«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵՐԵԽԱՆԵՐԸՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՆ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

ԵՐԵԽԱՆԵՐԸՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՆ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ
22.10.2010 | 00:00

Երևան-Գավառ տանող ճամփեզրին մեր ավտոմեքենան կանգ առավ: Երկար ճանապարհից հոգնած` որոշեցինք մի փոքր դադար առնել: Մի խումբ տեղաբնակներ մոտակա խոտածածկ տարածքում իրենց հորթերն էին արածեցնում: Նրանց հետ փորձեցի զրույցի բռնվել (բնականաբար, արժանանալով ընկերակիցներիս ծաղրին, թե` նորից մասնագիտական դերի մեջ եմ: Հոգ չէ, ով ինչ կուզի, թող մտածի, կարևորը` գտել եմ իմ հերթական թեման): Մի փոքր խոսքուզրույցից մեր առջև բացվեցին գյուղական հոգսաշատ կյանքը, դժվարություններն ու խնդիրները: Գյուղացիները, մեկը մյուսին լրացնելով, ներկայացնում էին իրենց ծանր վիճակը` սկսած ալյուրի թանկացումից մինչև տխուր ու միօրինակ առօրյան: Դեսից-դենից զրուցելով` «հասանք» մեկ ուրիշ ցավոտ թեմայի` գյուղում մանկապարտեզ չունենալու խնդրին, որը, ինչպես պարզվեց, խեղճ գյուղացու համար ոչ պակաս կարևոր է, քան հացը: Իմ զրուցակիցները Գեղարքունիքի Լիճք գյուղից էին: Նրանք պատմեցին, որ գյուղը երբեք մանկապարտեզ չի ունեցել, իրենք` բնակիչները, այդ կապակցությամբ բազմիցս «պահանջ-խնդրանքով» դիմել են տեղի իշխանություններին կամ, ինչպես իրենք ասացին, «գյուղի մեծերին», սակայն ապարդյուն. ոչինչ չի փոխվել: Խնդրի առնչությամբ վերջիններիս պատճառաբանությունը շենքային, ֆինանսական և այլ հնարավորություններ չունենալն է:
«Մեր գյուղը միշտ էլ մանկապարտեզի խնդիր ունեցել է,- սկսեցին գանգատվել լիճքեցիները:- Երեխաների համար ոչ մի հետաքրքրություն չկա, մի մանկապարտեզ էլ չեն ուզում բացել: Ոչ մի ղեկավար էլ չի ուզում իրեն նեղություն տալ, մի լավ, բարի գործ անել։ Հո իրենցից փող չենք ուզում, գյուղում մանկապարտեզ բացելն իրենց պարտականությունն է, ախր մեր երեխաներն են տուժում։ Առանց այն էլ աղքատ գյուղ է, ո՛չ աշխատանք կա, ո՛չ զբաղմունք… Մենք դեռ ոչինչ, մի գործ-մործ անում ենք, օրն անցնում է, բա երեխե՞քը, գոնե նրանք իրենց մանկությունից բան հասկանան։ Ոչինչ չկա, բնակչություն էլ չի մնացել… Չգիտենք` ում դիմենք` մանկապարտեզի հարց լուծեն, հա՛մ երեխաները դրսից կկտրվեն, հա՛մ մի բան կսովորեն։ Մեղք են, ախր...»:
Իսկապես, մեղք են:
Մի քանի օր անց փորձեցի մարզպետարանից ճշտել` արդյո՞ք այդքան վատթար վիճակում են մարզի գյուղերը, և իսկապե՞ս Լիճքում մանկապարտեզ չի գործում (հիշեցնեմ, որ այս խնդրին արդեն մեկ անգամ անդրադարձել ենք):
Գեղարքունիքի մարզպետի օգնական ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆԸ, որը գերազանց գիտե մարզի բոլոր համայնքների խնդիրները, «Իրատես de facto»-ին փոխանցեց, որ մանկապարտեզների հետ կապված խնդիր ունի ոչ միայն Լիճքը, այլև մարզի մի շարք մանր ու խոշոր համայնքներ։ «Թեև նախակրթական հաստատություններից են սկսվում մատաղ սերնդի հուսալի և արդյունավետ կրթությունն ու դաստիարակությունը, սակայն դրանք մի քանի տասնյակ գյուղական խոշոր համայնքներում բացակայում են: Համայնքի ղեկավարները նման «շռայլություն» թույլ տալ չեն կարող։ Այսինքն, կան համայնքներ, որոնց ղեկավարները բացառապես ինքնակառավարման գործունեություն են ծավալում: Իսկ մեկը մյուսին հաջորդող գյուղապետերն զբաղված են սեփական խնդիրները լուծելով: Պարզ է, որ գյուղի ու գյուղացու վիճակն էլ դա պետք է լինի»,- ասաց մարզպետի օգնականը:
Փաստորեն, Գեղարքունիքի մարզի 91 համայնքներից միայն 30-ն ունեն նախակրթական հաստատություններ, որոնց գործունեությունը կախված է տեղական իշխանությունների քմահաճույքից ու ցանկությունից:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2009-2010 թվականներին Գեղարքունիքի մարզում գործել է 47 մանկապարտեզ (ընդհանուր հաշվով` 111 խումբ և մոտ 2957 երեխա)։ Ցավալին այն է, որ եղած մանկապարտեզներն էլ կիսով չափ են գործում, թեև նախադպրոցական բոլոր հաստատություններն էլ գազիֆիկացված են և շատուքիչ բարվոք վիճակում: Իսկ թե ինչն է կիսատ-պռատ և անբարեխիղճ գործունեության պատճառը, դժվար է ասել:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ