38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի՞թե Թուրքիան նորից մերձենում է Ռուսաստանին

Մի՞թե Թուրքիան նորից մերձենում է Ռուսաստանին
08.06.2020 | 09:15

Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հաստատված հարաբերությունները կարելի է անվանել ունիկալ: 19-րդ դարում այդ երկրների միջև պատերազմների շարք է եղել, որոնց արդյունքում Թուրքիան աստիճանաբար զիջել է Ռուսաստանին իր տարածքների մի մասը: Մի քանի հարյուրամյակ Ռուսաստանը ակնդետ հետևել է Կոստանդնուպոլսին (ներկա Ստամբուլին), որովհետև ռուս ցարերը իրենց համարել են Բյուզանդական կայսրության անմիջական իրավահաջորդներ: Առաջին աշխարհամարտի տարիներին այդ երկրները միմյանց դեմ արյունոտ մարտեր են մղել Կովկասում: Առաջին համաշխարհային պատերազմի ու Օսմանյան կայսրության անկումից հետո ժամանակակից Թուրքիան հարաբերությունները լավացրեց Սովետական Միության հետ՝ մասնակի այն պատճառով, որ Վլադիմիր Լենինի գլխավորած բոլշևիկյան կառավարությունը հրաժարվեց ավանդական հավակնություններից Արևմտյան Հայաստանի ու Կոստանդնուպոլսի տարածքների նկատմամբ: Ավելին՝ շնորհիվ սովետական զենքի մատակարարումների ժամանակակից Թուրքիայի հայր Մուստաֆա Քեմալը (Քեմալ Աթաթուրքը), իշխանություն ստացավ և հաղթանակ տարավ հույների նկատմամբ հույն-թուրքական պատերազմում: Իրավիճակը բարդացավ երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Սովետական Միությունը դուրս եկավ 1925-ին ստորագրված չհարձակման պայմանագրից: Թուրքիան 1952-ին անդամակցեց ՆԱՏՕ-ին և իր զինվորներին ուղարկեց ՄԱԿ-ի կազմում Կորեական պատերազմին մասնակցելու: Եթե անցյալում իրավիճակը բարդ էր, հիմա դարձել է միանգամայն անհասկանալի, որովհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ակնհայտորեն, շարունակում է հարաբերությունները կարգավորել երկու կողմերի հետ:
Այս շաբաթ ռուսական պետական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ռուսական տեխնիկայի Թուրքիայի պատվերների պորտֆելը 1 միլիարդ դոլար գին ունի: «Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ռուսական տեխնիկայի Թուրքիայի պատվերների պորտֆելը գնահատվում է 1 միլիարդ դոլար,- ասել է ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետ Դմիտրի Շուգաևը թուրքական Eko türk tv հեռուստաալիքին:- Մենք ունենք լուրջ և ամուր հիմք հետագա առաջընթացիկ զարգացման ու համագործակցության ռազմական ոլորտում»: Որոշ հաղորդումներով՝ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններում պայմանավորվել են С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ համալիրի մատակարարման մասին:

Ավելին՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել տեխնոլոգիական համագործակցությունը Թուրքիայի հետ, որը ենթադրում թուրքական ընկերությունների անմիջական մասնակցությունը արտադրությանը: «Բանակցությունները ընթացքի մեջ են, դա աշխատատար գործընթաց է, որ որոշակի ժամանակ է պահանջում: Բայց հաշվի առնելով պանդեմիային առնչվող ներկա սահմանափակումները, պայմանագրի կնքման ժամկետները կանխատեսելը անշնորհակալ գործ է»՝ ասել է Շուգաևը ТАСС-ին հարցազրույցում այս շաբաթ: 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ 2,5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ: Ըստ պայմանագրի՝ Թուրքիան արդեն ստացել է С-400-ի առաջին մասնաբաժինը (2 գումարտակ): Թուրքիային մասամբ փոխանցվեց արտադրության տեխնոլոգիան: Ռուսական С-400 համակարգերը մշակվել են դիմակայելու օդային ամբողջ շարք նպատակակետերի՝ ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ, բալիստիկ հրթիռներ: Համակարգերը կարելի է օգտագործել և ցամաքային շինությունների ու համակարգերի դեմ: С-400-ի հեռահարությունը 400 կիլոմետր և ունակ են խոցել 30 կիլոմետր բարձրությամբ թիրախը: Գնորդների ու հնարավոր գնորդների ցանկում են Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և Կատարը: Թուրքիան, որի բանակը ՆԱՏՕ-ում երկրորդն է, ալյանսի միակ անդամն է, որ վճռել է ռուսական համակարգեր գնել: ԱՄՆ կոնգրեսմենները նախազգուշացրել են Անկարային, որ С-400-ների գնումը երկարաժամկետ բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա:


Ռուսական ռազմական տեխնիկա գնելու Անկարայի որոշման պատճառով Թուրքիային հեռացրին F-35 Joint Strike Fighter ծրագրից, իսկ ԱՄՆ-ը սպառնաց միակողմանի պատժամիջոցներով: Զգուշանալով պատժամիջոցներից՝ Թուրքիան նույնիսկ պահեստամասեր կուտակեց ԱՄՆ-ում արտադրված F-16-ների և այլ զենքերի համար: Չնայած F-35 Joint Strike Fighter ծրագրից հեռացմանը՝ ապրիլի վերջին թուրք սուբկապալառուները շարունակեցին արտադրել ու մատակարարել այդ ծրագրի պահեստամասեր: Հիմա, երբ Թուրքիային հեռացրել են այյդ ծրագրից, հարց է՝ Անկարան կքննարկի՞ F-35 կործանիչներին այլընտրանքի հարցը: 2019-ի օգոստոսին ТАСС-ը հաղորդեց, որ Թուրքիայի պատվիրակությունը Էրդողանի գլխավորությամբ ծանոթացել է ռուսական Су-35 և Су-57 կործանիչների հետ ժուկովսկի միջազգային աէրոտիեզերական սալոնում: Ակնհայտ է, որ իրավիճակը դեռ երկար է բարդ մնալու:
Պիտեր Սուսիու, The National Interest (ԱՄՆ)


Հ.Գ. Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները սխալ է քննարկել երկկողմ դիսկուրսով, այդ հարաբերությունները մշտապես կախված են Թուրքիա-ԱՄՆ և ՌԴ-ԱՄՆ, Թուրքիա-Իրան, ԱՄՆ-Իրան, Իրան-ՌԴ, ՌԴ-Սիրիա, Թուրքիա-Սիրիա, ՌԴ-Իսրայել, Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԵՄ, ՌԴ-ԵՄ… հարաբերություններից: Կողմերից յուրաքանչյուրը անհրաժեշտ պահին պատրաստ է օգտագործել մյուսին՝ մեկ այլ երկրի հետ իր հարաբերություններում: Սա և թուրքական դիվանագիտության, և ռուսական դիվանագիտության մարտավարությունն է, իսկ ռազմավարական տեսակետից Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը ոչ տարածաշրջանում, ոչ աշխարհաքաղաքական համընկնումներ երբեք չեն ունեցել՝ երկու նախկին կայսրությունները փորձում են վերականգնվել ու օգտագործում են իրար՝ մշտապես ոտնահարելով հարևան երկրների ու դաշնակիցների շահերը: Դա է եղել ու կա թուրք-ռուսական մերձեցման-հեռացման կարուսելի առանցքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ