Հիվանդասենյակ թիվ 6
05.06.2020 | 00:10
Կամ, մեղմ ասած, գժանոց: Համատարած: Մեծ Բրիտանիայի 94-ամյա թագուհի Եղիսաբեթ 2-րդն առաջին անգամ է դուրս է եկել կարանտինից… ձիով, շրջել է Վինձոր դղյակի բակում ու լուսանկարը տարածել հպատակների համար: Ջորջ Ֆլոյդի մահից հետո խելագարվել է ԱՄՆ-ը: Վաշինգտոնում ցուցարարներն այրել են Սուրբ Հովհաննես եպիսկոպոսական եկեղեցին: «ԱՄՆ-ում անկարգությունները խաղաղ ցույցեր չեն, այլ ներքին ահաբեկչության գործողություններ»՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, երբ ցուցարարները հարձակվել են Լինքոլնի և Երկրորդ աշխարհամարտի հուշակոթողների վրա: «Ամբողջ Ամերիկան ցավ է ապրում և վրդովված է Ջորջ Ֆլոյդի դաժան մահվան փաստով: Վարչակազմն ամբողջությամբ հանձնառու է, որ արդարությունը հաղթանակի: Բայց մենք թույլ չենք տա, որ կատաղած ամբոխը խլացնի խաղաղ ցույցերը»,- ասել է Թրամփը: Իսկ ամերիկացիները նրա հրաժարականն են պահանջում: Պենտագոնը 1600 զինծառայող է ուղարկել Վաշինգտոնի արվարձաններ: Մինեապոլիսում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի շատ նահանգներում բողոքի զանգվածային ցույցեր, անկարգություններ են, իրավապահ մարմիններին միանում է ազգային գվարդիան, 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում, պարետային ժամ է սահմանվել: Կալիֆոռնիա նահանգում 2,7 հազար մարդ է ձերբակալվել՝ ոստիկանությանը չենթարկվելու, պարետային ժամը խախտելու, գողության, իրավապահների վրա հարձակվելու և դիակապտության համար: Ինքնին հասկանալի է, որ այս ամենի պատճառը Ֆլոյդի մահը չէ՝ հասարակության մի հատվածը արտանետում է կորոնավարակի ժամանակ կուտակած բացասական լիցքերը՝ ավերով, կողոպուտով, հրկիզումով: Ինչպես ու ինչքան կարողանում է: Եվ նույնիսկ, երբ ԱՄՆ նախագահը Սուրբ Հովհաննեսի եկեղեցու մոտ լուսանկարվում է Աստվածաշունչը ձեռքին ու ասում է «Աստված սեր է», նրան մեղադրում են, որ իրավունք չունի Աստվածաշունչ ձեռքն առնել: Ինչու՞:
Բոլորը խելագարվել են: Լուկաշենկոն ցրում է կառավարությունը: Լեհաստանը հունիսի 28-ին Սեյմ է ընտրում: ՌԴ նախագահը, կորոնավիրուսը չհաղթահարած՝ հունիսի 24-ին որոշել է Կարմիր հրապարակում հաղթանակի շքերթ անել՝ ժամուկես, 14000 մարդու մասնակցությամբ: Դոնալդ Թրամփը դուրս է գալիս Բաց երկնքի համաձայնագրից, Պենտագոնը մեղադրում է Ռուսաստանին համաձայնագիրը բազմիցս խախտելու մեջ, ՌԴ ՊՆ նախարարը ԱՄՆ ՊՆ նախարարին հրավիրում է հաղթանակի շքերթին։ ՈՒ չի բացառվում՝ Մարկ Էսպերը Սերգեյ Շոյգուին չմերժի:
Մենք էլ պակաս չենք՝ հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու շքերթին: Շարասյունը կծածանի եռակի շքանշանակիր Թամանյան դիվիզիայի դրոշն ու ՀՀ եռագույնը։ Պնախարարին էլ են հրավիրել, հաստատ կգնա: 76-ից քանիսն առողջ կվերադառնան, հուլիսին կերևա: Նույնիսկ կորոնավիրուսով հիվանդ Նիկոլ Փաշինյանն է խոստացել շքերթին ներկա լինել, եթե ապաքինվի մինչ այդ: Պատկերացնու՞մ եք երկու ամիս բունկերից դուրս չեկող Պուտինի ու նրա մյուս հյուրերի վիճակը, եթե չվախենան՝ գնան՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած: ՌԴ նախագահը նույնիսկ հուլիսի 1-ին ապրիլի 22-ից հետաձգված սահմանադրական հանրաքվեն է նշանակել՝ ԿԸՀ-ին իրավունք տալով քվեարկությունն անել 1 շաբաթում ու հորդորել ընտրատեղամասերը հնարավորինս բացօթյա տեղակայել: Այսինքն՝ կորոնավիրուսն անտեսելը սլավոնական սինդրոմ է՝ Լուկաշենկոն մենակ չէ:
Բայց մերոնք, հարկավ, ավելի կատարյալ են, օրինակ, Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում գույքահարկի դրույքաչափի փոփոխությունների պատճառով քաղաքացիներին առաջարկում է …օնլայն ցույց անել: Իսկ Գևորգ Գորգիսյանը պահանջում է Տաթևիկ Ռևազյանի հրաժարականը, թեպետ նրա «շնորհիվ» իմացանք, որ համարյա թե ազգային ավիափոխադրող ենք ունեցել, ու նրանք այլևս Եվրոպա չեն թռչի: Առողջապահության նախարարը իր գործով զբաղվելու փոխարեն՝ ԼՀԿ-ին անվանում է «իրենց իսկ քաղաքական գերեզմանը փորող մի կուսակցություն»: Բայց ոչ ոք չի գերազանցի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որ անկեղծության պոռթկումի պահին իրեն դրել էր Իլհամ Ալիևի տեղը ու ինքն իրեն կոչ էր անում հարձակվել Հայաստանի վրա:
ԳԺԱՆՈՑ:
Հայաստանում գրանցված 6 ավիափոխադրողներ ներառվել են ԵՄ օդային անվտանգության ցանկում, իմա՝ նրանց արգելվում է թռչել ԵՄ տարածքում. չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ ԵՄ-ն պահանջները ներկայացրել է, խորհրդատվությունը ու ֆինանսները՝ նույնպես: Մենք չենք արել պահանջվածը: Եվրահանձնաժողովի Տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան ասել է. «ԵՄ օդային անվտանգության ցանկը պետք է գործիք ծառայի, որը կօգնի ավիաընկերություններին ու երկրներին վերագնահատել և բարելավել իրենց չափանիշները։ Հայաստանի վերաբերյալ որոշումը կայացվել է Օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն կարծիքի հիման վրա։ Հանձնաժողովը ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության հետ միասին պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ավիացիայի ոլորտում անվտանգությունը բարելավելու համար»։ ՈՒ հիմա ԼՀԿ-ն «սիրուն աղջկա» պաշտոնանկությունն է պահանջում, և համազգային հայբուդուր է՝ մեզ Եվրոպա չեն թողնում: Լավ են անում, լուծարեք Հայկական ավիացիոն կոմիտեն, բոլորին ազատեք աշխատանքից, նորը ստեղծեք, օրենսդրություն փոխեք: Հակառակ պարագայում՝ Տաթևիկ Ռևազյանի փոխարեն Էդմոն Մարուքյանը լիներ, էլի վիճակը նույնն էր մնալու: ՈՒ սա բնավ նորություն չէ:
Նորություն է, որ Թուրքիայի գազի մատակարարման մեջ 4 երկիր շրջանցել է ՌԴ-ին՝ 2019-ի մարտին Ռուսաստանի մասնաբաժինը թուրքական շուկայում 33 % (1,4 միլիարդ խորանարդ մետր), 2020-ի մարտին 9,9 % (389,7 մլն խորանարդ մետր): Ռուսաստանին շրջանցել են Ադրբեջանը` 23,5 %, Իրանը` 14,2 %, Կատարը` 20 %, Ալժիրը`13,7 %: Մարտին ԱՄՆ-ից Թուրքիա մատակարարվող հեղուկ գազի ծավալն աճել է 300 %-ով: Իսկ «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Էքսպորտը» Հունաստանի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր՝ 2020- 2030-ի համար, գինն ու ծավալները գաղտնիք են: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Եվրոպային 60 դոլարով է գազ վաճառում, Վրաստանի գազի գինը իջեցրել է 30 տոկոսով: Այսօր, երբ գազի սակագին եք բանակցում, վերհիշեք Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու ձեռքով քվեարկությունը ԱԺ-ում 2013-ին, որով խորհրդարանը իբր վավերացրեց ռուս-հայկական խայտառակ համաձայնագիրը, որ վաղուց պիտի անվավեր հայտարարվեր ու նոր համաձայնագիր կնքվեր, ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում հեղափոխություն է եղել, այլ այն պատճառով, որ համաշխարհային էներգետիկ շուկայում ԻՐԱՎԻՃԱԿ է փոխվել: ԱՐՄԱՏԱԿԱՆ: Մինչ այդ բնական գազի սակագների վերաբերյալ ՀԾԿՀ-ն ինչ առաջարկ էլ ներկայացնի, Գազպրոմը չի ընդունելու: Գազի հարցում և ընդհանրապես Հայաստանի էներգետիկ անկախության խնդիրը մի լուծում ունի՝ դիվերսիֆիկացիա, իմա՝ 2013-ի համաձայնագրի լուծարում ու նոր համաձայնագիր՝ համաշխարհային շուկայում էներգակիրների գնին համարժեք, վերացնելով Գազպրոմի մենաշնորհային դիրքը հայկական շուկայում: Եվ այնպես չէ, որ Իրանը միակ երկիրն է, որ կարող է Հայաստանին բնական գազով ապահովել: Խնդիրը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական է, իսկ քաղաքական դարձրել է ոչ թե Հայաստանը, այլ Մոսկվան: Եվ՝ շարունակում է գազի դիմաց անկախության մնացորդները գնելու փորձերը: Որ պետությունը դիմադրում է, գազի գինը բարձրանում է: Բրեժնևի ժամանակների անեկդոտի պես՝ Չինգաչուգի համը դուրդ չի գալիս, մի կեր:
ՈՒ այս գժանոցում միակ ու իսկական ԽԵԼԱԳԱՐՆԵՐԸ բժիշկներն են, միայն Վեհափառն է աղոթում նրանց համար, բժիշկները, որ հակառակ վարչապետի, առողջապահության նախարարի, Մեյմանդարի շուկայում կլուբնիկ վաճառողների, հունիսի 1-ին երեխաների համար իբր տոն սարքողների, հակառակ բոլորիս ու ի հեճուկս կորոնավիրուսի՝ փրկում են հիվանդներին ինչքան ու ինչպես կարողանում են՝ սկսած 101 տարեկան Նազանի տատիկից, մինչև Կավասակիի սինդրոմով 4-ամյա երեխա: ՈՒմ չեն կարողանում, մեղավորը իրենք չեն՝ չափազանց «կատարյալ է» կորոնասրիկան, որ հասցրել է մի քանի անգամ մուտացվել ու չի գտնվում ոչ մի դեղ, որ ամբողջությամբ բուժում դառնա: Ամենից շատ խելագարվել ենք մենք բոլորս, որ մինչև հիմա բանավիճում ենք՝ դիմակ պետք է-պետք չէ, ով, երբ, ինչ ասաց՝ թեպետ վարակվում, տառապում ու մեռնում են մեր հարազատները: Բայց ինչպես չի ձևավորվում ընդհանրական իմունիտետ, այնպես էլ չի ձևավորվում ընդհանրական գիտակցություն, որ կորոնավիրուսը ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳ է, կարանտինը ոչ թե Նիկոլի, այլ մեզ համար է, նույնիսկ իր սխալները ընդունող ու հիվանդ Նիկոլի՝ իմա վարչապետի, ում թվում է, որ կորոնավիրուսի դեմ ամենաբուժիչ միջոցը իր խոսքն է, ու թեստի դրական պատասխանից հետո անգամ դուրս է գալիս հրապարակային ճեպազրույցի, թեպետ նույնը կարող էր ասել լայվով: Դա դուխի ցուցադրություն չէ, դա շրջապատին վտանգելու անշրջահայացություն է, որ կարող է գրանցվել Գինեսի գրքում՝ իբրև վարչապետին անհարիր պոպուլիզմ: Վարչապետ, որ վերջապես հասկացավ՝ ինքը պարտավոր է ոչ միայն խոսել-խոսել-խոսել, այլև քայլեր անել: Կոնկրետ քայլեր կորոնավիրուսի դեմ: ՈՒ դա Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը չէ: Սահմանադրության հանրաքվեն չեղարկելը չէ: ԱԱԾ-ին հունիսի 1 նշածների հետևից ուղարկելը չէ: Կառավարելն է: «Ոչ մի սենտիմենտ ու փաստարկ»։ Գիտակից, թե անգիտակից մարդկանց կյանքը զոհաբերելով տնտեսություն փրկելու փորձն էլ արդեն չի աշխատում: Անփորձների ոչ մի փորձ արդեն չի աշխատում, ու դա փաստ է: Բժիշկներին պետք է հավաքել ու նրանց հետ խորհրդակցել, պարետատան ներկա կազմը միֆ է, ֆիկցիա, աբստրակցիա՝ մասնագետներ են պետք՝ բուժող բժիշկներ ու առողջապահության կազմակերպիչներ: Պայմանով՝ Արսեն Թորոսյանը չխանգարի: Միայն այդ դեպքում վարչապետի երազանքը՝ օրական ոչ թե 500, այլ՝ 5 վարակակիր ունենալ, գուցե իրականանա: Աբսուրդ է, որ միայն հիմա է վարչապետը բացահայտում «հրեշավոր իրականությունը» Հայաստանում գործ ունենք հակահամաճարակային կանոնները չպահելու ահռելի ու համատարած ծավալների հետ», նույնիսկ իր բացահայտումից հետո, իմա՝ կամ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում, կամ իրեն ստում են, վարչապետը հույսը ֆլեշմոբերի ու մինի-հեղափոխության վրա է դնում: Աբսուրդ է, որ միայն հիմա է վարչապետը հասկանում, «Եթե այս տեմպը շարունակվի, մահերի վիճակագրությունը կարող է դիսբալանս առաջացնել», բայց չի հասկանում, որ պետք է թեստավորման սկզբունք փոխել՝ հիվանդներին առողջներից զատել: Աբսուրդ է, որ միայն հունիսի 3-ին է պարետ Տիգրան Ավինյանը հայտարարում, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, երբ 10 օրից ավելի վիրուսակիրներին ուղարկել են տները՝ պոլիկլինիկաների վերահսկողության տակ, ու ամեն ինչի համար կանչում են՝ ռենտգենի, անալիզի, տոմոգրաֆիայի, դեղերի, նրանք, որ հիվանդ-հիվանդ հարկադրված են գնալ-գալ, օդով չեն գնում՝ ճանապարհին կարող են ակամա վարակել՝ պատահական անցորդից տաքսիստ ու բժիշկ… Առողջապահական համակարգի կոլապսը սա է: Հիմա ենք վճարում չպահպանված կարանտինի դիմաց: Մեկ ամիս տանը նստեցրած՝ սոված ու անփող մարդուն այլևս հնարավոր չէ տանը պահել: Կարանտինն անիմաստ է: Նույնիսկ հիմա կարելի է իրավիճակը փրկել՝ ևս մեկ հիվանդանոց տրամադրել վարակվածներին ու բժիշկներ հրավիրել արտասահմանից՝ Վրաստանից, Չինաստանից, Իտալիայից, ով կգա: ՈՒ վերջապես՝ թոքերի օդափոխման 16-րդ սարքը միացնել, թե չէ անընդհատ 15 հիվանդ կա…Աշխատասենյակում նստած հաշվապահություն անելն ամենահեշտն է: Իսկ մարդիկ մեռնում են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հաշվե՞լ եք՝ պետբյուջեում ինչքան գումար մնաց, երբ կառավարությունն ու պատգամավորները հարկադրված գործուղում չեն գնում: Կորոնավիրուսն ու՞մ շունն է: 1000 կորոնավիրուս այդ գումարով կարելի է սատկացնել: Տեղում: Մի խնայեք: Մի խելագարվեք: Զգույշ եղեք: Ոչ ոք չգիտի՝ ով է առողջ, ով վարակված: Ձեզնից բացի ձեր կյանքի համար ոչ ոք պատասխանատու չէ: Ողջ լերուք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ