Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մինչև հերթական աշուն

Մինչև հերթական  աշուն
23.07.2013 | 00:46

Մտքովս չէր անցնի, որ Երևանը այսքան մեծ քաղաք է: Որ Երևանում մարդիկ ապրում են համարյա չինական պարսպով միմյանցից անջրպետված: Որ այսքան հմայիչ են մեռյալ սեզոնի հմայքները:

Իրադարձությունների պակաս 2013-ի ամառը չունի` ներսուդրսում բուռն ու բրոունյան շարժում է: Ֆիզիկայում` չգիտեմ, քաղաքականության մեջ այդ շարժումից առայժմ միայն ավելանում է խտությունը` անորոշության խտությունը, և` որոշակիի անցանկալիությունը: Որոշակին` տեսանելին ու շոշափելին, գների թանկացումն է: Սկսվեց, իհարկե, գազի սակագնից, ու` գնաց: Հուլիսի 20-ից սկսեցինք երթևեկել 150 դրամով, իսկ մինչ այդ արդեն աննկատ ու համառ թանկացել էր սննդամթերքը: Կյանքը դառնում է կրակի գին, կրակ, որ չի ջերմացնում, այրում է: Իհարկե` օրենսդրական հիմնավորումներով, քաղաքական կամքով ու կառավարության որոշումներով: Բայց ամբողջ հմայքը հենց դա է` փակուղում ապրել ինչպես խաչմերուկում: Իսկ անորոշությունը կուտակվում է միջպետական հարաբերություններում ու ամեն պահի կարող է դառնալ խիստ որոշակի ընտրության անհրաժեշտություն: Դեպի ո՞ւր` Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան, որ իրեն հիմա անվանում է Եվրասիա: Ընտրության ամբողջ հմայքը` Ռուսաստանը վստահ է, որ ինքն այլընտրանք չունի, Եվրոպան ասում է` հավատա, կողմնորոշվիր, արժանացիր ու ստացիր: Ռուսաստանն այլևս ոչինչ տալ չի ուզում, որովհետև համարում է, որ տվել է ավելին, քան պետք էր, Եվրոպան ոչինչ դեռ տալ չի ուզում, որովհետև համարում է, որ իր միութենական չափանիշները հաստատվելուց հետո միայն իմաստ ունի հավասարների մեջ հավասար համարել մի երկիր, որ դեռ չի կողմնորոշվել: Հայաստանի ինքնառերեսման պահը` իշխանությունը խնդիր ունի պահել ոչ թե ինքն իրեն, այլ երկիրը: Թերևս` առաջին անգամ այս կտրվածքով: Որովհետև մինչ այս գերխնդիրը ինքնապահպանումն է եղել, իսկ հիմա այլևս չի աշխատում սպառման ոլորտի կոնցեպցիան, չգիտես ինչու` ոչ բոլորն են արտագաղթել, մնացածներն էլ ուտել են ուզում ¥հակառակի պես` ամեն օր¤, աշխատել ¥հակառակի պես` տարիքային տարբերություններ էլ չեն դնում, ոչ էլ սեռային¤ ու նույնիսկ օրինականություն, արդարություն են պահանջում ¥որտեղի՞ց էլ հիշում են այդ հիմարությունները¤: Վարկեր+նոր վարկեր+նորանոր վարկեր գծակարգն էլ չի աշխատում: Պետական պարտքը ՀՆԱ-ի կեսն անցնում է: Երկիրը պետք է արտադրություն ունենա, փոխարենն ունի օլիգարխներ: Ինչպես վերջերս պարզվեց` մեծ հայրենասերներ, որ իրենց ֆինանսները երկրից չեն հանում, իսկ եթե հանում են` ո՛չ ամբողջ կապիտալը: Իշխանության պահարանում բազում կմախքներ կան, ընդդիմությունը պահարան էլ չունի, բայց նույնիսկ դա չէ խնդիրը: Քաղաքական հավասարակշռությունը պահելու համար ասպարեզում պիտի հավասարարժեք ընդդիմություն լինի: Հայաստանի ժողովրդի բախտը չի բերում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հարցում: Ոչ մեկը չի կայանում իբրև ժողովրդավարական քաղաքական ուժ, որովհետև փորձում են միմյանց հաշվին ինքնահաստատվել: Քաղաքական մրցակցությունը Հայաստանում յոթ պորտով թշնամություն է, միմյանց դեմ, միշտ միմյանց դեմ: Նույնիսկ կուսակցություններ են ստեղծվում գոյություն ունեցող կուսակցությունների դեմ: Դա մտածողության համակարգ է: Կառավարման ձև: Ժողովրդի միակ «օգուտը» այդ ամենից 4-5 տարին մեկ բաժանվող գումարներն են, տեղ-տեղ` բարեգործությունը: ՈՒրիշ համարյա ոչինչ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ամբողջ մեկ օր համոզեց, որ միկրոավտոբուսի իրական վարձավճարը 83 դրամ է: Բոլորը համոզվեցին, բայց արդեն մի քանի օր է` հուլիսի 20-ից 23-ը, վճարում են 150 դրամ` խորապես համոզված անարդարության մեջ, կամ խորապես անտարբեր անարդարությանը, կամ խորապես անհավատ որևէ փոփոխության:

Հասարակական կազմակերպությունը հիմնավո՞ր հաշվարկներ է ներկայացնում, թե՞ վիճելի, այս պարագայում գլխավորը չէ. ամբողջ քաղաքական դաշտից միայն «Ազատ դեմոկրատները» արձագանքեց թանկացումներին ու պահանջեց ստեղծել իրապես ազատ մրցակցային պայմաններ` վերացնելու անհամաչափ ու չհիմնավորված գնաճը: «Ժառանգությունն» էլ խորհրդարանական լսումներ պահանջեց: Մյուսները տրանսպորտով չեն երթևեկում: Թվում է` գների բարձրացումը այն հարցն է, որ շոշափում է բոլորի շահերը և առանց մեծ դժվարության կարող է ընդհանուր հարթակ դառնալ իշխանության քաղաքականության դեմ պայքարի համար: Տրանսպորտի թանկացումը ներքին խնդիր է` ի տարբերություն գազի սակագնի, Ռուսաստանը չի պահանջել տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել, կառավարությունը կարող էր ներքին ռեսուրսների հաշվին պահպանել նույն գինը: Խնդիրը ներքին ռեսուրսն է, որի օգտագործումը հարվածի տակ էր դնելու գծատերերի շահերը: Բայց դա Հայաստանում բացառվում է, որովհետև գծատերերը հենց որոշում ընդունողներն են: Երբ Եվրամիությունը անհրաժեշտ է համարում բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից, ասենք, որ Հայաստանը պատրաստ չէ՞ եվրաստանդարտներին: Թե՞ ասենք, որ եթե բիզնեսը Հայաստանում քաղաքականությունից տարանջատվի, իշխանությունը կփոխվի: Բովանդակային ու փաստացի: Իսկ սովորական մարդու առավոտը սկսվում է նյարդային ու ապրելու համամարդկային հրճվանքին համարյա անմասնակից, որովհետև աշխատավարձը, եթե աշխատում է, ուղղակի չի հերիքում ամեն առավոտ արթնանալ կյանքի լուսավոր ժպիտին ժպիտով պատասխանելու համար, իսկ եթե չի աշխատում, դատեք ինքներդ:
Անկախության հաստատումից մինչև այսօր Հայաստանի բոլոր իշխանությունները հետաձգել են արդյունաբերության վերականգնումը` գնալով հեշտ ճանապարհով` վարկեր ձեռք բերելու: Պատճառները թե՛ օբյեկտիվ են, թե՛ սուբյեկտիվ: Աշխարհագրական դիրքը, հաղորդակցուղիների վիճակը, պատերազմը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյությունը ¥թվարկումը, ցավոք, երկար է¤ բավականաչափ հիմնավոր պատճառներ են, որ իշխանությունը հարկադրվեր ընտրել օրը օրին պետությունը պահելու մարտավարությունը: Իսկ երբ շատ հիմնավոր փորձ արվեց ռազմավարություն փոխելու, երկրի տնտեսական գույքագրման, 30 տարվա հեռանկարային զարգացման ծրագիր մշակելու, պետական վարկերով արդյունաբերությունը վերագործարկելու, պետության պատասխանատվությունը մեծացնելու, տնտեսության կառուցվածքը փոխելու, ներքին ռեսուրսների հաշվին երկիրը պահելու, կոռուպցիայի դեմ ոչ բարձրագոչ, այլ իրական պայքարի, հաջորդեց հոկտեմբերի 27-ը: Մեզ միայն թվում է, թե մենք հաղթահարել ենք 99-ի շոկը, իրականում պետությունը ձևականորեն օրակարգից հանեց հոկտեմբերի 27-ի հետևանքների հաղթահարումը: Խնդիրը վերաբերում է ոչ թե հանցագործության իրավական կողմին, այլ քաղաքական ու տնտեսական: Որքան էլ պարադոքսալ թվա, հենց քաղաքական ու տնտեսական հետևանքները պատճառ դարձան հոկտեմբերի 27-ի սպանությունների կազմակերպիչների ի հայտ չգալուն, և դատավարությունը վերջակետվեց կատարողների դատավճռով` այն կետում, որտեղից պետք է սկսվեր: 99-ի դասերը մենք չհասկացանք, իսկ եթե հասկացանք, գերադասեցինք շատ արագ «մոռանալ» ու շտապեցինք ապրել այն կանոններով, որ մեզ համար սահմանեցին ուրիշները: Մեզ թվաց, որ այդպես ավելի անվտանգ է լինելու, ապահով ու համարյա բարգավաճ: Իսկ եթե նույնիսկ եղավ այդպես` հասարակության մի քանի տոկոսի համար միայն: Մյուսները դարձան օտարահպատակ իրենց բացարձակ մեծամասնության մեջ: Մնացողներս կամ դեռ մնացածներս չենք հասել գիտակցական այն մակարդակին, որ անկախությունը դրոշ, օրհներգ ու զինանշան ունենալը չէ կամ այդ երեքի տոն սահմանելը ու օրացույցում հետուառաջելը, անկախությունը ինքնուրույն որոշումներ ընդունելու և իրականացնելու կարողությունն է, որին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը չեն հասել դեռ: Որովհետև նրանք հասարակության մասն ու քաղաքական վերարտադրումն են, նրանք չեն կարողանում ավելին լինել, քան հասարակությունն է, նրանք չեն կատարում առաջնորդողի, ուղղորդողի, կենսապահովողի իրենց գործառնությունը: Իհարկե, ընդունված է ամեն ինչի պատճառ ու հետևանք Հայաստանում համարել ընտրությունները, որոնք պարբերաբար դառնում են նշանակումներ` 131-ի կամ 1-ի, բայց նույնիսկ ընտրությունների վերածումը նշանակումների կամ համաժողովրդական համարվող ընտրությունների ավարտվելը դեռ չսկսված` որոշակի կաբինետներում, մի պատճառ ունի` Հայաստանը չի հասել բուն անկախության իր յուրաքանչյուր քաղաքացու գիտակցության մեջ: Պարզվեց, որ անկախությունը ամենահեշտը պաշտպանվում է արտաքին թշնամուց, իսկ արտաքին թշնամուն հաղթելուց հետո սկսվում են աննախադեպ փորձություններ: Բայց դա միայն մեր գյուտը չէ: Ինչո՞ւ այլ պետություններ կարողանում են հաղթահարել զարգացման այդ սանդղակը, մենք լռվել-մնացել ենք տեղապտույտի մեր փակուղում ու քամվում ենք: Քաղաքական անկախության մասին երազելն իսկ աբսուրդ է տնտեսապես կախյալ երկրում: Անցած տասնամյակներում մենք խորացրինք մեր տնտեսական կախումը, լավ հայտնի կետից ռազմավարական դաշնակցությունը վերածվեց դաշնակցին ռազմավար դարձնելու գործընթացի ¥հետևանքները` «Կոլցոյից» խալաթ¤:
2013-ի ամառն ընթանում է մեռյալ սեզոնի դասական կանոններով` լիակատար անդորր ու հատվածական բռնկումներ, որ արագ մարում են: Օրակարգը մնում է նույնը` ինչպե՞ս պահել երկիրն ու իշխանությունը միաժամանակ: Այս շրջապատով: Այս տարածաշրջանում: Աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում: Չավարտված պատերազմի ու չհաստատված խաղաղության միջակայքում: Բայց դա սխալ օրակարգ է: Իսկական օրակարգը` ինչպես անկախ երկիր դառնալն է: Ինչքան ուշ գիտակցենք, այնքան դժվար ենք իրագործելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ու մի քիչ էլ նոյեմբեր` քաղաքական օրակարգի առանցքում լինելու է` ո՞ր միությունը հարցը, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, տնտեսապես ավելի հասանելի, քաղաքականապես ավելի անվտանգ: Եվրամիության հետ ասոցացվելու նպատակահարմարությանը խիստ կասկածամիտները հարցին պատասխանելուց առաջ ուզում են կարդացած լինել նախաստորագրվելիք արձանագրությունը: Ճիշտ և խելամիտ դիրքորոշում է: Բայց շատ ավելի ճիշտ ու խելամիտ էր լինելու հստակ պատկերացում ունենալ նախ սեփական ալֆայի ու օմեգայի մասին, հետո համադրել կամ հակադրելու մասին մտածել: 150 դրամ ուղեվարձը մեռյալ սեզոնի հմայքների աննշան մասն է միայն, աշնանը կունենանք ողջ ցուցակը: Ցավոք` երկար: Պատերազմի հավանականությունից մինչև տարածքային կորուստների սպառնալիք: Միայն թե նորից ողջ հմայքով չբախվենք ուրիշի ընտրությանը, որը համարվելու է «մերը»: Երևանն իրականում այնքան էլ մեծ քաղաք չէ, բայց ապրում ենք ամեն մեկս մեր պարսպի ներսում` քաղաքը միասնական չէ իր ոչ մի որոշման մեջ, ոչ էլ հետևողական է: Մի փողոցում աղմկում են 150 դրամի դեմ, հարևան փողոցում` վճարում ու գնում իրենց գործին, ամռան արևը չի թողնում, որ հետիոտների թիվն ավելանա: Այսպես էլ ապրում ենք: Մինչև հերթական աշուն:

Դիտվել է՝ 1975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ