Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Իրական ու անիրական սահմաններից ասդին ու անդին

Իրական ու անիրական  սահմաններից ասդին ու անդին
14.06.2013 | 01:21

Ի՞նչ տարբերություն կա Թահրիր, Թաքսիմ և Թատերական (պաշտոնապես Ազատության հրապարակը այդպես է կոչվում) հրապարակների միջև: Բացի երկրներից: Բացի ժամանակներից: Բացի ճարտարապետներից: Եվ` ի՞նչ նմանություն: Փաստորեն, հրապարակներից են սկսվում հեղափոխությունները: Եվ այս փաստը այլևս աներկբա է: Նույնքան աներկբա է, որ հրապարակներն են այն հատման կետը, որտեղ միմյանց հանդիպում կամ չեն հանդիպում ժողովուրդն ու իշխանությունը: Արաբական գարնան ալիքը, որ լճացել-մնացել էր Սիրիայում, միանգամայն անակնկալ հորձանք տվեց Թուրքիայում: Գուցե օրինաչափ է, որ թուրքական իրադարձությունները սկսվեցին գարնան վերջին օրը: Պաշտոնական պատճառը բնապահպանական էր, իրական պատճառ համարում են սոցիալականը, բայց բուն խնդիրը քաղաքական է: Ի՞նչ է կատարվում Հայաստանի հարևան երկրում: Հընթացս իրադարձությունների այս հարցին դժվար է ամփոփ և սպառիչ պատասխանել, բայց իրադարձությունների ընթացքը ակնհայտ է դարձնում, որ Թուրքիան հայտնվել է իր պատմության հերթական ճամփաբաժանին, և այդ երկրի ուր գնալը շատ կարևոր է տարածաշրջանի կտրվածքով, իսկ կենսական է մեզ համար: Հայտնի պատճառներով: Նաև այն պատճառով, որ գլոբալացված աշխարհում սահմանները դարձել են խիստ պայմանական: Երբեմն նաև` անիրական:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը իշխանության եկավ 21-րդ դարասկզբին: 1997 թ. ռազմական հեղաշրջումից հետո 2002-ին այս կուսակցության հաղթանակը ընտրություններում խաղաղ հեղափոխություն էր: 1997-ին ռազմական խունտան արգելել էր «Բարեկեցություն» կուսակցության գործունեությունը, որից էլ առանձնացավ (ավելի ճիշտ` առաջացավ) «Արդարություն և զարգացումը», Էրդողանը մի քանի ամիս բանտում անցկացրեց` էքստրեմիզմի հրահրման հոդվածով: Իսլամիստների հաղթանակի հետևանքները ոչ ոք չէր կարողանում կանխագուշակել: Էրդողանը զարմացրեց բոլորին` նա ընդգծված քաղաքավարի էր գեներալների հետ, արագ ընդունվեցին օրենքներ, որոնք հնարավոր դարձրին քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքի ժողովրդավարացումը: Վարչապետը հայտարարեց իրեն Եվրոպայի հետ մերձեցման կողմնակից, երբեք չթաքցնելով, որ իր կյանքում առաջնորդվում է իսլամական նորմերով: Երկրում սկսվեց տնտեսական վերելք` շնորհիվ արտասահմանյան ներդրումների, զարգացավ միջին խավը: Գեներալները չէին ընդդիմանում, նրանց կապիտալներն աճում էին, նոր բյուջեն հնարավորություն տվեց վերազինել բանակը և բարելավել զինծառայողների կյանքը: Էրդողանին իշխանությունից հեռացնելու առաջին փորձը ձեռնարկվեց արդեն մեկ տարի անց` 2003-ին, բայց նա արագ կասեցրեց հեղաշրջումը և դավադիրներին ուղարկեց դատարան: Թուրքերը միանգամայն գոհ էին իրենց կյանքից, նրանք բոլոր մակարդակների ընտրություններում իշխանությամբ էին օժտում «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, իսկ 2010-ին հանրաքվեով ընդունեցին Էրդողանի առաջարկած փոփոխությունները Սահմանադրության մեջ: Թուրքիան դինամիկ զարգանում էր, երկիրը շահեկանորեն առանձնանում էր ֆինանսատնտեսական ճգնաժամում հայտնված պետությունների համապատկերում: Տնտեսական հզորացումը մեծացնում էր Անկարայի ազդեցությունը միջազգային ասպարեզում:

Արաբական գարունն ընդգծեց Թուրքիայի տարածաշրջանային դերը. նոր կառավարություններն ընդօրինակման արժանի էին համարում Թուրքիայի «ժողովրդավարական իսլամիզմը»: Պատճառը ոչ միայն աջակցությունն էր ապստամբներին, այլև տնտեսական հզորությունը: Շատ անամպ էր երկինքը Թուրքիայում: Համենայն դեպս, Էրդողանի համար: Իր կարծիքով: Իր կառավարման ամբողջ ընթացքում Էրդողանը բազմիցս ապացուցել էր, որ թուրքական բազմակարծության մեջ կա միայն մեկ ճիշտ կարծիք` իր կարծիքը: Քանի դեռ Թուրքիան տնտեսական վերելքի մեջ էր, նրան առարկող չկար: Իշխանական տասնամյակը նրան թյուրիմացության մեջ գցեց. նրան սկսեց թվալ, որ ինքը բոլորից լավ գիտի, թե ինչպես պետք է ապրեն, ինչ պետք է զգան ու ինչ մտածեն իրեն ընտրած մարդիկ: Էրդողանը մեղավոր չէ` այդ որոգայթում հայտնվում են բոլորը, ովքեր չափազանց երկար են ճաշակում իշխանության համը, որ բթացնում է բոլոր մյուս համերը: Նաև` հոտերը: Մասնավորապես` վտանգի հոտը: Տնտեսական վիճակի վատթարացման հետ (Էրդողանի կառավարման սկզբում ՀՆԱ-ի աճը տարեկան 8-9 տոկոս էր, հիմա` 3) սկսեցին կտրականապես տարբերվել կոորդինատների այն համակարգերը, որում ապրում են իշխող կուսակցությունը և ժողովուրդը: Առաջինը նրան դավաճանեց իր ձեռքբերումը` միջին դասը, որ սկսել էր ապրել այլ պահանջներով և ակնկալում էր ունենալ այլ երկիր: Երիտասարդ Թուրքիան հիշեց, որ Թուրքական Հանրապետության հիմնադիրը Քեմալ Աթաթուրքն է, և նա աշխարհիկ պետություն է հիմնել, պետության հարաճուն իսլամականացումը դարձավ քաղաքական հենքը սոցիալական վիճակից դժգոհ երիտասարդության, որ այլևս համաձայն չէ իր կառավարության վարած քաղաքականությանը և չի վախենում այդ մասին ասել` հակառակ ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի: Փաստորեն, ուղիղ մեկ տասնամյակում` 2002-2012 թթ., «Առաջադիմություն և զարգացում» կուսակցությունը երկրի զարգացման ու առաջադիմության ազդակից վերածվեց արգելակի, ինչպիսին դարձել էր նախորդ վարչակարգը` սկսելով իբրև նույն զարգացման ազդակ: Հասարակությունը իր զարգացման տրամաբանության մեջ առաջ անցավ իշխանությունից և այսօր պահանջում է կառավարության ու վարչապետի հրաժարականը: Իսկ Էրդողա՞նը: Նա գնաց շատ կանխատեսելի և բազմիցս անցած ճանապարհով. նա ընտրեց ոչ թե մարդկանց հետ խոսելու ու նրանց լսելու, այլ նրանց լռեցնելու և իր ձայնը հնչեցնելու տարբերակը: Էրդողանը հրապարակ հանեց ոստիկաններին (ի դեպ, չներկայացված պատճառներով 6 ոստիկան այս օրերին ինքնասպան է եղել): Ոստիկաններից հետո Էրդողանը հրապարակ հանեց իր կողմնակիցներին, որ նրանք «ոչ» ասեն «բարբարոսներին» և «անարխիստներին», «ստոր մարդկանց», որ փորձում են բաժանարար գծեր տանել հասարակության մեջ: Ավելին, Էրդողանը շարունակում է համոզված լինել, որ ինքը հայրենակիցներին տանում է դեպի «ավելի լավ Թուրքիա»: Նա մտադիր է ժամանակ ձգել` լիցքաթափելով իրավիճակը։ «2014 թվականի մարտին մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված, մնացել է ընդամենը մի քանի ամիս, ես կուզենայի, որ այդ ընտրություններում դուք մի լավ դաս տայիք այս ցույցերի մասնակիցներին»,- Ադանայում հանդիպելով իր կողմնակիցներին` ասաց Էրդողանը: Վարչապետը մտադիր է ընտրություններով լիցքաթափել լարվածությունը. նա վստահ է, որ մինչև ընտրություններ կկարողանա իրավիճակ փոխել և հերթական անգամ կապույտ եզրաշարտերով ափսեով հաղթանակ ստանալ: Որովհետև համարժեք մրցակից «Առաջադիմություն և զարգացումը» Թուրքիայում չունի: Ընդդիմությունը երկրում, փորձագետների գնահատականներով, պատրաստ չէ համակարգային փոփոխությունների, առավելագույնը նրանք իրենց են պատկերացնում իշխանության տեղում և շարունակելու են նույն քաղաքականությունը: Նախագահական ընտրություններում, առաջադրվելու դեպքում, սակայն, Էրդողանն ունենալու է մրցակից սեփական կուսակցությունից ի դեմս Աբդուլլահ Գյուլի, որ սահմանադրության փոփոխությունից հետո իրավունք է ստացել երրորդ անգամ նախագահելու: Ընդդիմությունը որևէ կերպ ի հայտ չեկավ և չհայտնվեց Թաքսիմում, ինչպես չհայտնվեց որևէ կուսակցություն` հրապարակը թողնելով մարդկանց, որ իրենք են իրենց առաջնորդում և հենց այդ պատճառով չեն նահանջել դեռ ու չեն նահանջում պետության կազմակերպված գրոհի դեմ: Առաջին հայացքից` անկազմակերպ այս ընդդիմությունը բավականին խոցելի է, իրականում, սակայն, ինքնաբուխ և աննահանջ պայքարը ունի մի անբեկանելի առավելություն` երբ չկա ղեկավար, հնարավոր չէ մարդկանց թիկունքում բանակցել ու գործարքի գնալ: Ինչպես էլ ավարտվի գարնան վերջին օրը Թուրքիայում սկսված թաքսիմյան պատմությունը, ակնհայտ է, որ.
1. Պետության իմիջը և իրական պատկերը կոորդինատների տարբեր համակարգերում են Թուրքիայում:
2. «Կառավարություն և զարգացում» կուսակցությունը կրկնելու է մայր կուսակցության ճակատագիրը` ապագա իշխող կուսակցությունը կստեղծվի գործողի ներսում և կանջատվի առաջիկայում:
3. Թուրքիայի քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական զարգացման մակարդակները չեն համապատասխանում: Եթե չմեծանա երիտասարդության արտագաղթը եվրոպական երկրներ, առաջիկա տասնամյակը համակարգային փոփոխության ժամանակ է դառնալու:
4. Ի տարբերություն այն երկրների, որ անցան արաբական գարնան միջով, Թուրքիայում իշխանությունը բավականին ուժեղ է` արագ «հանձնվելու» համար, առավել ևս, որ արտաքին գործոնները, թեպետ վարչապետ Էրդողանը ամենուր նրանց տեսնում է, դեռ խաղի մեջ չեն մտել: Թերևս չեն էլ մտնի` կառավարելի քաոսի մեջ Թուրքիան ներքաշելը լի է անկանխատեսելի հետևանքներով: Աշխարհում ու տարածաշրջանում:
5. Թուրքիան սկսել է 21-րդ դարը, որ, ի տարբերություն 20-րդ դարի, ինքնաճանաչման ու ինքնադրսևորման այլ հնարավորություններ է բերել, քան սպանելը, կողոպտելը, հայրենազրկելը: Թուրքիան ու թուրքերը փոխվում են:
6. Պետք չէ սպասել, որ Թուրքիայում արագ ու անդառնալի փոփոխություններ են լինելու: Երկիրը մեծ է, անհավասարաչափ զարգացած, վարչական բաժանման, արդյունավետ կառավարման, էթնիկ և սոցիալ-հոգեբանական բազում խնդիրներ կան, որ որքան կարող են արագացնել, նույնքան դանդաղեցնել փոփոխությունները:
7. Ոչ ոք չի կարող վստահ լինել, թե ինչ կասի, ինչ կորոշի ու ինչ կանի Էրդողանը:
Ի՞նչ տարբերություն կա Թահրիր, Թաքսիմ և Թատերական հրապարակների միջև: Մուբարաք-Մուրսի, Քադաֆի-հայտնի չէ ով, Ասադ-ով գիտի ով` անցումները կկրկնվե՞ն Թուրքիայում, թե՞ ոչ: Եվ` ի՞նչ հետևանքներով: Ամենակարևորը մեզ համար այս հարցն է, որովհետև Թուրքիան մեր հարևանն է: Որովհետև Թուրքիան աշխարհի միակ պետությունն է, որի նկատմամբ երբեք չենք կարող անտարբեր լինել: Հայտնի պատճառներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Թուրքական իրադարձությունները սկսվեցին, երբ կառավարությունը որոշեց զորանոց և առևտրի կենտրոն կառուցել Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի զբոսայգում, Հայաստանում Թատերական հրապարակից որևէ շարժում կսկսվի՞, երբ կառավարությունը վերջնականապես որոշի վերակառուցել (խիստ անհայտ հետևանքներով) Հանրապետության հրապարակը: Հայաստանում ևս կան քաղաքական, սոցիալական, տնտեսական խնդիրներ: Հայաստանում ևս ընդդիմությունը պատրաստ չէ համակարգային փոփոխությունների: Հայաստանում ևս ժողովուրդը շատ ու շատ առաջ է անցել իր քաղաքական ուժերից: ՈՒ` սպասում է:

Դիտվել է՝ 1973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ