Այս օրերին շատերն են հարցնում՝ ի՞նչ կաներ Վազգեն Սարգսյանը հիմա: ՈՒ թվարկում են ռազմական գործողություններ, կոչեր կամ հիշում են նրա մահապարտների կոչն ու շրջադարձային քայլերը: Ես համոզված եմ, որ Վազգեն Սարգսյանը հիմա ոչինչ չէր անի: Եթե 1999-ի հոկտեմբերի 27-ին նա սպանված չլիներ ԱԺ-ում՝ Աժ նախագահի, փոխնախագահների, պատգամավորների ու նախարարի հետ, այս պատերազմը չէր լինի: Արցախի հարցը լուծված կլիներ 2000-ին ու, ինչպես ինքն էր ասում, հայերիս ձեռնտու տարբերակով: Ահաբեկչությունը 20-րդ դարավերջին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօրվա ահաբեկչության սկիզբն էր, որ հիմա ենք գիտակցում՝ 21-րդ դարասկզբին: Եվ այստեղ ու հիմա Վազգեն Սարգսյանը նորից ու միշտ հաղթում է, որովհետև նրա զավակ բանակն է կռվում ու մեզ տալիս ապրելու իրավունք ու հնարավորություն: Վազգենի ստեղծած բանակը, որ չի ունեցել ու չունի պարտության իրավունք, որ միայն հաղթել է ու հաղթելու է միշտ՝ ադրբեջանցուն, թուրքին, մոջահեդին, ով էլ մեր դեմ դուրս գա, գնալու է այն դժոխքը, որ ուզում էր մեզ տանել: Եվ ոչ միայն այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում, այլև Հայոց լեռներում միշտ հնչելու է Վազգենի վարար, մահը բեկանող ու հաղթանակ կոչնակող ծիծաղը, որ ավելի հզոր է ժամանակակից ամենահզոր զենքից՝ այդ ծիծաղի մեջ հայի սիրտն է, հոգին ու ոգին: Իսկ ոգին անմահ է:
Անդրադառնալով ընթացիկ իրադարձություններին, պիտի արձանագրեմ.
1. Պատերազմը, որ քաղաքակրթական էր, հայրենական ու հաղթական, վերածվել է հակաահաբեկչականի: Ոչ այն պատճառով, որ մեր դեմ կռվում են մոջահեդներ՝ ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից, այլ այն պատճառով, որ Արցախի դեմ չհայտարարված պատերազմի մեջ են ահաբեկչական երկու պետություններ՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Պետություններ, որ ՄԱԿ-ի անդամ են, ԵԽԽՎ-ի, միջազգային կառույցների: Այստեղ ու հիմա Արցախը, պաշտպանելով իր էքզիստենցիալ գոյության իրավունքը, պաշտպանում է Եվրոպան ահաբեկիչներից: Այստեղ ու հիմա Արցախը հաղթելով ահաբեկիչներին՝ պաշտպանում է արաբական աշխարհը՝ Թուրքիայի հաջորդ թիրախ լինելու անխուսափելի ճակատագրից: Ահաբեկչությունը չունի կոնկրետ հասցե՝ վճարիր քո վարձկաններին ու անվանիր թիրախը, մնացածը՝ ոնց կստացվի: Կամ նա կսպանի, կամ նրան կսպանեն: Եվ, որքան էլ պարադոքսալ է, Թուրքիան ոչինչ չի կորցնում՝ սպանում են՝ շահում է, սպանվում են՝ դոլարներ է խնայում: Հասկանու՞մ է աշխարհը, թե ինչ է կատարվում այստեղ ու հիմա: Դեռ ոչ: Քանի դեռ իրենց տաքուկ-փափուկ բներում են, քանի դեռ իրենց վրա չեն կրակել, չեն պատկերացնում, որ նշանառության տակ են: Ժամանակի հարց է: Իսկ նրանցից մի քանիսը, որ արդեն հասկացել են, պատկերացնում են ու գիտեն, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարում էին, որ ճանաչում են Արցախի Հանրապետությունը: Բայց նրանք դեռ փոքրամասնություն են, կարևորը սկիզբն է: Եվ վատ սկիզբ չէ, եթե Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի դեմ, եթե Նիդեռլանդները պատժամիջոցներ սահմանեն: Ալիքը գնալու է:
2. Այս օրերին շատերը հարց էին տալիս՝ ինչու՞ Պուտինը չի զանգահարում Էրդողանին: Կամ՝ Ալիևին: Չէր էլ զանգահարելու: ՈՒ ճիշտ էր անելու: Ալիևին զանգահարելն անիմաստ է՝ նրա փոխարեն վճիռներ է կայացնում Էրդողանը, իսկ Պուտինը առաջին դեմքերի հետ է հարաբերվում: Չէր զանգահարելու ոչ այն պատճառով, որ չի հասկանում՝ Թուրքիան Արցախում լուծում է Սիրիայում ու Իրաքում Ռուսաստանից զիջումներ պոկելու հարցը, կամ՝ մոջահեդները Կովկասում հայտնվելով՝ հաջորդ թիրախը Ռուսաստանում են գտնելու: Ոչ: Զանգը իմաստ կունենա, երբ Էրդողանը զանգահարի Պուտինին: Պատերազմը այդ ժամանակ կավարտվի: ՈՒ Էրդողանը զանգելու է: Փաստացի՝ այսօր ու հիմա Ադրբեջանը չունի ոչ նախագահ, ոչ ԱԳ նախարար, ոչ մեջլիսի նախագահ: Անգամ պաշտպանության նախարար: Երբ Էլմար Մամեդյարովին փոխարինում էր ինչ-որ անհայտ ու անդեմ Ջեյհուն Բայրամով, ակհայտ էր, որ լինելու է դեյուրե նախարար: Հիմա Ադրբեջանի դեֆակտո ԱԳ նախարարը Մևլութ Չավուշօղլուն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսելուց հետո հայտարարում էր, որ զորքերը պետք է հետ քաշվեն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱԳ նախարարների հայտարարությունից հետո ցուցադրաբար գնաց Բաքու՝ հրահանգ տալու լայնածավալ հարձակման, որից հետո էլ հայտարարելու էր. «Մենք ուզում ենք դառնալ Մինսկի խմբի համանախագահ»:
Արդեն առաջընթաց է՝ մինչ այդ ուզում էին Մինսկի խումբը ցրել: Իմա՝ իրենք էլ չգիտեն ինչ են ուզում՝ դիվանագիտական ու ռազմական պարտություններից հետո: Գիտի միայն Իլհամ Ալիևը, որ հայտարարում է. «Ես իմ հոր ճանապարհով եմ ուզում գնալ»: Բարի երթ, միայն Մեհրիբանին էլ հետը տանի: Ինչքան շուտ, այնքան պայծառ: Ալիևի զանգը Պուտինին հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը շնորհավորելու պատրվակով, փրկօղակ էր Իլյուշի համար՝ Պուտինի տրամադրությունը շոշափելու ու համոզվելու, որ Ռուսաստանը կատարելու է դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, իմա՝ Հայաստանի վրա հարձակվել չի կարելի: Հետաքրքիր է՝ Էրդողանն ինչու՞ չի շնորհավորել Պուտինի տարեդարձը: Ժամանա՞կ չունի, տրամադրությունը տեղը չէ՞:
Փաշինյանը շնորհավորել է, Լուկաշենկոն, Նեթանյահուն, Մոդին, Տոկաևն ու Նազարբաևը, Ռահմոնն ու Բերդիմուհամեդովը, Միրզիոևը՝ այո, Ռեջեփը՝ ոչ: Ասելիք չունի, իսկ լսել չի ուզում՝ հենց դրա համար էլ Պուտինը նրան չի զանգահարել սեպտեմբերի 27-ից հետո: Համենայն դեպս՝ հրապարակային մակարդակով: Հրապարակավ նա իր խոսքը ասել է հոկտեմբերի 6-ին ու ասել է՝ ինչ պետք է, հասկացողը լավ էլ հասկացել է, որ հարձակումը շարունակելն արդեն պատերազմը տեղափոխելու է նոր հարթակ: Չի բացառվում, որ հենց հիմա Էրդողանը հանկարծ «հիշի», որ Թուրքիայի նախագահն է, ու մենակ թողնի Ալիևին՝ մոջահեդների հետ:
3. Արդեն դժվար է հաշվել, թե քանի հարցազրույց և ում են տվել ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահը, ԱԳ նախարարը: Այդ հարցազրույցներում տրվող հարցերից ակնհայտ է՝ որ երկիրն ինչ վերաբերմունք ունի պատերազմին՝ անկախ պատասխաններից: Չեզոքագույն, եթե ոչ վատագույն իրենց դրսևորեցին ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը: «Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի»՝ Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել։ «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված կացությունը ռազմական լուծում չունի։ Ռազմական գործողությունների սկզբից սա է եղել իմ հստակ ուղերձը։ Տեղի ունեցողը վտանգավոր է ոչ միայն մարտական գործողություններում ներգրավվածների համար, այլև լուրջ մտագոհության առիթ է ողջ տարածաշրջանի և դաշինքի համար», - հայտարարեց նա: Հուսանք, որ դռների հետևում ավելին է ասել Մևլութ Չավուշօղլուին, այլապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարգարե է, երբ ասում էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած է: ՈՒ ասում էր՝ Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով: Եթե Բրյուսելում չեն քննարկում ՆԱՏՕ-ի անդամի ահաբեկչական գործողությունները, դաշինքը դադարել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի անվտանգության երաշխավոր լինել ու պիտի վերանայի ոչ միայն կանոնադրությունը՝ հրաժարվելով 5-րդ կետից, այլև նպատակը: Դոնալդ Թրամփը միացավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, Մայք Պոմպեոն՝ ԵԱՀԿ ՄԽ ԱԳ նախարարների, ուրիշ ի՞նչ արեց ԱՄՆ-ը: Մի քանի զա՞նգ կոնֆլիկտի կողմերին: ԱՄՆ մի ռազմանավի Միջերկրական ծով մտնելը բավարար էր, որ Թուրքիան դադարեցնի Հունաստանի ու Կիպրոսի տարածքում օգտակար հանածոների պեղումները և ՆԱՏՕ-ի միջնորդությամբ նստի բանակցային սեղան՝ հարցը կարգավորելու: ԱՄՆ-ի առայսօր «ամենամեծ ներդրումը» Ինջիրլիքից իր ռազմաբազան Հունաստան տեղափոխելու որոշումն է, իմա՝ Թուրքիայից հանել միջուկային մարտագլխիկները: Դոնալդ Թրամփը կորոնավիրուսից է տառապում ու գլուխը խառն է ընտրարշավով, բայց կան Կոնգրեսն ու պետդեպարտամենտը, որ բացի դատապարտող հայտարարություններից ոչինչ չեն անում, հաշվարկելով, որ Ռուսաստանի ազդեցության գոտում թող Ռուսաստանն ու Թուրքիան իրենց հարցերը պարզեն, ԱՄՆ-ի գլխացավը չէ: Իրականում քաղաքական կարճատեսություն է, որ բումերանգի օրենքով շուտով վերադառնալու է Սպիտակ տուն:
ՈՒ մինչ Ալիևը սպասում է, որ Մակրոնը ներողություն խնդրի՝ սիրիացի վարձկանների հարցում «զրպարտելու» համար, Էրդողանը հայտարարում է, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է՝ Նեթանյահուին հասկացնելով, որ Ադրբեջանին վաճառած իր զենքերը կարող են Իսրայելի վրա ուղղվել, Էրդողանը վազում է իր անկում ապրող լիրայի հետևից ու չի հասնում, իսկ Պուտինը ոչ մեկին չի զանգահարում, մենք ստիպված են կռվել ու հաղթել: Մենք ստիպված ենք կռվել ու հաղթել, քանի դեռ ցեղասպանություն իրագործածների ժառանգները կրակում են ցեղասպանություն վերապրածների ժառանգների վրա, իսկ զենք են մատակարարում հոլոքոստը վերապրածների ժառանգները: Մենք ստիպված ենք կռվել ու հաղթել, մինչև Եվրոպան հասկանա, որ սպառվել է պարիտետային ու անդեմ հայտարարություն-կոչերի ժամանակը, ագրեսորին՝ ագրեսոր, ահաբեկչին՝ ահաբեկիչ պետք է կոչել ու ոչ թե հիանալ սեփական «քաջությամբ», այլ գործնական քայլեր անել՝ ինքնապաշտպանվելու համար պաշտպանելով Հայաստանին ու Արցախին: Իմա՝ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ ու սկսել Արցախի Հանրապետության ճանաչումը:
Այս պատերազմը նման չէ ոչ 1988-1994-ի, ոչ 2016-ի ապրիլի, ոչ 2020-ի հուլիսյան երկարատև ու կարճատև պատերազմներին: Դեռ երբեք այս ինտենսիվությամբ ու այս ծավալով, այսպիսի զինատեսակներով կրակ չի վարվել ոչ միայն մեր տարածքում, այլև Մերձավոր Արևելքի պատերազմներում: Սա 21-ր դարի բարձրտեխնոլոգիական ու դաժան կռիվ է, որտեղ, մեկ է, մեռնում են զինվորները: Զինվորները, որ և պատերազմի աստվածն են, և զոհը: Դատելով համաշխարհայիններից՝ պարտվում է պատերազմը սկսողը: Բայց պատերազմը սկսում են, երբ ցանկանում են, ավարտում են, երբ կարողանում են. դեռ Նիկոլա Մաքիավելին է ասել՝ 16-րդ դարում: 5 դար այդպես է, ինչպես 21 դար՝ որտեղ ով էլ կրակի՝ հային է դիպչում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բանակցությունների ուրվականը մարմնավորվում է: Մենք զուգահեռ չենք կռվում ու բանակցում, բայց պետք է մշակենք բանակցային մեր օրակարգը: Մեր ԱԳՆ-ն օպերատիվ արձագանքում է Անկարայի ու Բաքվի սադրանքներին: Ներքաշելով Թուրքիան ու ահաբեկիչներին պատերազմի մեջ և չհասնելով ցանկալի արդյունքի՝ 22 րոպեում վերադարձնել «օկուպացված» շրջանները՝ Իլհամ Ալիևը Ադրբեջանը դարձրեց իզգոյ պետություն: ՈՒ թեև արդեն խոսում է բանակցություններից, բայց պայման է դնում հին երգերը: ՀՀ ԱԳՆ-ն պիտի ունենա բանակցությունների իր օրակարգը՝ եթե մենք չենք առաջադրում մեր օրակարգը, Ադրբեջանը կրկնում է իր սուբստանտիվը, Մինսկի խումբն առաջադրում է իր մադրիդյանը: Ո՞րն է լինելու մեր սուբստանտիվը: Երկարաժամկետ հեռանկարում՝ Արցախի Հանրապետության ճանաչում՝ պատերազմում բացահայտված իրողությունների, այն է՝ այլևս Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական տանդեմի՝ Արցախին ու Հայաստանին սպառնացող ֆիզիկական ոչնչացման հեռանկարի առաջ, իբրև կոնֆլիկտի կարգավորման մեկնակետ: Կարճաժամկետ հեռանկարում՝ Արցախի Հանրապետության վերադարձ բանակցությունների սեղան՝ 1:
2. Թուրքիայի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ ագրեսիվ ու կողմնակալ դիրքորոշման պատճառով:
3. Բաքվի նախապայմանների մերժում՝ չի կարող բանակը դուրս գալ Արցախից, որ Բաքուն բարեհաճի բանակցել: Այսքան կորուստներից հետո Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ հայերն իրենք իրենց տարածքը չեն օկուպացրել, ինքն է պարբերաբար ագրեսիայի դիմում ազգերի ինքնորոշման իրավունքի ու միջազգային բոլոր կոնվենցիաների դեմ: Ողջ լերուք: Ոգին, թեկուզ անմարմին է, անմահ է ու անհաղթ: