Արցախի նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը՝ քանի փուլով է ընթանալու քվեարկությունը
17.04.2020 | 00:34
Արցախի նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը, թերևս, պտտվում է այն հարցի շուրջը, թե քանի փուլով է ընթանալու քվեարկությունը։ Թեկնածուների մեջ‚ ելնելով օբյեկտիվ իրավիճակից‚ ակնհայտորեն առկա էր առաջնորդ, և գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ հենց նա էլ ընտրվելու է ընտրական մրցավազքի արդյունքում։ Օբյեկտիվ իրավիճակ ասվածի ներքո շատ փաստարկներ պետք է հաշվի առնել, սակայն ամենակարևորն այն է, որ ցանկացած ընտրություն աշխարհի ցանկացած կետում‚ ի թիվս այլ գործոնների‚ նաև ռեսուրսների պայքար է։ Խոսքը ֆինանսական, ինստիտուցիոնալ‚ այլ ռեսուրսների մասին է, կառույցներ, արտաքին կապեր, արտաքին և ներքին ներդրողներից ստացվող ֆինանսական երաշխավորագրեր և այլն։ Իհարկե, այս ամենին գումարվում է նաև կոնկրետ թեկնածուի իրական ժողովրդականությունը։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ սոցիալական վիճակը շատ ցածր մակարդակի վրա է, սովորաբար բոլոր հնարավոր ռեսուրսները շատ հանգիստ իրենց դիրքերը զիջում են ֆինանսներին։
Այս ամենը հաշվի առնելով՝ գրեթե բոլոր վերլուծաբանները կանխատեսում էին, որ Արցախի նախագահական ընտրություններում ընտրվելու լավագույն հնարավորություններն ուներ հայկական երկրորդ պետության նախկին վարչապետ, նախկին պետնախարար և հայտնի գործարար Արայիկ Հարությունյանը։ Ռեսուրսային տիրույթում նրա առավելություններն իր մրցակիցների նկատմամբ ակնհայտ էին։ Իհարկե, երբ խոսում ենք ռեսուրսների մասին, պետք է հաշվի առնենք, որ Արցախի պարագայում շատ կարևոր է, թե որքան է տվյալ թեկնածուն ընդունելի պաշտոնական Երևանի կողմից։ Այս առումով Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չէր խնայել, որպեսզի ասոցացվի ՀՀ իշխանությունների հետ կամ գոնե չընկալվի հայաստանյան իշխանությունների կողմից անցանկալի թեկնածու, ինչպես Վիտալի Բալասանյանի պարագայում էր։ Թեև հասկանալի էր, որ ամբողջական վստահություն նրա անձի նկատմամբ ՀՀ գործող ղեկավարության մոտ գուցե և չլիներ՝ հաշվի առնելով Արայիկ Հարությունյանի բիզնես կապերը նախկին իշխանությունների հետ, նրա կենսագրությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ստիպված էր հաշվի նստել առկա իրողությունների հետ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը չէր լինի Նիկոլ Փաշինյան, եթե չփորձեր առկա և բացահայտ իրողություններում ստեղծել սեփական հակախաղն ու իր ազդեցությունն ունենալ ընտրական գործընթացների վրա։
Ահա այս համատեքստում ինչ-որ փուլից սկսած՝ արցախյան ընտրական գործընթացներում խաղի մեջ մտցվեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Բոլոր վերլուծաբանները համակարծիք են, որ Մասիս Մայիլյանը երբևէ արտգործնախարարի իր ծանր տեղը չէր թեթևացնի, եթե չունենար շատ կոնկրետ երաշխիքներ շատ կոնկրետ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Ինչու՞ խաղի մեջ մտցվեց Մասիս Մայիլյանը։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ Մայիլյանին միացնելով այն, ինչ պակասում է վերջինիս՝ Սամվել Բաբայանի ռեսուրսները՝ փողը և կառույցները, միևնույն է, նրա հնարավորությունները բավականին ցածր են մնում։ Սակայն ՀՀ վարչապետի համար շատ ավելի կարևոր էր, որպեսզի ընտրություններն ավարտվեին երկու փուլով, ընդ որում, երկրորդ փուլում մասնակցի հենց Մասիս Մայիլյանը, որին աջակցություն են ցույց տվել տարբեր հիմնադրամներ։ Եթե Մայիլյանը հայտնվում է ընտրությունների երկրորդ փուլում, անկախ հավաքած տոկոսների քանակից, Արայիկ Հարությունյանի հաղթանակը շռնդալից չի լինում, և Նիկոլ Փաշինյանն իր հակախաղն էր ստանում՝ Արայիկ Հարությունյանին ցույց տալով, որ առանց Երևանի միջամտության, այնուամենայնիվ, վերջինիս շատ դժվար կլիներ գրանցել հաջողություն։ Այս պարագայում ՀՀ վարչապետը տեղավորվում է երկու թեկնածուների միջև, ինչպես ասում են՝ մատի ու մատանու արանքում, և սկսում է առևտուր անել։
Խոշոր հաշվով, մտցվեց արհեստական երկրորդ փուլ։ Առաջին փուլի ընտրությունների հաջորդ իսկ օրը Մասիս Մայիլյանն այցելեց Երևան, որտեղից էլ, ամենայն հավանականությամբ, ստացավ համապատասխան հրահանգներ‚ ըստ այդ հրահանգների‚ ամենայն հավանականությամբ‚ նախատեսված էր հետագայում բոյկոտելով ընտրությունները՝ խարխլել ընտրությունների լեգիտիմությունը։ Եվ եթե ապագայում Արցախում իրավիճակ փոխվի, Փաշինյանը կկարողանա շահարկել Արայիկ Հարությունյանի ընտրության լեգիտիմության թեման. շեշտվելու է, որ ընտրությունները տեղի են ունեցել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, խախտումներ են տեղի ունեցել, սակայն դժվար է ասել, թե որքանով են դրանք ազդել ընտրությունների արդյունքների վրա, մի խոսքով այն, ինչ օրերս հայտարարեց դիտորդական առաքելություն իրականացրած սորոսական խումբը՝ Դանիել Իոաննիսյանի ղեկավարությամբ։ Այսպիսով՝ Արայիկ Հարությունյանի շուրջ արհեստականորեն ստեղծում են ցածր լեգիտիմության շղարշը։
Նիկոլ Փաշինյանին պետք էր ստանալ այս պատկերը, որպեսզի ցույց տա, թե լավություն է անում Արցախի ապագա նախագահին՝ նրան թույլ տալով բազմել երկրի ղեկավարի աթոռին։ Ի դեպ, չի բացառվում, որ Արցախի հետընտրական դրսևորումներում կար հայաստանյան իշխանությունների հավանությունը։ Սակայն պետք է նկատել, որ Փաշինյանին բոլորովին էլ ձեռնտու չէ, որ հետընտրական զարգացումներն ապակայունացնեն իրավիճակն Արցախում։ Հայաստանում վերահսկողության տեսակետից իրավիճակը բավականին փխրուն է, և այս պայմաններում ինքնասպանություն է ունենալ անկայունության, լարվածության օջախ Արցախում։
Պարզ է, որ Արայիկ Հարությունյանը փոխզիջումային թեկնածու է եղել այս ընտրություններում և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, և՛ ՀՀ նախկին իշխանությունների, մանավանդ Սերժ Սարգսյանի թիմի համար։ Եվ ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպվել էր զուտ նրա համար, որպեսզի արձանագրվի Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալու իրավաբանական փաստը։ Բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը գուցե իշխանության՝ իր կողմից թույլ վերահսկվող սորոսական խմբի բացահայտ ճնշման ներքո ընտրություններից հետո փորձեց որոշակի տարածություն պահել արցախյան ընտրությունների հաղթողից՝ որոշակի պաուզա պահելով ու միայն դրանից հետո շնորհավորելով Արայիկ Հարությունյանին։ Այդ շնորհավորանքը հետևեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի‚ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներին միայն։ Ընդ որում‚ բուն գործընթացը երկու փուլից էր բաղկացած. վարչապետը նախ շնորհավորեց Արցախի ժողովրդին և միայն մի քանի ժամ հետո՝ անձամբ հաղթողին՝ հատուկ շեշտելով‚ որ Արայիկ Հարությունյանը կարող է ակնկալել Նիկոլ Փաշինյանի աջակցությունը‚ եթե բարեփոխումներ իրականացնի։
Այս քաղաքական խաղերը ևս մեկ անգամ ցույց են տալիս‚ որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը‚ առավել ևս ճգնաժամի պայմաններում‚ այնքան ամուր չեն‚ որքան փորձում են ցույց տալ թե՛ անձամբ ինքը‚ թե՛ իր քաղաքական թիմի ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանը կրկին ապացուցեց այն վարկածը‚ որ ճնշումների առանձնապես չի դիմանում‚ այդ թվում նաև իր‚ այսպես կոչված‚ պատահական կամ ոչ պատահական թիմակիցների։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ