38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Էրդողանը չի կարող չիմանալ, որ չորս ամիս առաջ Բաշար Ասադի զորքերը լքել են Սիրիայի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան նահանգները

Էրդողանը չի կարող  չիմանալ, որ չորս ամիս առաջ Բաշար Ասադի զորքերը լքել են Սիրիայի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան նահանգները
12.10.2012 | 12:08

«Դուք պետք է ցանկացած պահի պատրաստ լինեք պատերազմի։ Եթե դուք դրան պատրաստ չեք, ապա սա պետություն չէ, եթե դուք դրան պատրաստ չեք, ապա սա ազգ չէ։ Ինչպես մեր նախնիներն են ասել` խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի». Թուրքիայի վարչապետ Էրդողանի այս հակասիրիական աննախադեպ ռազմատենչ հայտարարությունը մեջբերեցին գրեթե բոլոր ռուսական լրատվամիջոցները։ Ոչինչ, որ մ.թ.ա. 1-ին դարում ապրած հռոմեացի պատմաբանի հայտնի արտահայտությունը չէր կարող պատկանել թուրքերի «իմաստուն» նախնիներին։ Բայց դա չէր կարևորը։

Սիրիայի խնդիրը, անշուշտ, վերածված է աշխարհաքաղաքական բազմաբարդ հանգույցի, որտեղ բախվել են տարածաշրջանային ու համաշխարհային հզոր ուժեր ու շահեր։ Սակայն ուշագրավ է, որ ռուս քաղաքագիտական հանրությունն իր վերլուծությունների մեջ բավականին հետևողականորեն առանձնացնում է քրդական գործոնը և դրա ազդեցությունն իրադարձությունների զարգացման վրա` հատկապես վերջին ամիսներին։ Սրանով էլ հենց պետք է բացատրել Էրդողանի հիստերիկության աստիճանը։
«Թուրքական իշխանությունները շարունակում են ողջ աշխարհին հավատացնել,- գրում է «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնական թերթը,- որ իրենց տարածքն ամեն օր հրետակոծում է սիրիական կանոնավոր բանակը։ Սակայն Սիրիայի իրավիճակին քաջատեղյակ փորձագետների համար գաղտնիք չէ, որ տակավին այս տարվա գարնանից այդ երկրի` Թուրքիային սահմանակցող գրեթե բոլոր քրդական նահանգներն արդեն անցել են Քրդստանի բանվորական կուսակցության վերահսկողության ներքո»։ Ահա թե ինչու թուրք վարչապետը բնավ էլ շահագրգռված չէ, որ կոնկրետացվի, թե ով է իրոք գնդակոծում թուրքական բնակավայրերը` Ասադի զինվորականնե՞րը, ընդդիմադիր գրոհայիննե՞րը, թե՞ քուրդ «ահաբեկիչները»։ Էրդողանը պարզապես չի կարող չիմանալ, որ չորս ամիս առաջ Բաշար Ասադի զորքերը լքել են Սիրիայի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան նահանգները։
Ռուս շատ վերլուծաբաններ համոզված են, որ եթե Բաշար Ասադը, այնուամենայնիվ, իշխանազրկվի, ապա Սիրիան որպես միասնական պետություն կքայքայվի, և նորահայտ սուբյեկտներից մեկն էլ կդառնա հենց Քրդստանը։ Ի վերջո, դեֆակտո այդպես անկախացավ Իրաքի Քրդստանը` Սադամ Հուսեյնի անկումից հետո։ Թեև դա չէր խանգարում, որ Թուրքիան արդեն որերորդ տարին կանոնավոր կերպով ռազմական «պատժիչ» գործողություններ իրականացնի Իրաքի տարածքում։
Հայտնի է, որ հայր ու որդի Ասադներն իրենց քրդերին միշտ էլ օգտագործել են Թուրքիայի վրա տարբեր առիթներով ճնշում գործադրելու համար։ Սակայն թուրք-սիրիական սուր հակամարտության ներկա փուլում սիրիացի քրդերը հենց իրենք են մեծ ակտիվություն դրսևորում։ Պատմաբան, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, սիրիական ճգնաժամի պատճառով կուժեղանան Սիրիայի և Թուրքիայի քրդերի միավորման գործընթացները, ինչն ամենայն աջակցություն կգտնի Իրաքի քրդերի կողմից։ Թվում է` օբյեկտիվորեն Անկարան պիտի շահագրգռված լինի Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորմամբ (ըստ էության, Էրդողանը թքած ունի Ասադի «հակաժողովրդական» քաղաքականության վրա)։ Սակայն երևում է, որ երկար ժամանակ դաժան ու անողոք լինելով սեփական քրդերի նկատմամբ, թուրքերի քրդատյացությունը համարժեք է դարձել մեզ հայտնի մյուս «ատյացությանը». նրանց գերազանցապես հուզում է քրդական հարցը։ ՈՒրվագծվող մեծ Քրդստանի համայնապատկերը սարսափեցնում է Թուրքիային։ Մեն-մենակ, առանց ՆԱՏՕ-ի օգնության Անկարան անկարող է խեղճացնելու բազմամիլիոն քրդերին (բուն Սիրիայում նրանք երկու միլիոնից ավելի են)։ Իսկ սիրիական արկածախնդրության համար նրան գերլուրջ պատրվակ է պետք։ Ռուսները երկու տարբերակ են ենթադրում. թուրքերին Սիրիայի դեմ պատերազմի մեջ կներքաշեն կամ սիրիացի ապստամբները, կամ էլ քուրդ գրոհայինները, որոնց համար հիանալի առիթ է ստեղծվել պայքարելու իրական անկախության համար։
Եթե իրականանան այս կանխատեսումները, և քրդերը, միավորվելով, ստեղծեն իրենց պետությունը, ապա հակասական բարդ իրավիճակում կհայտնվենք մենք` հայերս։ Եթե այժմ հատուցում ենք պահանջում Թուրքիայից, ապա ինչպես և ինչ կարող ենք պահանջել Արևմտյան Հայաստանը սեփականացրած քրդերից։


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ