38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Յանուկովիչին հեշտ չի լինի կոտրել, քանի որ նա իր բնավորությամբ ՈՒկրաինայի նախորդ բոլոր նախագահներից ավելի անկոտրում է

Յանուկովիչին հեշտ չի լինի կոտրել, քանի որ նա իր բնավորությամբ ՈՒկրաինայի նախորդ բոլոր  նախագահներից ավելի անկոտրում է
22.03.2013 | 00:36

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, նախկին խորհրդային տարածքում տեղի ունեցող ցանկացած ինտեգրման գործընթաց` քաղաքական, թե տնտեսական, առանց ՈՒկրաինայի մասնակցության ոչ միայն կիսատ-պռատ է ու թերարժեք, այլև, վերջին հաշվով, դատապարտված է աստիճանական դեգրադացման և դանդաղ մահացման։ Եվ, ելնելով այս աքսիոմից, Կրեմլը, որ ներկայումս «հողերի հավաքման» խնդիրն ամենագլխավոր հարցն է դարձրել, տիտանական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, իր կարծիքով` ավելի ու ավելի «անհաղթահարելի» որոգայթներ լարում համառ Կիևի ճանապարհին։ Ընդ որում, դեռևս երևակայական և նույնիսկ մի փոքր էլ մոռացված Եվրասիական միությունն այդ բարդ գործընթացում լիովին փոխարինված է ավելի կոնկրետ, գործառական առումով արդեն ապահովված և կարծես նաև հեռանկար ունեցող Մաքսային միությունով։ Սակայն, չնայած Մոսկվայի ջանքերին, առայժմ չի հաջողվում հասնել ակնբախ ու շոշափելի արդյունքների։ Եվ, որ պակաս կարևոր ու վտանգավոր չէ, եթե չհաջողվի լեզու գտնել քմահաճ Յանուկովիչի հետ, ապա դա կարող է դառնալ «վատ ու վարակիչ օրինակ» կամավոր-հարկադրական ինտեգրման հերթ կանգնած մյուս բոլոր լիդերների համար։ Իսկ դա, համաձայնեք, երբեմնի «վեհապետության» վերականգնման հույսերի խափանում է, անձնական պարտություն նախագահ Պուտինի համար։ Այնպես որ, դաժան պայքար է ընթանում, և վերջն էլ չի երևում։

Ահա օրերս որոշ ռուսական և ուկրաինական լրատվամիջոցներ հաղորդեցին, թե լույսի շող կարծես երևում է, և ՈՒկրաինան սկսել է, որպես «ասոցացված անդամ», Մաքսային միության (ՄՄ) մեջ ընդունվելու գործընթացը, որ, իբր, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ-ի և ՈՒկրաինայի աշխատանքային խմբերի մակարդակով։ Իսկ դրա արդյունք կարող է, մասնավորապես, դառնալ գազի էժանացումը։ «Քանի որ ՄՄ-ին անդամակցության այս ձևաչափն աննախադեպ է, նրա իրավաբանական բազան դեռ նոր պիտի ստեղծվի։ Դա պետք է արվի մոտակա երկու ամսում»,- վկայակոչվում են ինչ-որ անանուն աղբյուրի խոսքերը։ Ենթադրվում է, որ այդ ձևաչափն ՈՒկրաինայի համար կապահովի ՄՄ-ի բոլոր փաստաթղթերին ծանոթանալու, իսկ նրա ներկայացուցիչների համար` որոշումների ընդունման փորձ ձեռք բերելու հնարավորություն` որպես դիտորդ, առանց ձայնի իրավունքի, ներկա գտնվելով ՄՄ մարմինների նիստերին։ Ենթադրվում է նաև ըստ սեկտորների համագործակցության ծրագրի մշակում։ Աղբյուրի ասելով, ասոցացված անդամությունը նախատեսված կլինի առնվազն երկու տարվա համար, որից հետո Կիևը, ավելի մոտիկից ծանոթանալով ՄՄ-ին և կողմնորոշվելով ԵՄ-ի հետ իր հարաբերությունների հարցում, պետք է վերջնական որոշում ընդունի Մաքսային միությանը լիարժեք անդամության հնարավորության առնչությամբ։ Եվ այս ամենն արդյունք է երկրների ղեկավարների հանձնարարությունների` գտնել ՄՄ-ի հետ Կիևի համագործակցության բանաձևը, որն ընդունելի լինի երկու կողմերի համար էլ։ Բացի այդ, լրատվամիջոցները հաղորդում էին, որ, նույն գաղտնի աղբյուրի խոսքերով, «Մաքսային միության հետ համագործակցության նոր ձևաչափի ստեղծումը` ասոցացված անդամությունը, Ռուսաստանին հնարավորություն կտա ոչ միայն ՄՄ-ին մոտեցնել ՈՒկրաինան, այլև լուծել Ղրղզստանի հարցը, որն ուզում է մտնել ՄՄ, բայց այնքան էլ չի հետաքրքրում Մոսկվային, և Տաջիկստանի հարցը, որին Մոսկվան կուզեր տեսնել ՄՄ-ում, սակայն Դուշանբեն առայժմ համաձայնություն չի ստացել» (ուշադրություն դարձնենք, իրավիճա՞կն է ավելի որոշակի, թե՞ հերթը դեռ չի հասել, բայց Հայաստանն այս ցուցակում չկա)։ Եվ, այդուամենայնիվ, նախագահ Յանուկովիչը կարծես ասել է, թե ՈՒկրաինան ՄՄ-ի հետ պայմանագիրը կստորագրի արդեն մի քանի ամսից։
Հիշեցնենք, ավելի վաղ ՈՒկրաինան քանիցս հայտարարել էր, թե ուզում է ազատ առևտրի գոտի ստեղծել Մաքսային միության հետ և կմիանա առանձին ոլորտներում նրա որոշ գործարքների` հաշվի առնելով առանց բացառության բոլոր կողմերի շահերը։ Կիևը Մոսկվային առաջարկում էր համագործակցության իր համար առավել ընդունելի ձև` «3+1» ձևաչափ։ Դրան ի պատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության համակարգող մարմնում, արագորեն պատասխանել էին, որ «հստակորեն չեն հասկանում «3+1» ձևաչափով համագործակցության մասին ՈՒկրաինայի առաջարկության բուն իմաստը», իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ` ավելի կոշտ ու միարժեք նշեց շրջանակները` «կա՛մ անդամություն, կա՛մ համագործակցության բացակայություն»։ Հայտարարվել էր նաև, որ մտքերի փոխանակության ընթացքում առաջարկվող ուկրաինական տարբերակները չեն քննարկվի` որպես ավելի վաղ ռուսական կողմից արդեն մերժված։ Եվ ահա, Մոսկվան, կարծես, հաջողության հասավ, իսկ ուկրաինական «ազգայնականները» կողմնորոշվեցին «գերակայությունների» հարցում։
Բայց զո՜ւր հույսեր... «Հողեր հավաքողների» համար սառը ցնցող դարձան Յանուկովիչի այն խոսքերը, որ «ՈՒկրաինայի եվրոպական ինտեգրումը մեր պետության կենսագործունեության բոլոր ոլորտների խոր արդիականացում է», որ դա «նախ և առաջ, մեր տնային առաջադրանքն է, և մենք հաստատաքայլ ընթանում ենք այդ ուղիով», և որ ինքը համոզված է, որ «ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագրի ստորագրմամբ առևտրական հարաբերություններն ավելի կակտիվանան, կվերացվեն այն սահմանափակումները, որ այսօր եվրոպական երկրներում գործադրվում են ուկրաինական ապրանքների նկատմամբ»։ Ավելին, նա շտապ գործողության մեջ դրեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը` «ՈՒկրաինայի եվրոպական ինտեգրման անհետաձգելի միջոցառումների մասին»։ Փաստաթղթում նշվում է, որ դրանք ընդունվում են Եվրամիության հետ ՈՒկրաինայի ռազմավարական գործընկերության հետագա զարգացումն ապահովելու նպատակով և ՈՒկրաինայի ու Եվրամիության ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը 2013 թ. ավարտելու, ինչպես նաև «ՈՒկրաինա-Եվրամիության» 16-րդ գագաթնաժողովի ընթացում ձեռք բերված պայմանավորվածություններն իրացնելու համար։ Սա, կարծես, լուրջ կոնկրետություն է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Եվրոպան միանշանակ պահանջ է առաջադրում` «կա՛մ ինքը, կա՛մ Մաքսային միությունը», ապա նաև լուրջ հարված է Կրեմլի ծրագրերին։ Այնուհետև, ՈՒկրաինայի նախագահը հայտարարեց, թե «ՈՒկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները գազի հարցի շուրջ ընթանում են Մաքսային միության հետ ՈՒկրաինայի համագործակցության ձևաչափի որոնման բանակցային գործընթացից առանձին»։ Ավելին, ՈՒկրաինան որոնում է նրա հետ համագործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք չեն հակասի Կիևի միջազգային պարտավորություններին, այդ թվում` Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին (այսինքն, ևս մեկ փաստարկ ընդդեմ ՄՄ-ի)։ Անուշադրության չի մատնվել նաև վերջերս մամուլ սպրդած արտահոսքը «ասոցիացիայի», իբր, արդեն ձեռք բերված ձևաչափի մասին։ ՈՒկրաինայի արտգործնախարարությունը նշել է, որ դեռ վաղ է որևէ պայմանավորվածության մասին խոսելը, որ Կիևը շարունակում է պնդել «3+1» ձևաչափը` Մաքսային միության հետ համագործակցությամբ, որ այդ առնչությամբ մտքերի փոխանակությունը շարունակվում է։
Եվ ի՞նչ են մտադիր այս ամենին ի պատասխան անել Մոսկվան ու իր անձնական վարկը նոր Միության զոհասեղանին դրած Վլադիմիր Պուտինը։ Ակնհայտ է, որ ընդամենը երկու ճանապարհ կա. կա՛մ զիջումներ անել Կիևին, բավարարվել ՄՄ-ի շրջանակներում քիչ, բայց կայուն գործընկերությամբ, սպասողական դիրք գրավել և հարմար պահի ուԺեղացնել դինամիկան, կամ շարունակել «ձեռքեր ոլորելու» և ամեն ինչի հենց հիմա հասնելու հին քաղաքականությունը։ Երևում է, ռուսական վճռական իշխանությունները նորից կնախընտրեն սպառնալիքների ու ճնշման սովոր եղանակները։ Արդեն, ինչպես որ մյուս անհնազանդ նախագահ Լուկաշենկոյի դեմ պատերազմում, «ռազմաճակատ» են նետվել ռուսական լրագրողներն ու հեռուստաալիքները։ Թեև Պուտինը ՈՒկրաինան դեռ «եղբայրական» է անվանում, բայց ռուսական քարոզչությունը լի է նրա հասցեին ուղղված բնավ էլ ոչ բարեկամական որակումներով։ Ընդ որում, եթե առաջ հարձակման թիրախ էին Ռուսաստանի համար, իրոք, խորթ հասկացություններ (ОУН-УПА, Բանդերա, «նարնջագույն հեղափոխություն»), ապա հիմա նրանք վրա են տվել Վիկտոր Յանուկովիչին, որին արևմտյան լրատվամիջոցները դեռևս սովորության համաձայն «ռուսամետ» են անվանում։ Այսպես, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հանդիպումից հետո, «Россия-1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» նորությունների պաշտոնական ծրագրով սկսեցին ակտիվ քարոզչություն իրականացնել Եվրամիության հետ ՈՒկրաինայի համագործակցության դեմ, որտեղ, այլ որակումներից զատ, մեկնաբանը հայտարարեց, թե նախագահ Յանուկովիչի գործերը «բանի նման չեն»։ Հետ չեն մնում նաև մյուս ռուսական լրատվամիջոցները։ Որ Բելառուսի նախագահի դեմ պայքարում այս գործելաոճն այնքան էլ օգուտ չտվեց, Մոսկվայում ոչ ոքի չի հուզում։ Ինչպես, ի դեպ, առայժմ չի հուզում նաև այն, որ «հեռուստադիվերսիային» անգամ ռուսամետ քաղգործիչները պատասխանել են` «ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ է իրենից ներկայացնում ռուսական ղեկավարությունը, ուստի այդ հաշվով ոչ ոք պատրանքներ չունի։ Պուտինի գործերն էլ «մի բանի նման չեն»։ Լավ կլիներ, որ նա էլ պատրաստվեր ռուսական «մայդանին»։
Մեկ էլ, իհարկե, մնում են գազն ու իր գինը։ Բայց, ինչպես տեսնում ենք, «գազի մահակը» վաղուց է համոզման զինանոցում, սակայն նրա ազդեցությունն այնքան էլ մեծ չէ, որքան թվում է և ցանկալի կլիներ։ ՈՒկրաինայի իշխանությունները հնարավոր են համարում, որ կարող է Ռուսաստանի հետ պայմանավորվածության չհասնեն գազի էժանացման շուրջ, և գազի մատակարարման նոր ուղիներ և նոր աղբյուրներ են որոնում։ Իսկ համարձակություն նրանք ստանում են Եվրոպայից։ Օրինակ, անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի գագաթնաժողովում հատկապես և, իհարկե, ոչ պատահականորեն ընդգծվեց, որ գազի համաշխարհային շուկայում ի հայտ եկած նոր իրողություններն ու հեղուկ գազի հարաճուն դերը Կիևին հնարավորություն կտան «պատային» իրավիճակի դեպքում այդ վառելիքն ստանալ Բալթիկ ծովով կամ Լեհաստանով։ Բացի այդ, ով ասաց, թե ուկրաինական համառությունից «Գազպրոմի» կորուստները կարևոր չեն Մոսկվայի համար։ Եվ այստեղ ահա ևս մեկ անակնկալ Յանուկովիչի կողմից. ուկրաինական գազամուղ համակարգի հանդեպ ռուսական ախորժակի սրման գագաթնակետին ասես, նա վերջերս հայտարարեց, թե համակարգի արդիականացումը պետք է տեղի ունենա Եվրոպայի մասնակցությամբ, և հնարավոր համարեց ուկրաինական գազամուղ համակարգը վարձակալության հանձնելու տարբերակը։ Իր հերթին, Եվրամիությունը խոստանում է «բարձր մակարդակի կլոր սեղան» անցկացնել ուկրաինական գազամուղ համակարգի արդիականացման ֆինանսավորման աղբյուրներ գտնելու նկատառումով։
Այսինքն, դատելով այս ամենից, Մաքսային միությանն ՈՒկրաինայի անդամակցության պատմության մեջ դեռ շատ վաղ է հաղթական վերջակետ դնել։ Այս ամենն ինչո՞վ կավարտվի և ո՞վ կհասնի իր ուզածին։ Առայժմ այդ մասին նույնպես վաղ է խոսել։ Ի միջի այլոց, մի հետաքրքիր մանրամասն` շատ փորձագետներ նշում են, որ Յանուկովիչին հեշտ չի լինի կոտրել, քանի որ նա իր բնավորությամբ ՈՒկրաինայի նախորդ բոլոր նախագահներից ավելի անկոտրում է։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ