38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թրամփն ու Պուտինը քննարկում են Ռուսաստանի մասնակցությունը G7-ին, թե՞…

Թրամփն ու Պուտինը քննարկում են Ռուսաստանի մասնակցությունը G7-ին, թե՞…
03.06.2020 | 10:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսել են, երկու օր անց, երբ Թրամփը հայտարարեց, որ մտադիր է Պուտինին հրավիրել G7-ի սամիթին ԱՄՆ, սեպտեմբերին, դարձավ երկու նախագահների անձնական դիվանագիտության նոր ռաունդ այս տարի՝ գրում է Մայքլ Կրոուլին The New York Times-ում: Զանգը նախաձեռնել էր Թրամփը, և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ նա Պուտինին է փոխանցել անձնական հրավեր հանդիպմանը, որ կազմակերպում է ԱՄՆ նախագահը: Երկուշաբթի, լրագրողների հետ բրիֆինգում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան դեմ է Ռուսաստանի վերադարձին, որովհետև իր կառավարությունը «դեռ չի տեսել վարքագծի փոփոխության վկայություն, որ կարող է արդարացնել վերադարձը»՝ հաղորդում է Reuters-ը: Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հայտարարել է, որ միջազգային կանոնների ու նորմերի շարունակական չպահպանումն է պատճառը, որ Ռուսաստանը G7-ից դուրս է մնում և մնալու է ապագայում: Բայց նրանցից ոչ մեկը չասաց՝ կբոյկոտի՞ իր երկիրը ծրագրված հանդիպումը, որ նախատեսված էր հունիսին, բայց հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով, եթե Պուտինը մասնակցի իբրև հրավիրյալ դիտորդ:


Վերջին ժամանակներս Թրամփն ակտիվացրել է անձնական դիվանագիտությունը Պուտինի հետ: Այս գարնանը նրանք մի քանի անգամ հեռախոսել են նավթի համաշխարհային գների մասին, բուժամիջոցներ են փոխանակել և հրապարակել են համատեղ անսովոր հայտարարություն՝ ի հիշատակ ռուս-ամերիկյան համագործակցության նացիստական Գերմանիայի դեմ պայքարում: Թրամփի վարչակարգի շատ ներկայացուցիչներ նախկինի պես զգուշությամբ են վերաբերվում Մոսկվային և երկու երկրների հարաբերությունները ընդհանուր առմամբ մնում են լարված: Մայիսին ԱՄՆ-ը զայրացրեց Կրեմլին՝ հայտարարելով Բաց երկնքի մասին համաձայնագրից դուրս գալու մասին, անցած շաբաթ Ազգային անվանգության գործակալությունը բացահայտ մեղադրեց Ռուսաստանին ամբողջ աշխարհում համակարգչային հարձակումների մեջ: Բայց Թրամփը շարունակում է խոսել դրական տոնով: «Վերջին մի քանի ամիսներին մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ մեծ ճանապարհ են անցել»՝ հայտարարել է նա մայիսի 21-ին: Թրամփը հաճախ է խոսել G7 Ռուսաստանի վերադարձի մասին, բայց այդ գաղափարը աջակցություն չի գտնում ալյանսի մյուս անդամների շրջանում, թեպետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2019-ին հայտարարեց, որ այդ քայլը տեղին կլինի, եթե Ռուսաստանը լուծի կոնֆլիկտը արևելյան Ուկրաինայում, որտեղ շարունակում է աջակցել պրոռուսական անջատողական շարժմանը: Շաբաթ օրը լրագրողներին Air Force One-ի թափքում Թրամփն առաջարկեց հանդիպումն անցկացնել սեպտեմբերին և Ռուսաստանից բացի՝ հրավիրել Հարավային Կորեային, Ավստրալիային ու Հնդկաստանին: Նրա խոսքից հասկանալի չէր՝ վերսկսու՞մ է Ռուսաստանին պաշտոնապես խմբում վերականգնելու կոչը, թե՞ առաջարկում է կազմը համալրել այլ երկրներով: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան կուլուարներում բացատրեց, որ Թրամփն առաջարկում է նրանց հրավիրել իբրև մեկանգամյա հյուրեր: Դա այլ շեշտադրում է՝ լրագրողներին Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության տնօրեն Ալիսա Ֆարախի լրագրողներին ներկայացրածի համեմատությամբ՝ նա հայտարարեց, որ հանդիպման կենտրոնում լինելու է Չինաստանը: «Ռուսաստանին G8 վերադարձնելու Թրամփի գամբիտը հնարք է՝ շեղելու ուշադրությունը փաստից, որ պանդեմիայի ու վերածնվող Ռուսաստանի դեմ պայքարում ԱՄՆ-ի ամենակարևոր եվրոպական դաշնակից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում մասնակցել Վաշինգտոնի ցուցադրական սամիթին,- ասել է Կառնեգի հիմնադրամի փոխնախագահ Էնդրյու Վայսը: -Անցյալում Թրամփը բազմիցս առաջադրել է այդ գաղափարը և հաստատ գիտի, որ անհույս ձեռնարկ է, պարզապես փորձում է թեման փոխել հրատապ խնդիրներից, որտեղ ԱՄՆ-ը ամբողջությամբ մեկուսացած է կամ տարաձայնություններ ունի մերձավոր դաշնակիցների հետ՝ առևտրի մեջ, կլիմայի փոփոխության ու Իրանի հարցում»: Ինչ վերաբերում է Ռուսաստանին G8-ի կազմից հանելու պատճառին՝ Ղրիմի անեքսիային, Թրամփը վաղուց առանձնակի համակրանք չունի Ուկրաինայի կառավարության զայրույթին, 22016-ի կեսին հայտարարելով, որ Ղրիմն իրավացիորեն ռուսական տարածք է:
Մայքլ Կրոուլի, The New York Times


Հ.Գ. Մեծ Բրիտանիան դեմ է Ռուսաստանի վերադարձին G7, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը, այնուամենայնիվ, հայտարարել է. «Մենք պետք է ուսումնասիրենք՝ կոնկրետ ինչ է առաջարկում ԱՄՆ-ը: Որ G7-ում նախագահող երկիրը հրավիրում է այլ երկրների ղեկավարների իբրև հյուրեր, սովորական երևույթ է»: 2019-ի օգոստոսին Ֆրանսիայում՝ Բիարիցում Թրամփն արդեն խոստացել էր Պուտինին հաջորդ հանդիպմանը հրավիրել, բայց հավելել էր, որ ՌԴ նախագահը «չափազանց հպարտ է», որ ընդունի մասնակցության հրավերը իբրև հյուր, ոչ թե լիիրավ մասնակից: Կրեմլի մամլո ծառայությունը Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցի մասին հաղորդել է, որ ԱՄՆ նախագահը «տեղեկացրել է G7-ի սամիթ անցկացնելու ու Ռուսաստանի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի ղեկավարներին հնարավոր հրավերի մասին»: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը զուսպ է արձագանքել. «Մենք սպասում ենք հետագա տեղեկություններ ԱՄՆ-ից, որ միջոցառման կազմակերպիչն է»: Իսկ Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, որ դեմ է G7-ին Ռուսաստանի մասնակցությանը, այնուամենայնիվ ճշտել է, որ շատ երկրների կան, որոնց հետ Կանադան ոչ միշտ հիանալի հարաբերություններ ունի, բայց նրանք G20-ի անդամ են, իսկ G7-ը դաշնակիցների ֆորում է՝ «G7-ը միշտ եղել է բաց խոսակցության վայր բարեկամների ու դաշնակիցների համար: Հույս ունեմ՝ այդպես էլ կշարունակվի»: Առայժմ լռում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ Բեարիցում ասում էր՝ Ռուսաստանի վերադարձը G7՝ առանց Ուկրաինայի ճգնաժամի լուծման «G7-ի թուլության խոստովանություն է ու ռազմավարական սխալ մեզ համար»: Իրենց տեսակետները չեն հայտնել և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ու Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Հավանաբար՝ Աբեն դեմ կլինի, Կոնտեն՝ կողմ: Առայժմ չեն արձագանքել և Հնդկաստանը, Հարավային Կորեան ու Ավստրալիան: Բայց եթե սամիթը իրոք կայանա, ամենակարևոր արձագանքը լինելու է Պեկինինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ