Անցած շաբաթ ԱՄՆ-ը և ՌԴ-ն մեզ համերաշխության լավ օրինակ տվեցին: Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը շնորհակալությամբ ընդունեց ՌԴ բժշկական օգնությունը: Ռուսական բեռնատար ինքնաթիռն ապրիլի 1-ին վայրէջք կատարեց Նյու Յորքում՝ 60 տոննա բուժսարքավորումներով՝ անհատական պաշտպանության միջոցներ, դիմակներ, ռեսպիրատորներ և այլ սարքավորումներ՝ գրում է Դով Զերան Atlantico.fr-ում: Ինչպե՞ս հասկանալ այդպիսի օգնությունը, երբ պանդեմիայի մասշտաբները Ռուսաստանում թերագնահատված են, իսկ առողջապահության ռուսական համակարգը բնավ էլ կատարյալ չէ: Սա պարզապես մեդիաիրադարձությու՞ն է, թե՞ հարաբերությունները վերականգնելու առիթ: Դիմակայելու համար COVID-19-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամին, Վլադիմիր Պուտինը կողմ է վերջին տարիներին սահմանված բոլոր պատժամիջոցների մեխանիզմի վերացմանը՝ հատկապես Ռուսաստանի ու նրա որոշ ղեկավարների նկատմամբ:
Այսօր ռուսական տնտեսությունը բախվում է միջազգային պատժամիջոցների բացասական հետևանքներին, նավթի գնանկմանը, վերջերս նաև COVID-19-ի ներգործությանը: Վլադիմիր Պուտինը հարկադրված է բախվել այս դժվարություններին, երբ երկու պարտավորություն ունի կատարման կոնկրետ ժամկետներով՝ սահմանադրական հանրաքվեն՝ որոշ դիտորդներ անտարակույս հաստատում են, որ նախագահը վերջիվերջո մեկուսացման միջոցներ է ձեռնարկել, որ կանխի ընդդիմության հանրահավաքները իր նախագծի դեմ, և նացիստների դեմ հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը՝ Պուտինը Մոսկվա է հրավիրել բազմաթիվ պետությունների ղեկավարների՝ ներկա լինելու 10000-անոց ռազմական շքերքին: Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համապարփակ համաձայնագրով նավթի հարցում, զանգվածային ոչնչացման զենքի, Արկտիկայի: Դոնալդ Թրամփը կարող է հարմար պահ համարել, երբ իր վերընտրությունը նոյեմբերին կասկածի տակ է՝ նվազագույնը երկու պատճառով: Ամերիկացիները կարող են Թրամփին մեղադրել կարանտինային պայմանները ուշ ձեռնարկելու համար, նաև բժշկական ապահովագրության համակարգի փոփոխության, որ ստեղծել էր Բարաք Օբաման: Բացի այդ՝ COVID-19-ը գործազրկության աննախադեպ աճ է ստեղծել: Անսովոր տնտեսական աճի 3 տարիներից հետո ԱՄՆ-ը կարող է հայտնվել տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ, որը կարող է ամերիկացիներին դրդել փոփոխությունների:
Դով Զերա, Atlantico
Հ.Գ. Դոնալդ Թրամփն իսկապես կարող է չդիմանալ կորոնահարվածին՝ ԱՄՆ-ը միայն Իտալիային է զիջում մահացության թվով: Վարակվածների թվով ԱՄՆ-ը աշխարհում առաջինն է՝ 430 000 մարդ: Անցած 24 ժամում 30 000 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1900 մարդ, ընդհանուր մահաթիվը՝15 000 մարդ: Առողջապահության համակարգը բացահայտորեն չի հասնում հիվանդների հետևից: Եվ ոչ առանց Դոնալդ Թրամփի մեղավորության, որ չափազանց երկար ժամանակ կորցրեց կարանտին հայտարարելու ու սնապարծության վրա: Բայց ինչո՞վ է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումն օգնելու Թրամփին: Բոլորովին այլ հարց է, եթե ընդհանրապես կորոնավիրուսի հետևանքների վերականգնման շրջագծում վերանայվի պատժամիջոցների քաղաքականությունը համաշխարհային մասշտաբով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ