«Թու-թու»-ն չանցավ՝ Covid-19-ը անցավ սահմանը
03.03.2020 | 01:00
Նահանջ տարվա հավելյալ օրը՝ փետրվարի 29-ը, իր արածն արեց՝ Հայաստան մտավ կորոնավիրուսը: ԱԱԾ-ն ո՛չ սատանային գտավ, ո՛չ վիրուսին՝ կորոնա: Չէ, իհարկե, «վիրուսն ում շունն ա», բայց այդ «շունիկի» պատճառով ամբողջ աշխարհում ֆինանսական շուկաները փլուզվում են: Covid-19-ի վախից անցած հինգշաբթի ԱՄՆ-ի Dow Jones դասիչը 1200 կետով նվազեց՝ կորցնելով 4,4 %՝ պատմության մեջ ամենացածր ցուցանիշը: S&P 500 դասիչը 4,4 % կորցրեց, Nasdaq-ը՝ 4,6 %. Լոնդոնի FTSE վաճառքն ավարտեց 3,5 %-ով ցածր, Nikkei-ի անկումը 2 % է: ԱՄՆ-ի ու Եվրոպայի շուկաներում շաբաթական կորուստները 2008-ից, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, ամենամեծն են: 6 օրում աշխարհում արժեթղթերի գինը նվազել է 3,6 տրիլիոն դոլարով: Մոսբիրժայի դասիչը նվազել է 3,4%, PTC դասիչը՝ 5,1 %, Մոսկովյան աճուրդի հիմնական արժեթղթերի գներն ընկել են 10%: Պատճառը նավթի գնի կտրուկ անկումն է: ԱՄՆ դաշնային պահուստային ֆոնդի նախկին տնօրեն Ջանետ Ելենը հայտարարել է, որ կորոնավիրուսը կարող է ԱՄՆ-ը ռեցեսիայի հասցնել, Goldman Sachs ներդրումային բանկը զգուշացրել է հաճախորդներին, որ այս տարի պետք չէ շահույթ սպասել: Հիմա ավելի հեշտ է հաշվել կանաչ գոտու երկրներին, քան թվարկել՝ որտեղ է հայտնվել Covid-19-ը, արդեն 3000 մահացած կա: Փարիզում փակվել է Լուվրը: Սաուդյան Արաբիան արգելել է ուխտավորների մուտքը Մեքքա ու Մեդինա: Շանհայում չեղարկվել է «Ֆորմուլա-1-ը»: Իրանում չեղյալ են հայտարարվել ուրբաթօրյա աղոթքները, մեջլիսն է դադարեցրել աշխատանքը։ Շվեյցարիայի իշխանությունները չեղարկել են Ժնևի ավտոսալոնը: Ճապոնիայում վաղուց դադարեցվել են դասերը դպրոցներում ու բուհերում, քննարկվում է օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը, հարցականի տակ է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսից բուժված և հիվանդանոցներից դուրս գրված հիվանդները վերստին վարակվել են:
Մարտի 1-ի կեսօրին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ հայտարարում էր, որ իր զավակներին հանգիստ կուղարկի դպրոց, դասերը դադարեցնելու հարկ չկա, ու ընդհանրապես կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում՝ խոլերա չէ, ժանտախտ չէ, էբոլա չէ: Այո, Covid-19-ը բացարձակապես անվտանգ վարակ է, բայց սպանում է: ՈՒ բուժումն էլ գտնված չէ: Միայն կեսօրից հետո հայտարարվեց, որ դադարեցվում են դասերը դպրոցներում ու բուհերում, փակվում են մանկապարտեզները: Վերջապես: Համենայն դեպս ասեմ՝ մետաղե առարկաներին, մետաղադրամներին, թղթադրամներին կամ բանկային քարտերին դիպչելու պատճառով կորոնավիրուսով վարակվելու ռիսկը ցածր է, մի ապավինեք սխտորին, որ հակամանրէային է, բայց ոչ հակակորոնային: Ոչ էլ նետվեք օղու գիրկը, հարբածությունը կանցնի, հիվանդությունը՝ ոչ, եթե կա: Կոկաինն էլ թմրամոլների հնարածն է, թե օգնում է կանխարգելել կորոնան: Փռշտալիս կամ հազալիս արտանետված կաթիլները թռչում են ոչ ավելի, քան 1 մետր՝ հաստատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ու պնդում, որ վարակից հեռու մնալու համար պետք է ձեռքերը հաճախակի լվանալ:
Կիրակի օրվա ասուլիսում առողջապահության նախարարը վստահեցնում էր՝ ամեն-ամեն ինչ արվել է, որ Հայաստանում Covid-19-ի համաճարակ չլինի: Այնուամենայնիվ, հարցեր կան ու մնում են: ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացրել է. «Փետրվարի 25-28-ը օդանավով Հայաստան են տեղափոխվել 130 ՀՀ քաղաքացիներ և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, ցամաքային սահմանով՝ 229»: Այսինքն՝ 359 հնարավոր վարակակիր կա Հայաստանում միայն Իրանից, չհաշված Իտալիան և մյուս երկրները: Թե որքա՞ն մարդկանց հետ են նրանք շփվել, ԱԱԾ-ն էլ չի կարող պարզել: Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել են միայն Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդու հետ 32 շփվածները, ում կորոնավիրուսով վարակվածությունը հաստատվել է: Ռիսկային չէ՞: Նաև հասկանալի չէ՝ ինչու՞ է առողջարանային-զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորը ընտրվել Covid-19-ի «մեկուսարան»: Փաստացի՝ կորոնավիրուսը «դուրս է բերվում» Երևանից, և երկար ժամանակով Ծաղկաձորը դառնում է կարանտինային գոտի, ու որքան էլ վարչապետը ընտանիքի ու նախարարների հետ մեկնի Ծաղկաձորում գիշերելու, Ծաղկաձորը դատարկվելու է:
Մի՞թե Երևանում չկար հարմար հիվանդանոց: Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկեց Մարտի 1-ի զոհերի հիշատակի երթը: Խելամիտ չէ՞ հետաձգել սահմանադրական հանրաքվեն, որի ընտրարշավը, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հիմնականում տանիքներով ման գա, հանգեցնելու է մարդկանց կուտակումների: Արսեն Թորոսյանը հավաստում է, որ դիմակների պաշարներ կան, բայց դիմակները չեն պաշտպանում, հաստատում է, որ Covid-19-ի բուժումը դեռ գտնված չէ, ուրեմն արժի՞ վտանգել մարդկանց կյանքը ու հենց վարչապետի: Հանրաքվեի ու քարոզարշավի հետաձգումը անհրաժեշտ է՝ մինչև ամառ, երբ Covid-19-ը կդադարեցնի մահաբեր երթը աշխարհում: Ակնկալվում էր, որ առաջին վարակակրի ի հայտ գալու դեպքում վերջապես կառավարությունը կորոշի կարանտին հայտարարել վարակի բարձր տարածվածությամբ երկրներից Հայաստան վերադարձող իր քաղաքացիների համար, բայց հիմա էլ այդ հարցը մնում է բաց՝ վտանգելով թե նրանց, թե բոլորիս առողջությունը: Ընդամենը երկու շաբաթը ոչինչ է՝ ամբողջ կյանքի համեմատությամբ: Վերջապես՝ միմյանց հանդիպելիս ձեռքով մի բարևեք ու մի համբուրվեք: Սա վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին, որ չգիտես վախից, թե դուխ տալու համար, շարունակում է հեռակա համբուրել ՀՀ հպարտ քաղաքացիներին:
COVID-19-ի տարատեսակ է դարձել Թուրքիան՝ անհասկանալի, անկանխատեսելի, մահաբեր: Ինքնամեծարման ու մուսուլմանական աշխարհի մեսիայի իր առաքելությունը Ռեջեբ Թայիփ Էրդողանը հասցրել է ծայրակետին՝ նա փաստացի պատերազմ է սկսել Սիրիայում՝ չհայտարարված ու կատաղի: Աբսուրդ է, որ Արևմուտքին Էրդողանը ներկայանում է փրկարար, որ պայքարում է մարդասիրական աղետի դեմ: Անկարան բացել է դարպասները միգրանտների առաջ և չի արգելում իր տարածքով Եվրոպա անցնելը: Դարպասները բացելու որոշումն ընդունվել է անվտանգության խորհրդի նիստում՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ՝ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռմբակոծությունների հետևանքով թուրք 33 զինվոր է սպանվել, նույնքանն էլ վիրավոր են: Անկարան մեղադրում է Մոսկվայի աջակցությունն ունեցող Բաշար Ասադի ուժերին: ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ ավիահարվածները հասցրել են Սիրիայի կառավարական ուժերը «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման դիրքերին, որտեղ թուրք զինվորականներ չպետք է լինեին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ ընդունել է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիահարվածներ չեն եղել Սիրիայում թուրք զինվորականների ուղղությամբ: Սիրիայում սպանվածների մասին տեղեկանալուց անմիջապես հետո Էրդողանը անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որ տևել է 6 ժամ: Նիստից հետո ԱԶԿ մամլո քարտուղար Օմեր Չելիկը հայտարարել է, որ Անկարան մտադիր է խորհրդակցություններ սկսել ՆԱՏՕ-ի հետ: Չելիկը կատարվածը որակել է հարձակում ալյանսի վրա: Թուրքիայի նախագահի աշխատակազմում սպառնացել են «կոտրել նրանց ձեռքերը, որ ձգվում են դեպի թուրքական դրոշը»: Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում Թուրքիայի պահանջով դաշինքի արտահերթ նիստ է գումարվել: «ՆԱՏՕ-ն դատապարտում է Սիրիայում գրանցված էսկալացիան, ցավակցություն է հայտնում զոհված թուրք զինծառայողների ընտանիքներին և զորակցություն հայտնում Թուրքիային»՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և կոչ արել դադարեցնել հարձակումը, հետևել միջազգային իրավունքի նորմերին, աջակցել խնդրին խաղաղ լուծում գտնելու ՄԱԿ-ի ջանքերին: ԱՄՆ-ը հայտարարել է, որ կանգնած է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կողքին, և պահանջել է, որ Սիրիան և Ռուսաստանը վերջ տան հարձակմանը Իդլիբում: Հազիվ թե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ավելին անեն, և Պենտագոնն է դեմ ռազմական միջամտությանը, և Հունաստանն է վետո դրել հօգուտ Անկարայի ՆԱՏՕ-ի հայտարարությանը: Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքինը հայտարարել է, որ «Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար»: Նա նշել է, որ «Ռուսաստանը, որտեղ 25 միլիոն մահմեդական է ապրում, կմասնատվի ներսից»: «Մենք Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք անցյալում, և նորից կանենք, մեր վրեժը շատ դաժան կլինի»,- ասել է Հաքինը՝ մոռանալով ճշտել, թե Ռուսաստանի հետ 16 պատերազմներից քանիսում են հաղթել իրենք: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այնումենայնիվ, ցավակցել է. «Մենք ցավակցություն ենք հայտնում և, կրկնում եմ մեկ անգամ ևս, անում ենք ամեն ինչ, որ Իդլիբի գոտում ապաէսկալացիայի ռեժիմը պահպանող թուրք զինվորականների անվտանգությունը ապահովված լինի: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այդ աշխատանքը»: Նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու իրավիճակն Իդլիբում: Պուտինին զեկուցվել է, որ թուրքական դիտակետերում գտնվող ոչ մի զինվոր չի վնասվել, զոհերը եղել են այնտեղ, որտեղ թուրք զինվորներ չպիտի լինեին: Էրդողանը հայտնվել է իր լարած թակարդում ու հիմա փորձում է կոնֆլիկտի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին: Բայց Իդլիբում իր կորուստների համար դիմելով ՆԱՏՕ-ին՝ Էրդողանը մոռանում է բացատրել, թե իր զորքերը ի՞նչ են անում անկախ երկրի տարածքում, երբ Անկարան պաշտոնապես պատերազմ չի հայտարարել Դամասկոսին, ոչ էլ Ասադն է Էրդողանին խնդրել իրեն օգնել կամ իր վրա հարձակվել: Էրդողանի հայտարարությունը, թե իրեն Սիրիայի ժողովուրդն է խնդրել, դեմագոգիա է: Ավելին՝ Էրդողանը Պուտինին առաջարկել է Թուրքիային դեմ առ դեմ թողնել Դամասկոսի հետ՝ ինչպես հայտարարել է Ստամբուլում ելույթի ժամանակ, բայց «մոռացել է» ասել՝ Պուտինն ինչ է պատասխանել: Պուտինը հիմա չի կարող Ասադին մենակ թողնել՝ միլիարդավոր դոլարներ է ծախսել Սիրիայում ու դուրս գալով Սիրիայից՝ հեռանալու է ողջ Մերձավոր Արևելքից: Դա աշխարհաքաղաքական ինքնասպանություն է: Պուտինը չի կարող թույլ տալ, որ Անկարան հաստատվի Սերակիբում, որտեղ հատվում են դեպի Միջերկրական դուրս եկող Մ-4 ու Մ-5 ռազմավարական ճանապարհները, որ Սիրիայի համար կյանքի ճանապարհի նշանակություն ունեն: Նույնը՝ Էրդողանի համար՝ կասեցնելու էներգակիրների տեղաշարժը ու Սիրիայի տնտեսության վերականգնումը: ԵՄ նոր ղեկավարությունը լուրջ փորձության առաջ է՝ Էրդողանի շանտաժին դիմակայելու ու հակադարձելու: Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը պատրաստ են Անկարայում մարտի 5-ին հանդիպել Էրդողանի ու Պուտինի հետ՝ Իդլիբի իրավիճակը քննարկելու, բայց Պուտինը հանդիպման ցանկություն չունի: Կփոխվե՞ն նրա ծրագրերը: Հազիվ թե: Կհանդիպե՞ն Մակրոնը, Մերկելն ու Էրդողանը: Կամ՝ կցանկանա՞ն Մերկելն ու Մակրոնը հանդիպել միայն Էրդողանին՝ այն էլ՝ Անկարայում: Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարում է, որ 100 000 միգրանտներ են անցել ԵՄ, բայց Հունաստանի ու Բուլղարիայի անցակետերը փակ են: Ավելին՝ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: ԵՄ-ի հերթական ընկրկումը Անկարայի առաջ՝ միգրանտների պատճառով, կդառնա կապիտուլյացիա, որից հետո Էրդողանը կարող է թելադրել Բրյուսելի քաղաքականությունը: Եվրոպայի իրական անվտանգության հարցը հիմա է դրված, Եվրոպան պիտի ընտրի՝ Պուտինը թշնամի՞, թե՞ գործընկեր է, Էրդողանը մեծ մարդասե՞ր, թե՞ ահաբեկչության հովանավոր է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Միով բանիվ՝ առողջ եղեք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ