում կապիտուլյացիան ու Արցախի մեծ մասի կորուստը քիչ էր, հիմա էլ թիրախում Հայաստանն է: Հարկավ, կգտնվեն մարդիկ, որ հրապուրիչ հեռանկարներ կտեսնեն, բայց ամբողջ խնդիրն այն է, որ տարբեր մարկեդոնովներ մեջբերելով «թուրք-հունական հարաբերությունների փորձը, և բուլղար-թուրքական, և լեհ-ուկրաինական, և լեհ-լիտվական, գերմանառուսական, և հունգարառումինական, արդեն չասած իսրայելագերմանական հաշտության մասին և ԵՄ –ում մերձավոր դաշնակիցներ դարձած պատմական հակառակորդներ Գերմանիայի ու Ֆրանսիայի», հաշվի չեն առնում, որ թուրք-հունական հարաբերությունները այս պահին էլ գերլարված են, որ բուլղար-թուրքական հաշտություն չկա, լեհ-ուկրաինական, և լեհ-լիտվական, գերմանառուսկան, և հունգարառումինական, իսրայելագերմանական, գերմանաֆրանսիական հաշտությունը հնարավոր էր, որովհետև կողմերը միմյանց հաշվին չէին հաշտվում, այլ միմյանց հետ: Թե ինչ «դաշնակից» է Թուրքիան, լավ գիտի նաև Ռուսաստանը, և այս հաշտության խաղը ընդամենը ռուս-թուրքական առևտրի մաս է, որի համար էլ Պուտինը «պահում է» Փաշինյանին՝ ըստ ռուս փորձագետի: Գուցե հենց այդ պատճառով, թե Փաշինյանը, թե Փաշինյանի հրաժարականը պահանջողները խուսափում են արտահերթ ընտրություններից, որտեղ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը, իսկ ընդդիմությունը՝ իշխանության չգալ, եթե լինեն արդար ընտրություններ: Ու ամբողջ ինտրիգը դա է, ոչ թե ինչ-որ խաղեր Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ վաղուց ամեն ինչ պարզ է՝ երկու նախկին կայսրությունները ուզում են վերականգնվել՝ վերականգնելով ազդեցության գոտիները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ