38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բեռլինը զգուշությամբ հեռանում է կարանտինից

Բեռլինը զգուշությամբ հեռանում է կարանտինից
17.04.2020 | 09:34

Նվազագույնը 18 օր է մնում: Մարտի 16-ին Գերմանիայի ընդունած կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչև մայիսի 3-ը՝ դաշնային երկրամասերի ղեկավարների հետ տեսակոնֆերանսում հայտարարեց կանցլեր Անգելա Մերկելը: Իշխանությունները 83 միլիոն գերմանացիներին կոչ են անում պահպանել սոցիալական տարածությունը: Գերմանիան, բացառությամբ Բավարիայի ու Սաարի երկրամասերի, խիստ կարանտին չի սահմանել, բայց պահանջում է, որ քաղաքացիները մնան տանը, բացառությամբ մթերային գնումների ու սպորտով զբաղվելու դեպքերից՝ պահպանելով միմյանց միջև 1,5 մետր տարածություն: Ազգականներին այցելելը և զբոսաշրջությունն արգելված են: Սահմանային վերահսկողությունը, մասնավորապես Շվեյցարիայի հետ, երկարացվում է մինչև մայիսի 4-ը՝ գրում է Դելֆինա Ներբոլիեն Le Temps-ում: Երկուշաբթի կբացվեն առևտրական ձեռնարկությունները, որ ունեն 800 քմ-ից պակաս տարածք՝ հիգիենիկ խիստ միջոցառումների պահպանման պայմանով: Մայիսի 4-ից կաշխատեն վարսավիրանոցներն ու դպրոցները, բայց՝ փուլ առ փուլ: Ռեստորանները, սրճարանները, հյուրանոցները և մշակութային հաստատությունները մնում են փակ: Մշակութային, քաղաքական, մարզական միջոցառումները, կրոնական ծառայությունը արգելված են մինչև օգոստոսի 31-ը: Դիմակներ կրելու հարցում քաղաքական գործիչների տեսակետները տարբեր են:

Ի վերջո, դիմակներ կրելը պարտադիր չէ, բայց հորդորվում է հասարակական տրանսպոտում ու խանութներում: Կանցլերը ողջունել է վարակի դեմ պայքարում «փուլային փխրուն հաղթանակը» և բարձր է գնահատել գերմանացիների ջանքերը: «Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, բայց մանևրի շատ սահմանափակ տարածություն ունենք: Մենք դեռ երկար ենք ստիպված լինելու ապրել այս վիրուսի հետ»՝ հիշեցրել է կանցլերը: Անգելա Մերկելի համար, որ հայտարարել էր 2021-ի աշնանը հեռանալու մասին, ճգնաժամի կառավարումը վճռական նշանակություն ունի և վերադարձնում է նրան լուսարձակների լույսի մեջ: 15 տարի ղեկավարելով երկիրը և վերջին ամիսներին զգացվող քաղաքական որոշ հոգնածությամբ հանդերձ՝ կանցլերը նորից հայտնվել է հանրաճանաչության անսպասելի ալիքի վրա: Ապրիլի 2-ին հրապարակված ARD-Deutschland Trend-ի սոցիոլոգիական հարցման տվյալներով՝ գերմանացիների 64% -ը բավարարված է նրա աշխատանքով, որ նրա չորրորդ ժամկետի ամենաբարձր ցուցանիշն է: 63%-ը բավարարված ու շատ գոհ է կառավարության աշխատանքից՝ քրիստոնյա-դեմոկրատների ու սոցիալ-դեմոկրատների գլխավորությամբ: Մեկ ամսում վարկանիշը բարձրացել է 28 կետով: «Կարելի է խոսել մեծ կոալիցիայի վերադարձի մասին,-ասում է Բոննի համալսարանի քաղաքագետ Թիլման Մայերը:-Սա զուտ գերմանական առանձնահատկություն չէ՝ եթե ճգնաժամի ժամանակներում գործադիր իշխանությունը լավ է աշխատում, հասարակական կարծիքը խրախուսում է: Կանցլերի դեպքում էլ մենք ականատես ենք ինքնատիպ «վերադարձի»:
Դելֆինա Ներբոլիե, Le Temps


Հ.Գ. Փաստացի՝ հմուտ կառավարումը օգնեց Անգելա Մերկելին վերականգնել իր վարկանիշը: Բոլոր դեպքերում՝ նրա ղեկավարած Գերմանիան այսօր լավագույն դիրքերում է կորոնավիրուսի հետ հարաբերություններում՝ համեմատած Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի հետ, որտեղ համավարակի մահաթիվը անցել է 10000-ը վաղուց ու դեռ վերջը չի երևում: Պատահական չէ, որ Եվրոպայում առաջիններից մեկը Անգելա Մերկելը սկսել է նաև կարանտինի չեղարկումը ու աշխատանքին, իմա՝ տնտեսության վերականգնումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ