38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փլատակներից վերածնված դիվանագիտությունը. Գերմանիա

Փլատակներից վերածնված դիվանագիտությունը. Գերմանիա
19.06.2013 | 11:58

Գերմանիայի արտաքին քաղաքականությունը վերջին 100 տարում զարգացել է զիգզագաձև. ունեցել է վերելքներ և անկումներ` արտացոլելով համաշխարհային միջազգային հարաբերությունների բոլոր միտումները և Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերի ամբողջ ոդիսականը:

Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած գերմանական դիվանագիտությանը ոչինչ չմնաց անելու, քան ստորագրել Վերսալի հաշտության պայմանագիրը` փաստելու համար իր տարածքային հսկայական կորուստները և երրորդական կարգի պետությունների շարքը դասվելու ստորացուցիչ ստատուս քվոն:

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը գերմանական դիվանագիտությունն ամեն կերպ նպաստում էր Երրորդ ռայխի ուժային քաղաքականության իրագործմանը:

Այսպես, առաջին դիվանագիտական «հաղթանակը» 1938 թվականին Ավստրիայի բռնակցումն էր Գերմանիային (Անշլյուս): Ավստրիան կուլ գնաց Գերմանիային, իսկ քաղաքակիրթ Եվրոպան, ինչպես Հիտլերը գոռգոռալով զգուշացրել էր Ավստրիայի կանցլեր Շուշինգին, մատը մատին չխփեց այն կանխելու համար: Անշլյուսը փաստորեն կանաչ լույս վառեց ֆյուրերի աշխարհակուլ նկրտումների ճանապարհին:

Ֆաշիստական Գերմանիայի նույն տարվա ռազմադիվանագիտական հաջորդ դեմարշը, որն իր խայտառակությամբ և անամոթությամբ մնաց չգերազանցված նորագույն պատմության էջերում, Մյունխենյան գործարքն էր, որով Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, առանց Չեխոսլովակիայի մասնակցության, օտարեցին ու Հիտլերին նվիրեցին այդ երկրի 41 հազար քկմ տարածքը՝ 5 միլիոն բնակչությամբ:

Նացիստական ո՛չ այս, ո՛չ էլ մյուս դիվանագիտական կոմբինացիաները՝ ներառյալ 1939 թվականի Մոլոտով-Ռիբենտրոպ տխրահռչակ պակտը, որով Մոսկվան և Բեռլինը իրար մեջ բաժանել էին Եվրոպան, չփոխեցին Երրորդ ռայխի անփառունակ վախճանը:

Գերմանիայի վերջին փլուզումը շատ ավելի դաժան և խորը եղավ, քան դարասկզբին էր. ազգային ստորացում, տնտեսության փլուզում, ընդհանուր հուսալքություն, արտագաղթ:

Հիտլերը ոչ միայն չկարողացավ պահել ու ամրապնդել երկաթյա կանցլեր, տաղանդավոր դիվանագետ Օտտո ֆոն Բիսմարկի XIX դարում կառուցած միացյալ Գերմանիան, այլև մասնատեց այն, իսկ գերմանացիները մեկընդմիշտ մոռացան «Drag nach Osten»-«Ձգտում դեպի Արևելք» վտանգաշատ կարգախոսը, վտանգաշատ՝ հենց իրենց համար:

Եվ այսպես, հզոր պետությունը վերածվեց փլատակների, որոնց վրա նստած հայրենակիցներին առաջին կանցլեր Կոնդրատ Ադենաուերը «հաց ու կարագ չխոստացավ», այլ խորհուրդ տվեց աշխատել և հասնել լավ կյանքի:

Իսկ գերմանացիներն աշխատասեր են, ֆանտաստիկ աշխատասեր, նպատակասլաց, ունեն ուժեղ բարոյակամային հատկանիշներ և կարողացան բարգավաճել ու ծաղկել: Իհարկե, նրանց օգնեց նաև Մարշալի հայտնի պլանը: (Չգիտես ինչու՝ նման պլանները շրջանցում են մեզ):

Այժմ, երկու երկրների միացումից հետո, Գերմանիան դարձել է միջազգային և դիվանագիտական հարաբերությունների ամենահեղինակավոր մասնակիցներից, Եվրոպայի առանցքային դերակատարներից մեկը, Եվրամիության հզոր գեներատորը:

Այսօր առանց Գերմանիայի չի կարող գոյություն ունենալ ո՛չ եվրոպական, ո՛չ էլ համաշխարհային քաղաքականությունը: Գերմանիայի տեղը և դերը քաղաքական գլոբալ գործընթացներում ու դիվանագիտության մեջ միանգամայն ծանրակշիռ են:

Գերմանիայի վերածննդի մեջ առաջնային դեր է ունեցել դիվանագիտությունը` միանշանակ: Գերմանացիները, ի տարբերություն որոշ երկրների, այդ թվում Հայաստանի, դիվանագիտական ծառայությունը սերտորեն կապում են երկրի ներքին խնդիրների իրագործման հետ: Գերմանական դիվանագիտությունը հատկապես ակտիվ է միջազգային տնտեսական կապերի, շուկաների նվաճման, տեխնոլոգիաների արտահանման ու ներկրման, ներդրումային քաղաքականության, գիտության, կրթության, տեխնիկայի, արվեստների և շատ ուրիշ ոլորտների զարգացման գործում:

Մի երկու խոսք գերմանական էթնոհոգեբանության մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերը կազմակերպեց 6 միլիոն հրեաների կոտորած` հոլոքոստ (նշանակում է աղետ): Կատարված ողբերգության գնահատականն առաջինը տվեց կանցլեր Վիլլի Բրանդտը` ներողություն խնդրելով հրեաներից ֆաշիստների բարբարոսության համար: Այնուհետև դեմոկրատական երկիրը, դասեր քաղելով կատարվածից, օտարեց իրեն ֆաշիզմից: Տառացիորեն ամեն օր լրատվական միջոցները հիշեցնում են հոլոքոստը և Օսվենցիմը: Ամեն տարի նոյեմբերի 9-ի գիշերը բոլոր քաղաքներում ղողանջում են եկեղեցիների զանգերը: Այն կոչվում է Հախճապակե գիշեր, երբ սկսվեց հրեաների կոտորածը: Գերմանական կառավարությունը շարունակում է փոխհատուցել հոլոքոստի վնասները: (Վառ երևակայություն պետք է ունենալ՝ պատկերացնելու համար, թե թուրքերը կընդօրինակեն գերմանացիներին):

Իսկ ի՞նչ կարելի է ասել գերմանացի դիվանագետների, նրանց բանակցային արվեստի մասին: Իրո՞ք 100 տարի առաջվա՝ Հարոլդ Նիկոլսոնի գնահատականը ճիշտ է, որ գերմանացիները բանակցելիս ագրեսիվ են և նմանվում են կռվող զինվորների: Որոշ առումով` այո: Սակայն ավելի ճիշտ կլիներ այն անվանել սեփական դիրքերն ու սկզբունքները համառորեն և մինչև վերջ պաշտպանելու հաստատակամություն, որը, իմ կարծիքով, այնքան էլ վատ չէ, եթե, իհարկե, չի անցնում տրամաբանության ու դիվանագիտական թույլատրելիության սահմանները:

Պատերազմից հետո կադրերի պատրաստումը պետության ուշադրության կենտրոնում է: Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դիվանագետներից շատերն են ուսանել Մոսկվայում: Տողերիս հեղինակը 1970-ական թվականների սկզբին առիթ է ունեցել մի խումբ գերմանացիների հետ սովորելու ԽՍՀՄ դիվանագիտական ակադեմիայում և բարձր կարծիքի է նրանց մտավոր կարողությունների ու մարդկային հատկանիշների մասին:

Բանակցությունների ժամանակ գերմանացիները հետևողական են, սիրում են հարցերը քննարկել հերթականությամբ, իրար հետևից: Աչքի են ընկնում ներքին հավաքվածությամբ, հարգում են հիերարխիական աստիճանները, ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ, հեշտ են տանում հոգեկան ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Գերմանացիները հրաժարվել են ամերիկյան դիվանագիտական պրակտիկայից, որոնք նախապատվությունը տալիս են նեղ մասնագիտացմանը: Գերմանացիների կարծիքով, դիվանագետը պետք է կարողանա աշխատել ցանկացած երկրում և ցանկացած ուղղությամբ:

Հարկ է նշել, որ գերմանացի դիվանագետները հատկապես հմուտ են միջազգային իրավունքի և միջազգային տնտեսագիտության մեջ, խորապես տիրապետում են դրանց նրբություններին:

Իսկ եթե ինձ հարցնելու լինեն, թե «գերմանացի դիվանագետների ո՞ր հատկանիշը կառանձնացնես», կպատասխանեմ՝ «Ժամանակի սուր զգացողությունը և ճշտապահությունը»:

Դիվանագիտական ակադեմիայի վերոնշյալ գերմանացի ունկնդիրներից մեկը մի առիթով ինձ ասաց. «Դուք՝ խորհրդային մարդիկ, սխալ եք հաշվում ժամանակը: Ինչու՞ եք «Հնգամյակը» պլանավորում հինգ տարվա համար, երբ այն ավարտում եք չորս տարում»: (ԽՍՀՄ պլանային տնտեսությունը ծրագրավորվում էր յուրաքանչյուր հինգ տարվա համար, որը կոչվում էր «Հնգամյակ», բայց իրագործվում էր չորս տարում: Այստեղից` մշտապես գործող նշանաբանը. «Կատարենք հնգամյակը չորս տարում»):

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ