Ձեր իմունային համակարգը, գուցե, արդեն պատրաստ է կորոնավարակին գրոհել, նույնիսկ եթե դուք ընդամենը հարբուխ եք տարել: Գիտնականները գտել են բջիջներ, որ կարող են պայքարել նոր կորոնավարակի դեմ, այլ կորոնավիրուսներով վարակված մարդկանց արյան մեջ, որ ունեցել են հարբուխի ախտանիշներ՝ գրում է Թոմ Ուիպլը The Times-ում: Այս բացահայտումը հույս է ներշնչում, որ ոմանք արդեն ունեն որոշակի մակարդակի պաշտպանություն, և դա կարող է բացատրել թվացյալ պատահականությունը, թե որքան լուրջ են կորոնավիրուսի ախտահարումները: Իրո՞ք մարդը, որ հարբուխ է տարել, կարող է պաշտպանված լինել, դեռ պետք է ապացուցել լաբորատորիայից դուրս: Cell ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ դիտարկվել են T-բջիջները: Նրանք տարբերվում են հակամարմիններից, վիրուսին կպչող սպիտակուցներ չեն: Նրանք բացահայտում են այլ բջիջների, որ վարակված են վիրուսով: Որոշ բջիջներ, որ հայտնի են իբրև Т-քիլերներ, գրոհում են հիվանդ բջիջների վրա: Մյուսները, որ կոչվում են T-օգնականներ, ազդանշան են տալիս այլ բջիջներ, որ հակամարմիններ են արտադրում: Ինչպես հակամարմինների դեպքում, Т-բջիջներն արտադրվում են ի պատասխան վարակի, իսկ հետո պահպանվում են օրգանիզմում: Նոր հետազոտության մեջ կատարվել է Covid-19-ով հիվանդների արյան ուսումնասիրություն: Գիտնականները գտել են Т-բջիջներ, որ արձագանքել են վիրուսին: Դա ստիպում է ենթադրել, որ ձևավորված իմունիտետը կարող է համեմատաբար երկար պահպանվել: Հետո նրանք ուսումնասիրել են 2018-ին սառեցված արյան նմուշները, որ գնահատեն՝ այնտեղ կա՞ն Т-բջիջներ՝ առանց Covid-19-ի: «Մենք տեսանք, որ մարդկանց կեսն ունեցել է Sars-CoV2-ի դեմ ակտիվություն»,-բացատրել է Ալեսանդրո Սետեն Կալիֆորնիայի Լա Խոյա իմունոլոգիայի ինստիտուտից:
Թոմ Ուիպլ, The Times
Հ.Գ. Մեղմ ասած՝ չկա չարիք, առանց բարիքի: Եթե ուսումնասիրությունը ճիշտ է, ուրեմն օրգանիզմը արդեն ակտիվ վիճակում է ու պատրաստ է վիրուսի գրոհին՝ նվազ վտանգավոր այլ վիրուսների հարձակումից հետո: Չնայած կարող է լինել և առարկություն, որ հիվանդություններից հետո օրգանիզմն այլևս թուլացած է ու դիմադրունակությունը կորցրած՝ սա ևս հարց է, որ պետք է ուսումնասիրվի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ