ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հանուն սիրո արժե բազում խենթությունների դիմել»

«Հանուն սիրո արժե բազում խենթությունների դիմել»
07.11.2008 | 00:00

«ՇԱՏ ԵՄ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎՈՒՄ ՉԱՓՆ ԱՆՑՆՈՂ ՇՊԱՐԻՑ ՈՒ ԲԱՑ ՀԱԳՈՒՍՏԻՑ»
Այս տարի թողարկվեց երգչուհի Սիլվայի առաջին՝ համանուն ձայնասկավառակը, որի թողարկման աշխատանքներով զբաղվել են «EM» թիմը, Մարտին Միրզոյանը, իսկ ձայնասկավառակի շապիկի դիզայնն իրականացրել է «Gabriel» ստուդիան՝ հանձին Սերժ Կապյանի: Սիլվան խոստովանում է, որ այն համապատասխանում է իր երազանքների ձայնասկավառակի նախատիպին՝ համեստ, գունեղ, որակյալ և հիթային: Երգչուհին մեր երկրում արդեն սկսել է իր համերգային շրջագայությունները, շուտով հանդես կգա նաև Ռուսաստանում, Իսպանիայում: Հուրախություն Սիլվայի ամենասիրված երգերից մեկի՝ «Տնից փախել եմ»-ի սիրահարների՝ երգչուհին իր նոր տեսահոլովակներից մեկը պատրաստվում է նկարահանել այս երգի երկրորդ մասը համարվող նոր երգի հիման վրա, որտեղ արդեն ոչ թե ինքն է հանուն սիրելիի զոհողությունների գնում, այլ հակառակը: Տեսահոլովակ կնկարահանվի նաև «Դե, գնա» երգի հիման վրա: Հոկտեմբերի 31-ին իր ծննդավայրում՝ Վայքում, սպասվում է նաև Սիլվայի մենահամերգը:
-Ձեր մուտքը երգարվեստ բավականին խոստումնալից էր: Ի՞նչ է անհրաժեշտ այդ սկիզբն իր բարեհաջող ավարտին հասցնելու համար:
-Ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում և ճիշտ գործ անել: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է կշռադատես յուրաքանչյուր քայլդ: Այդ առումով ես չեմ անհանգստանում, որովհետև հայրս և ընտանիքիս մյուս անդամները միշտ ինձ հետ են և երբեք թույլ չեն տա սխալվել: Կարևոր է նաև երգի ընտրությունը: Եթե սկսում ես լավ երգով, որը սիրվում է հանդիսատեսի կողմից, պետք է հետագայում էլ չհուսահատեցնես հանդիսատեսիդ և որակյալ արվեստ ներկայացնես՝ հնարավորինս հետևելով նաև օրվա պահանջին, եթե դրա մեջ ճաշակ ու որակ կա: Ճիշտ գործունեություն ծավալելու համար երգչի կյանքում ուղղակի անհրաժեշտություն է երաժշտական պրոդյուսեր ունենալը:
-Մշտապես հայրիկի և ընտանիքի մյուս անդամների հետ լինելը չի՞ սահմանափակում բեմում Ձեր ինքնուրույնությունը:
- Ոչ: Ես արդեն չեմ պատկերացնում ինձ առանց ընտանիքիս անդամների օգնության: Դեռ մանկուց հայրիկիս ձեռքը բռնած մասնակցում էի բազմաթիվ համերգների ու փառատոների: Բայց այս ամենը չի նշանակում, թե ես սահմանափակումներ ունեմ բեմում կամ կյանքում, ընդհակառակը, ավելի ազատ եմ ու պաշտպանված, երբ ընտանիքիս անդամներից որևէ մեկի հետ եմ:
-Սիլվա, Ձեր նոր` «Տնից փախել եմ» երգը միանգամից սիրեց հանդիսատեսը: Կյանքում պատրա՞ստ եք հանուն սիրո նման խենթություն անել` փախչել տնից:
-Չի բացառվում, հատկապես, որ մայրս փախել է, բայց այդ փախուստը հաստատ չի ավարտվի մարդասպանությամբ, ինչպես տեսահոլովակում: Թեև ես դեռ ընտրյալ չունեմ, քանի որ առայժմ միայն ստեղծագործական կյանքիս մասին եմ մտածում, բայց կարծում եմ` հանուն սիրո արժե բազում խենթությունների դիմել: Տեսահոլովակում պահպանվում են մեր հարսանեկան ավանդույթները, և դա ինձ դուր է գալիս: Երբ ամուսնանամ, աշխարհի որ ծայրում էլ լինի հարսանիքս, մեր ավանդույթները չեմ անտեսելու, քանի որ միայն այդ կերպ կարող ենք ինքնատիպ լինել ու ազգային նկարագիր ստեղծել:
-Ի՞նչ հիշարժան դեպք տեղի ունեցավ տեսահոլովակի նկարահանման ժամանակ:
-Ի սկզբանե մեր նպատակը ոչ թե տեսահոլովակ, այլ ֆիլմ նկարահանելն էր, ինչը, կարծում եմ, հաջողվեց: Հիշարժան ու տպավորիչ էր ամեն ինչ` սկսած իմ հարսանյաց զգեստ կրելուց մինչև «փեսացուիս»՝ Արտավազդին, հասնելը: Երբ հագա այդ զգեստը, հուզմունքից ողջ մարմնով դողում էի, կարծես, իրոք, իմ հարսանիքը լիներ: Ի դեպ, այդ օրը ձեռքս ում գլխին դրեցի, արդեն ամուսնացել են: Հետաքրքիր էր հատկապես այն կադրի նկարահանումը, երբ զենքը ձեռքիս վազում եմ, իսկ իմ հետևից` հարազատներս: Տասն անգամ նկարահանեցինք այդ կադրը: Հերթական «դուբլից» մեկի ժամանակ այնքան էի տարվել իմ կերպարով, որ չէի նկատել, որ ռեժիսորը կրկին սկսելու հրաման է տվել և բարձրակրունկ կոշիկներով, զենքը ձեռքիս միայնակ վազում էի: Իսկ երբ հանկարծակի շրջվեցի` բոլորը ծիծաղում ու ծափահարում էին: Ուշագրավ էր նաև մեր ժամադրության տեսարանը, որը նկարահանեցինք Հրազդանի կիրճում, մայիսի քսանհինգին` վերջին զանգի օրը: Կարծում եմ` արդեն պատկերացնում եք, թե ինչ էր կատարվում փողոցներում. բազմաթիվ ավտոմեքենաներով անցնում էին շրջանավարտները` գոռալով իրենց դասարանների անունները, մեկ էլ տեսնում են` ես կարճ շրջազգեստով վազում եմ իրենց հավասար: Դա, թերևս, իմ կյանքի ամենաամոթալի պահն էր:
-Հագուստ-ինքնազգացողություն կապն ինչպե՞ս եք զգում։ Հագո՞ւստն է տրամադրություն թելադրում, թե՞ ըստ տրամադրության եք հագնվում:
-Հիմնականում հագուստն է տրամադրություն թելադրում: Հատկապես բեմում սիրում եմ վառ գույնի հագուստներ կրել, քանի որ այդ գույներն ազդում են նաև հանդիսատեսի վրա, ինչպես նաև գեղեցիկ են դիտվում էկրանից: Վառ գույներն են գերիշխում նաև ձայնասկավառակիս շապիկի վրա, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Մարինա Մանուկյանին, ով զբաղվում է իմ բեմական հագուստների դիզայնով, իսկ առօրյա հագուստներս ընտրում է քույրս: Ի դեպ, բազմիցս քննադատական խոսքեր եմ լսել առօրյա հագուստիս ու սանրվածքիս մասին, բայց այդ խոսակցություններն ինձ ամենևին չեն հուզում, քանի որ ես սիրում եմ բնական տեսքով ներկայանալ թե՛ բեմում և թե՛ կյանքում: Շատ եմ բարդույթավորվում չափն անցնող շպարից ու բաց հագուստից և ուրախ եմ, որ ինձ համար զգեստ ընտրելիս հաշվի է առնվում դա:
-Պարտադի՞ր է, որ երգիչը և, առհասարակ, արտիստը օգտվի մոդելավորողի խորհրդից:
-Այո: Հնարավոր է, որ չկարողանաս ինքնուրույն ճիշտ կողմնորոշվել այդ հարցերում և սխալ ներկայանալով հանդիսատեսին` անհաջողության մատնվես բեմում: Հատկապես խիստ զգույշ պետք է լինել համարձակ փոփոխություններ կատարելիս: Այս հարցում ես ավելի պահպանողական եմ, թեև ողջունելի եմ համարում նաև համարձակ քայլերը: Բացի մասնագետի խորհրդից` հետևում եմ նաև հայրիկիս խորհուրդներին, ինչից մինչ այժմ միայն շահել եմ. հետևել եմ նորաձևությանը` միաժամանակ պահպանելով իմ ոճը:
-Ո՞րն է ամենալավ նվերը, որ երբևէ ստացել եք: Նվերների մատուցման ժամանակ նվե՞րն եք կարևորում, թե՞ մատուցման ձևը:
-Ամենալավ նվերը խոմյակս է՝ Զուզուն: Քրոջս այս նվերը դարձել է մեր ընտանիքի անդամը, բոլորս սիրում ենք, իսկ ես` նաև կարոտում: Կարող եմ ամբողջ օրը գրկել, սիրել ու համբուրել նրան: Ինչ վերաբերում է նվերի մատուցման ձևին, ինձ համար կարևորն անկեղծ ու բարի սրտով տրված նվերն է` անկախ նրա արժեքից:
Զրուցեց Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4260

Մեկնաբանություններ