38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կյանքի որակը և մնացածը, որ բոլորս այնքան լավ գիտենք

Կյանքի որակը և մնացածը, որ բոլորս այնքան լավ գիտենք
14.05.2013 | 01:52

Ժամանակն անցնում է աննկատ` սա գիտեն բոլորը, բայց շատ քչերն են զգում, որ ժամանակը անցում է մի վիճակից մյուսին, մի կարգավիճակից մյուսին, մի որոշումից մյուսին, ու եթե պատկերն ընկալենք մի քիչ վերացարկված, մի մարդուց մյուսին:
Երկրից երկիր իր հերթական անցումը ժամանակի մեջ Հայաստանն ավարտեց ոչ մի տեղ չգնալով: Ժամանակն անցնում է ոչ միայն աննկատ, այլև արագ` իր կոորդինատների մեջ միայն ինքը տևողությունը, կանգառներն ու դադարները որոշելով, իսկ մենք ընդամենը ալարկոտ կամ փութով արձանագրում ենք` ինչո՞ւ օրը չի անցնում, ինչպե՞ս է օրը թռչում: ՈՒ` այդպես: ՈՒ` այդքան:
ՈՒ հիմա ոմանք հրճվանքով, ոմանք սարսափով արձանագրում են, որ քաղաքական ժամանակը Հայաստանում այլևս միայն զինվորիկների դանդաղ շարանցում է գրանցելու շախմատային տախտակին: Դանդաղ: Համարյա անփոփոխ փոխատեղումներով: Համարյա անտեղի զոհաբերություններով: Հզոր պաշտպանված են հիմնական ֆիգուրները, ու նրանք ազատ են` դեպի ցանկացած քառակուսի իրենց ընթացքի մեջ: Նրանք շախմատ չեն խաղում, նրանք ապրում են:
Երևանի ավագանու ընտրությունները, քաղաքի տեղական ինքնակառավարման մարմին ապահովելուց բացի, ունեին քաղաքական խնդիր` վերջապես քաղաքական դաշտը որոշակի տեսքի, տրամաբանության ու գործունեության ուղղվածության բերել: Ընտրությունների ժամանակ քաղաքական կուսակցությունները իրենց մի թեթև իրավունք տալիս են հեռանալ գաղափարական ու գաղափարախոսական ժանրից ու շեշտադրել քայլերի նպատակահարմարությունը արդյունքի տեսակետից: Ի վերջո, որևէ կուսակցության նպատակն ընտրություններում հաղթելն է, որովհետև, ժողովրդավարության հաստատած կանոնագրքով, միայն այդ դեպքում է քաղաքական ուժը լիարժեք հնարավորություն ստանում իր ծրագրերը կատարելու, ավելի պարզ ասած` իր ինքնահաստատման համար: Նաև` իր անդամների:
Մայրաքաղաքային ընտրությունները այդ առումով դեռ ոչ մի հարցի չեն պատասխանել: ՈՒ չեն էլ պատասխանելու, որովհետև այդ պատասխանները պիտի լինեն սառցալեռան տեսանելի հատվածում, իսկ հիմա որոշարկվում են համարյա թե ջրի տակ: Եթե համարենք, որ մայիսի 5-ին Հայաստանում սոցիոլոգիական հարցում էր անցկացվում, և Երևանի 816475 ընտրողները համամասնաբար արտահայտում են երկրի քվեարկության իրավունք ունեցած բնակչության տեսակետները, պաշտոնապես պիտի արձանագրենք, որ ընտրողները բոլոր մակարդակների ընտրություններով իրենց գոհունակությունն են հղում ժողովրդավարության աստծուն` ձայն տալով իշխանությանը իրենց գերակշիռ մասով: Ավագանու դեպքում` 55,89 տոկոսով: Այդքանը, ու` վերջ: ԿԸՀ-ի ներկայացրած գծապատկերը արձանագրում է, որ ՀՀԿ-ից հետո քաղաքական դաշտում երկրորդ ծանրակշիռ ուժը ԲՀԿ-ն է (համենայն դեպս այդպես էր խորհրդարանական ընտրություններում, այդպես է ավագանու ընտրություններում` 23,8 տոկոսով): Տևական ժամանակ ԲՀԿ-ն կամ իշխանականացնելու, կամ ընդդիմադիրացնելու ճիգ ու ջանքեր էին գործադրվում: Իր անսասանության մասին ԲՀԿ-ն մի կերպ-մի կերպ հայտնի դարձրեց նախագահական ընտրություններում և հաստատեց ավագանիով: Իհարկե, ԲՀԿ-ն կարող է աջ կամ ահյակ թեքվել, բայց նրա ամբողջ հմայքը ոչմիկողմչգնալությունն է: Այդ կամերտոնով դաշտը կառավարելը բազմիցս հեշտանում է: ԲՀԿ-ն իր ագրեսիվ քարոզչությամբ ու քաղաքական կրավորականությամբ իդեալական բանալի է` բացելու թե իշխանական, թե ընդդիմադիր դռները, իսկ ֆինանսական միջոցները նրան ցանկալի դաշնակից են` որևէ հարց լուծելու ժամանակ: Ժողովրդին չկորցնելու համար ԲՀԿ-ն կլոր տարին զբաղվում է բարեգործությամբ: Շռայլ ու խոստումնալից: Հմուտ դոզավորմամբ` երբ շատ, երբ` քիչ, երբ` ինչի ու ինչու: Բարդ գիտություն է, թեպետ նման է ալքիմիայի, որ այդպես էլ ոսկի չստացավ, բայց ընթացքում Մենդելեևի աղյուսակում դիրքավորված լիքը տարրեր հայտնաբերվեցին: ԲՀԿ-ն շարունակելու է մնալ իր կշեռքի դերում, այդպես հարմար է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև Սերժ Սարգսյանին: Շատ հարմար է` ԲՀԿ-ի միջոցով կարգավորելու մյուս կուսակցությունների շարժընթացը, նրանց պահելու որոշակի սահմանների մեջ ու որոշակի կաշկանդումի:

Ամեն ինչ ի վերջո հանգում է ընտրողի գիտակցությանն ու ենթագիտակցությանը: Եթե բոլոր պարագաներում 50+1-ի իրավունքը ՀՀԿ-ն իրեն է վերապահում, մնում է 49 տոկոսի կողմնորոշման ու ճկունության ազատություն, որն ավելի թանկ ու դժվար հաճույք է փակել մանր խճաքարերով, երբ կա մեծ ու ողորկ սալաքար: Առաջիկա տարիներին ԲՀԿ-ն դառնալու է իսկապես ողորկ ու սայթաքուն սալաքար իր հնարավոր դաշնակիցների համար, առավել ևս նրանց, ովքեր իրեն չեն ընդունում: Որովհետև ԲՀԿ-ն շարունակելու է ասանկ ըսելու, անանկ ընելու հայ քաղաքական ասպարեզի ոսկե կանոնը: Ի վերջո` ԲՀԿ-ն սկսելու է ցույց տալ ոչ թե ինչ անելը, այլ կարգավորելու է ինչ չանելը, որ պակաս կարևոր չէ: Իր անվանական ներկայությամբ ԲՀԿ-ն փակելու է դաշտը նրանց առաջ, ովքեր իրական ներկայության ու գործելու, ոչ թե շախմատային զինվոր, այլ ֆիգուր լինելու մտադրություն ունեն: 17 մանդատն ավագանիում երազանքների գագաթնակետը չէր, բայց թիվ է, որը մղում է գործելու: Վստահ եղեք, որ ԲՀԿ-ն կխորհրդակցի-կխորհրդակցի ծանրանիստ ու ամենևին ոչ կլոր սեղանների շուրջ ու կորոշի` աշխատել ի փառս մայրաքաղաքի: Այդպես հարմար է: Վարդան Օսկանյանը, իբրև մեր օրերի Դոն Կիխոտ, Տխուր կերպարի ասպետի դերի մեջ կշարունակի արտահայտել սեփական կարծիք, իսկ իքս պահից այդ կարծիքը կարող է դառնալ անկուսակցականի տեսակետ: Բայց իքս պահի ողջ հմայքն այն է, որ չգիտես` ե՞րբ է գալու:
«Բարև, Երևանը» ոչինչ չի սովորում ոչ ուրիշների, ոչ սեփական սխալներից, երբեմն թվում է` նրանց քայլերի ողջ իմաստն ընթացքի մեջ է և խնդիր-նպատակ-իմաստ եռանկյունը «Ժառանգության» համար ոչինչ չասող երկրաչափական պատկեր է: «Ժառանգությունը» բարեհաջող ուսերից կորցրեց առաջնորդի ոսկելար քղամիդը, որ բացահայտորեն իր չափով էլ չէր: Պատահականության քամին տարբեր ընծաներ է անում երբեմն ու ինքն էլ տանում է իր ընծան: Բայց սա այդ դեպքը չէր` «Ժառանգությունը» շատ լավ գիտի հաշվել ու հաշվարկել: Ժամանակ ձգել: Իրավիճակ շրջել: Բայց որևէ ճիշտ կամ սխալ քայլ ավարտին չհասցնելը դառնում է «Ժառանգության» ձեռագիրը: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր արդեն չի խոսում ոչ իր տիեզերական հաղթանակի մասին, ոչ էլ նույնիսկ ժողովրդի, Րաֆֆի Հովհաննիսյանը փոխել է քաղաքական բառապաշարը: Օրինակ` «Բարևի» համատիեզերական հեղափոխության մասին արդեն ընդամենն ասվում է. «Այս վերջին 3-4 ամիսների ընթացքում ունեցել եմ իմ քայլերը օպերայի այս պատմամշակութային արժեքում, որտեղ մշակույթ կա, կյանք կա, Սպենդիարյան և նորաբաց օպերա», իսկ եզրակացությունն ավելի քան անհասկանալի է. «Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց միանշանակ: Ի հեճուկս աշխարհի, սոցիոլոգների, անհավատների այս պայքարում ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես»: Եվ հետո. «Ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը»: Թող որևէ մեկը այս ռեբուսը բացատրի: Առավել ևս, որ պայքարը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, շարունակվում է, և «5 տարի հետո մենք ունենալու ենք նոր պետություն»: Բայց մենք արդեն ունեինք նոր պետություն, Հայաստանի չորրորդ Հանրապետությունը, բացվել էր արդեն նոր օրը, եկել էր իրավատերը: Ահա` մտքի, բառերի, հասկացությունների այս անիմաստ ու անհասկանալի հետուառաջումներն են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին պահեցին մի 300 մարդու: Ինչը առավել քան տխուր է` փետրվարյան նախագահական ընտրությունների 37 տոկոսից հետո:
ՀԱԿԿ-ը այս ավագանիում չկա` իր ստացած 4,39 տոկոսով: Բայց դա ոչինչ չի նշանակում քաղաքական դաշտի տեսակետից: Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, եղել և մնում է շատ ավելի լուրջ ու իշխանության համար շատ ավելի վտանգավոր մրցակից` անկախ օրվա տոկոսներից: Թե որքան է Լևոն Տեր-Պետրոսյանը օգտակար ընդդիմության համար, բազում հայտնիներով հավասարում է: Նա, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, տիրապետում է երեք անվիճելի առավելությունների: Նախ` խոսքը. Լևոն Տեր-Պետրոսյանը անհրաժեշտության բերումով գիտի իր խոսքով մագնիսացնել (ոմանք դա անվանում են հոգեխանգարմունք հարուցել և մարդկանց ինքնաբխման մղել), ապա կարողանում է հաշվարկել գոնե մինչև երեք քայլ (պատմական այդ պրագմատիզմը հաճախ է նրան մղել ոչինչ չանելով` ցանկացածին հասնելու մարտավարությանը, որը, սակայն, իրեն չի արդարացրել): Եվ վերջապես, Լևոն Տեր-Պետրոսյանը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը, և դա արդեն պատմություն է, որ որքան էլ խմբասրբավերագրեն, միևնույն է, փաստ է: Բոլորովին այլ հարց է, թե իր անվիճելի կապիտալն առաջին նախագահը ինչպես է օգտագործում, իր նվազագույն ու առավելագույն ծրագրերի մեջ նա այնքան է խճճվել, որ ընդամենը Լևոնից Լյովիկ անցման կամուրջ է դառնում` դեպի ոչ մի տեղ: Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ընդդիմադիր դաշտի կայացման համար նույնքան և ավելի վտանգավոր է, որքան իշխանությունը: Իշխանության պարագայում պարզ է` Հայաստանում, ինչ էլ ասվի, դեռ չի ձևավորվել ժողովրդավարության այբուբենի տարրական կանոնի գիտակցությունը` իշխանությունը և ընդդիմությունը պետք է միասին գործեն` ի շահ պետության ու հասարակության: Հայաստանում նրանք միմյանց մեջ տեսնում են միայն թշնամի, ու մինչև վերջ պայքարը թշնամու դեմ ջլատում է հասարակությունը: Ընդդիմության պարագայում առաջին նախագահի կերպարը ոչ մի դեպքում չդառնալով միավորող, դառնում է միայն տրոհող: Բայց դա իրականում վատ չէ, սխալ էլ չէ, ոչ էլ ողբերգություն է, որքան էլ ընդդիմության միասնականությունը ջատագովվի ու պահանջարկվի: Ընդդիմությունը կարող է միասնական չլինել: Բայց ազդեցիկ քաղաքական ուժ դառնալու համար ընդդիմադիր որևէ կուսակցություն այս ցաքուցրիվ, ներհակ ու կիսալիքը-կիսադատարկ ասպարեզում պետք է ունենա իր որոշակի, բյուրեղացած մինչև վերջին նրբագիծը, հստակ ծրագիրը, պետք է ունենա այդ ծրագիրը իրագործողների` մարդկանց, որ ոչ թե պատեհապաշտական նկատառումներով որտեղ տաք է, այնտեղ են իրենց տեսնում, այլ պատրաստ են իրենցով տեղը տաք ու լուսավոր դարձնել: Իսկ դա Հայաստանում (ու ոչ միայն Հայաստանում) լուրջ խնդիր է, որովհետև նոր դեմքեր ու նոր գաղափարներ դժվար ու ծանր են ի հայտ գալիս: Մանավանդ` քաղաքական դադարի ժամանակներում, որ լցնում են ընտրություններից ընտրություններ պարապը: Մինչդեռ հենց սա է որևէ կուսակցության հզորացման ոսկեդարը` ժամանակ, որ անցնում է և աննկատ, և արագ, բայց վերադառնում է ավելի հզորացնելու:
Հին ու նոր կուսակցությունները մնում են քաղաքական դաշտում, երբեմն հաղթում են, երբեմն պարտվում, ու կարևորում են իրենց` մինչև անվերջություն, դա էլ հասկանալի է: Եթե դու սեփական արժեքդ չգնահատես, չի գնահատի ոչ ոք: Այդպես է: Բայց կյանքը միայն քաղաքականությունն ու քաղաքական խաղերը չեն, ավելի ճիշտ` բոլորովին էլ քաղաքական խաղերը չեն, որ այլասերում են քաղաքականությունը: Քաղաքականությունն էլ իր հերթին` մարդկանց ու գաղափարները: Խնդիրը մենք բոլորս ենք: Բնությունը մարդուն օժտել է արագ ընտելանալու կարողությամբ, որպեսզի նա իբրև տեսակ պաշտպանի իր գոյությունը իրենից ուժեղների ու տարերքի դեմ: Բայց դեպի կատարելություն իր ճանապարհին ընտելանալու կարողությունը մարդը տարածել է բոլորի ու ամեն ինչ վրա ու շատ արագ է ընտելանում թե լույսին, թե խավարին, թե տաքին, թե պաղին, թե չորին, թե թացին, թե աղին, թե անհամությանը: Խնդիրը մենք ենք, որ կարող ենք անապատը օազիս դարձնել, բայց կարողանում ենք ապրել անապատում: Խնդիրը կյանքի որակն է, խնդիրը ընդհանրապես որակն է` մարդու, մտածողության, կենսակերպի: Մնացածը` ըստ այդ որակի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Նորանշանակ կառավարությանը դիմելով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը` ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու և արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու: Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, և արդյունավետ աշխատելու համար էլ որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Ընդհակառակը` ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Քանիցս ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով` խիստ որոշակի արդյունքներով: Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված»: Ընթացիկ տարում դրված ու լուծված խնդիրը ոչ մի դրսևորում չունեցավ կենսամակարդակի վրա: Ոչ թե 7,1 տոկոսի իրական փոփոխություն է պետք, այլ 1 տոկոսի, բայց` որակական: Մնացածը բոլորս այնքան լավ գիտենք:

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ